Հուլիսի 14-ին, ժամը 16:00-ին Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից և գերմանական Ֆիլիա հիմնադրամի ու Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ կանցկացվի վեբինար՝ «Միլիտարիզմը և կանայք. քաղաքականությունից մինչև անձնական պատմություններ» խորագրով:
Վեբինարի նպատակն է հայաստանյան հետպատերազմական և դեռևս անորոշ աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում անդրադարձ կատարել կանանց վրա պատերազմի և միլիտարիզմի ազդեցությանը, երևան բերել կանանց տեսակետները: Վեբինարին միանալ կարող եք՝ անցնելով հղումով և գրանցվելով:
Վեբինարի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծանոթացե՛ք վեբինարի խոսնակների հետ:
- Աննա Իշխանյանը 2010 թվականից սկսած՝ ղեկավարել և մասնակցել է մարդու իրավունքների և մարդասիրական տարբեր ծրագրերի։ Տիկին Իշխանյանն անցկացրել է վերապատրաստման դասընթացներ, իրականացրել հետազոտություններ, շահերի պաշտպանության և քաղաքականության խորհրդատվական աշխատանք կառավարության ներկայացուցիչների և միջազգային շահագրգիռ կողմերի հետ: Բացի այդ, նա համահեղինակել է 9 հրապարակում (2015-2022թթ․), նպաստել է մարդու իրավունքների բարելավման վերաբերյալ ավելի քան 20 տարբեր առաջարկությունների ներառմանը պետական քաղաքականության մեջ տարբեր պետական հաստատությունների կողմից (2015-2022 թթ.): Նա նաև հաջողությամբ ղեկավարել է ավելի քան 20 ծրագիր (2010-2022թթ․), ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է 7 մարդասիրական առաքելություն (2010-2022թթ․):
Վեբինարի ընթացքում Աննան կանդրադառնա «Միլիտարիզացիայի հետ կապված միջազգային ընդհանուր միտումները: Արցախում կանանց իրավիճակը (հաշվի առնելով չճանաչված լինելու գործոնը): Տեղահանված կանայք, իրենց կարիքներն ու ապագա հեռանկարները» թեմային:

- Քնար Խուդոյանը լրագրող է: 2020 թվականի ամռանը սկսել է անհատական աուդիոպատումներ ստեղծել, որոնց թեման էր կանանց մասնակցությունը խաղաղաշինական պրոցեսներին։ Պատերազմը սկսվեց մեկ ամիս անց, և Քնարը ստիված եղավ ընդհատել հետազոտական աշխատանքը։ Պատերազմից հետո կանանց կարծիքները խիստ տարբերվում էին մինչպատերազմյան իրողությունից, և Քնարը փորձեց դիտարկել հենց այդ ժամանակագրական ազդեցությունը։ Եթե մինչև պատերազմը կանայք համարում էին, որ պատերազմը տղամարդու գործ է, պատերազմից հետո նրանք սկսեցին իրենց իրավունքների պաշպանության փորձեր անել:
Վեբինարի ընթացքում Քնարը կխոսի «Կանանց քաղաքական գործիքայնությունը խաղաղաշինության մեջ պատերազմից առաջ և հետո» թեմայով:

- Քնարիկ Մկրտչյանը ֆեմինիստ ակտիվիստ է կանանց իրավունքների ոլորտում 2009թ.-ից սկսած։ 2013թ.-ից ներգրավված է եղել Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի շուրջ ծրագրերի համակարգմամբ թե՛ Հայաստանում և թե՛ Լեռնային Ղարաբաղում/Արցախում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի մշտադիտարկմանն ուղղված 3 հետազոտական աշխատանքների մաս է կազմել որպես հետազոտող, նաև որպես համակարգող։ Համահեղինակել է մի շարք այնպիսի հետազոտական աշխատանքներ, որոնք նկարագրում են Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի շուրջ առկա զարգացումները Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում/Արցախում։
Կանանց օրակարգ ՀԿ-ի համահիմնադիրն է: Ներկայում Հայաստանում համակարգում է 3 տարածաշրջանային ծրագրեր՝ ուղղված կանանց կողմից առաջնորդվող խաղաղության և անվտանգության տեսլականների ջատագովությանը ավելի բարձր մակարդակներում։
Վեբինարի ընթացքում Քնարիկը կխոսի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի ռազմականացումը․ Ապառազմականացման տեսլականները» թեմայով:

- Լիդա Մինասյանը Հայաստանում «Կանանց օրակարգ» ՀԿ–ի համահիմնադիրն է, որը բարձրացնում է կանանց տոկունությունը և փորձագիտական ներուժը խաղաղ համայնքներ և կայուն ապագա կառուցելու համար: Նա նաև Երեխաների համաշխարհային հիմնադրամի համագործակցությունների պատասխանատուն է և ամրապնդում է կազմակերպության համագործակցային և ֆոնդահայթայթման հնարավորությունները Եվրոպայում՝ մշակելով նորարարական ռազմավարություններ և լուծումներ:
Լիդան ավելի քան 8 տարվա փորձ ունի ՀԿ ոլորտում՝ ղեկավարելով ջատագովության և կանանց իրավունքների նախագծեր` ներառյալ խաղաղաշինական նախաձեռնություններ: 2013 թվականից ի վեր՝ Լիդան առաջ է մղում Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի իրականացումը՝ Հայաստանում իրազեկվածության բարձրացման, մոնիթորինգի և ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի տեղայնացման միջոցով: Լիդան Մարդու իրավունքի մագիստրոսական կրթություն ստացել է Կենտրոնական Եվրոպայի հա մալսարանում, ունի Ձեռնարկատիրության և նորարարության մագիստրոսի կոչում Լունդի համալսարանից, ինչպես նաև Սոցիալական աշխատանքի բակալավրի աստիճան՝ Երևանի պետական համալսարանից:
Լիդան կխոսի «Տեղական և միջազգային ֆեմինիստական շարժումներն ու խաղաղաշինական օրակարգը» թեմայով:

- Լիզա Մաթևոսյանը Շուշիից է, ներկայում ապրում է Հայաստանում՝ որպես տեղահանված անձ Լեռնային Ղարաբաղից: Մասնագիտությամբ՝ տնտեսագետ: 2014 թվականից մասնակցում է տարբեր խաղաղաշինական ծրագրերի: Աշխատում է «Կանանց կենտրոն․Շուշի» ՀԿ-ում որպես ծրագրերի օգնական: Շուշիում հիմնական աշխատանքն ուղղված է եղել գենդերային հավասարության հաստատմանը և խաղաղաշինական ծրագրերին: Իսկ ներկայում՝ պատերազմից հետո, կենտրոնն աշխատում է հիմնականում ՀՀ-ում տեղահանված կանանց ինտեգրացիայի ուղղությամբ:
Վեբինարի ընթացքում Լիզան կխոսի «Պատերազմի ազդեցությունը կյանքի որակի վրա» թեմայով:

- Մարիամ Խալաթյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը 2015թ.ին, ստացել մագիստրոսի աստիճան Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն բաժնից։ 2017թ.ից որպես հետազոտող աշխատում է «Սոցիոսկոպ» ՀԿ-ում։ Հետազոտական հետաքրքրությունները ներառում են մարդու իրավունքների՝ մասնավորապես կանանց իրավունքների, աշխատանքային իրավունքների, քաղաքացիական հասարակության, գենդերի և սեռականության, պատերազմի և խաղաղության հարցերը, միլիտարիստական դիսկուրսների և նարատիվների քննադատությունը։
Վեբինարի ընթացքում Մարիամը կխոսի «Պատերազմը կնոջ դիտանկյունից. «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին»:
