Հունվար ամսին Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարել էր դրամաշնորհի մրցույթ՝ սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների թեմայով ծրագրերի համար: Շուրջ մեկ ամիս տևած մրցույթի ընթացքում Հիմնադրամը ստացավ 34 հայտ, որից այս փուլում ընտրվեցին 12-ը:
Ընտրված կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների համար մարտի 10-11-ը անցկացվեց երկօրյա դասընթաց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների թեմայով: Մասնագետները մասնակիցներին տրամադրեցին անհրաժեշտ գիտելիքներ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար:
Այսպիսով՝ ընտրված 12 ծրագրերն են.
- «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական հկ – Շիրակի մարզի մի շարք գյուղական համայնքներից դեռահաս աղջիկների համար հանդիպումների շարք հոգեբանի և գինեկոլոգի հետ՝ ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև՝ արտթերապիա՝ բարդույթներից ազատվելու համար:
- «Արփի» հկ – տեղեկատվական հանդիպումներ Վանաձորում բնակվող ԼՂ-ից տեղահանված կանանց հետ վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև՝ անվճար բժշկական քննության կազմակերպում այդ կանանց համար:
- «Բազմազանություն» հկ – 2 տեղեկատվական հոլովակի նկարահանում կանանց ու աղջիկների սեռական առողջության ու սեռական վերարտադրողականության մասին: Հոլովակների պատրաստման աշխատանքներում ներգրավվելու են համապատասխան մասնագետներ, իսկ հոլովակը համապատասխանեցվելու է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:
- «Դու մենակ չես» կանանց աջակցման հկ – վերարտադրողական իրավունք և սեռական առողջություն, անվտանգ մայրություն թեմաներով դասընթացներ Վայոց ձորի մարզի կանանց համար, որոնց ընթացքում մասնակիցները կծանոթանանան «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքին, կքննարկվեն իրավունքների իրացման ուղիները, խոչընդոտները, անցանկալի հղիությունից պաշտպանություն, կրծքով կերակրման առավելությունների և այլ թեմաների քննարկում:
- «Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա» հկ – Արցախից Նոյեմբերյանի տարածաշրջան տեղահանված դեռահաս աղջիկների՝ սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի վերաբերյալ առկա կարիքների և խնդիրների բացահայտում, արցախցի և նոյեմբերյանցի 20 դեռահասներիի համար գիտելիքների և իրազեկության մակարդակի բարձրացում դասընթացի, մասնագիտական խորհրդատվության միջոցով:
- «Երիտասարդ Տավուշ» հկ – սեմինար-հանդիպում Տավուշի մարզի տարբեր համայնքերից 50–ից ավել սոցիալապես անապահով և ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ: Հանդիպման ընթացքում կանայք իրազեկվելու են սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող իրավունքերի, սեռական դաստիարակության, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության պահպանման մասին:
- «Լուսաստղ» հկ – իրականացնել հետազոտություն, որի միջոցով հնարավոր կլինի բացահայտել հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջությանը վերաբերող խնդիրները, նպաստել նրանց առողջության պահպանմանը, ինչպես նաև ներառական և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցմանը Լոռու մարզում:
- «Կանանց իրավունքների տուն» հկ – հատուկ ծրագրով մշակված դասընթացներ՝ Շիրակի մարզի դեռահաս աղջիկների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու, առողջ հարաբերություններ ստեղծելու և ազատ ինքնարտահայտման հմտություններ ձեւավորելու նպատակով։
- Հաջե Բաքոյան – հանդիպումներ եզդիական համայնքի կանանց և աղջիկների հետ, իրազեկում ընտանիքի պլանավորման, անվտանգ հղիության, առողջ և անվտանգ սեռական կյանքի և նմանատիպ թեմաների վերաբերյալ:
- «Հույսի Մեծամոր» հկ – տեղեկատվական հանդիպումներ Մեծամորի և 3 գյուղական համայնքների դեռահաս աղջիկների հետ՝ նրանց իրազեկելով սեռականության, հիգիենայի, սեռական բռնությունների, իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մասին՝ ինչպես խմբային, այնպես էլ անհատական հանդիպումների, քննարկումների և խորհրդատվության ձևով:
- «Հռիփսիմյանց շունչ» հկ – Ստեփանավան քաղաքի դեռահաս աղջիկների համար թրեյնինգներ բժշկի և հոգեբանի կողմից՝ բարձրացնելու նրանց իրազեկվածության մակարդակը սեռական և վերարտ.առողջության վերաբերյալ:
- Մոնիկա Հովհաննեսյան – «Ամոթ չի» նախաձեռնություն, կարճամետրաժ ֆիլմի պատրաստում դաշտանադադարի մասին, որտեղ համապարփակ ինֆորմացիա կներկայցվի դաշտանադադարի, դրա ընթացքի, հոգեբանական և ֆիզիոլոգիական հետևանքների, հասարակության մեջ այս թեմայի անտեսված լինելու պատճառաների ու դրանց լուծման մասին։
Թվարկված ծրագրերն արդեն իսկ ընթացիկ փուլում են: Արդյունքների մասին կհայտնենք ծրագրերի ավարտից հետո: