Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության բռնի տեղահանության հետեւանքով Հայաստանում հումանիտար ճգնաժամ է: Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր հաստատվել են Հայաստանում, զրկված են տնից, աշխատանքից, արժանապատիվ կյանքի իրավունքից: Ճգնաժամային նման իրավիճակներում հատկապես խոցելի են դառնում տարիքով մարդիկ, կանայք եւ երեխաները:
Հայաստանում կանանց հիմնադրամը բռնի տեղահանության առաջին իսկ օրերից իր ռեսուրսները մոբիլիզացրեց բռնի տեղահանվածներին օգնության հարցում: Հիմնադրամը, համագործակցելով ՀՀ մազերում կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ, հումանիտար, առաջին անհրաժեշտության աջակցություն է ցուցաբերել՝ տեղահանվածների նախնական կարիքները հոգալու համար:
***
Սյունիքի մարզում Հայաստանում Կանանց Հիմնադրամն աշխատել է մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Գորիսում գործող «Սոսե» կանանց հիմնահարցեր ՀԿ-ի հետ: ՀԿ նախագահ Լիանա Սահակյանը պատմում է, որ Արցախից մարդկանց բռնի տեղահանման հենց առաջին օրից իրենց կազմակերպությունը ներգրավվել է տարբեր աշխատանքներում:
«Առաջին կետը Գորիսն էր, եւ բռնի տեղահանված անձանց առաջին օգնությունը նույնպես կատարվում էր հենց այստեղ: Առաջին օրերից մեր կազմակերպությունը բացօթյա հյուրասիրության սեղան էր պատրաստել այն փողոցի վրա, որտեղ իրականցվում էին մարդկանց գրանցումները: Մինչեւ Գորիս ձգվող մեքենաների հերթերը բավականին մեծ էին, մարդիկ ունեին ամենատարրական կարիքները՝ օգտվել զուգարանից, լվացվել, սնվել եւ այլն: Տեղում նաեւ տարածք էինք ստեղծել, որ մարդիկ հանգստանային եւ ստանային առաջին բժշկական ու հոգեբանական աջակցություն: Կային հղիներ, կրծքով կերակրող մայրեր եւ կանայք, ովքեր դաշտանի ցիկլում էին: Այս ամենը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ կանայք ավելի զգայուն եւ խոցելի են նման իրավիճակներում: Առաջին 6 օրը բավականին դժվար է եղել. այդ ընթացքում մենք մոտ 2000 արցախցիների ապահովեցինք սնունդով, հիգիենայի պարագաներով, այդ թվում՝ կանացի միջադիրներով»,- պատմում է ՀԿ նախագահը:
ՀԿ-ին առաջին օրերն աջակցել է Կանանց աջակցման կենտրոնը (ԿԱԿ), ինչի շնորհիվ կազմակերպությունը կարողացել է բռնի տեղահանված մարդկանց առաջնային կարիքները հոգալ. «ԿԱԿ-ը նաեւ հիգիենիկ պարագաներ էր ուղարկել, որ մենք դրսում բաժանում էինք մարդկանց»,- նշում է նա:

«Այնուհետեւ Հայաստանում կանանց հիմնադրամը (ՀԿՀ) մեզ հետ կապի դուրս եկավ: Շատ կարեւոր էր, օրինակ, հենց ՀԿՀ աջակցությունը, որովհետեւ երբ առաջին անհրաժեշտության կարիքները փոքրիշատե լուծվեցին, սկսեցինք զբաղվել մարդկանց երկրորդ կարգի անհրաժեշտության հարցերով՝ տրամադրելով տաք հագուստ, անկողնային պարագաներ, կանանց համար հիգիենայի պարագաներ: Մեզ համար շատ գնահատելի էին նաեւ Հիմնադրամի մոտեցումները: Կարող եմ ասել, որ այն միակ կազմակերպությունն է, որը հետաքրքրվում է նաեւ կազմակերպության աշխատակազմի որպիսությամբ, երբ հիմնադրամից ուղղակի զանգում ու միանգամից հարցնում են՝ թիմին ի՞նչ է պետք, ի՞նչ կարիքներ ունեք: Ինչ-որ տեղ սա նաեւ մեզ դրդում է մեր մասին էլ մտածել ու նույնը անել եւ մեր շահառուների հետ»,- ասում է Լիանան ժպտալով:
Արցախից բռնի տեղահանված անձանց առաջին օգնության տրամադրումից հետո «Սոսե» կանանց հիմնահարցեր ՀԿ-ն սկսել է նաեւ կազմակերպել կանանց համար հոգեբանական թերապիաներ. «Թերապիաները բավականին լավ միջավայր են ստեղծում: Սկզբից, իհարկե, տեղահանված կանայք դժվար են հաճախում, որովհետեւ այնքան շատ խնդիրներ կան, որ որեւէ մեկն այդ ամենին կարեւորություն եւ առաջնահերթություն չի տալիս: Բայց թերապիաներին մասնակցելուց հետո մարդկանց հետաքրքրվածությունը մեծանում է. սկսում են մեզ զանգել, այցելել մեր գրասենյակ, խոսել իրենց խնդիրների, կարիքների մասին: Այս պահին մեր առաջնահերթ նպատակը մարդկանց հոգեբանական կայունության բերելն է:

Լիանան ընդգծում է նաեւ Արցախից բռնի տեղահանված մարդկանց համար տնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը. «Կարեւոր է հիմա մարդկանց համար տնտեսական բաղադրիչների ստեղծումը, որպեսզի իրենք սկսեն իրենց ապրուստի մասին հոգալ: Այս փուլում, սակայն, զուգահեռ պետք է լինի թե՛ հումանիտար՝ սննդի օգնության տրամադրումը, թե՛ տնտեսական զորեղացման ծրագրերը: Ընտանիքը պետք է վստահ լինի, որ իր երեխան սոված չէ, որպեսզի արդեն կարողանա մտածել ապագայի մասին»,- ասում է ՀԿ նախագահը:

Ճգնաժամային եւ պատերազմական իրավիճակներով պայմանավորված՝ գենդերային եւ ընտանեկան բռնությունը միշտ աճ է գրանցում: Ինչպես նշում է Լիանա Սահակյանը՝ իրենք արդեն ընտանեկան բռնության երեք դեպք են արձանագրել իրենց մարզում. «Բռնության մի դեպքը Կապանում է եղել, երկուսը՝ Գորիսում: Մեկը մեր հոգեբանն աշխատանք տանելու ընթացքում էր բացահայտել, մյուս երկուսի դեպքում այլ մարդիկ էին ուղղորդել, որ դիմեն մեզ: Կարծում եմ՝ եթե կազմակերպության մասին արցախցիները ավելի շատ իմանան որպես նաեւ իրավաբանական աջակցություն տրամադրող կազմակերպություն, շատ ավելի արձագանքներ կստանանք»,- ասում է Լիանան:
Արցախից բռնի տեղահանված անձանց հետ աշխատող կազմակերպությունները տեղահանության առաջին օրերից մինչ օրս աշխատում են առանց դադարի եւ հանգստի:
Հարցին, թե ինչպես է «Սոսե» ՀԿ-ի թիմը զգում իրեն, ՀԿ նախագահը, դառնալով աշխատակազմին, ժպտալով հարցնում է՝ «Հը՞ն, ո՞նց ենք»: Եվ սա, թերեւս, այն հարցերից է, որոնց պատասխանները ի սկզբանե գիտես:
Լիանան նշում է, որ այժմ իրենց կազմակերպության աշխատանքներն այնքան շատ են, որ ժամանակ չունեն անգամ մտածելու իրենց ինքնազգացողության մասին. «Առանց դադարների աշխատում ենք, ժամանակ չունենք կանգ առնելու ու հասկանալու, թե մենք ինչպես ենք մեզ զգում ու ինչի կարիք ունենք: Մեր կազմակերպությունը, բացի բռնի տեղահանված անձանց օգնության տրամադրումից, ունի նաեւ այլ ծրագրեր եւ այժմ կրկնակի ծանրաբեռնված ենք: Իհարկե, մենք կարիք ունենք դադար առնելու եւ որոշակի քայլեր անելու նաեւ մեր բարօրության համար, որ մեր նախկին էներգիան վերականգնենք: Այս պահին, սակայն, տարբեր աշխատանքներով ենք զբաղված եւ չենք կարողանում մեր մասին շատ մտածել: Բայց օրվա ընթացքում ունենում ենք ընդմիջումներ, կարողանում ենք մեկս մյուսիս համար ժամանակ տրամադրել: Երբեմն ստացվում է, որ տեսնում ենք՝ ուժասպառ ենք, այլևս չենք կարողանում աշխատել, նստում, զրուցում ենք, փորձում ենք լիցքաթփվել, որից հետո շարունակում ենք մեր աշխատանքները, բայց այս պահին նաեւ այդ մասին մտածելու ժամանակ չունենք, հուսով ենք՝ Ամանորի տոներին կհասցնենք մի փոքր լիցքաթափվել եւ հանգստանալ»,- նշում է Լիանան՝ շարունակելով կիսվել իրենց կազմակերպության տեսլականներով եւ գալիք տարվա պլաններով:
Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի
Լուսանկարները՝ Sose’s Women/Սոսեի կանայք ֆեյսբուքյան էջից