«Բռնի տեղահանված կանանց առաջին հերթին տնտեսական ազատություն է պետք». Մարի Թեւոսյան

Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության բռնի տեղահանության հետեւանքով Հայաստանում հումանիտար ճգնաժամ է: Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր հաստատվել են Հայաստանում, զրկված են տնից, աշխատանքից, արժանապատիվ կյանքի իրավունքից: Ճգնաժամային նման իրավիճակներում հատկապես խոցելի են դառնում տարիքով մարդիկ, կանայք եւ երեխաները:
Հայաստանում կանանց հիմնադրամը բռնի տեղահանության առաջին իսկ օրերից իր ռեսուրսները մոբիլիզացրեց բռնի տեղահանվածներին օգնության հարցում: Հիմնադրամը, համագործակցելով ՀՀ մազերում կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ, հումանիտար, առաջին անհրաժեշտության աջակցություն է ցուցաբերել՝ տեղահանվածների նախնական կարիքները հոգալու համար:

***

Սյունիքի մարզում Հայաստանում կանանց հիմնադրամն աշխատել է մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում՝ «Էկո-Երիտասարդություն» ՀԿ-ի հետ:

ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Մարի Թեւոսյանը ցավով է հիշում տեղահանությանը նախորդած օրերը՝ նշելով, որ դեպքերի նման հանգուցալուծման չէր սպասում. «Սեպտեմբերի կեսերից սկսած, երբ Ստեփանակերտն ու հարակից շրջաններն արդեն ռմբակոծվում էին, սպասելի էր, բայց չէինք պատկերացնում, որ բնակչության բռնի տեղահանում կլինի: Ես չէի պատկերացնում, որ մասսայական դատարկվելու է Արցախը»,- ասում է նա:
Մարիի դիտարկմամբ՝ քանի որ ամեն ինչ շատ հանպատրաստից է սկսվել, բռնի տեղահանվածներին աջակցելու հարցում անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները պատշաճ չեն տարվել սկզբնական շրջանում. «Մենք լսում էինք, որ անցակետեր են տեղադրվել: Լսում էինք, բայց չէինք պատկերացնում այդ ամենի մասշտաբները: Երբ առաջին խումբը մտավ Տաթեւի համայնքապետարանի շենք, այդ ժամանակ հասկացանք, թե իրականում ինչի հետ գործ ունենք, ու թե դեռ ինչեր են մեզ սպասվում»,- ցավով նշում է Մարին:

Մարի Թեւոսյանը աշխատում է նաեւ Տաթեւի համայնքապետարանում որպես աշխատակազմի ղեկավար եւ հասարակական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաեւ քաղաքական եւ համայնքային հարցերով. «Տաթեւ համայնք առաջին խումբը մտել է սեպտեմբերի 24-ին: Այդ ընթացքում աշխատում էինք 24/7 գրաֆիկով՝ առանց հանգստյան օրերի: Ու այս մասով հատուկ ուզում եմ նշել, որ հիմնականում կանայք էին նվիրված եւ առանց հանգստի աշխատում՝ մի կողմ դրած այն հանգամանքը, որ տանը անում են նաեւ չվճարվող աշխատանք եւ ունեն մեծ ծանրաբեռնվածություն»,- ընդգծում է նա:

Ինչպես նշում է Մարին՝ դժվար էր օգնել ու աջակցել մարդկանց երբ դու ինքդ աջակցության ու հուսադրող խոսքերի կարիք ունեիր. «Պահեր են եղել, որ լացս հաղթահարելով եմ փորձել աշխատել, որովհետեւ մարդիկ գալիս էին բառի բուն իմաստով մերկ, սոված եւ տանջված, ու պետք է քարից լինես, որ չհուզվես: Բայց այդ պահերին ինքդ քեզ հավաքում ես ու մտածում, որ հուսահատվելու, տխրելու կամ լացելու ժամանակ չունես ու պետք է նախեւառաջ տեղահանվածներին ուժ տաս, առաջին օգնություն ցուցաբերես»,- ասում է Մարին ձայնի ցածր տոնով:

«Էկո-երիտասարդություն» ՀԿ-ն Հիմնադրամի աջակցությամբ ի սկզբանե նախատեսում էր իրականացնել ծրագիր, որը պետք է խթաներ Սյունիքի մի շարք համայնքերում կանանց ներգրավվածությանը հասարակական, քաղաքական կյանքին, սակայն վրա հասած աղետը ստիպեց, որպեսզի ծրագրի ուղղությունը փոխվի եւ փոխարենը հումանիտար առաջին օգնություն տրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց. «Մենք այլ ծրագիր էինք անում Հիմնադրամի աջակցությամբ, բայց այս ճգնաժամային իրավիճակում որոշեցինք գումարներն ուղղել արցախցի կանանց համար առաջին անհրաժեշտությանը, այդ թվում՝ հիգիենայի պարագաներ տրամադրելուն: Մենք տրամադրել ենք ամբողջական փաթեթ՝ առաջնահերթ համարելով կանանց սեռական եւ վերարտադրողական առողջության համար անհրաժեշտ իրերը: Երբ կարիքների գնահատում էինք անում, կանայք, ամաչում էին ասել, որ կանացի միջադիրների կարիք ունեն: Ես փորձում էի ուղղորդել՝ նրանց փոխարեն նշելով իրենց առաջնահերթ կարիքները»,- ասում է նա:

Մարի Թեւոսյանը նշում է, որ նման իրավիճակներում շատ կարեւոր է հնարավորինս նրբանկատ եւ ուշադիր լինել, ոչ թե պարզապես օգնություն բաժանել, այլ խորքային եւ զգայուն մոտեցում ցուցաբերել եւ հասկանալ, թե այդ պահին ինչն է մարդկանց համար առաջին անհրաժեշտություն համարվում: 

Հասարակական կազմակերպության գործունեության մասին գնահատական են տվել հենց տեղահանված կանայք՝ նշելով, թե կցանկանային, որ բոլոր կազմակերպություններն այդ մեթոդով աշխատեն ու այնպիսի զգայուն մոտեցումներ ցուցաբերեն, ինչպիսին Մարի Թեւոսյանը:

Մարիի խոսքով՝ այդ օրերին, ի թիվս այլ անձանց, իրեն օգնել եւ ուժ է տվել նաեւ Հայաստանում կանանց հիմնադրամի աշխատակազմի ցուցաբերած աջակցությունն ու հոգատարությունը. «Այնքան լավ է, երբ կան մարդիկ որոնց հետ չնայած մի քանի ամսվա ծանոթներ եք, բայց օգնում են քեզ ամեն հնարավոր ձեւով, հոգեբանական աջակցություն ցուցաբերում՝ թեկուզ միայն գրելով կամ զանգելով ու հարցնելով, թե ինչպես ենք մեզ զգում»,- ասում է նա՝ հավելելով, որ Հիմնադրամն այն քիչ կառույցներից է եղել, որին Մարին դիմել է առանց երկմտելու՝ վստահ լինելով, որ կստանա համապատասխան աջակցություն:

Բացի Հիմնադրամի միջոցով օգնության տրամադրումը՝ «Էկո-երիտասարդություն» ՀԿ-ն նաեւ տարբեր կամավորական աշխատանքներում է ներգրավված եղել՝ բաժանելով հագուստ եւ սնունդ տեղահանված ընտանիքներին:

Տեղահանության եւ ճգնաժամային իրավիճակի ֆոնին արդեն նկատվում է ընտանեկան բռնության աճ: Այդ մասին փաստում են նաեւ մեր այլ մարզերում գործող գործընկեր կազմակերպությունները: Մարիի խոսքով՝ Տաթեւի եւ մյուս հարակից համայնքներում նման դեպքերի մասին տեղեկություններ գրեթե չկան. «Համայնքում կար մի ընտանիք, որտեղ ենթադրաբար կար ընտանեկան բռնություն, բայց նրանք շատ շուտ տեղափոխվեցին այլ բնակավայր: Մեր համայնքներում այժմ շատ են հաշմանդամություն ունեցող տեղահանված կանայք, ովքեր հատուկ կարիքներ ունեն: Տեղահանվածների մեծամասնության մոտ, եթե ոչ բոլորի, նկատվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում»- ասում է ՀԿ նախագահը:

Մարին, խոսելով ծրագրի ընթացքում առաջ եկած դժվարությունների մասին, նշում է, որ իրենց համայնքում մարդիկ կաղապարված պատկերացումներ ունեն հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ. «Այդ կաղապարված պատկերացումներին էլ գումարվում է եւս մեկ փաստ, որ ՀԿ-ի ղեկավարը երիտասարդ, ամբիցիոզ կին է: Այդ ընթացքում հաճախ լսում էի, թե ինչպես են մարդիկ արհամարհանքով ասում՝ տեսնես` սրանց օգուտը որն ա, որ օգնություն են բաժանում: Գյուղաբնակ ակտիվ կանայք ավելի շատ են բախվում գենդերային խտրականության ու դժվարությունների, եւ ավելի շատ ջանք եւ ուժ է պետք մեզ՝ այդ ամենի դեմ պայքարելու, հաղթահարելու համար»,- ընդգծում է նա:

Ինչպես նշում է Մարին՝ իրենց կազմակերպության աշխատակազմն այժմ մասնագիտական այրման մեջ է, եւ նրա խոսքով՝ աշխատակիցները կարիք ունեն հոգեբանական աջակցության եւ հանգստի:

Խոսելով իր փոփոխությունների տեսլականի մասին` Մարին ընդգծում է մի քանի կարեւոր փաստ: Նրա խոսքով՝ բռնի տեղահանված գյուղաբնակ կանանց առաջին հերթին նյութական աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի նրանք չենթարկվեն տնտեսական բռնության, անկախանան եւ կարողանան տնօրինել իրենց սեփական կյանքը. «Գյուղաբնակ համայնքներում այնպիսի նախաձեռնություններ են պետք, որոնք կնպաստեն առաջին հերթին կանանց տնտեսական զորեղացմանը: Տնտեսապես հզորացած կանայք շատ լավ թեկնածու են քաղաքականության մեջ ներգրավվելու համար, քանի որ եկամուտ ունենալը նաեւ ինքնավստահություն է հաղորդում»,- ընդգծում է Մարին՝ հույս ունենալով, որ շատ աշխատանքի եւ համառության շնորհիվ հնարավոր կլինի հասնել այդ ամենին:

 

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի

Լուսանկարները՝ «Էկո-Երիտասարդություն» ՀԿ-ի

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.