Քանի որ տարին մոտենում է ավարտին, հաջորդ տարվա համար անելիքների ցուցակ կազմելու անհրաժեշտությունը մեծանում է: Գնալ մարզասրահ, ավելի շատ բանջարեղեն ուտել, ավելի քիչ գումար ծախսել․․ ։ Բայց նոր տարում սեփական անձը կատարելագործելը չպետք է սահմանափակվի ավանդական նպատակներով: Ինչու՞ դուրս չգալ սովորական որոշումների սահմաններից և չգնալ դեպի ֆեմինիստական ամանորյա որոշումներ, որոնք կարող են ավելի զորեղացնել մեզ 2023 թվականին: Դա հենց այն է, ինչ աշխարհին անհրաժեշտ է այս քաոսային շրջանում:
Ի վերջո, ֆեմինիզմը կարող է լավագույնս խթանել ձեր նպատակները: Այն նաև կենտրոնանում է ձեր քայլերի վրա՝ օգնելով ավելի ուշադիր լինել, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ և ուրիշներին: Այստեղ կա նաև ինքնահարգանքի կոնցեպտ, որը կարող է դրականորեն ազդել ձեր հարաբերությունների, կարիերայի և առողջության վրա:
Այս ֆեմինիստական ամանորյա որոշումներով դուք կկարողանաք պատվել կանանց ամենուր: Բանն այն է, որ այս նպատակների մեծ մասը շարունակական բնույթ է կրում: Սա նշանակում է, որ փոքր, իրատեսական նպատակները հսկայական փոփոխություն են ստեղծում: Եվ քանի որ ֆեմինիստական շարժումը լուրջ քայլերով առաջ է գնում, այն մոտ ապագայում չի դադարի: Հաշվի առնելով այս ֆեմինիստական նպատակները՝ մենք բոլորս կարող ենք միասին աշխատել 2023 թվականն ավելի հիշարժան դարձնելու ուղղությամբ։
- Աջակցեք այլ կանանց
Սա ֆեմինիստական շարժման ամենակարևոր արժեքն է: Աջակցությունը կարող է տարբեր տեսք ընդունել: Հաճոյախոսեք ոչ միայն կանանց արտաքինի մասին: Խրախուսեք կանանց գնալ իրենց ուզած ուղղությամբ: Գնահատեք անծանոթ կնոջը, երբ նա ինչ-որ զիլ բան է անում: Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ մենք մրցակիցներ չենք. մենք պետք է բարձրանանք և աճենք միասին:
- Ուսումնասիրեք ֆեմինիստական կազմակերպությունները
Որպես սպառող՝ ձեր գնումներն ավելի շատ ազդեցություն ունեն, քան կարծում եք: Պարզեք, թե որ ընկերություններն ու ապրանքանիշերն ունեն նույն ֆեմինիստական համոզմունքները, ինչ դուք, և նրանցից օգտվեք։
- Աջակցեք կանանց պատկանող բիզնեսներին
Գնումներ կատարեք փոքր, անկախ ձեռնարկություններից, որոնք պատկանում են կանանց: Սա հիանալի միջոց է՝ հզորացնելու ղեկավար կանանց ամբողջ աշխարհում:
- Հարցեր տվեք
Սեռից մինչև ռասայական թեմաներ․հարցեր, որոնք մարտահրավեր են նետում ձեզ և այլոց: Եղեք հետաքրքրասեր և մի զսպեք ձեզ:
- Կրթվեք
Գիտելիքը ուժ է: Ձեր գիտելիքները ֆեմինիստական պատմությամբ հարստացնելու նպատակ դրեք։ Սա կօգնի, որպեսզի ֆեմինստական շարժման մասին ձեր պատկերացումներն աճեն և զարգանան։ Վավերագրական ֆիլմերը և գրքերը հիանալի սկիզբ կարող են լինել։
- Եղեք տեղեկացված
Մշտապես փոփոխվող աշխարհում շատ կարևոր է տեղեկացված լինել ֆեմինիստական վերջին նորություններից: Կարդացեք ֆեմինիստական շարժման քաղաքականության, խնդիրների մասին, որոնք ազդում են կանանց վրա:
- Սովորեք ասել «Ոչ»
Հեշտ է ասելը, քան անելը, բայց ցանկացած փոքր պրակտիկա կարևոր է: Ի վերջո, կանանց՝ «այո» ասելու պարտավորությունը շատ իրական է։ Փոխարենը, գիտակցված որոշում կայացրեք «ոչ» ասելու, երբ ինչ-որ մեկի հետ համաձայն չեք կամ ինչ-որ բան չեք ուզում անել:
- Ընդունեք ձեր զգացմունքները
Հաճախ կանայք պիտակավորվում են որպես խենթ իրենց զգացմունքներն ի ցույց դնելու համար: Մնացած բոլոր դեպքերում մեղավորը «այդ օրերն» են։ Փորձեք ընդունել ձեր զգացմունքները, որովհետև դրանք ցույց են տալիս, թե ով եք դուք։
- Դադարեք ներողություն խնդրել առանց պատճառի
Ֆեմինիստական կարևոր համոզմունք այն է, որ կանայք չպետք է ներողություն խնդրեն պարզ բաների համար: Սա կարող է լինել ամեն ինչ՝ անգամ սովորական հարց տալը: Դուք չպետք է ներողություն խնդրեք այն ամենի համար, ինչ ձեր մտքում է:
- Սիրեք ձեր ցիկլը
Դաշտանը նշան է, որ ձեր օրգանիզմն առողջ է: Եվ նույնիսկ եթե մայրանալը ձեր օրակարգում չէ, դուք չեք կարող ժխտել ձեր վերարտադրողական կարողությունների գեղեցկությունը: Ընդունելով դաշտանը՝ ընդունում եք ձեր մարմինը։
- Մի քննադատեք այլ կանանց
Հագուստից մինչև կենցաղային սովորություններ՝ յուրաքանչյուրն ունի ապրելու իր ձևը։ Թույլ մի տվեք, որ չգիտակցված քննադատությունը գլուխ բարձրացնի ձեր մեջ, փոխարենն ավելի լայնախոհ եղեք: Եթե դա մարդուն ուրախացնում է, և նա որևէ մեկին չի վնասում, ինչո՞ւ քննադատել։
- Եղեք աջակիցներ
Սա հատկապես կարևոր է սրված քաղաքական և սոցիալական հակամարտությունների ժամանակ: Եթե ինչ-որ մեկին հետապնդում են, մի անտեսեք դա: Արդյո՞ք սա նշանակում է, որ դուք պետք է մարտի բռնվեք: Միանշանակ՝ ոչ. պարզապես դառնալով մարդու ընկերը, կարող եք թեթևացնել նրա վիճակը:
- Դարձեք որևէ երիտասարդ աղջկա մենթոր
Ֆեմինիստական շարժումը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Օգնեք կանանց հաջորդ սերնդին խթանել շարժումը՝ դառնալով որևէ երիտասարդ աղջկա մենթոր: Դա կարող է լինել ցանկացած մեկը՝ սկսած ընկերներից մինչև ձեր սեփական դուստրը: Անծանոթին ուղղված խրախուսական մեկ բառն անգամ կարող է մեծ փոփոխություն բերել։
- Ընդունեք ձեր թերությունները
Գեղեցկության որոշակի ստանդարտների համապատասխանելու նպատակով կանանց վրա ճնշում գործադրող մշակույթում վերջին տարիներին նշանակալի է no makeup թրենդը: Բացարձակապես ոչ ոք կատարյալ չէ: 2023 թվականին նպատակ դրեք սիրել ձեզ՝ ընդունելով ձեր մարմնի յուրաքանչյուր հատվածը:
- Հարգեք ինքներդ ձեզ
Ֆեմինիզմը ինքնահարգանքի մասին է: Այս արժեքը կարող է երևալ այս ցանկի ցանկացած կետում: Սովորեք ցանկացած իրավիճակում առաջնահերթություն տալ ձեզ և ձեր բարեկեցությանը։
Աղբյուրը՝ https://bit.ly/3ipweXh