
Հունիսի 22-ին տեղի ունեցավ «Սուրճ և ֆեմինիզմ» ֆեմախոսությունը, որի ընթացքում Հուրի Փիլիպոսյանն ու Արփինե Ղամբարյանը ներկայացրեցին իրենց հետազոտությունները սուրճի ավանդույթի և դրա ֆեմինիստական կողմի մասին։
Հուրիի «Subhiyeh: Beyond the Coffee Cup»-ը («Սուբհիյե։ Սուրճի բաժակից այն կողմ») ուսումնասիրում է առավոտյան սուրճի պրակտիկայի ծիսական առանձնահատկությունները և դրա ազդեցությունը կանանց կյանքի վրա Հալեպում (Սիրիա): Օգտագործելով մարդաբանական ոսպնյակը՝ նա ուսումնասիրում է գենդերային տարածքները, բամբասանքները և սերունդների փոփոխությունները՝ խորանալով «միայն կանանց համար» մասնավոր տարածքների հայեցակարգի մեջ, որոնք առաջացել են աջակցության համակարգի անհրաժեշտությունից և բամբասանքի ձևերից, և թե ինչպես են դրանք հյուսվում համայնքի ներսում։ Հետազոտությունը նաև անդրադառնում է, թե ինչպես է երիտասարդ սերնդի հետ միասին Սուբհիյեի ծեսը մասնավոր վայրից տեղափոխվել հանրային վայր՝ համեմատելով և հակադրելով տարբեր սերնդային ասպեկտները:
Արփինեի հետազոտությունն ուսումնասիրում է Երևանում և Վանաձորում կանանց սուրճ խմելու ավանդույթները։ Հետազոտության հիմնական մասը առնչվում է սրճելուն` որպես կանանց համար միասնական ու ապահով տարածքի ստեղծմանը։ Այն անդրադառնում է հանրային և մասնավոր միջավայրում սրճելու ավանդույթի ընթացքում բամբասանքային դինամիկային։ Ուսումնասիրված տեսական հիմքերը շրջանակ են բացում կանանց շրջանում բամբասանքի և/կամ լիցքաթափման պրակտիկայի, մասնավոր և հանրային միջավայրում դրա ընկալումների և նշանակության շուրջ ընդհանուր քննարկման վերլուծության համար: Հետազոտության մեջ Արփինեն նաև քննարկել է իր պարտաստած երկու ֆիլմերը, որոնք վիզուալ հիմք են ծառայել ստեղծագործական մոտեցումներով ցույց տալու ավանդույթի նշանակությունը կանանց համար։ Ֆիլմերից մեկը նկարահանվնել է Վանաձորի Ջունգլիներ թաղամասում՝ ցույց տալով Արփինեի տատիկի և իր ընկերուհու ամենօրյա սրճելու ավանդույթը, մյուսը՝ Երևանի Չարբախ թաղամասի կանանց բակային սուրճի ավանդույթը։
Վերևում ֆեմախոսության գրաֆիկ պատկերն է, իսկ ֆեմախոսության տեսագրությունը կարող եք դիտել մեր յութուբյան էջում՝ http://www.youtube.com/watch?v=-hayEFNwENQ հղումով։