You are currently viewing Ուժ և իշխանություն, գաղափարախոսություն և գիտելիք

Ուժ և իշխանություն, գաղափարախոսություն և գիտելիք

Հատված Ջոուի Սպրագի «Ֆեմինիստական մեթոդոլոգիաներ քննադատական հետազոտողների համար. կամրջելով տարբերությունները» գրքից (2005)

(Գլուխ 3. Ուժ և իշխանություն, էջ 54-57)

Ֆեմինիստներն առանձնացնում են երեք իրողություններ, որոնցում հետազոտողները կարող են ունենալ իշխանություն (D. Wolf 1996): Նախ և առաջ, հետազոտության գործընթացի և «հետազոտող-հետազոտվող» հարաբերությունների կառուցման վերահսկողությունն ավելի մեծ է հետազոտողի, քան հետազոտվողի կողմից։ Երկրորդ, հետազոտողի ձեռքում է այն իշխանությունը, թե ինչպես են հետազոտության արդյունքները մեկնաբանվելու և ներկայացվելու ուրիշներին։ Եվ երրորդ, հետազոտողներն ունեն ավելի մեծ սոցիալական իշխանություն, քան հետազոտվողները, քանի որ հիմնականում նրանք անհավասարության սոցիալական կառուցվածքներում (որոնք վերաբերում են գենդերին, ռասային, դասակարգին և ազգին) զբաղեցնում են համեմատաբար ավելի արտոնյալ դիրքեր։ 

Հետազոտական գործընթացի, ինչպես նաև դրա անմիջական արդյունքի նկատմամբ հետազոտողների իշխանությունը ամենաշատն ուսումնասիրվել է հետազոտության մասին ֆեմինիստական և այլ քննադատական մոտեցումներում։ Հետազոտողի ազդեցությունը և իշխանությունը համատարած է։ Ուսումնասիրողն ինքն է ընտրում, թե ինչ պետք է ուսումնասիրել՝ այդպիսով մատնանշելով, թե ինչն է կարևոր, և եթե ոչ ակնհայտ, ապա կրկին մատնանշելով, թե ինչն է անկարևոր։ Հետազոտողը նաև կառավարում է, թե ինչպես է թեմային անդրադարձ կատարվելու․ որն է ակնհայտ տեղեկատվությունը, և ինչպես է այն հավաքագրվելու։ Օրինակ՝ հետազոտողը կարող է ընտրել, թե որն է հարցման համար լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ հարց, կամ թե որն է որակական հարցազրույցի համար անտեղի, չհամապատասխանող շեղումը։ Հետազոտողները պայմանականորեն որոշում են ինչպես վերլուծել և մեկնաբանել ստացված արդյունքները․ նրանք ընտրում են, թե ինչպես կիրառել քանակական մեթոդները վիճակագրական մոդելում, և թե հարցազրույցի սղագրության որ մասերն են հետաքրքիր և մեկնաբանության ենթակա: Եվ վերջապես, հետազոտողն ինքն է ընտրում, թե որտեղ են հրապարակվելու արդյունքները, և թե ինչ տեսք է ունենալու տեքստը։ Հետազոտողն այս որոշումները հիմնականում միայնակ չի կայացնում։ Վերջինս տեղի է ունենում միմյանց միջև երկխոսությունների և իրար աշխատանքները գնահատելու (peer review) միջոցով։ Ինչևէ, պայմանական սոցիալական գիտության պրակտիկայում հետազոտվողները քիչ ասելիք ունեն այս հարցերի շուրջ կամ ընդհանրապես չունեն։ 

Ժամանակակից արևմտյան հասարակություններում գիտական ուսումնասիրություններն ավելի մեծ ազդեցություն ունեն այն իրողության վրա, թե ինչն են մարդիկ համարում պաշտոնական գիտելիք։ Հետազոտությունների արդյունքները հանրայնացվում են լրատվության միջոցով՝ ցույց տալով, թե ինչ գիտի կամ ինչ է կարծում հասարակությունը։ Գիտական ուսումնասիրությունը չմշակված նյութ է, որի հիման վրա լույս են տեսնում գրքեր։ Քաղաքականություն մշակողներն ու իրականացնողները հղում են տալիս հետազոտություններին՝ իրենց որոշումներն ավելի լեգիտիմ ցույց տալու համար։ Միանշանակ, լրագրողները, հաղորդավարները, դասագրքերի և պոպուլյար գրքերի հեղինակները, ինչպես նաև քաղաքականություն մշակողները հետազոտական նյութին մոտենում են իրենց ուրույն ընտրության ստանդարտներով։ Մինչդեռ հետազոտողի որոշումը, թե ինչ և ինչպես ուսումնասիրել, ինչպես գլուխ հանել իր ստացած արդյունքներից, և ինչ անել այդ արդյունքներով, սահմանափակում է մյուսների ընտրությունը, թե ինչ տարածել։ Գիտական հետազոտությունը որոշ չափով խոչընդոտում է, թե ինչ ենք մենք մտածում, և դրդում է մեզ մտածել որոշ հստակ ուղղություններով։ 

Այս իմաստով մտահոգություն է առաջացնում հենց հետազոտողի` հետազոտական գործընթացը և արդյունքները կառավարելու սոցիալական իշխանությունը։ Հետազոտողներն ունեն գիտելիքի ստեղծման լեգիտիմ հեղինակություն, որն ակնհայտ հիմնված է մեթոդաբանության վրա, այսինքն՝ այն գործընթացի, թե ինչպես են ճշմարտության մասին պնդումները մշակվել և ներկայացվել։ Միևնույն ժամանակ, չնայած ոչ ակնհայտ, սակայն գիտնականների հեղինակությունը հիմնվում է նաև նրանց որակավորման վրա՝ որպես որոշակի կրթություն և փորձառություն ունեցող մարդկանց, որոնք կապված են այս կամ այն հաստատության հետ և ունեն գիտելիքի կերտման սոցիալական կառուցվածքի մեջ որոշակի վստահելիություն։ 

Գիտությունը՝ ներառյալ սոցիալական գիտությունը, ազատորեն կառուցված է հետազոտական ինստիտուտների, համալսարանների, ամսագրերի, ֆինանսավորող գործակալությունների, ռազմականության, ինչպես նաև շահույթ հետապնդող հետազոտական և զարգացման կազմակերպությունների հիման վրա, որոնց մեր հասարակություններում տրված են ռեսուրսներ և հեղինակություն՝ լինելու գիտելիքի պաշտոնական արտադրողներ։ Այս կազմակերպությունները կազմված են անհատներից, ովքեր իրար նկատմամբ հստակ սոցիալական փոխհարաբերություններ ունեն, որոնց միջոցով բաշխվում են գիտելիքի արտադրման համար նախատեսված կարևոր ռեսուրսները՝ հետազոտական դրամաշնորհներ, ֆիքսված գիտական պաշտոններ, ամսագրեր, գրքերի տպագրության պայմանագրեր։ Այս ռեսուրսների նկատմամբ իշխանություն ունեցողները օգտագործում են որակի և գնահատման ստանդարտների համակարգեր։ Հիմնականում դրանք լինում են հենց այն ստանդարտները, որոնց վրա հիմնված են եղել կամ հիմնվում են տվյալ գիտնականների և հետազոտողների հեղինակությունը և արտոնությունները։ «Կարևոր», «հետաքրքիր» և «խիստ» տերմինների ներքո թաքնված են համակարգային լուծման նմուշներ, որոնք արտահայտում են գնահատողի շահագրգրվածությունը հեղինակության և իշխանության գործող ցանցում։ 

Հեղինակության և իշխանության այդ ցանցն իր հերթին հետևանքն է սոցիալական կյանքի, որը կառուցված է դասակարգի, ռասայի և գենդերի հիման վրա (cf. Tokarczyk and Fay 1993): Ավանդաբար, սոցիալապես արտոնյալները, այսինքն նրանք, ովքեր պատկանում են դոմինանտ գենդերի, դասակարգի, ռասայի և/կամ ազգության, կառավարել են գիտելիքի ստեղծումը։ Գիտնական դառնալու կարիերայի ուղին հիմնվում է կրթական ձեռքբերումների վրա, իսկ կրթական ձեռքբերումների խողովակի միջով առաջխաղացումը մեծապես հիմնվում է տվյալ անհատի գենդերի, ռասայի և ազգության վրա։ 

Ըստ այդմ էլ, հատկապես հաշվի առնելով տեսակետի իմացաբանությունը կամ standpoint epistemology-ն, խնդիրն այն է, որ գիտական ցանցերի ազդեցիկ գիտնականները զբաղեցնում են կամ ունեն հարաբերական արտոնյալ դիրք/տեսակետ։ Այստեղ մտավախությունն այն է, որ հետազոտողի արտոնությունները կարող են ազդեցություն ունենալ նրա որոշումների վրա, ինչն էլ արդյունքում կբերի նրան, որ նրա կողմից ստեղծված գիտելիքը կլինի գաղափարախոսական։ 

Մինչդեռ «գաղափարախոսություն» եզրը կարող է օգտագործվել որպես իմաստների համակարգի ընդհանուր նշանակություն կամ որևէ երևույթ հասկանալու հարաբերականորեն կազակերպված ձև, Կարլ Մարքսից մինչև Դորոթի Սմիթ, քննադատական սոցիալական գիտնականները պնդում էին, որ անհրաժեշտ է հստակ սահմաններ դնել գիտելիքի և գաղափարախոսության միջև։ Այդ պարագայում գաղափարախոսությունը ենթադրում է իմաստների համակարգերի հստակ ենթաբազմություն, որը կարող են լինել խաբուսիկ կամ խեղաթյուրող։ 

Մարքսի վերլուծության հիման վրա Դորոթի Սմիթը (1990) պնդում է, որ անհավասար իշխանական հարաբերություններով կազմակերպված սոցիալական կոնտեքստում պնդումը գիտելիք կամ գաղափարախոսություն որակելու կարևոր չափանիշ է դրա կապը իշխանության հետ։ Աշխարհն ընկալելու շրջանակները կարող են կա՛մ շեշտադրել անհավասար իշխանությունը, կա՛մ շղարշել այն։ Պնդումները գաղափարախոսական են, եթե դրանք քողարկում են ուժի և իշխանության հարաբերությունները։ 

Օրինակ, Մարքսը (1867/1976) շուկայի ապրանքների և բարիքների ներկայացվածությունը վերլուծում էր դրանք արտադրող և բաշխող սոցիալական հարաբերություններից՝ կապիտալիստական գերիշխումից և աշխատավորի շահագործումից անկախ։ Իշխանության այս սոցիալական հարաբերությունը թաքցնելով՝ ապրանքների և բարիքների ֆետիշիզմը քողարկում է, թե ինչպես են կայացվում որոշումները, թե ինչը ինչ գնով է արտադրվելու և ինչ շահույթով։ Այսինքն՝ այն գաղափարախոսական է։ Կամ, վերցնենք տարածված պնդումը, որ մեր հասարակությունները տեխնոլոգիաներով են առաջնորդվում։ Ասել, որ տեխնոլոգիաները մեզ տանում են այնպիսի մի ապագա, որտեղ չկա մարդու կողմից վերահսկողություն, նշանակում է մնալ գաղափարախոսության մակարդակում։ Ուսումնասիրել, թե ինչպես կարող են իշխանություն ունեցող որոշ էլիտաներ առաջ մղել որոշակի տեխնոլոգիաների զարգացումը իրենց սոցիալական առավելությունները և վերահսկողությունը ընդլայնելու համար, նշանակում է ստեղծել գիտելիք։ 

Գիտելիքը, որը կառուցվել է անհավասարության սոցիալական հարաբերություններում արտոնյալ տեղից, ավելի հավանական է, որ տեղ կգտնի արտոնություններ ունեցողների հետաքրքրություններում և աշխարհայացքում, քան ճնշվածների։ Գրքի 1-ին գլխում դրան անդրադարձ կա․ ավանդաբար, սոցիոլոգիան հատկապես և սոցիալական գիտություններն ընդհանուր առմամբ ոչ մտածված, բայց ավելի շատ են հարցեր տվել արտոնյալներին և օգտագործել են այնպիսի վերլուծական կատեգորիաներ ու դիսկուրսի ձևեր, որոնք նպաստել են շարունակական արտոնություններին։ Գենդերի, ռասայի, դասակարգի և/կամ ազգության վրա հիմնված սոցիալական հարաբերություններում հետազոտողի իշխանությունը՝ որպես արտոնյալ, հարաբերակցվում է նրա իշխանության հետ՝ որպես մարդ, ով լեգիտիմ իշխանություն ունի այն պրոդուկտի վրա, որը հասարակությունն ի վերջո կդիտարկի որպես գիտելիք։ 

Ինչպե՞ս կարող են քննադատական հետազոտողները արձագանքել սեփական արտոնություններին և իշխանությանը։ Այս հարցը թափանցել ու հագեցրել է ֆեմինիստական հետազոտության մեթոդաբանության գրականությունը։ ֆեմինիստների կողմից առաջարկված մեթոդաբանական ռազմավարությունների մեծ մասը փորձում է վերացնել հետազոտողի և հետազոտվողի միջև իշխանության անհավասարությունները՝ աշխատելով, որ հետազոտվողներն ավելի շատ ասելիք ունենան հետազոտության կառուցման գործընթացում։ Բացի այդ, ֆեմինիստ հետազոտողները անընդհատ մտածում են, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ իրենց կենսագրությունները, և թե ինչ կողմնակալություններ կան իրենց հետազոտության նկատմամբ։ Այդ իսկ նպատակով նրանք առաջարկում են հաշվետվության և վերլուծության այնպիսի ձևեր, որտեղ հստակ երևում է հետազոտողի դիրքորոշումը կամ ավելի շատ տեղ է տրվում հետազոտվողների ձայնին և ասածներին։ 

Թարգմանությունը՝ Սիրան Հովհաննիսյանի

 

This Post Has One Comment

Comments are closed.