«Միասին կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, մինչև բոլորս կլինենք ապահով և պաշտպանված». Լիլիթ Մարտիրոսյան

«Հայաստանում տրանսգենդեր անձի կյանքը նման է պայքարի. նա ոչ թե պայքարում է լավ կյանքի համար, այլ այդ կյանքը պահպանելու»,- ուղիղ մի տարի առաջ նկարագրելով տրանսգենդեր անձանց կարգավիճակը Հայաստանում՝ այսպես էր արտահայտվել իրավապաշտպան, ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին՝ նա այսօր էլ շարունակում է Հայաստանում պատմություն կերտել, ինչպես հայտարարել էր 2019-ին ՀՀ Ազգային ժողովում ունեցած հայտնի ելույթի ժամանակ:

***

Տրանսգենդեր անձանց իրավունքների ու շահերի պաշտպան Լիլիթ Մարտիրոսյանի մասին գրեթե բոլոր տեղեկություններն սկսվում են «առաջին» բնորոշումով. նա Հայաստանում և տարածաշրջանում տրանսգենդեր անձանց պաշտպանության հարցերով զբաղվող առաջին և առաջատար հասարակական կազմակերպության՝ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի համահիմնադիր, նախագահն է, առաջին տրանսգենդեր անձը, որ ելույթ ունեցավ ՀՀ ամենաբարձր ամբիոնից: Նա նաև կանգնած է տարածաշրջանում տրանսգենդեր անձանց հարցերով զբաղվող առաջին հիմնադրամի ստեղծման ակունքներում:

Իր ակտիվիստական գործունեության մասին խոսելիս Լիլիթը նշում է, որ մինչ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ստեղծումը ՀՀ-ում կային ԼԳԲՏԻՔ+ անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ներ, սակայն դա բավարար չէր. «Այդ կազմակերպությունների ֆոկուսը դրված չէր հենց տրանս անձանց խնդիրների վրա, ինչն առավել սպեցիֆիկ լուծման տարբերակներ է պահանջում: Տրանս անձանց հարցերն ու խնդիրները մի քիչ այլ են, դրա համար ուզեցինք հատուկ տրանս անձանց հարցերով ու իրավուքներով զբաղվող կազմակերպություն հիմնել: Որպես համայնքահեն կազմակերպություն՝ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն ստեղծվել է տրանս անձանց կողմից ու տրանս անձանց համար 2016-ի հունվարին»,- պատմում է է Լիլիթ Մարտիրոսյանը:

Լիլիթը 7 տարուց ավել զբաղվում է Հայաստանում տրանս անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ: Գիտակցելով իր գործի կարևորությունը՝ Լիլիթն ասում է. «Իրականում շատ պատասխանատու ու դժվար աշխատանք ենք իրականացնում: Դժվարին աշխատանքը, պատասխանատվությունը ես հիմնականում վերցրել եմ ինձ վրա: Ինքս էլ լինելով հանրային կերպար ու էն մարդը, որ ուզում ա մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել՝ վճռեցի այդ աշխատանքների հիմնական պատասխանատվությունը վերցնել ինձ վրա»:

«Կյանքը մի անգամ է տրվում»

ԱԺ-ում հայտնի ելույթից հետո Լիլիթի հանդեպ տեղի ունեցող խտրականության, տարբեր տեսակի բռնության դեպքերը, մահվան, «ողջ-ողջ այրելու» սպառնալիքները եռապատկվեցին: Նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական, հոգեբանական բռնության: Իրավապահ մարմինները նրա հանդեպ տեղի ունեցած խտրականության, բռնության, սպառնալիքների գործերը կարճել են՝ բավարար հիմքեր չլինելու պատրվակով: Լիլիթի խոսքով, սակայն, այն համակարգը, որն իրեն պիտի պաշտպաներ, խտրականության է ենթարկել իրեն, զուտ որովհետև նա տրանսգենդեր կին է. «Ցավոք սրտի, մինչև այսօր հասարակության մի մասը, այդ թվում՝ ոստիկանությունը, չի կարողանում կամ չի ուզում հասկանալ/ընդունել մարդու գենդերային ինքնությունը, սեռական կողմնորոշվածությունը: Խտրականությունն է՛լ ավելի է խորացնում էս ամեն ինչը: Հասարակության մեծ մասի կողմից խտրականացվում են և՛ կանայք, և՛ ԼԳԲՏ, և՛ հաշմանդամություն ունեցող անձինք»,- ցավով նշում է Լիլիթը:

Դժվարություններից ու անարդարություններից, սակայն, իրավապաշտպանը չի ընկճվում ու ողջ եռանդով պայքարում է դրանց դեմ. «Յուրաքանչյուր ակտիվիստ շատ լավ հասկանում է, թե իր գործունեության ընթացքում ինչերի կարող է հանդիպել: Ինքս շատ ռեալիստ եմ ու գիտեմ, որ իմ աշխատանքների արդյունքում կարող եմ շատ վտանգների բախվել: Մինչև հիմա էլ սպառնալիքները, ատելության խոսքերը, բռնության դեպքերն իմ հանդեպ շարունակվում են: Որպես անհատ միշտ փորձել եմ իմ մեջ ուժ գտնել, որպեսզի կարողանամ ուրիշներին օգնել: Եթե ես՝ որպես ակտիվիստ, թուլացա ու չկարողացա շարունակել իմ պայքարը, համայնքը դրանից է՛լ ավելի կտուժի ու կխտրականացվի»,- ասում է Լիլիթը:

Դժվարությունների, վտանգների հանդիպելիս հաճախ ամենատրամաբանական որոշումը մեզ համար դառնում է հեռանալ այնտեղից, որտեղ քեզ համար ապահով չէ: Լիլիթը, սակայն, անդրդվելիորեն ասում է, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանից՝ չնայած իր կյանքին սպառնացող վտանգներին. «Ես Հայաստանը շատ եմ սիրում ու չեմ պատարստվում որևէ տեղ գնալ: Ես չեմ կարողանում այլ երկրներում մնալ. անընդհատ ինչ-որ մի բան ինձ հետ է բերում, որ իմ պայքարը շարունակեմ: Մտադրությունս երբեք չի փովել, որ հեռանամ երկրից: Այո՛, ես հասկանում եմ՝ կյանքը մի անգամ է տրվում, ուղղակի էստեղ էնքան անելիք կա, որ քո մի ամբողջ կյանքը պետք ա ծախսես ուրիշներին օգնելու համար»,- վճռական ու հանգիստ տոնով ասում է նա:

«Կյանքը սիրում է համառներին»

Ասում են՝ կյանքը սիրում է համառ ու անկոտրում մարդկանց: Դրանք, երևի, այն մարդիկ են, որոնք ամբողջ սրտով նվիրվում են մի գաղափարի, անում հնարավորն ու անհնարինը՝ այդ գաղափարն առաջ տանելու համար: Այդպես էլ Լիլիթն ու իր թիմը, տարիներ շարունակ, անտեսելով վտանգներն ու մարտահրավերները, միշտ հավատարիմ են իրենց գաղափարին ու տեսլականին: Այդպիսով, «Իրավունքի կողմ» ՀԿ-ն իր գործունեության ընթացքում շատ նշանակալի ձեռքբերումներ է ունեցել, որոնց մասին Լիլիթը հպարտությամն է հիշում. «2017-ին մեր կազմակերպության շնորհիվ փոխվեց անձնագրում անվանափոխության ամբողջ պրակտիկան: Հիմա այդ գործընթացը շատ է հեշտացել ոչ միայն տրանս անձանց համար, այլև բոլորի: Մինչ այդ բազում բյուրոկրատական գործընթացներ կային: Մեր ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ պրակտիկան փոխվեց, ու հիմա Հայաստանում անվանափոխության գործընթացը շատ հեշտ է»,- ընդգծում է նա:

Կազմակերպությունը, բացի այդ,  երկու տարի առաջ դատարանում ունեցել է մեծ հաղթանակ, երբ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դատարանն ընդունել է, որ տեղի է ունեցել գենդերային հիմքով խտրականություն, երբ երկու տրանս անձանց արգելել էին օգտվել մարզասրահից՝ առանց որևէ պատճառաբանության:

«Տարիներ շարունակ իրականացրել ենք տրանս ճամբարներ, ակադեմիաներ, զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ: Այդ ամբողջ աշխատանքների շնորհիվ հարյուրավոր տրանսգենդեր անձինք այժմ ՀՀ-ում իրենց ապահով են զգում»,- նշում  է Լիլիթը անպարծ ժպիտով: 

«Փոքր հաղթանակներ» մեծ ճանապարհին 

Որպես անհատ, ակտիվստ՝ Լիլիթն իր անձնական ձեռքբերումն է համարում 2019-ին ՀՀ խորհրդարանում ունեցած իր ելույթը, որը մեծ տեսանելիություն ունեցավ, ու որի մասին խոսեցին շատ հեղինակավոր ամսագրեր ու մեդիա հարթակներ ամբողջ աշխարհում. «Ելույթից հետո այժմ Հայաստանում շատ լրագրողներ ու լրատվամիջոցներ այլևս չեն օգտագործում «պարիկով տղա», «արվամոլ» կամ նման այլ որակումներ, այլ արդեն օգտագործում են տրանսգենդեր տերմինը, ինչը ես մեծ ձեռքբերում եմ համարում»,- ընդգծում է նա:

Լիլիթ Մարտիրոսյանն իր մեծ ձեքբերումներից է համարում նաև  2020-ին Նիդեռլանդների կառավարության կողմից շնորհված «Մարդու իրավունքների կակաչ» մրցանակը. «Դրա շնորհիվ մենք հիմա ունենք ապահով տարածք ԼԳԲՏԻՔ+ անձանց, նրանց ծնողների, սեքս աշխատողների համար»,- ասում է նա՝ հավելելով, որ ապագայում մտածում է համայնքային նման այլ կենտրոններ ստեղծելու և ցանցը ընդլայնելու մասին թե՛ Երևանում, թե՛ մարզերում:

Շարունակելով ձեռքբերումների շարքը, Լիլիթը թեթև ժպիտով ասում է. «Իմ ամենամե՛ծ ձեռքբերումներից է իմ ընտանիքի հետ լավ հարաբերությունները, որը երկար տարիների աշխատանք է»:

Տրանս անձանց պաշտպանության գլոբալ հիմնադրամը

Լիլիթ Մարտիրոսյանն այժմ զբաղվում է նաև Հարավկովկասյան տարածշրջանում տրանսգենդեր անձանց հարցերով զբաղվող առաջին հիմնադրամի կայացման հարցերով: Նա Տրանս անձանց պաշտպանության գլոբալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է. «Ուզում եմ օգնել, որ հիմնադրամն ու տրանս անձանց հարցերով զբաղվող այլ կառույցներն ավելի ուժեղանան, ավելի շատ ռեսուրսներ ունենան ու կարողանան աջակցել տրանս անձանց: Տրանս անձինք կյանքի բոլոր ոլորտներից դուրս են. չեն կարողանում դպրոց ավարտել, համալսարան ընդունվել, աշխատանք գտնել, որովհետև բոլոր ոլորտներում խտրականության են ենթարկվում»,- ասում է նա:

Խոսելով Տրանս անձանց պաշտպանության գլոբալ հիմնադրամի և Հայաստանում կանանց հիմնադրամի համագործակցության մասին՝ Լիլիթը նշում է. «Մեր Հիմնադրամն իր առաջին հանդիպումն ունեցել է հենց Հայաստանում կանանց հիմնադրամի հետ: Կանանց հիմնադրամի ամբողջ թիմն օգնել է Տրանս անձանց պաշտպանության գլոբալ հիմնադրամի թիմին կայանալու հարցում թե՛ անհատական հանդիպումների միջոցով, թե՛ դրամաշնորհային աջակցության»:

Տրանս անձանց պաշտպանության գլոբալ հիմնադրամը գործունեություն է ծավալելու Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու մի շարք այլ երկրներում: Հիմնադրամն օգնելու է և՛ անհատ տրանս ակտիվիստներին, և՛  կազմակերպություններին: Հիմնադրամն արդեն ավարտել է ռազմավարության մշակումը, և թիմն անցնում է աշխատանքային մյուս փուլերին:

Դեպի նոր հեռանկարներ ու փոփոխություններին միտված քայլեր

Լիլիթի փոփոխությունների տեսլականն առաջին հերթին պայմանավորված է պետության ապահովությամբ, որը, նրա խոսքով, այժմ Հայասատնում չկա. «Քո երաշխավորը պետությունն ա, որի տարածքում դու քեզ պիտի ապահով, ներդաշնակ, լիիրավ քաղաքացի զգաս: Այդ ամենն այս պահին չկա և՛ պատերազմի, և՛ տիրող համատարած խտրականության, և՛ իրավապահ համակարգի, պետական մարմինների անգործության հետևանքով: Պետություն-ՀԿ-ներ, պետություն-անհատ կապը պետք է շատ ուժեղ լինի, ինչպես զարգացած, ժողովրդավար երկրներում է: Փոփոխությունները կախված են ժողովրդավարության բարձրացումից: Շատ տրանս մարդիկ, խտրականացվելով, բռնության ենթարկվելով, պետության մակարդակով աջակցություն չստանալով, ուղղակի երկրից հեռանում են»,- ասում է նա:

Վերջին շրջանում Հայաստանում բռնության դեպքերը տրանս անձանց նկատմամբ շատացել են: Լիլիթի խոսքով՝ թեպետ մեծ ազդեցություն ունեն պատերազմի թողած հետևանքները, բայց դա միակ պատճառը չէ. «Պատերազմի ազդեցությունն ամբողջ խտրականության միայն 10-15 տոկոսն ա: Հիմքը կրթություն չունենալն է: Ա՛յ, որ հանրակրթական դպրոցներում մտնեն սեռակրթության վերաբերյալ տարատեսակ թեմաներ, մարդն արդեն դպրոցից որոշակի պատկերացումներ կունենա: Խտրականության բացառումը պետք է հենց դպրոցներից սկսել»,- ընդգծում է տրանսգնդեր անձանց հարցերով զբաղվող իրավապաշտպանը:

Առաջին կարևոր ու հրատապ փոփոխությունը Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով Հայաստանում «Հակախտրականության մասին», «Ատելության խոսքի դեմ» օրենքների առկայությունն է:
Երկրորդ կարևոր հարցը, որ հրատապ լուծման անհրաժեշտություն ունի, Լիլիթի խոսքով, տրանս անձանց առողջությունն է. «Հայաստանում մենք չունենք նորմալ էնդոկրինոլոգ, չունենք դեղորայքների մեծ քանակություն, չկան դրանց տարատեսակները, որ տրանս անձինք հորմոնաթերապիա անցնեն: Օրենք չկա մարդկանց սեռափոխության վերաբերյալ, իսկ մարդիկ դիմում են գաղտնի սեռափոխության, որն իրենից շատ մեծ վտանգներ է ներկայացնում: Բացի այդ՝ կան մարդիկ, որ գնում դրսում են անում վիրահատություններ. էդ ամեն ինչը պետք է արվի պետության ներսում, ու տնտեսությունը նաև այդպես պետք է զարգանա»,- նշում է նա:

Լիլիթը նաև առանձնացնում է իրավապահ համակարգում հրատապ բարելավումների անհրաժեշտությունը, որոնց շնորհիվ տրանս անձինք իրենց պաշտպանված կզգան պետության կողմից: 

Տրանս անձանց աջակցություն ցուցաբերելու եղանակները

Լիլիթի խոսքով՝ Հայաստանում տրանս անձանց վիճակը բարելավելու համար հասարակական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններն ու անհատներն ամեն մեկն իր ոլորտում կարող են աջակցություն ցուցաբերել. «Ոլորտներ կան, որոնց մենք չենք կարող հասնել, օրինակ՝ չենք կարող թրեյնինգներ անել ոստիկանների հետ: Դա կարող են անել մեր աջակից կազմակերպությունները, որոնք հասանելիություն ու հնարավորություն ունեն պետական մարմինների հետ աշխատելու: Իսկ անհատ աջակիցները կարող են օգնել՝ ելնելով իրենց մասնագիտական առանձնահատկություններից, օրինակ՝ էնդոկրինոլոգը կարող է իր ծառայություններն առաջարկել տրանս անձին»,- ասում է իրավապաշտպանը: 

Խոսելով հայկական ֆեմինիստական համայնքի կողմից աջակցություն ստանալու մասին՝ Լիլիթը նշում է, որ չի կարող ամբողջացնել համայնքը, քանի որ, նրա խոսքով, «կան անհատներ, որոնք կարող են չընդունել մարդու գենդերային ինքնությունը»:

Անդրադառնալով հայ ֆեմինիստական համայնքի տրանս-ներառականության, ինտերսեկցիոնալության հարցերին՝ Լիլիթը նշում է. «Կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունները, մի քանի ֆեմինիստական խմբեր, ակտիվիստներ, իրականում, կանգնած են տրանս անձանց կողքին և միշտ պաշտպանում են: Ֆեմինիստներն էլ շատ են խտրականացվում հասարակության կողմից: Ես ինձ համարում եմ տրանս ֆեմինիստ և դեմ լինելով հայրիշխանությանը՝ միանշանակ, կանգնած եմ բոլոր այն անձանց կողքին, ովքեր նույնականանում են կին»: 

***

Մարտի 31-ը Տրանս անձանց տեսանելիության միջազգային օրն է։ Այս օրը տրանս անձինք և աջակիցները բարձրաձայնում են տրանս համայնքի հիմնախնդիրների մասին, քննարկում և մտածում լուծումներ: Օրվա  խորհրդով Լիլիթ Մարտիրոսյանն ասում է. «Մենք միասին կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, մինչև բոլորս կլինենք ապահով և պաշտպանված: Շնորհակալ եմ այն բոլոր աջակից անհատներին, խմբերին, ՀԿ-ներին, դոնորներին, որոնք այսքան տարի մեր կողքին են եղել, մեզ վստահել են, և մենք արդեն 7 տարվա ընթացքում իրականացրել ենք բազում փոփոխություններ»:

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.