Եթե հետևում եք մեզ, ապա վստահաբար տեղյակ եք, որ արդեն 2 տարի անընդմեջ Հայաստանում կանանց հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրում մարտիության միջոցառումների իրականացման նպատակով՝ «Կանանց իրավունքների օր՝ ամեն օր» խորագրով։ Եվ այս տարին ևս բացառություն չէ։
Ստորև ձեզ ենք ներկայացնում դրամաշնորհի արդյունքում ընտրված բազմազան ծրագրերը, որոնք տեղի կունենան ամսվա ընթացքում Հայաստանի մի շարք շրջաններում․
Արմինե Զաքարյան – Եթե ապրում եք Վանաձորում կամ հարակից շրջաններում և առանձնակի սեր ունեք սուրճի նկատմամբ (պարտադիր պայման չէ), ապա այս նախաձեռնությունը ձեզ համար է։ «Մարտի 8-յան զրույցներ սուրճի շուրջ» նախաձեռնության միտումն է մի գավաթ տաք սուրճի և հյուրասիրության շուրջ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ տեղացի կանայք կարող են անկաշկանդ միջավայրում գտնել վստահություն անկեղծ խոսելու և կիսվելու մարտի 8-ի մասին իրենց պատկերացումների, ունեցած փորձառությունների ու ակնկալիքների շուրջ, ինչպես նաև՝ կիսվել ու զրուցել Մարտի 8-ի իրական խորհրդի վերաբերյալ։ Այսպիսով, նախաձեռնության նպատակն է հարթակ ստեղծել կանանց համար Մարտի 8-ի և ընդհանրապես «կանանց տոների» շուրջ խոսակցություններ սկսելու և միասին բացահայտելու այն ներուժը, որն առկա է Լոռու մարզի Վանաձոր, Թումանյան, Փամբակ համայնքների կանանց շրջանում` կանանց իրավունքների ու հզորացման ուղղությամբ աշխատելու նպատակով։
ԵԿՔԱ ՀԿ – Մարտի 15-ին ԵԿՔԱ֊ն սկսպասի ձեզ Տավուշի Նոյեմբերյան համայնքում՝ միասին դիտելու «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղը համայնքի հանրային կարևոր դերակատարների՝ ՏԻՄ-ի, առողջապահական, կրթական, սոցիալական, մշակույթային ոլորտիների, ՔՀԿ-ների, ուժային կառուցների ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։ Խաղը նպատակ ունի նպաստելու կանանց իրավունքների պատշաճ իրացմանը և նրանց հնարավորությունների ընդլայնմանը:
Միլենա Ավետիսյան – Հաջորդ կանգառը Գեղարքունիքն է․ Վարդենիկ համայնքում Միլենան նախատեսում է իրականացնել «Ծաղիկներով փակված իրականություն» ծրագիրը՝ 6-օրյա դասընթաց, որը նպատակ ունի վերաիմաստավորելու մարտի 8-ի գաղափարը, դրա նշանակությունն ու սկզբնաղբյուրը։ Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու կանանց դերը և ընկալումը հասարակության մեջ, կանդրադառնան կանանց ինքնավստահության բարձրացմանը, հասարակության, հարաբերությունների մեջ նրանց ունեցած խնդիրներին։ Դասընթացը նախատեսված է համայնքի կանանց և աղջիկների համար, որոնք կհանդիպեն՝ խոսելու իրենց իրավունքների, անձնական սահմանների, ինքնախնամքի և հասարակական կարծրատիպերի մասին։
Քրիստին Բալայան – Երբևէ լսե՞լ եք հացի ցուցադրության մասին, և այն էլ՝ ֆեմինիստական։ Եթե հետաքրքրեց, ապա հրավիրում ենք ձեզ «Հացը որպես դիմադրության խորհրդանիշ․ Արցախյան կանայք հիշում են» ֆեմինիստական ցուցադրություն, որը նվիրված է Արցախի 9-ամսյա շրջափակման հիշատակին՝ օգտագործելով հացի խորհրդանիշը՝ որպես տոկունության և կյանքի նշան: Նախագիծը ներգրավում է հատուկ երեխաներ ունեցող կանանց և զոհվածների այրիներին՝ ընդգծելով նրանց ուժը և պայքարը արժանապատիվ ապագայի համար։ Միջոցառումը ներառելու է նաև ինտերակտիվ գոտի, որտեղ այցելուները կարող են իրենց ձեռքերով խմոր պատրաստել և հասկանալ, թե ինչ գինով է հացը ձեռք բերվել շրջափակման պայմաններում։ Սա շատ լավ հնարավորություն է՝ շփվելու արցախցի կանանց հետ, լսելու նրանց պատմությունները, կիսվելու կոնֆլիկտային տարածքներում կնոջ իրավունքների մասին ձեր մտքերով։
GOALS – Մարտի 8-ին ֆուտբոլասերներին և ոչ միայն առաջարկում ենք միանալ «Իմ խաղը, իմ կանոնները» միջոցառմանը Գյումրիում, Երևանում և Ապարանում՝ կոտրելու գենդերային կարծրատիպերը և ցույց տալու, որ աղջիկները կարող են խաղալ ֆուտբոլ՝ ինչպես ցանկացած տղա։ Ծրագրի մասնակիցները հանդես կգան ֆլեշմոբով՝ վերահաստատելով, որ սպորտը բոլորինն է։
Queerlab Armenia – Արվեստ, ակումբային մշակույթ, էլեկտրոնային երաժշտություն․․ Մարտի 9-ին՝ Կանանց իրավունքների օրվա խորհրդով, տեղի կունենա FLINTA* դրեգ միջոցառումը՝ «Փայլ ու դիմադրություն» խորագրի ներքո: Միջոցառումը կենտրոնանալու է ֆեմինիստական արժեքների վրա՝ ներկայացնելով քվիր արվեստագետների ելույթներ, խթանելով երկխոսությունը, ինքնարտահայտումը և հանդիսատեսի հետ համատեղ տոնակատարությունը։ Այս միջոցառումների հիմնական նպատակն է ապահովել ամուր հարթակ FLINTA* արվեստագետների համար, որպեսզի նրանք կարողանան արտահայտել իրենց ինքնությունը և կյանքի փորձառությունները՝ միաժամանակ քննարկելով գենդերային բռնության, ֆեմինիստական արժեքների և սոցիալական արդարության հետ կապված կարևոր թեմաներ։
Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամ – Մարտի 15-ին տեղի կունենա «ՖեմՖորում»․ կանանց ֆորում թատրոն՝ ընդդեմ կարծրատիպերի» միջոցառումը. որը նվիրված է կանանց միջազգային տոնին, որտեղ հանդիսատես 50-ն անց կանայք թատրոնի անմիջական մասնակիցներն են։ Միջոցառումը անդրադառնալու է համայնքին առնչվող մի շարք կարծրատիպերի՝ սեռով պայմանավորված խտրականության, հայրիշխանության ու սոցիալական նորմերի, կանանց քաղաքական հավասար մասնակցության թեմաներով։
Music of Armenia – «Կանանց երաժշտական միամսյակ». մեկամսյա փառատոն` նվիրված հայ կին երաժիշտներին և նրանց արվեստին: Անցկացման օրեր` մարտի 8 և մարտի 13 կամ 15 : Միջոցառումը տեղի կունենա Գյումրիում. Նարեկ Բարեգործական Հիմնադրամի միջոցառումների սրահում: «Կանանց երաժշտական միամսյակ»-ը համախմբում է տարբեր երաժիշտների, անկախ իրենց անցած ճանապարհից և փորձառությունից` նրանց ընձեռելում նոր համագործակցությունների և փորձի փոխանակման հնարավորություններ:
Ֆեմիննո – Եթե սոցիալական հարթակներում կանանց իրավունքներին առնչվող գրավիչ թվային բովանդակության հանդիպեք, ապա իմացեք, որ մեկնարկել է «Մարտի 8-ը…» հավասարության մասին է թվային արշավը։ Այն նպատակ ունի բարձրացնելու գենդերային հավասարության խնդիրների մասին իրազեկվածությունը՝ ներառյալ հավասար վարձատրությունը, կրթությունը, առաջնորդությունը և ներկայացվածությունը: Ուժեղացնելով երիտասարդ աղջիկների ձայնը՝ ծրագիրը միտված է մարտահրավեր նետելու կարծրատիպերին, տոնելու ձեռքբերումները և խրախուսելու ֆեմինիստների նոր սերնդին շարունակել փոփոխությունների շղթան:
Հետևեք մեր գործընկերների էջերին, որպեսզի տեղեկանաք այս բազմազան ու կարևոր միջացառումների մասին, և ինչու ոչ՝ նաև մասնակցեք: