«Կապ չունի՝ ինչով ես զբաղվում, կարևոր նպատակը պետք է լինի լավ փոփոխություններ բերելը». Լյուդմիլա Շիրվանյան

19-ամյա Լյուդմիլա Շիրվանյանը շատ վաղ տարիքից չի հարմարվել այն իրականությանն ու կարգերին, որոնք բացասական են անդրադարձել հասարակական  կյանքի վրա: Դեռևս դպրոցական տարիքում նա բարձարաձայնել է խնդիրների մասին, որոնք մեծ արձագանք են գտել, և որ ամենակարևորն է՝ քայլեր են ձեռնարկվել այդ խնդիրները լուծելու համար:

Լրագրությունը՝ որպես խնդիրների լուծման հարթակ

Լյուդմիլան որպես ապագա մասնագիտություն ընտրել է լրագրությունը՝ մտածելով, որ դա հենց այն հարթակն է, որով կկարողանա բարձրաձայնել իրեն անհանգստացնող խնդիրների մասին. «Լրագրությունն ինձ տալիս է այն լավագույն հարթակը, որտեղ ես լսելի եմ և որի միջոցով կարողանում եմ բարձրաձայնել շատ խնդիրներ»,– ասում է նա:

Մշակութային շոկը՝ որպես շարժիչ ուժ

Ինչպես նշում է Լյուդմիլան, տեղափոխվելով Երևան՝ բարձրագույն կրթություն ստանալու համար, սկզբնական շրջանում բախվել է տարբեր խնդիրների. «Ուսանողական կյանքիս առաջին դժվարությունները հենց սկզբից երևացին. մեծ դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ աղջիկ էի: Դե Հայաստանում առհասարակ աղջիկ լինելը դժվար է: Աղջիկներից մի տեսակ պահանջները շատ են՝ այսպես մի՛ հագիր, բարձր մի՛ խոսիր, երեկոյան ժամերին տնից դուրս մի՛ արի և այլն: Ինձ շատ էին վախեցրել, որ երեկոյան ժամերին վտանգավոր է Երևանում, և երբ առաջին անգամ եկա Երևան, շատ էի վախենում, անգամ հոգեբանական որոշակի խնդիրներ առաջացան: Այս ամենը ստիպեցին, որ վերանայեմ իմ կյանքը, իմ կենցաղը, ի վերջո ինչքան կարելի է ապրել ընդունված նորմերով, տարբեր վախերով ու կաշկանդվածությամբ»,- ասում է նա:

Համայնքային հիմնախնդիրները՝ որպես առաջնահերթություն

Լյուդմիլայի նպատակներից մեկը գյուղաբնակ համայնքներում կյանքի ակտիվացումն ու դրանց զարգացումն է. «Ուզում եմ փոփոխություններ բերել մեր համայնքներում: Ուզում եմ, որ գյուղերում այնքան հետաքրքիր լինի, որ երիտասարդները չուզենան հեռանալ. գնան, կրթություն ստանան, բայց անպայման վերադառնան իրենց հայրենի գյուղ, կամ քաղաք, ունենան զբաղմունք տեղում, իրենց ներդրումն ունենան գյուղի զարգացման գործում»,- ասում է նա:

Լյուդմիլան վաղ տարիքից մասնակցել է տարատեսակ ծրագրերի, որոնք իրականացվել են միջազգային կառույցների հայաստանյան մասնաճյուղերի կողմից, որոնց շրջանակներում էլ քայլեր է ձեռնարկում՝ ակտիվացնելու համար գյուղական կյանքը:

«Ընկերներով մի ստարտափ ենք հիմնել էթնոտուրիզմի զարգացմանը նպաստելու համար: Բացվելու է հյուրատնային ցանց Հայաստանի տարբեր համայնքներում: Մենք տանելու ենք տուրիստներին գյուղացիների տներ, որ իրենք մասնակից լինեն գյուղական կյանքին: Այսպես կզարգացնենք ոչ միայն տուրիզմը, այլ հնարավորություն կտանք գյուղացիներին, որ գումար վաստակեն»,- ներկայացնում է 19-ամյա ապագա լրագրողը:

Համագործակցությունը Հայաստանում կանանց հիմնադրամի հետ

Ներկայացնելով Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից ֆինանսավորված «Ֆեմինիստական անկյուն» ծրագրի նախնական գաղափարը՝ Լյուդմիլան պատմում է շարժառիթի մասին. «Մի անգամ մեր դպրոցի տղամարդ ուսուցիչներից մեկն ասաց՝ կանայք ի՞նչ են արել որ, եթե կանայք ինչ-որ երևելի լուրջ բան արած լինեին, հիմա իրենց անունները հայտնի կլինեին մեզ, ես էլ ասացի՝ Ձեզ մի օր կապացուցեմ, որ սխալվում եք»:

Այնուհետև մի քանի տարի անց Լյուդմիալն տեսել է, որ Հայաստանում կանանց հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրում դեռահաս աղջիկներին, որպեսզի իրականացնեն իրենց հետաքրքիր գաղափարները. «Տեսնելով հայտարարությունը՝ որոշեցի դիմել դրամաշնորհային ծրագրին՝ մեր դպրոցում ֆեմինիստական անկյուն ստեղծելու համար: Պատրաստեցի պաստառներ հայ նշանավոր կանանց մասին: ֆեմինիստական անկյունում տեղադրեցինք նաև հայ կին գրողների գործերը, այդտեղ են նաև տեղադրվել մեր դպրոցի աղջիկների կողմից արված ձեռքի աշխատանքները»,– նշում է նա:

Ծրագրի արդյունքներից խոսելիս Լյուդմիլան ոգևորված նշում է, որ դեռևս նախապատրաստական փուլում, երբ ֆեմինիստական անկյան աշխատանքները դեռ ավարտված չէին, դարակում շարված բոլոր գրքերը դպրոցականները վերցրել էին ընթերցանության համար. «Կեսը հերթ էին պահել, որ հաջորդը իրենք կարդան: Ինձ ամենաշատը ուրախացրեց նաև այն, որ գյուղի ուսուցիչներից շատերն էլ էին հետաքրքրվում, իրենք էլ էին գրքեր վերցնում»,- ասում է նա:

Հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս: Լյուդմիալյի խոսքով՝ հիմնադրամը մեծ դերակատարում ունի իր կյանքում. «Միշտ հետևում եմ հիմնադրամի գործառույթներին, ուսումնասիրում կատարած հետազոտությունը, հարցազրույցները:  Իմ մեջ անընդհատ նոր բաներ են փոխվում. ամեն անգամ հասկանում եմ, թե դեռ ինչքան բաներ չգիտեմ ու ինչքան բան ունեմ սովորելու: Համագործակցությունից հետո իմ և հիմնադրամի միջև յուրահատուկ կապ է ստեղծվել. Ես սկսեցի շատ հարցերով դիմել ՀԿՀ-ին և երբեք մերժում չեմ ստացել: Այժմ էլ ոչ միայն ես եմ գնում հիմնադրամի ուղղությամբ, այլ նաև իմ հետևից եմ տանում գաղափարակից շատ աղջիկների, ովքեր մինչ այդ շատ քիչ բան գիտեին ֆեմինիզմի, կանանց իրավունքների և նմանատիպ հարցերի մասին»,- նշում է Լյուդմիլան:

Ապագայի տեսլականները

Որպես կանանց և աղջիկների հիմնահարցերով զբաղվող անհատ՝ Լյուդմիալն իր ուժեղ կողմերն է համարում համարձակությունը, բարությունը և համառությունը:

«Ինձ թվում է՝ բոլորն այդ տարիքում մտածում են փոփոխությունների մասին, բայց երբ մի քիչ մեծանում են, մոռանում են այդ մտքերի մասին: Ես վստահ եմ՝ ինձ մոտ այդպես չի լինելու: Ես հիմա էլ եմ աշխատում լավ փոփոխություններ բերել, մի քանի տարի հետո էլ եմ աշխատելու փոփոխություններ բերել: Ես փոփոխությունները սկսել եմ ինձնից, հիմա անում եմ այդ փոփոխություններն իմ հասակակիցների շրջանում, ու ես վստահ եմ՝ գալու է ժամանակ, որ այդ մարդիկ էլ իրենց փոփոխություններն անեն մյուսների մոտ: Կապ չունի՝ ինչ աշխատանքով ես զբաղված,որ ոլորտում ես աշխատում, քո կարևոր նպատակը պետք է լինի լավ փոփոխություններ բերելը»,- ասում է նա:

Այժմ Լյուդմիլա Շիրվանյանը շատ է հետաքրքրված կանանց խնդիրներով. Մտադրություններ ունի դառնալու կանանց հարցերով զբաղվող իրավապաշտպան:

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.