Հոկտեմբերի 21-ի երեկոյան 4Plus-ում էին հավաքվել հետաքրքրված հայացքներով տարբեր բնագավառների մարդիկ: Նրանք եկել էին դիտելու Անահիտ Ղազարյանի՝ մի քանի տարիների համառ պայքարի արդյունքները:
Գրասենյակի ընդհանուր տեսքն ու միջավայրն ամբողջովին արտացոլում էր այնտեղ ցուցադրվող լուսանկարների ժամանակաշրջանը. hին, ճաքած պատեր, սեղանին դրված դեկորատիվ պարագաներ, որոնց ներկայությունից առնում ես անցյալ դարի հոտը: Սենյակներից մեկում ցուցադրվում էին Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ Մարիամ Շահինյանի 27 լուսանկարները. նա ստեղծագործել է կես դար՝ 1935-1985թթ: Լուսանկարներն Անահիտ Ղազարյանը գտել է Ստամբուլի հնավաճառանոցներում ամիսներով արված փնտրտուքների արդյունքում:
Անահիտն իր արած աշխատանքը ներկաներին պատմում էր այնպիսի զգացմունքայնությամբ, որ թվում էր՝ եթե անգամ չլսես խոսքերը, նրա փոխանցած զգացմունքներից կհասկանաս ամեն ինչ և ամենակարևորը՝ բաներ, որոնք ընկալելու համար միայն խոսքերը քիչ են:
«Դժվար էր ակնկալել, որ մի կին կարող է նման գործունեություն ծավալել Թուրքիայիում՝ տղամարդկանց միջավայրում: Մենք այստեղ տեսնում ենք կնոջ հայացք, թե ինչպիսին է Ստամբուլը կնոջ աչքերով: Իմ ամենակարևոր ցանկությունն էր, որ Մարիամ Շահինյանի հետ ծանոթանան առաջին հերթին հայ կին արվեստագետները. գուցե նա ինչ-որ բան փոխի մեր կանանց աշխարհայացքում»,- ասում է Անահիտը:
Ցուցահանդեսն իրականացվել է «Հայաստանում կանանց հիմնադամի» աջակցությամբ: Այն Անահիտ Ղազարյանի առաջին համագործակցությունն է հիմնադրամի հետ: Ինչպես նշում է Անահիտը՝ հիմնադրամի մասին իմացել է ընկերների միջոցով:
«Երբ ինչ-որ բան ես ուզում անել, բայց չունես գումար, գիտես, որ կա մեկը, ով քեզ կօգնի: Այսինքն՝ դու մենակ չես, կա մի տեղ, որին կարող ես դիմել: Դա շատ ոգևորիչ է, անտերության զգացումը հաղթահարվում է: Մարդիկ քեզ օգնում են ուղղակի, որովհետև հավանում են քո գաղափարաները»,- ընդգծում է նա:
Անահիտի տեղն աշխարհում
Դժվար է Անահիտին վերագրել որևէ մասնագիտություն, ներկայացնել նրան որպես մի բնագավառի ներկայացուցիչ, քանի որ նա շատ ոլորտներում է գործունեություն ծավալում:
«Ես ուզում էի դերասան դառնալ, բայց թատերականի վարձերն այդ ժամանակ շատ բարձր էին: Քանի որ ընտանիքում բանասերներ կային, որոշեցի ընդունվել բանասիրական: Շատ մտածված չէր այդ ընտրությունս. 15 տարեկանում եմ ընդունվել համալսարան. Էդ տարիքում էլ դժվար է մասնագիտություն ընտրել և առհասարակ հասկանալ, թե ինչ ես ուզում դառնալ»,- ասում է նա:
Մագիստրատուրայում ուսանելիս Անահիտը զուգահեռ սկսել է աշխատել հայկական ռադիոներից մեկում: Լուսաբանել է մշակութային լուրեր, հարցազրույցներ արել մշակույթի գործիչների հետ:
Այնուհետև Անահիտը կրթությունը շարունակել է ԺԱԻ-ում (Ժամանակակից արվեստի ինստիտուտ). «Այն շատ կարևոր կրթություն է տվել, ես դժվար թե կարողանայի Հայաստանի որևէ այլ կրթական հաստատությունում ստանալ նման որակի կրթություն»,- ասում է նա:
Անահիտի էմոցիաների արխիվացումը
Անահիտ Ղազարյանը սկսել է լուսանկարել 2016 թվականից. «Երբ պետք է գնայի Ստամբուլ, ընկերներիցս մեկը սովորեցրեց ինչպես լուսանկարել անալոգ կամերայով։ Մամայիս հին «Զենիթ» տեսախցիկը վերցրի ինձ հետ և սկսեցի լուսանկարել ժապավենով»,- պատմում է նա:
Անահիտի խոսքով՝ լուսանկարի միջոցով դու կարող ես տեսնել, զգալ, թե ինչպես է աշխարհը քո ներսը շարժում. «Վիզուալ լեզուն այսօր շատ տարօրինակ, մեծ փոփոխությունների մեջ է: Հետաքրքիր է, թե ոնց են մարդիկ իրենց մասին մտածում պատկերներով. մարդիկ ստեղծում են ինքնություն, հետո սկսում են հավատալ ու կրկնօրինակել այդ ինքնությանը: Ես չգիտեմ, օրինակ, ապագայի մարդու համար ինչ փուլում կլինի լուսանկարը: Այս առումով ես ոչ մի ամբիցիաներ չունեմ: Այն, ինչը ես ներկայացնում եմ լուսանկարներով, պարզապես իմ էմոցիաների արխիվացումն է»,- ընդգծում է նա:
Գրականությունը՝ որպես ապաստարան
Անահիտ Ղազարյանը ստեղծագործում է նաև գրականության ոլորտում: Նրա խոսքով՝ գրականությունն այն տեղն է, որտեղ ինքը միշտ կվերադառնա. «Եթե կա մի տեղ, որտեղ ես կարող եմ միշտ վերադառնալ՝ անկախ նրանից, թե ինձ հետ ինչքան դժբախտություններ են եղել, գրականությունն է: Լուսանկարն էլ է կարևոր, բայց ավելի շուտ ինձ համար առաջին տեղում գրականությունն է, որտեղ ես ամեն ինչից հետո կգամ ու կգտնեմ ապաստարան, որտեղ ես կկարողանամ իմ զգացմունքները պատմել: Ինձ համար շատ մեդիտատիվ նշանակություն ունի գրելը՝ որպես մի բան, որի հետ անհնար կլիներ հարաբերվել, եթե ես չգրեի. այսինքն՝ ցավ, ուրախություն կամ ինչ-որ այլ բան, որն ինձ անհանգստացնում է: Գրականությունն այն տեղն է, որտեղ ես միշտ վերադառնում եմ»,- ասում է նա:
Կրթության առաջնահերթությունը Անահիտի համար
Անահիտ Ղազարյանը կարծում է, որ Հայաստանում կաղապարային մտածելակերպից դուրս գալու կարևոր գործիքը կրթությունն է: Այս համատեքստում նա Գոհար Խաչատրյանի հետ համատեղ հիմնել է հայկական առաջին ֆեմինիստական փոդքասթը՝ «Ականջօղը». «Մենք ուզում էինք, որ այդ ամենը շատ օրգանական լինի: Այսինքն՝ անել մի բան, որն իսկապես քեզ հուզում է, որը քո փորձից, քո ներսից է գալիս, և խոսել քո ներսից, ոչ թե վերևից, իբր «դուք անգրագետ եք, իսկ մենք գալիս ենք ձեզ կրթելու»: Ո՛չ, ես ասում եմ՝ ես էլ քեզնից մեկն եմ, դու ու ես նույնն ենք»,- ընդգծում է Անահիտը:
Փոդքասթերի շրջանակներում, ինչպես նշում է Անահիտը, իր համար հատկապես հետաքրքրիր է եղել դեռահաս աղջիկների արձագանքները. «Իմ ծանոթներից մեկը մի անգամ ասաց, որ իր դուստրն է լսել մեր փոդքաստը: Անցումային տարիքում է եղել, գեղեցկության ստանդարտներից ելնելով՝ մտածել է, որ ինքը տգեղ է և այլն: Այնքան հուզիչ է, որ մտածում ես՝ կարող ես օգնել դեռահաս մի աղջկա, որ ավելի լավ մտածի իր մասին»,- նշում է նա:
Դժվարությունների հաղթահարումը և ճանապարհը դեպի դրական փոփոխություններ
Ինչպես նշում է Անահիտ Ղազարյանը, մշտապես հանդիպում է դժվարությունների որպես կին գործիչ. «Դա միշտ եղել է, դա այնքան շատ է, որ ինչ-որ պահից սկսած արդեն սկսում ես չնկատել: Դրանք արտացոլվում են ամենակենցաղային հարցերից (օրինակ, երթուղայինի դիմացը նստել) մինչև ավելի լուրջ բաներ: Կարծում եմ՝ չկա մի կին, որ ամեն օր այս ամենի հետ չհարաբերվի. դա մեր կենցաղի մի մասն է արդեն»,- ասում է նա:
Ինչպես նշում է Անահիտը, հասարակությունում կնոջ դերի մասին ընկալումները նա ստացել է իր ընտանիքի միջոցով. «Փոքր ժամանակ, երբ եղբայրս փորձում էր իշխել ինձ, մամաս նստեցրեց ու բացատրեց մեզ, որ երկուսս էլ հավասար ենք, ոչ մեկս մյուսից առավել չենք, և ոչ մեկը իրավունք չունի մյուսին ճնշելու: Այդ ժամանակ էնքան փոխվեց աշխարհն ինձ համար: Իսկ երբ մեծացա, սկսեցի հարաբերվել արտաքին աշխարհի հետ, ես շոկի մեջ էի, թե ինչպես են աղջկան վերաբերվում, երբ, օրինակ, չեն հարցնում նրա կարծիքը»,- ասում է Անահիտը:
Նրա խոսքով՝ հասարակության վերաբերմունքը պետք է փոխել կրթելու, նոր գիտելիքներ տալու միջոցով. «Երբ դու տալիս ես նոր գիտելիքներ, որը դառնում է գործիք՝ ինքն իր մասին մտածելու, դա փոխում է իրադրությունը. մարդը սկսում է արդեն չհամաձայնել, չհարմարվել եղած կարգերին և առաջ տանել սեփական օրակարգը»,-ասում է նա:
Անահիտ Ղազարյանը վերոնշյալ գաղափարների համատեքստում նախատեսում է իր ընկեր Գոհար Խաչատրյանի հետ նոր նախագիծ սկսել. «Մտքեր ունենք նոր նախագծի շուրջ՝ էլի ֆեմինիզմի ծիրում, բայց դեռ չենք որոշել ձևաչափը և թեման: Շատ կուզենամ փոխել ձևը, որով կանայք մտածում են իրենք իրենց մասին: Ես տղամարդկանց հետ հարց չունեմ, ինձ համար կարևոր է, թե դու՝ որպես կին, ինչ ես քո մասին մտածում: Ես չեմ պահանջում տղամարդուց ինչ-որ բան, ինքը կփոխվի, եթե ես փոխեմ իմ հարաբերության ձևն իր հետ: Ուզում եմ, որ կանայք մտածեն, որ իրենք կարող են: Ես ուզում եմ, որ փոխվի կանանց մտածելակերպն իրենց մասին»,- եզրափակում է նա:
Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի
Pingback: “Women are really very strong; patriarchy simply makes us forget this”: Gohar Khachatryan – Womens Fund Armenia
Pingback: «Կանայք, իսկապես, շատ ուժեղ են. հայրիշխանությունն ուղղակի հաճախ մոռացնել է տալիս դա». Գոհար Խաչատրյան – Womens Fund Armenia