40-անց կանանց դրամաշնորհի մրցույթի հաղթող ծրագրերը


 

Հայաստանում կանանց հիմնադրամը, կարևորելով ավելի ուշ տարիքում կանանց հզորացնելու և նրանց ձայնը լսելի դարձնելու ջանքերը, ֆինանսական աջակցություն է տրամադրել մի շարք նախագծերի, որոնց կարող եք ծանոթանալ ստորև.

  • Օլգա Բաղդասարյան – Սվետոզառ ՀԿ

Ծրագրի միջոցով ցանկանում են մասնագիտական խորհրդատվություն տրամադրել 40-ն անց գյուղաբնակ կանանց դաշտանադադարի հետևանքով առաջացած առողջական խնդիրների վերաբերյալ և դրանք մեղմացնելու և վերացնելու ուղղությամբ: Պլանավորում են կազմակերպել հոգեբանական զրույցներ էմոցիաների, հույզերի առաջացման, դրսևորման և դրանց պատճառահետևանքային կապերի մասին, նաև ձևավորել կանանց մոտ փոխօգնությունը, առողջ ներանձնային և միջանձնային հարաբերությունները կարևորելու դիրքորոշումներ: Ծրագրի թիրախային խմբերն են լինելու Արարատի մարզի Արտաշատ համայնքի 38 գյուղական բնակավայրերից 40-ն անց կանայք:

  • Նազիկ Արմենակյան 

Այս ծրագրի շրջանակներում Նազիկը ցանկանում է վիզուալ հետազոտություն անել, ճամփորդել Հայաստանի տարբեր մարզերում, խոսել և քննարկել տարբեր հարցերի մասին իր տարեկից կանանց հետ: Լուսանկարել նրանց: Մասնավորապես նրան հետաքրքրում են կանանց սեռական առողջության, աշխատանքի հնարավորությունների և ինքնադրսևորման, ինքնախնամքի հարցերը: Սա 45-46 տարեկան կանանց դիմանկարերի շարք է լինելու, որը միտում ունի ցուցադրելու, թե որքան տարբեր են կանայք և իրենց խնդիրները: Նազիկին հետաքրքիր են և հուզում են մի շարք հարցեր. ի՞նչպես են ապրում, ի՞նչպես են հագնվում, արդյո՞ք զբաղվում են ինքնախնամքով, ու՞նեն արդյոք անձնական տարածք, ո՞րքան ժամանակ են իրենց հատկացնում օրվա ընթացքում, ի՞նչ են երազում և այլն: Այս ծրագիրը հնարավորություն կտա ունենալու վիզուալ պատկեր, թե ինչպես է ապրում Հայաստանում միջին տարիքի կինը:

  • Սիլվա Չոբանյան

Ներկայացվող նախագծի շրջանակներում ցանկություն ունի անդրադառնալու քառասունն անց կանանց վերաբերյալ կարծրատիպերին ու հասարակության կողմից ճնշումներին ներկայացման միջոցով։ Պիեսի հերոսուհիները տարբեր են, նրանք տարբեր համայնքներից են, տարբեր կյանք են ապրել ու փորձառություն ունեն, նրանց տարբեր բաներ են հետաքրքրում։ Նախագծի միջոցով Սիլվան ուզում է խոսել կանանց տարբերությունների ու սոլիդարության մասին, ավելի հասուն տարիքում դրանց անդրադարձի մասին, ինքնավերլուծության ու կոմպլեքսների հաղթահարման մասին։

  • ԱրտՀաուզ – Գոհար և Հերմինե 

Գյումրու Արտհաուզ ՀԿ ծրագիրն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են ինչպես խրախուսել 40-ն անց կանանց բարելավել իրենց կենսագործունեության որակը, ինչպես խնամել և հոգ տանել սեփական «ես»-ի մասին (ֆիզիկական, հոգևոր, մտավոր առողջություն), ինչպես ազատվել տաբուներից և տարիքային սահմանափակման խոչընդոտներից։ «40 կամ․․․«և այլն» արվեստային նախագծի արդյունքում ներկայացնելու է փոքրիկ տեսաֆիլմ՝ վիդիո-արտ ձևաչափով, մուլտիմեդիոն մոտեցմամբ, որտեղ ներկայացվելու են Գյումրու մշակութային օջախներում աշխատող միջին տարիքի կանանց հոգեբանական խնդիրները, ներկայացվելու է այն, ինչը գտնվում է ուշադությունից դուրս և ետնաբեմում, և թե ինչպես կարելի է հաղթահարել այդ ամենը։ 

  • Իրինա Հովհաննիսյան – Աստղացոլք 

Իրինա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ վերսկսվելու է պատերազմական շրջանում իր գործունեությունը դադարեցրած ակումբի աշխատանքը՝ կիրառելով տարբեր տեխնիկաներ, ընդ որում՝ արթ թերապիա և վարպետաց դասեր։ Ակումբի հանդիպումների ընթացքում  կանանց խումբն անդրադառնալու է այնպիսի թեմաների, ինչպիսիք են «Կանանց ընկերությունը և փոխաջակցությունը 40-ից հետո», «40 անց կանանց շրջանում աշխատանք գտնելու և աշխատանքը պահպանելու դժվարությունները», «40 անց կանայք և առողջություն» և այլ թեմաներ, որոնք կարևոր կհամարեն ակումբի անդամները։ 

  • Մերի Աղախանյան – Ռենեսանս ֆիլմ 

Կինոռեժիսոր Մերի Աղախանյանի կողմից իրականացվող ծրագրի առաջին փուլը հանդիպումներ է ենթադրում քաղցկեղով հիվանդ կանանց հետ, որոնց կհետևեն ( անանուն) հարցազրույցների շարք, դոկումենտալ նյութերի նկարահանումներ։ Տարբեր կանանց հետ հարցազրույցները լինելու են գրավոր տեքստով և ձայնով։ Տեքստը տպագրվելու է, իսկ ձայնը օգտագործվելու է նախնական կարճամետրաժ ֆիլմի մեջ։ Հետագայում ծրագիրը զարգացվելու է մինչև կինոթատրոնների համար նախատեսված լիամետրաժ ֆիլմի ստեղծում։ 

  • Մարիամ Ալեքսանյան և Անի Մկրտչյան

Նախագիծն իրենից ենթադրում է Տավուշի մարզի Բերդ համայնքում կանանց խմբի համար կազմակերպվող բարօրության և մենթալ առողջության դասընթացների շարք, որոնք հնարավորություն կտան նախաձեռնողներին օգնելու կանանց ինքնաբացահայտվելու և ինքնիրացման ուղիներ գտնելու։ Ըստ ծրագրի նախաձեռնողների՝ իրենք հաճախ են տեսնում, որ կանայք ինքնադրսևորման, խոսելու, իրենց յուրօրինակությունը հասկանալու կարիք ունեն, ինչի համար հարթակներ ստեղծելը նունպես կարող է մեծ փոփոխություններ բերել։ Մարիամը և Անին կարծում են, որ մեծ փոփոխություն կարող են բերել ինքնակազմակերպված խմբերի ձևավորումն ու համայնքներում կանանց նախաձեռնությունների խթանումը։

  • Սուսաննա Շահնազարյան 

Սուսաննա Շահնազարյանը նախատեսում է ոչ ֆորմալ միջավայրում կանանց մասնակցությամբ քննարկումների շարք՝ «Երբ ես ավելի երիտասարդ էի թեմայով», որոնց ընթացքում կանայք կպատմեն իրենց պատմությունները, թե ինչ է փոխվել իրենց կյանքում 40-ից հետո և ինչը կփոխեին իրենք, եթե հնարավոր լիներ։ Քննարկումների ընթացքում բարձրաձայնված հարցերի, պատմությունների մասին կպատրաստվեն կարճ էսսեներ։ 

  • Մարիաննա Դանիելյան 

Մարիաննա Դանիելյանի կողմից նախաձեռնվող ծրագրի շրջանակներում 50+ տարիքի կանանցից կազմված խումբը ելույթ կունենա նոր համերգային ծրագրով, որտեղ կհնչեն առաջին անգամ բացառապես կին երգահանների ստեղծագործություններ: Համերգն իր մեջ կներառի 12-15 դաշնամուրային գործ՝ դասական շրջանի օտարերկյա կին կոմպոզիտորներից մինչև ժամանակակից հայ կին հեղինակներ։ Մանրամասները՝ շուտով։ 

  • Մարինե Կարոյան – ԱՐԷ մշակութային հիմնադրամ

Դրամաշնորհի միջոցով ՀայԱրտ մշակութային կենտրոնում Մարինե Կարոյանը պլանավորում է հյուրընկալել կանանց, որոնք այս պահին մշակույթի ոլորտում հասել են բարձր պաշտոնների՝ թանգարանների, մշակութային կենտրոնների, մշակութային մեդիայի ղեկավարներ են, կուրատորներ, ժուռնալիստներ: Այդ կանայք թե՛ մայրաքաղաք Երևանից են, թե՛ Հայաստանի մյուս մարզերից և թե՛ սփյուռքից: Այս կանանց պատմությունները կտեսավավերագրվեն, իսկ ֆիլմը ոչ միայն շատ հետաքրքիր կլինի և ուսուցողական, այլև մեկ անգամ ևս ցույց կտա հայ ժամանակակից կիրթ կնոջ կերպարը, նրա ներկայության անհրաժեշտությունը հասարակական կյանքում:

  • Հաջե Բաքոյան և Օվսաննա Հարությունյան

Այս ծրագրի շրջանակներում գործընկերուհիները ցանկանում են Նոր կյանքի և հարակից շրջանի եզդի կանանց կանանց ցույց տալ կյանքի “մյուս կողմը”։ Խոսքն այն մասին է, որ քննարկվելու են հարցեր այն մասին, որ կարելի է զբաղվել սիրելի աշխատանքով, որ «40 տարեկան» լինելը դա դատավճիռ չէ, այլ ուղղակի թիվ է։ Հոգեբանի հետ հանդիպումների ընթացքում փորձ կարվի անդրադառնալ մի քանի կաևորագույն հարցերի՝ սեփական ԵՍ-ը ճանաչելու և գնահատելու կարևորությանը, իրենց կարծիքները և մտքերը արտահայտելու ազատությանը, աշխատանք ունենալու գումարը վաստակելու կարևորությանը, «40 տարեկան» -ին որպես դատավճիռ չնայելուն։ Կկազմակերպվեն նաև հանդիպում տվյալ տարածաշրջանի ղեկավար անձանց հետ՝ կանանց ձայնը ավելի լսելի դարձնելու համար։

  • Սաթիկ Բադեյան 

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։ Ծրագրի առաջին փուլում 40-65 տարեկան ընդհանուր թվով 50 կանանց շրջանում կիրականացվեն դաշտանադադարի վերաբերյալ սեմինարներ-քննարկումներ՝ պրոֆեսիոնալ մասնագետի ներգրավմամբ, հարց ու պատասխանի հնարավորությամբ։ Սաթիկն ու իր համախոհները նման արդյունավետ փորձ ունեցել են ավելի երիտասարդ կանանց շրջանում՝ իրենց օրգանիզմին և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին ծանոթացնելով, և կարծում են, որ այս անգամ ևս կհաջողեն։ Հանդիպումներին մասնակցած կանայք ստացած գիտելիքներն ու տղեկատվությունը կտարածեն նաև իրենց հասակակիցների շրջանում։ Ցանկության դեպքում մի խումբ կանայք կներգրավվեն նաև սոցիալական ձեռնարկատիրության մասին վերապատրաստումներում։ 

  • «Իրազեկ կանայք, հզոր համայնք» նախաձեռնող խումբ

Ծրագիրը ենթադրում է Չարենցավան համայնքի 40-55 տարեկան 15 կանանց շրջանում իրավագիտակցության բարձրացման նպատակով թեմատիկ հանդիպումների ու միջոցառումների իրականացում, որոնց ընթացքում հատուկ արտ-հոգեբանական թերապիաների միջոցով կանայք կկարողանան գտնել սեփական ես-ը, բացահայտել թաքնված հույզերը, հնարավորությունները, գիտակցել մարմնի ու տարիքի ճիշտ ընկալումները և դրանց օգնությամբ կարևորել սեփական դերը համայնքային խնդիրների լուծման գործում։ 

  • “Աջակցություն կանանց և երեխաներին” ՀԿ

Ծրագրի հիմնական նպատակն է Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում հիմնել կանանց համար միմյանց աջակցելու հարթակ և տարածք, որտեղ կհավաքվեն 40-ն անց կանայք և ոչ ֆորմալ կրթության միջոցով ըստ նախասիրությունների կսովորեն նոր մասնագիտացումներ ու աշխատանք կգտնեն, միաժամանակ հանրային հարցեր քննարկելով՝ կմասնակցեն  համայնքային կյանքին։ 

  • “Հռիփսիմեանց շունչ” ՀԿ

Դրամաշնորհի շրջանակներում կներառվեն Ստեփանավանի տարածաշրջանի 40 անց այն կանայք, որոնց մոտ շոշափելի են և արմատացած այնպիսի հարցեր, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, մարմնի և տարիքի բացասական ընկալումները, պասիվ կենսակերպը, ֆիզիկական և հուզական տարածքի բացակայությունը և այլն։ Ծրագիրը ներառում է ինչպես հադիպում-քննարկումներ, այնպես էլ արտաքին միջոցառումներ, որոնցում կներգրավվեն մասնակից կանայք։