«Ուզում եմ իմ օրինակով ցույց տալ, որ կինը կարող է և պետք է լինի  որոշումներ կայացնող». Նարե Հովհաննիսյան

«Ուզում եմ իմ օրինակով ցույց տալ, որ կինը կարող է և պետք է լինի որոշումներ կայացնող». Նարե Հովհաննիսյան

Նարե Հովհաննիսյանն այն անձանցից է, որ ցանկացած իրավիճակում և ցանկացած վայրում հայտնվելիս միշտ իրենց հետ բերում են փոփոխություններ, որոնք դրական ազդեցություն են ունենում տվյալ անձի, կամ համայնքի վրա: Այդպես է նաև «Հայաստանում կանանց հիմնադրամի» աջակցությամբ Պրոբացիայի կին շահառուների համար իրականացված ծրագրի դեպքում:

Դրական փոփոխությունները սկսվում են «մանրուքներից»

Պրոբացիայի ծառայության շենքում, ինչպես բոլոր լուրջ կառույցներում, այնպիսի մթնոլորտ է, որ ներս մտնելիս ինքնըստինքյան ձգվում ես, սկսում համաչափ շնչել: Սենյակում, որտեղ նախատեսված էր «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից իրականացված «Պրոբացիայի կին շահառուների հզորացում հանուն՝ կայուն ապագայի»  ծրագրի ամփոփիչ միջոցառումը, մթնոլորտը լրիվ այլ էր. սենյակում կամաց-կամաց հավաքվում էին շահառուները, ովքեր երկու ամիս շարունակ մասնակցել են մատնահարդարման և վարսահարդաման դասընթացների:  

Ծրագրի տված արդյունքներն սկսեցին երևան գալ դեռ միջոցառումը չսկսված, երբ կանայք սկսեցին միմյանց աշխատանքը գնահատող ոգևորիչ արտահայտություններ անել. «Պրիչոսկեդ լավ էլ սիրուն ա ստացվել», «Էս եղունգներդ երե՞կ ես արել. շատ սիրուն ա, գույնն էլ մաշկիդ հետ գնում ա»: 

Ինչպես նշում է ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ի սկզբանե շահառուները կաշկանդված են եղել և իրականացվելիք գործողությունների վերաբերյալ որոշակի կանխակալ վերաբերմունք են ունեցել, սակայն Նարեի նախաձեռնությամբ երկու ամիսների ընթացքում հնարավոր է եղել ստեղծել կանանց փոքրիկ համայնք, որտեղ միմյանց աջակցում են, ոգևորում, մտերմանում միմյանց հետ:

«Եթե անգամ հետագայում լուրջ, գլոբալ փոփոխություններ չլինեն կանանց կյանքում, վստահ եմ, որ այս երկու ամիսները սիրով կհիշեն, ծրագրի մասին հիշելիս կանանց դեմքին ժպիտ կառաջանա»,- ասում է Նարեն՝ հավելելով, որ ցանկացած դրական փոփոխություն սկսվում է առաջին հայացքից «մանրուք» թվացող երևույթներից: 

Մանրուքներից և փոքր քայլերից սկսելն, առհասարակ, Նարեի հաղթաթուղթն է:

Երկար և աշխատատար ճանապարհ՝ դեպի մեծ և համակարգային փոփոխություններ

Նարե Հովհաննիսյանն առաջին մասնագիտությամբ բանասեր է, մի քանի տարի աշխատել է սպասարկման ոլորտում, աշխատանքին զուգահեռ իրականացրել է նաև տարբեր կամավորական աշխատանքներ, որոնց արդյունքում էլ արդեն հասկացել է, թե ինչով է իսկապես ուզում զբաղվել և ինչպես կարող է փոփոխություններ բերել: Նարեն կրթությունը շարունակել է իրավաբանական ոլորտում, աշխատանքին և կամավորությանը զուգահեռ 2017-ին հիմնել է «Իրավական նախաձեռնություների կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության կյանքի առաջին տարիներին Նարեն գործունեությունը իրականացրել է հասարակական հիմունքներով՝ ներգրավվելով մշտադտարկում իրականացնող տարբեր դիտորդական խմբերում: 

«Միշտ էլ ուզել եմ զբաղվել ազատազրկված անձանց հարցերով: Սա այն ոլորտն է, որից բոլորը խուսափում են, անգամ՝ քաղհասարակության ներկայացուցիչները: Որոշեցի զբաղվել հենց ազատազրկված կանանց հարցերով, քանի որ, ինչպես գիտեք, մեր հասարակությունում գենդերային խտրականություն կա, և դա առավել ցայտուն է երևում ՔԿՀ-ներում: Մեր հասարակությունը կանանց նկատամամբ շատ պահանջկոտ է և երբ իմանում են, որ կինն է Պրոբացիայի շահառու. սկսում են ճնշել՝ ասելով «Էլ ինչ կին, մայր, որ պետք է բանտ նստած լինի»: Մենք ավելի տղամարդակենտրոն հասարակություն ենք. Հայրիշխանական մոտեցումները բոլոր առումներով արդարացնում են տղամարդկանց, այդ թվում՝ հանցագործություն կատարածներին: Իսկ կանանց դեպքում վիճակը շատ բարդ է. մարդիկ առավել պահանջկոտ ու անհանդուրժող են ազատազրկված կանանց նկատմամբ: Նրանց համար առավել դժվար է հասարակություն վերադառնալը: Երբ տեսա, որ Հայաստանում Կանանց հիմնադրամն ավելի թիրախային խմբերի հետ է աշխատում, որոշեցի այս խմբի կանանց խնդիրների ջատագովությամբ զբաղվել: Այս առումով հիմնադրամի հետ մեր համագործակցությունը շատ ենք գնահատում»,- նշում է Նարեն:

Ի թիվս այլ ծրագրերի՝ 2019-ին «Հայաստանում կանանց հիմնադրամ»-ի աջակցությամբ Նարեն իրականացրել է կարիքների գնահատման հետազոտություն, որում շեշտադրվել է գենդերային զգայուն քաղաքականության մշակման և կիրառման անհրաժեշտությունը. «Հետազոտություններով ստացված արդյունքներից ելնելով` կարծում եմ՝ հատուկ մոտեցման ու ջատագովության կարիք կա, և կանանց առանձնահակտությունները հաշվի առնելով` հատուկ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն կա»,- նշում է ՀԿ-ի նախագահը:

Դրական փոփոխություններ բերելու Նարեի տեսլականը

Նարե Հովհաննիսյանն ընդգծում է, որ ծրագրերի իրականացման հիմքում առաջին հերթին դնում է մարդու կյանքում թեկուզ փոքր դրական ազդեցություն ունենալու սկզբունքը. «Ազատազրկված կամ Պրոբացիայի շահառու հանդիսացող կանանց մոտ դրական հույզեր առաջացնելն արդեն շատ մեծ բան է նշանակում ինձ համար: Իսկ փոփոխության տեսլականն այն է, որ պետք է  շարունակական աշխատել այս խմբի կանանց հետ: Ազատազրկված կանանց դեպքում կա մի խնդիր. մենք տեսնում ենք իրենց կարիքները, իսկ իրենք՝ ոչ. իրենց պետք է դուրս բերել այդ պասիվ, կրավորական վիճակից, սովորեցնել, որ լինեն նախաձեռնող: Իրենք պետք է լինեն իրենց կյանքը փոխողը, ոչ թե թողնեն, որ կյանքը փոխի իրենց: Շատերը չեն գիտակցում, որ իրենք կարող են փոխել իրենց կյանքը: Պիտի կարողանանք հասնել նրան, որ մարդն իր կարիքը գիտակցի և դրական նախաձեռնություններ անի իր կյանքում»,- ընդգծում է Նարեն:

Քաղաքականությունը՝ որպես համայնքում փոփոխություններ անելու գործիք

Նարե Հովհաննիսյանն այս տարի առաջարկ է ստացել մասնակցելու Գորիս համայնքի ավագանու ընտրություններին: Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակում Նարեն 3-րդն է:

 «Կարծում եմ՝ կկարողանամ փոփոխություն բերել համայնքի կյանքում: Թող անհամեստություն չթվա, բայց իմ տեսակի կարիքը շատ կա համայնքում, որովհետև համայնքում սովոր են տղամարդկանցով հարցերը լուծել ու մտածեն, որ կանայք ուղղակի պետք է համաձայնեն իրենց որոշումների հետ. Սա փոքր համայնքի խնդիր է: Փոքր համայնքներում կարծրատիպերն ավելի շատ են. քաղաքականության մեջ, հասարակական կյանքում որոշումներ կայացնողները տղամարդիկ են, կանայք էլ, սովորաբար, նույն տրամաբանության մեջ են՝ հարմարվող են և որևէ ձևով ազդեցություն չեն ունենում որոշումների կայացման գործընթացին: Ես ուզում եմ իմ օրինակով ցույց տալ, որ կա կին, ով կարող է տեղական իշխանության մասնակցությամբ փոխել վերաբերմունքը որոշումների կայացման հարցում կնոջ մասնակցությանը: Այս առումով ես իմ ուժերին վստահ եմ»,- նշում է Նարեն՝ ընդգծելով, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին, երբ Սյունիքի մարզը դարձել է սահմանամերձ, նոր մարտահրավերներ են առաջացել և պետք է ամեն գնով համայնքը զարգացնել:

Նարե Հովհաննիսյանի խոսքով, եթե ընտրությունների արդյունքում հնարավորություն չունենան ներգրավվել ավագանու աշխատանքներում, միևնույն է, շարունակելու է հասարակական գործունեությունը՝ մարզը զարգացնելու համար:

Նյութը պատրաստեց Ելենա Սարգսյանը: