Բնակարանի վարձակալուwթյունը կնոջ դեմք չունի

 

Մի տարի առաջ վարձով բնակարան էի փնտրում՝ միայնակ ապրելու համար: Գիտեի, որ դժվար է լինելու, քանի որ արդեն 5 տարի Երևանում էի բնակվում՝ վարձը կիսելով ընկերուհուս, իսկ ավելի վաղ՝ մի քանի ծանոթ աղջիկների հետ: Բայց այս անգամ խոչընդոտներն ավելի շատ էին, դե՜, որովհետև «ջահել, նորմալ «ռայոնցի» աղջիկը խի՞ պետք ա մենակ ապրի Երևանում: Էդ ինչե՞ր ա անում, որ ուզում ա մենակ ապրի, կամ էդ ի՞նչ գործեր ա անում, որ կարում ա տան վարձը մենակով տա»:

***

Վարձով տների/բնակարանների խնդիրը տարեցտարի Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում ավելի է մեծանում: Մարդիկ մարզերից հիմնականում գալիս են Երևան ուսման, աշխատանքի նպատակներով ու կանգնում տարբեր մարտահրավերների առաջ: 

Այս ոլորտում խնդիրները պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի՝ օբյեկտիվ և արհեստական:

Դիտարկելով օբյեկտիվ պատճառները՝ կարող ենք առաջին հերթին ասել, որ անշարժ գույքի վարձակալության ոլորտը մեր երկրի անկայուն ոլորտներից մեկն է, որի վրա ազդեցություն է ունենում գրեթե ամեն ինչ, ընդհուպ՝ տնտեսական ու աշխարհաքաղաքական ճգնաժամեր, պատերազմներ:  Բացի այդ՝ այս ոլորտում գրեթե վերահսկողություն չկա. մարդիկ, ովքեր Երևանում ունեն  2 և ավելի անշարժ գույք, վարձով են տալիս՝ առանց պայմանագիր կնքելու, առանց հարկային պարտավորությունների:

Վերջին 10 տարիներին Երևանի բնակչության թիվը գնալով ավելանում է: Դա են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի թվերը, որտեղ, սակայն,  հաշվի չեն առնված ոչ մշտական բնակությամբ առանց հաշվառման մայրաքաղաքում ապրողերի թիվը:

Գենդերային հիմքով պայմանավորված խոչընդոտներ վարձակալական շուկայում

Եթե վերոնշյալ պատճառներն իրենց մեջ որոշակի օբյեկտիվայնություն են պարունակում, դրանց զուգահեռ, սակայն, ինչպես վերևում նշել էի, կան արհեստականորեն ստեղծված դժվարություններ, որոնցից մեկին ու ինձ համար ամենակարևորին կանդրադառնամ այս էսսեում:

Արհեստական խոչընդոտների հիմնական մասը ստեղծում են սեփականատերերը, ովքեր, հիմք ընդունելով ինչ-որ կարծրատիպային և/կամ սեքսիստ մոտեցում, գաղափարախոսություն, իրենց տան վարձակալներին «ընտրում են» ըստ այդմ:

Երևանում վարձով տուն գտնելու դժվարություններն ինձ միշտ հիշեցնում են «Սուպեր Մարիո» խաղը. անցնում ես տարատեսակ փորձություններով, մինչև կարողանում ես գտնել մի բնակարան, որտեղ հնարավոր կլինի արժանապատիվ ապրել ու վերջում հանդիպում ես «դևին», ու շանսերը, որ այս լեվլում տանուլ ես տալու, հասնում են մաքսիմումի:

Նախքան էսսեն գրելը՝ հարցուփորձ եմ արել Երևանում վարձով բնակվող տարբեր մարդկանցից վարձով տուն գտնելու, սեփականատերերի հետ փոխհարաբերությունների մասին ու եթե պատասխաններն ընդհանրացնեմ ու մի նախադասությամբ ասեմ, կստացվի այսպես՝ Հայաստանում անշարժ գույքի վարձակալության խնդիրների հիմնական մասն արհեստական են, որոնց մեծ մասը պայմանավորված են գենդերային հիմքով: 

Այսպես, օրինակ, սեփականատերերը հիմնականում խուսափում են տուն հանձնել միայնակ ապրող տղամարդկանց, կամ մի խումբ ուսանող տղաների՝ պարզաբանելով, թե վերջինները տունը մաքուր չեն պահի, կփչացնեն գույքը (այնինչ, եթե պայմանագրով հանձնեին տունը, դրա մասին անհանգստանալու կարիք չէր լինի), կաղմկեն ու կխանգարեն հարևաններին և այլն: Բարեկամներս 2022-ի ողջ ամառը իրենց ուսանող որդու համար Երևանում 3 ամիս անհուսորեն վարձով տուն փնտրելուց հետո, միայն վերջին օրով՝ օգոստոսի 30-ին՝ կարողացան մի կերպ տուն գտնել, որը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէր: 

Կանանց դեպքում, երբ խոսքը վերաբերում է մի քանի ընկերուհիներով, կամ, օրինակ, քույրերով վարձակալելուն, խոչընդոտներն այդքան շատ չեն: Ա՛յ, երբ հարցը հասնում է միայնակ կնոջ կողմից տան վարձակալմանը սկսվում է այնպիսի մի սարսափելի հարցաքննություն, ինչպիսին անգամ ամենահայրիշխան իրավական կառույցներում չես հանդիպի: 

Էսսեի շեշտադրումն անելով միայնակ կանանց կողմից տան վարձակալության դժվարությունների վրա, ամեն դեպքում մի փոքր հեռվից կգամ ու կկիսվեմ իմ 6.5 տարվա փորձով այս «ոլորտում», քանի որ դեպքերը, որոնց կանդրադառնամ ստորև, միայն կօգնեն՝ իմ առաջ քաշած թեզի գոյությունը հիմնավորելու համար: 

***

Երբ եկա Երևանում սովորելու, 17 տարեկան էի: Չեմ ուզում նկարագրել, թե գյուղից եկած 17 տարեկան աղջկա համար ինչքան դժվար է հարմարվել նոր քաղաքային իրականությանը: 17-ից 20 տարեկան շրջանի հոգեվիճակս, սովորաբար, կատակով անվանում եմ «Գիքորի սինդրոմ»: Կարծում եմ՝ սա լավագույնս կբնութագրի ամեն ինչ ու հնարավորություն կտա շատ չմանրանալ այս շրջանի դետալներում: 

19 տարեկանում առաջին անգամ սկսվեցին վարձով բնակարան փնտրելու իմ «դեգերումները»: Առաջին անգամ այս հարցում ինձ շա՜տ օգնեցին մայրիկս և մորաքույրս: Այս շրջանում փորձում էի ազատվել իմ «Գիքորի սինդրոմից» ու դրանում ինձ ոչ գիտակցված օգնեց նոր վարձակալած տան սեփականատերը: Նա իմ տարիքի ուսանող տղա էր, ով նվեր, կամ ժառանգություն էր ստացել էդ տունը հարազատներից ու ուղղակի վայելում էր իր անհոգ ուսանողական կյանքը:

 Ես վաղուց էի սկսել անարդարությունները նկատել, բայց այս դեպքը հենց ինձ էր կպնում: Բանն այն է, որ ես նոր-նոր էի սկսել աշխատել՝ համատեղելով դա համալսարանական կրթությանս հետ: Շատ դժվար շրջան էր, փաստացի աշխատում էի ամբողջ դրույքով, բայց ստանում սահմանված նվազագույնից ցածր աշխատավարձ, իսկ հանգստի փոխարեն՝ սովորում դասերս: Այդ չնչին աշխատավարձով էլ տալիս էի տան վարձի իմ մասը:

Շուտով ստիպված էի դուրս գալ այդ տնից, քանի որ 4 աղջիկներով էինք ապրում ու դժվար էր կենցաղ կիսելը տարբեր բնավորության տեր մարդկանց հետ: Այս շրջանում ես ու իմ հոգեկից ընկերուհին որոշեցինք դիմել մեզ համար շատ ռիսկային քայլի՝ ապրել երկուսով, ինչը նշանակում էր ֆինանսական բեռի կրկնապատկում: Բայց երկուսս էլ անհույս ռոմանտիկներ էինք, որ երազում էին գեղեցիկ ու կոմֆորտ կյանքի մասին, ուստի ռիսկի դիմեցինք: Չնայած չնչին աշխատավարձին՝ երկուսս էլ վճռել էինք՝ տնեցիքից ոչ մի կոպեկ: Այդ ժամանակ մտածում էի՝ զուտ ուզում եմ թեթևացնել ընտանիքիս հոգսերը, բայց հիմա հասկանում եմ՝ իրականում այստեղ ավելի խորը ենթատեքստ կա. ավելի շուտ ձգտում էի անկախության: Այս դեպքում առաջին քայլը դեպի երանելի անկախություն ինձ համար տնտեսապես որևէ մեկից կախում չունենալն էր: 

Ես ու ընկերուհիս անհուսորեն  փնտրում էինք հնարավորինս մատչելի բնակարան: Չեմ հաշվել, թե քանի տուն ենք նայել այդ շրջանում ու քանի սեփականատիրոջ հետ ենք «բազար արել». երևի մոտ երկու տասնյակի կհասներ: Առավոտյան գնում էինք գործի, հետո դասի, հետո՝ տներ նայելու, հետո՝ էլի գործի: Այդ օրերի մեր միակ զվարճանքը սեփականատերերի տափակ, անտրամաբանական պահվածքների ու արտահայտությունների վրա ծիծաղելն էր: Նման դեպքերից էր, օրինակ, երբ սեփականատերերից մեկը, ով իրենց տան տարածքում առանձին կառույց էր վարձով տալիս, մեզ ասել էր՝ «մենք իրիկունը 20:00-ին դարպասները փակում ենք: Եթե դրանից ուշ եկաք, դուրսն եք մնալու», պարզաբանել էինք, թե աշխատում ենք, չենք հասցնի ուղիղ 20:00-ին տանը լինել, որին կինը պատասխանել էր՝ «նորմալ աշխատանքը 18:00-ին ա վերջանում, աղջիկ ջան: Էդ ի՞նչ գործի վրա ես»: 

Զավեշտալի, բայց միևնույն ժամանակ շատ տհաճ դեպքեր էլ շատ են եղել, երբ սեփականատեր կանայք ինձ ու ընկերուհուս դիտարկել են որպես պոտենցիալ հարսնացուներ իրենց որդիների համար, եթե, իհարկե, մեզ «խելոք պահեինք»: Այդպես իր տանը վարձով առանձին տարածք տրամադրող կանանցից մեկը իր տեսանկյունից բարի կամքի դրսևորում էր ցուցաբերում մեր նկատմամբ: Ինչ խոսք, դա իմ կյանքի ամենամեծ ստորացումն էր: Կնոջ պահվածքի, խոսքերի ու տոնայնության ենթատեքստը տպավորություն էր ստեղծում, որ դե «գյուղի չտես երեխա ես», անտեր ու դուրս Երևանում գցած ես, ու եթե քեզ «խելոք պահես, պարկեշտ լինես», ամենաուշը 19:00-ին տանը լինես, կինը քեզ կխղճա ու կամուսնացնի իր 40-ն անց որդու հետ. կարճ ասած՝ «առոք-փառոք, կուշտ ու անհոգ կապրես էլի, էլ ուզածդ ի՞նչ ա էս կյանքից»:

Տհաճությամբ հաջորդն ինձ համար սեփականատերերի կողմից որպես անհատականություն չդիտարկվելն է մշտապես: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ սեփականատերերը նախընտրել են զրուցել, պայմանավորվածություն ձեռք բերել իմ հոր, եղբոր, ծայրահեղ դեպքում՝ գոնե մոր հետ, բայց ոչ՝ ինձ հետ: Լինելով բնավորությամբ հանգիստ՝ այս դեպքերում միշտ եմ ափերից դուրս եկել՝ փորձելով բացատրել, որ տանն ապրողը ես եմ, գումարը ես եմ տալու, հետևաբար դուք պետք է ինձ հետ քննարկեք. ի վերջո ես անհատականություն եմ՝ նախքան դուստր կամ քույր լինելը: Իմ՝ նման երկար-բարակ բացատրություններին մի տղամարդ սեփականատեր ուղղակի կարճ ու կոնկրետ ասել էր՝ «ա՛յ, դրա համար էլ պետք ա հորդ հետ խոսամ առաջին հերթին: Հե՛չ խելոքը չես երևում»: Մի կին սեփականատեր էլ հայտարարել էր, որ նախքան բնակարանը հանձնելը, կուզեր նախ մորս հետ խոսել, դե ոնց ասում են՝ «մորը տես, աղջկան ուզի» էլի:

Տհաճագույն դեպքերի շարքից է նաև շատ սեփականատերերի մոտ տարրական անձնական տարածք հասկացության բացակայությունը: Այդպես մի տան սեփականատեր առաջարկում էր իր բնակարանը, բայց պայմանով, որ լոգարանից օգտվելու էին նաև ինքը, ամուսինն ու որդին, վերջում էլ հավելում, որ իր ամուսինն ու որդին շատ պարկեշտ են ու նրանց «աչքը տեսած ա, ու դուրսը չի»: 

Բացի վերոնշյալը՝ Հայաստանում, կարծես, բացակայում է այն պարզագույն մշակույթը, որ եթե դու տան համար վճարել ես, իրավունք չունեն առանց զգուշացնելու ներխուժել քո տարածք: Այդպես մի անգամ երբ տունը նոր էինք վարձակալել, սեփականատերը հենց առաջին օրն ուղղակի առանց զգուշացնելու դուռն իր բանալիով բացեց ու ներս մտավ՝ հայտարարելով, թե իր տունն է, երբ ուզի կգա ու վերջում էլ արգելքներ դրեց, որ տանը կարող ենք հյուրընկալել միայն ծնողների, բայց դա էլ պետք է շատ հաճախակի չլինի, դե, իսկ ինչ վերաբերում է «տղա-մղա» բերելուն, դա խստագույնս դատապարտելի էր ու հենց իմանար այդ մասին, «թեկուզ գիշերվա հազարը լինի, դուրս էր հանելու մեզ տնից»: Այս դեպքից հետո մի օր էլ ավել չմնացինք այդտեղ:

Այո, թերևս, մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որ քո կյանքը փորձում են վերահսկել ոչ միայն ծանոթներն ու բարեկամները, այլև՝ քեզ օտար մարդիկ, ընդհուպ՝ վարձակալած տան սեփականատերերը. դե հա, չէ՞ որ «աղջիկը, կինը չգիտեն՝ ինչ են ուզում էս կյանքից», «չգիտեն՝ իրենց համար որն ա ճիշտ, որը՝ սխալ» ու «սրտացավ մարդիկ» պետք ա իրենց քթերը խոթեն քո անձնական տարածք, հարևաններին հրահանգեն հետևել քեզ, որ տեսնեն՝ ում ես բերում-տանում, երբ ես գալիս-գնում, ինչ կյանքով ես ապրում ու եթե իրենց սեքսիստ բարոյականության սանդղակը նորմայից շեղվում է, իրենք արխային կարող են քեզ «դուրս շպրտել» գիշերվա հազարին ու թքած, որ դու իրենց փոխանցել ես, օրինակ, երկու ամսվա տան վարձ: Պարզ է, չէ՞, որ էդ գումարն էլ հետ չեն վերադարձնում, դա գանձվում է որպես «իրենց հասցված բարոյական վնաս»:

Մեդալի հակառակ կողմը

Կարելի է ևս մի քանի տասնյակ օրինակներ բերել, որոնք լավագույնս նկարագրում են այն տհաճ ու անելանելի վիճակը, որում ապրում են ինձ նման շատ կանայք, աղջիկներ, ովքեր ուզում են իրենց սեփական կյանքի ղեկն իրենց ձեռքը վերցնել ու հանգիստ ապրել՝ առանց որևէ մեկին խանգարելու կամ վնասելու: Վստահ եմ՝ կան շատ մարդիկ, որ իմ պատմություններից հազար ավելի տխուր ու սարսափելի դեպքեր կարող են պատմել: Այդ ամենի ֆոնին, սակայն, խնդիրն ուզում եմ մեկ այլ կողմից էլ դիտարկել: Երևանում շատ հաճախ դու չես կարող քեզ նման ճոխություններ թույլ տալ՝ ասելով «տան տերը սեքսիստ ա, ես չեմ ուզում նման մարդու տուն վարձակալել: Տան տերն ինձ մարդատեղ չի դնում, ո՞նց կարամ դրան փող տամ»: Չէ, շատ դեպքերում չես կարող քեզ մի փոքր «լավ զգալ» ու նման քայլեր անել, որ, գոնե, սիրտդ մի քիչ հովանա, որովհետև էդ տունը հազիվ ես գտել ու եթե անդադար սկզբունքայնությամբ առաջնորդվես, կարող ես ուղղակի դրսում հայտվել, քանի որ վարձով տները քիչ են, իսկ վարձակալները գնալով շատանում են: 

Իմ ընդվզող հոգին մշտապես առաջնորդվել է սկզբունքներով ու այս հարցում հնարավորինս ռադիկալ եմ եղել, բայց ես չգիտեմ՝ մինչև երբ իմ բախտը կբերի ու կկարողանամ գտնել ադեկվատ սեփականատերեր և արդյոք մի օր ես էլ չեմ կանգնելու դրսում մնալու վտանգի առաջ, եթե նույն ոգով ու համառությամբ շարունակեմ: Բացի այդ՝ իրավիճակները տարբեր են լինում ու շատ հաճախ մարդիկ, թեկուզ գիտակցելով իրավիճակի տհաճությունն ու ինչ-որ տեղ վտանգավորությունը, ստիպված են լինում ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջև: Կարճ ասած՝ ապրում ենք այնպիսի մի իրականությունում, որտեղ էն տիպի այլընտրանք չունես, որ ստիպված ես ընտրություն անել սեքսիստի, ավելի սեքսիստի ու ամենասեքսիտի միջև:

 

Ելենա Սարգսյան  

 

Եթե ունեք նման պատմություններ և կցանկանաք կիսվել, կարող եք գրել մեր սոցիալական էջերին կամ էլեկտրոնային փոստին` contact@womenfundarmenia.com