You are currently viewing Ինչպես կարող են դեռահասները պահպանել իրենց հոգեկան առողջությունը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ
Portrait of a group of happy friends

Ինչպես կարող են դեռահասները պահպանել իրենց հոգեկան առողջությունը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ

Դեռահասությունը բարդ շրջան է, իսկ կորոնավիրուսի համաճարակն այն էլ ավելի է բարդացնում: Դպրոցների փակման ու իրադարձությունների հետաձգման պատճառով շատ դեռահասներ բաց են թողնում իրենց կյանքի մեծագույն պահերի մի մասը, ինչպես նաև այնպիսի առօրյա բաներ ինչպիսիք են ընկերների հետ շփումն ու դասերին մասնակցելը:

Համաճարակի պատճառով ձեզ միայնակ, հիասթափված ու անհանգիստ զգացող դեռահասնե՛ր, իմացեք մի բան.դուք մենակ չեք: Դեռահասների հոգեբան, New York Times-ում հոդվածների հեղինակ դոկտոր Լիզա Դամուրը ձեզ համար խորհուրդներ ունի՝ կապված ինքնախնամքի և հոգեկան առողջության պահպանման հետ:

1.Գիտակցեք, որ ձեր անհանգստությունը միանգամայն նորմալ է

Եթե դպրոցի փակվելն ու տագնապալի վերնագրերն անհանգստացնում են ձեզ, դուք մենակ չեք: Իրականում, հենց այդպես էլ պիտի զգաք: «Հոգեբանները վաղուց գիտակցել են, որ անհանգստանալը նորմալ ու առողջ գործառույթ է, որը զգուշացնում է մեզ ընդդեմ վտանգների ու օգնում մեզ միջոցներ ձեռնարկել՝ ինքներս մեզ պաշտպանելու համար»,- ասում է դոկտոր Դամուրը: «Ձեր անհանգստությունը կօգնի ձեզ ընդունել որոշումներ, որոնց կարիքն ունեք հենց հիմա՝ մեծ խմբերով հավաքներ չկազմակերպել, լվալ ձեռքերն ու երեսին չդիպչել»: Այդ զգացումներն օգնում են ապահով մնալ ինչպես ձեզ, այնպես էլ մյուսներին: Այդպես է, որ «մենք հոգ ենք տանում մեր համայնքի անդամների մասին: Մենք մտածում ենք մեր շրջապատի մարդկանց մասին նույնպես»:

Կորոնավիրուսի վերաբերյալ անհանգստությունը միանգամայն հասկանալի է, սակայն պետք է համոզված լինեք, որ «տեղեկատվության վստահելի աղբյուրներից եք օգտվում, կամ ճշտեք ստացած ցանկացած տեղեկատվությունը, որը ոչ այնքան վստահելի տեղից եք ստացել»,- խորհուրդ է տալիս դոկտոր Դամուրը:

Եթե անգանհիստ եք, որ վարակի ախտանիշներ ունեք, կարևոր է ձեր ծնողների հետ այդ մասին խոսելը: «Հիշեք, որ կորոնավիրուսի դեպքում հիվանդությունը հիմնականում մեղմ ընթացք է ունենում՝ հատկապես երխաների ու երիտասարդների համար»,- ասում է դոկտոր Դամուրը: Նաև կարևոր է հիշել, որ COVID-19-ի ախտանիշներից շատերը բուժելի են: Եթե ձեզ վատ եք զգում, տեղյակ պահեք ծնողներին կամ հարազատ անձանց, որպեսզի կարողանան օգնել ձեզ:

Եվ հիշեք.«Գոյություն ունեն բազմաթիվ արդյունավետ միջոցներ, որ կարող ենք անել մեզ և մյուսներին ապահով պահելու համար, ինչպես նաև հանգամանքները ավելի լավ վերահսկելու նպատակով.հաճախակի լվանալ ձեռքերը, դեմքին չդիպչել ու սոցիալական հեռավորություն պահպանել»:

2.Շեղվելու միջոցներ գտեք

«Հոգեբաններն ասում են, որ դժվարին իրավիճակներում շատ օգտակար է խնդիրները երկու կատեգորիայի բաժանելը.բաներ, որոնք կարող ենք փոխել, և բաներ, որոնք փոխել չենք կարող»,- ասում է դոկտոր Դամուրը:

Այժմ շատ բաներ հենց այդ երկրորդ կատեգորիայի տակ են ընկնում, ու դա նորմալ է, սակայն այդ ամենը հաղթահարելուն օգնում է մեզ համար շեղվելու միջոցներ գտնելը: Դոկտոր Դամուրն առաջարկում է տնային աշխատանք անել, սիրելի ֆիլմը նայել կամ անկողնում գիրք կարդալ՝ որպես ամենօրյա հավասարակշռություն գտնելու միջոցներ:

3.Ընկերների հետ կապ հաստատելու նոր ձևեր գտեք

Եթե սոցիալական հեռավորություն պահելու ընթացքում ցանկանում եք ընկերների հետ ժամանակ անցկացնել, սոցիալական մեդիան հրաշալի միջոց է: Կրեատիվ եղեք.միացեք Tik-Tok-ի #safehands չելենջին: «Երբեք չեմ թերագնահատի դեռահասների կրեատիվությունը,- ասում է դոկտոր Դամուրը,- Կարծում եմ՝ նրանք միմյանց շփման հետ էլ ավելի կրեատիվ ձևեր կգտնեն, քան նախկինում»:

«Սակայն հեռախոսների էկրանների առաջ շատ ժամանակ անցկացնելն այնքան էլ առողջարար չէ, ոչ էլ խելացի լուծում է: Ավելին՝ կարող է բազմապատկել անհանգստությունը»,- ասում է դոկտոր Դամուրը՝ խորհուրդ տալով հեռախոսից/համակարգչից օգտվելու գրաֆիկ կազմել ձեր ծնողների հետ:

4.Կենտրոնացեք ձեզ վրա

Երբևէ ցանկացե՞լ եք ինչ-որ նոր բան անել սովորել, նոր գիրք կարդալ կամ երաժշտական գործիք նվագել: Այժմ դրա ճիշտ ժամանակն է: Ինքներդ ձեզ վրա կենտրոնանալն ու գտած հավելյալ ժամանակը օգտագործելը արդյունավետ միջոց է ձեր հոգեկան առողջության պահպանման տեսանկյունից: «Ես ցանկ եմ կազմել գրքերի, որոնք ցանկանում եմ կարդալ, ու բաների, որոնք ուզում եմ անել»,- ասում է դոկտոր Դամուրը:

5.Զգացեք ձեր զգացմունքները

Շատ հիասթափեցնող է ընկերներով չհավաքվելը, հոբբիներից ու սպորտից զրկվելը: «Սրանք լայնածավալ կորուստներ են: Դրանք իսկապես տխրեցնող են դեռահասների համար»,- ասում է դոկտոր Դամուրը: Ինչպե՞ս հաղթահարել այդ հիասթափությունը: Թույլ տալ ինքներդ ձեզ զգալ այն: «Երբ ցավալի զգացում պիտի ունենաք, միակ ելքը դրա միջով անցնելն է: Տխրեք, ու երբ ինքներդ ձեզ թույլ տաք տխրել, շուտով կսկսեք ավելի լավ զգալ ձեզ»:

Զգացմունքները տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ են դրսևորվում: «Որոշ երեխաներ արվեստով են զբաղվում, ոմանք՝ ընկերների հետ խոսելու ցանկություն ունենում ու տխրությունը կիսելով՝ միմյանց կապված զգում»,- ասում է դոկտոր Դամուրը: Կարևորն այն է, որ անեք այն, ինչը ճիշտ եք գտնում ձեզ համար:

6.Բարի եղեք ինքներդ ձեր և ուրիշների հանդեպ

Որոշ դեռահասներ կորոնավիրուսի պատճառով բուլինգի են ենթարկվում: «Թիրախում հայտնված երեխաներն ու դեռահասները ոչ թե պիտի իրենք հաղթահարեն բուլինգը, այլ օգնության ու աջակցության համար դիմեն ընկերներին ու մեծահասակներին»,- ասում է դոկտոր Դամուրը:

Եթե ձեր ներկայությամբ բուլինգի են ենթարկում ձեր ընկերոջը, օգնության հասեք նրան: Ոչինչ չանելը այդ նրան կստիպի մտածել, թե բոլորն իր դեմ են, կամ որ ոչ մեկի պետքն էլ չէ: Ձեր խոսքերը կարող են իրավիճակը փոխել:

Եվ հիշեք.այժմ ավելի քան երբևէ պիտի ուշադիր ու զգոն լինենք, թե ինչ ենք ասում, որպեսզի չվիրավորենք մյուսներին:

Նյութի աղբյուրը՝ unicef.org

Leave a Reply