Հանդիպում 40-ն անց կանանց խմբի հետ

Փետրվարի 16-ին Հայաստանում կանանց հիմնադրամում հյուրնըկալել էինք 40-ն անց կանանց ծրագրի շրջանակներում նախաձեռնություններ իրականացնող գործընկերուհիներին։ Հանդիպման ընթացքում մի շարք հարցեր քննարկվեցին, որոնց փորձում ենք անընդհատ անդրադարձ անել մեր ամենօրյա գործունեության ընթացքում։ Հանդիպումն իրականում շատ ավելի ջերմ ու ոչ ֆորմալ էր, սակայն մի քանի ընդհանրացումներ կուզեինք ներկայացնել ստորև կետերով․ 

  • 40-ն անց կանայք անտեսանելի են, նրանց խնդիրները հանրությանը չեն մտահոգում, երբեմն կամ հաճախ թվում է, թե նրանք այլևս գոյություն չունեն։ 
  • 40-ն անց կանանց առողջության մասին ոչ ոք չի խոսում. կանայք, հատկապես Հայաստանում, ընդհանրապես ավելի քիչ են հոգ տանում իրենց առողջության մասին, սակայն էլ ավելի դժվար է դառնում ինքդ քեզ գնահատելը այս տարիքում։ Կանանցից չկա սպասելիք, որ իրենք իրենց մասին պետք է հոգ տանեն և կարողանան հետևել իրենց առողջությանը։

  • 40-ն անց կանայք խոսելու, շփվելու և իրար համար ապահով տարածքներ ստեղծելու կարիք ու ցանկություն ունեն։ Դժվար է գտնել նույն խնդիրները կիսող մարդկանց, ովքեր բաց կլինեն խոսելու իրենց խնդիրների մասին, էլ ավելի դժվար է գտնել ապահով մարդկանց շրջանակ, որոնց հետ քննարկումները չեն տանի հերթական մեղադրանքների և տհաճ զգացողությունների։ 
  • 40-ն անց կանանց մեղադրում են «մեծ» կամ «փոքր» երևալու, բավական «տեսք» ունենալ-չունենալու մեջ։ Կանանց ընդհանրապես մեղադրում են գրեթե ամեն ինչում, ինչ անում են կամ ինչ իրենց հետ պատահում է, բայց այս դեպքում մեղադրանքների ցանկին է ավելանում տարիքը։ 
  • 40-ն անց կանանց անձնական և սեռական կյանքի մասին տաբուներն էլ ավելի են շատանում։ Մենք բոլորս խոսում ենք այն մասին, որ հայաստանյան հասարակությունն ավելի ազատամիտ է դառնում, սակայն դա չի վերաբերում առողջ սեռակրթությանը և սեռական ու վերարտադրողական իրավունքներին։ Իսկ տարիքի հետ հանրությունն ընդհանրապես հանկարծակիի է գալիս կյանքը վերսկսող, կյանքը սիրող և իրեն գնահատող կնոջ տեսնելիս։ 

  • 40-ն անց կանանց սեռական և վերարտադրողական առողջությունը ևս մեկ կարևոր ուղղություն է, որը, ցավոք, նորից անտեսվում է հայկականության, իսկականության և սին պատշաճության շղարշի ներքո։ Դաշտանադադարի մասին զրույցներն ավելի տաբուացվում են, իսկ մեր խոսելու ցանկությունը՝ ավելանում։
  • 40-ն անց կանայք ավելի ինքնավստահ են զգում իրենց, քանի որ թե՛ կենսափորձի, թե՛ մասնագիտական առումներով ավելի փորձառու են։ Շատ դեպքերում այստեղ-այնտեղ հնչած «մորքուրն» ու «տատիկը» այլևս չեն անհանգստացնում նրանց, քանի որ դրա հետ կապվող ենթատեքստերին կանայք փորձում են այլևս ուշադրություն չդարձնել։ Որոշ կանայք էլ այդ իմաստությունը սիրում են փոխանցել մյուսներին։ 

Այս և մի շարք մտքերը շրջանառվում ու քննարկվում են մեր հետաքրքիր հանդիպումների ընթացքում։ Ցանկը կարելի է ավելացնել ու շարունակել անդադար։