You are currently viewing Feminist killjoy. ինչ երևույթ է սա և ինչպես է դրսևորվում

Feminist killjoy. ինչ երևույթ է սա և ինչպես է դրսևորվում

Feminist killjoy տերմինը շրջանառության մեջ է դրել գիտնական, գրող Սառա Ահմեդը 2010թ. գրված իր “Feminist Killjoys (And Other Willful Subjects)” [«Ուրախությունը (և այլ դիտավորյալ սուբյեկտներ) թունավորող ֆեմինիստ»] էսսեում: «Ֆեմինիզմը խելամիտ արձագանք է աշխարհի անարդարություններին»,- գրում է Ահմեդը: Հետևաբար, ուրախությունը «հարամող» ֆեմինիստն այն անձն է, որը չի հարմարվում հասարակության ստատուս քվոյին, իսկ այդ ստատուս քվոն կազմում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ռասիզմը, կնատյացությունը, հայրիշխանական մշակույթը և այլն:

Սակայն պարզապես չհարմարվելը քեզ ֆեմինիստ քիլջոյ չի դարձնում, հարկավոր է բարձրաձայնել խնդիրը, խոսել մեր հասարակություններում առկա անհավասարությունների մասին ու աշխատել դրանք փոխելու ուղղությամբ, որպեսզի աշխարհն ավելի արդար տեղ դառնա բոլորի համար:

Դալհաուզի համալսարանի պրոֆեսոր Էրին Վանքերը («Գրառումներ ֆեմինիստ ֆիլջոյից.էսսեներ առօրյա կյանքից» գրքի հեղինակը) նշում է, որ հեշտ բան չէ ֆեմինիստ քիլջոյ լինելը, քանի որ ոչ մեկի համար էլ հաճելի չէ հանդիմանություն ստանալը, ռասիստ կամ կնատյաց կոչվելը: Երբ, օրինակ, հարազատներիդ հետ նստած ես սեղանի շուրջ, և նրանցից մեկը ոչ պատշաճ արտահայտություն է անում, ամենևին էլ հեշտ չէ նրան հանդիմանությամբ լռեցնելը: Տվյալ իրավիճակում կարելի է այսպես վարվել.ասեք տվյալ մարդուն, որ հասկանում եք, թե նա ինչ նկատի ունի, բայց համամիտ չեք նրա հետ, նրա տեսակետն անընդունելի է ձեզ համար, և առաջարկեք խոսել այդ մասին:

Ֆեմինիստական կյանքով ապրել չի նշանակում ընդունել վարվեցողության մի շարք նորմեր ու իդեալներ, թեև այն կարող է նշանակել էթիկայի տեսանկյունից հարցեր տալ, օրինակ, ինչպես ավելի լավ ապրել անարդար ու անհավասար աշխարհում, ինչպես ավելի հավասար հարաբերություններ կառուցել մյուսների հետ, ինչպես աջակցել նրանց, ովքեր դուրս են մնում սոցիալական համակարգի աջակցությունից, ինչպես դիմադրել բետոնե պատմություններին, որոնք պատի պես կանգնում են մեր առջև: Սա չի նշանակում, թե ֆեմինիզմը բարոյականության/էթիկայի ոստիկանության դեր է ստանձնում և որոշում, թե ով ինչպես պետք է վարվի:

Ֆեմինիստական կյանքով ապրել նշանակում է ամեն բան հարցականի տակ դնել: Եթե մենք ֆեմինիստ ենք դառնում աշխարհի անարդարության ու անհավասարության պատճառով, ապա պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ի՞նչ տեսակի աշխարհ ենք ուզում կառուցել, ինչի՞ն ենք դեմ, հանուն ինչի՞ ենք պայքարում, արդյո՞ք ուզում ենք համակերպվել աշխարհի անարդարություններին, մարդկանց ոչ պատշաճ, ռասիստական, սեքսիստական մտքերին, թե՞ պատրաստ ենք դառնալ ֆեմինիստ քիլջոյ:

Շատերի համար իրենց միջավայրում, աշխատավայրում գոյատևելու միակ միջոցը լռելն է: Խոսելը, խնդիրը բարձրաձայնելը նրանց կարող է թիրախ դարձնել, և զարմանալի չէ, որ նրանք հրաժարվում են խոսելուց, բողոքելուց: Տվյալ դեպքում լռելը, չբողոքելը ևս բողոքի ձև է՝ իրավիճակին հարմարվելու տեսքով: Հաստատություններում գոյատևելու համար մենք պետք է ձևափոխենք դրանք: Սակայն այդ ձևափոխման ընթացքում էլ հարկավոր է գոյատևել տվյալ հաստատությունում: Կարելի է շրխկացնել դուռը և հեռանալ կամ էլ մնալ և պայքար տանել:

Երբ քեզ ասում են, որ դու չպիտի այստեղ գտնվես, քո տեղն այստեղ չէ՝ համալսարանը, ազգը, թաղը և այլն, ապա այդտեղ լինելը բողոքի ձև է.եթե չբողոքելը լինելու ավելի մեծ հնարավորություն է տալիս, ապա այն նաև բողոքելու ավելի լավ հնարավորություն է դառնում: Քիլջոյ, տհաճություն, խնդիրներ ստեղծողներ, դիտավորյալ գործողներ, անհեթեթ կռվարարներ. նման բառերով կարող են նկարագրել ֆեմինիստներին, որոնք պայքարում են իրենց տեղն ունենալու համար, որոնք ցանկանում են, որ պայքարելու կարիք չլինի իրենց գոյության համար:

Ֆեմինիստական կյանքով ապրել նշանակում է ֆեմինիստ լինել աշխատանքի վայրում: Աշխատանքի վայրում ֆեմինիստ լինելը պահանջում է աշխատանք հաստատությունների վրա և դրանցում: Հաստատությունների վրա աշխատելը Սառա Ահմեդն անվանում է բազմազանության աշխատանք.գործ, որն անում ենք հարմարվելու, տեղավորվելու համար կամ գործ, որն անում ենք, որովհետև չենք հարմարվել, տեղավորվել: Երբ մենք մարտահրավեր ենք նետում բազմազության մասին տվյալ հաստատության ունեցած պատկերացումներին, դա դիտվում է որպես բողոք, բացասական, ապակառուցողական երևույթ: Մենք դառնում ենք աշխատավայրի քիլջոյը:

Ֆեմինիստ քիլջոյի կերպարը կարող է ծնվել այն պահին, երբ բարձրաձայնում ես քո նկատած վատ երևույթը.կարող ես տեսնել քո սիրած ֆիլմի սեքսիզմը, կասկածի տակ առնել հետերոսեքսուալությունը կամ գաղութային բռնագրավումը ազգային տոնի վերածելու երևույթը: Ու մարդիկ կարող են ենթադրել, որ դու դժբախտ ես կամ չես ուզում, որ մյուսներն էլ երջանիկ լինեն: Մենք կարող ենք ֆեմինիստ քիլջոյ դառնալ աշխատանքի վայրում, դառնալ հաստատության քիլջոյը միայն այն պատճառով, որ մեր տեսակետը «հարամում է» տվյալ հաստատության ուրախությունը: Անգամ ֆեմինիստների միջավայրում դու կարող ես քիլջոյ համարվել միայն նրա համար, որ կանգնում ես ընդհանուր ուրախության ճանապարհին: Դրա լավագույն օրինակը Օդրի Լորդն է:

1978թ. Օդրի Լորդը համաձայնվում է ելույթ ունենալ Սիմոնա դը Բովուարի «Երկրորդ սեռ» գրքի հրատարակության 30-ամյա տարելիցի ժամանակ: Եվ նա ելույթ է ունենում «Անհատականը քաղաքական է» վահանակի մոտից: Սակայն նա պարզում է, որ այդ վահանակը միակն է, որտեղ ներկայացված են սևամորթ ֆեմինիզմն ու լեսբիիզմը: Լորդն օգտվում է իրեն տրամադրված ժամանակից ու հարթակից և քննադատում դա, բողոքում այդ երկուսին հատկացված քիչ ժամանակից ու տեղից: Այդ քննադատությունից ծնվում է նրա լավագույն էսսեներից մեկը, որում Լորդը նշում է, որ երբ ֆեմինիստական տունը կառուցվում է ռասիստական հայրիշխանության գործիքներով, արդյունքում ստացվում է նույն հայրիշխանական՝ տունը՝ նույն պատուհաններով, դռներով, խտրական վերաբերմունքով: Դռները պարզապես ֆիզիկական իրեր չեն, դրանք ելք ու մուտք ունենալու մեխանիզմներ են: Երբ որևէ բան անհասանելի է մեզ համար, դուռը դառնում է փոխաբերություն, ասում ենք՝ դուռը փակ է մեր առաջ: Ուրիշների համար տարածք հատկացնելը, նրանց առաջ դուռ բացելը կարող է վախեցնող լինել այդ դուռը բացողների համար:

Երբ բողոքում ես քո ճանապարհին հայտնված որևէ բանից, հայտնվում ես դրա առաջ: Այստեղ արդեն հարց է առաջանում, թե ինչպես ես դուրս գալիս տվյալ իրավիճակից.գուցե խնդրի մեջ մտնելը դրանից դուրս գալու ճիշտ ճանապարհն է: Դռան վրա, որից ներս ենք մտնում, կարող է գրված լինել բազմազանություն: Սակայն միայն այն, որ ներս մտնելիս քեզ ողջունում են, չի նշանակում, թե սպասում էին քեզ: Դռնից ներս քեզ կարող են սպասել մեկնաբանություններ, կատակներ, հարցեր այն մասին, թե ով ես, ինչ ես, ինչ ես անում այդտեղ, որտեղից ես և այլն: Դրանք այնքան շատ են, որ լցնում են ամբողջ տարածքը, քեզ շնչելու, լինելու տեղ չեն թողնում: Ահա թե ինչու է բազմազանության աշխատանքն անհրաժեշտ.դուռ բացելը բավարար չէ: Ոմանց համար սենյակում գտնվելը պահանջում է այդ սենյակում ընդունված պրակտիկայի դադարեցում:

Մեկ անձի բողոքը կարող է տեղ չհասնել, ոչինչ չփոխել, սակայն երբ մենք միավորվում ենք և հավաքական կերպով բողոքում, դրա ուժը վիթխարի է դառնում.մերժման ձայնը գնալով հեռվանում է: Միասին մենք շարժիչ ուժ ենք դառնում:

Երբեմն կարող է թվալ, որ քո ֆեմինիստ քիլջոյ լինելը խոչընդոտում է քո իսկ երջանկությանը.եթե քեզ համար երջանկություն է քո շուրջը կատարվող անարդարությունների առաջ աչք փակելը, ապա այդպես էլ թող լինի: Սակայն ֆեմինիզմը ավելին տեսնելու, սովորելու մասին է, ոչ թե պակաս: Ֆեմինիստական կյանքով ապրելն օգնում է ստեղծել ամբողջական պատկերը, որովհետև մենք չենք խուսափում մեր երջանկությունը վտանգող երևույթները տեսնելուց: Մենք պետք է ուսումնասիրենք աշխարհը, որպեսզի կարողանանք վերափոխել այն, ձևավորենք գոյատևման մեր գործիքները, մեխանիզմները:

Նյութի աղբյուրը՝ https://feministkilljoys.com/


Leave a Reply