Չխախտելով մեր ավանդույթը՝ ձեզ ենք ներկայացնում մեր սիրելի էջերից մեկը՝ ֆեմհարցազրույցները: Այս անգամ հարցազրույցի մասնակիցն է Անի Ավանեսյանը:

- Ձեզ համարու՞մ եք ֆեմինիստ: Եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը -Ֆեմինիզմն ինձ համար զուգակցվում է հավասարություն բառի հետ։ Հավասարություն ընտանիքում, աշխատանքի մեջ, քաղաքականության մեջ և ընդհանրապես հասարակական ցանկացած բնագավառում։ Այն գաղափարախոսությունների ամբողջություն է, որը կրող ցանկացած անհատ պետք է հարգի դիմացինի իրավունքը՝ հաշվի չառնելով նրա սեռը։ Ֆեմինիզմն այն ամենն է, ինչը թույլ է տալիս և՛ կնոջը, և՛ տղամարդուն ինքնաիրացվել, իրագործել սեփական երազանքները և նպատակները՝ հետևելով ներքին ձայնին և զերծ մնալով անձի գործունեությունը սահմանափակող կարծրատիպերից։
- Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ -Ինձ համար հայաստանյան հասարակությունում աղջիկ լինելը նշանակում է ինքդ քեզ ներկայացնել որպես անհատ, ով ունի սեփական ցանկությունները, նպատակները, որոնց կարող է ինքնուրույն հասնել՝ անկախ շրջապատի կողմից թելադրվող մանիպուլյացիաներից, հասարակության կարծրատիպերից և թերահավատ մոտեցումներից։
- Ձեր առօրյայում, աշխատանքում ի՞նչ խնդիրների եք հանդիպում որպես կին/աղջիկ -Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրներից մեկը կանանց և աղջիկների երջանկությունը առաջին հերթին հենց ընտանիք կազմելու մեջ տեսնելն է, ինչն էլ ծառայում է որպես հիմք բացառելու կամ մասամբ կրճատելու կնոջ դերը հասարակական որոշ բնագավառներում։ Աշխատանքի և կրթության մեջ կարող ենք տեսնել, որ գործունեության որոշ տեսակներ վերագրված են բացառապես տղամարդուն, իսկ որոշ տեսակներ էլ՝ կնոջը, ինչի արդյունքում երբեմն կինը/տղամարդը չի կարողանում զբաղվել գործունեության այն տեսակով, որով ցանկանում է։
- Ըստ Ձեզ՝ որո՞նք են կին/աղջիկ լինելու առավելությունները (եթե կան) մեր հասարակության մեջ -Կարծում եմ՝ որևէ սեռի պատկանելը դեռևս մարդուն ինչ-որ առավելություններ չի տալիս լինի դա մեր հասարակությունում, թե մեկ ուրիշ։ Առավելություններ տալը կհիմնավորվի այս կամ այն տեսակի կարծրատիպերով, ինչը արդեն իսկ կարող է պարունակել բացասական երանգներ, այդ իսկ պատճառով ինձ համար առհասարակ նախընտրելի է մարդուն չընկալել որպես որևէ սեռի ներկայացուցիչ։
- Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր հասարակության մեջ -Մեր հասարակությունում կան արմատացած մի շարք կարծրատիպեր, որոնք սահմանափակում են կնոջ մասնակցությունը հասարակական տարբեր ոլորտներում և դրանով ոտնահարում նրա իրավունքերը։ Կցանկանայի, որ և՛ կանայք/աղջիկներ, և՛ տղամարդիկ զերծ մնային այդ կարծրատիպերից և յուրաքանչյուր անձ ինքն ընտրեր կյանքի իր ուղին։ Մեր հասարակությունում կինը պետք է ընկալվի որպես անձ, ով ունի նույնքան իրավունքներ և հնարավորություններ, որքան տղամարդը, և այս ամենի համար, նախ և առաջ պետք է դադարել բաժանել մարդկանց՝ ըստ իրենց սեռի, քանի որ, ըստ իս, հենց դա է խտրականության համար հիմք հանդիսացող գործոններից մեկը։
- Ո՞րն է Ձեր ամենամեծ կարողությունը/ուժը (superpower) -Համառությունը, նպատակասլացությունը, ինքնավստահությունը, սեփական կարծիքն առանց վախի արտահայտելու կարողությունը։
- Խորհուրդ այլ կանանց/աղջիկներին -Միշտ հետևե՛ք սեփական ցանկություններին, երազանքներին, երբեք չհանձնվե՛ք և վստահորեն քայլե՛ք առաջ դեպի ձեր նպատակների իրագործումը։ Չտրվե՛ք հասարակական կարծրատիպերին, հնարավոր մանիպուլյացիաներին, հարգե՛ք սեփական եսը և միշտ պաշտպանե՛ք ձեր իրավունքները։