You are currently viewing [Անտեսանելի] ճնշումներ կանանց վրա

[Անտեսանելի] ճնշումներ կանանց վրա

Մարդկային հասարակությունները հակված են հայրիշխանության տարբեր աստիճանի դրսևորումների, որոնցում տղամարդիկ գլխավոր դերում են: Ի սկզբանե տղամարդիկ ֆիզիկապես ավելի ուժեղ լինելու շնորհիվ ենթարկեցրել են կանանց, իսկ վերջիններս հղիության, երեխաների մասին հոգ տանելու խնդիրներից ելնելով հաճախ զրկվել են ուժից, իշխանությունից: Ներկայիս հասարակություններում բավական առաջընթաց է նկատվում, սակայն հայրիշխանությունը դեռևս պահպանում է իր հին գաղափարախոսությունն ու իրեն վերապահված շահերը:

Դրա դրսևորման վառ օրինակներից է երեխաների սոցիալիզացիայի գործընթացը, որը տղամարդկանց պատկերում է որպես հաց վաստակողների ու որոշում կայացնողների, իսկ կանանց՝ մայրերի ու տնային տնտեսուհիների: Տղաներին խրախուսում են ուժեղ ու համարձակ լինել, մինչդեռ աղջիկներից ակնկալում են պասիվություն ու գեղեցիկ տեսք՝ հեքիաթների հերոսուհիների, տիկնիկների օրինակներով:

Ամուսնություն

Վաղ տարիքից աղջիկների մոտ խոսում են ամուսնության առաքինությունից, որն իր հերթին նպաստում է ավանդական գենդերային դերերի պահպանմանը: Որոշակի տարիքից հետո չամուսնացած տղամարդը համարվում է անկախ կամ խելացի անհատ, մինչդեռ չամուսնացած կնոջը համարում են անհույս, խղճալու արժանի կերպար: Ամուսնանալու ցանկություն չունեցող կնոջն անընդհատ ստիպում են կասկածել իր որոշման մեջ.

  • «Երբեք մի ասա երբեք»
  • «Ուղղակի պիտի ճիշտ մարդու հանդիպես»
  • «Մի շատ լավ տղա կա, արի ծանոթացնենք»

Ամուսնության «շուկայում» կանայք ցածր որակի, թառամող ապրանք են համարվում: «Առնելու» համար պիտանի լինելու նախապայմանը սեքսիստական ակնկալիքներին համապատասխանելն է՝ գեղեցիկ տեսք ունենալ, մեյքափ անել, բարձրակրունկներ հագնել, որոնք կանանց ճնշման տեսանելի սիմվոլներն են: Երբ կնոջը խրախուսում են ամուսնանալ ավելի մեծ, ավելի կիրթ ու ավելի շատ կապեր ունեցող տղամարդու հետ, դրանով իսկ նրա ամուսնական կյանքը սկսվում է կրկնակի ենթակա դիրքից, որն, անշուշտ, ձեռնտու է տղամարդուն:

Հարսանեկան արարողությունն ինքնին սեքսիստական է: Հարսը կրում է իր առաքինությունն ու կուսությունը խորհրրդանշող սպիտակ զգեստ, ու բոլորն անվերջ նշում են, թե ինչ նիհար ու գեղեցիկ է նա: Հայրն ուղեկցում է աղջկան՝ նրան ունեցվածքի պես մեկ այլ տղամարդու «հանձնելու»: Արարողակարգը վարողը, որ սովորաբար նույնպես տղամարդ է լինում, ամուսնուն թույլտվություն է տալիս կնոջը համբուրելու, կարծես թե դա նրա լիազորությունների սահմաններում է, իսկ կինը ձայնի իրավունք չունի: Տղամարդը «տեր է», իսկ կինը՝ «հնազանդ»: Կենաց ասողները տղամարդիկ են, իսկ կանայք լուռ նստում են: Կինը վերցնում է ամուսնու ազգանունը, որը փոխանցվում է նաև իրենց ժառանգներին: Ու չնայած այս ամենին՝ ասում են, որ ամուսնության օրը «նրա օրն է»:

Ինչու՞ պիտի պետությունը, եկեղեցու հետ ձեռ ձեռքի տված, որևէ դեր ունենա իրար սիրող և միասին ապրել ցանկացող զույգերի կյանքում՝ պարտադրելով իր կանոնները, ընդունված նորմերը, որոնք էլ ավելի են ամրապնդում հայրիշխանական համակարգի դիրքերը և խտրականության ենթարկում այլ կենսակերպ նախընտրող մարդկանց, օրինակ, մենակ ապրել ցանկացողներին, բաց հարաբերություններ վարողներին կամ ամուսնանալու հնարավորություն չունեցողներին:

Երբ զույգը բաժանվում է, մարդիկ սովորաբար հարցնում են, թե ինչը այն չէր ամուսնության մեջ՝ երբևիցէ չմտածելով, որ գուցե հենց ամուսնությունն ինքնին այն չէր, լավ գաղափար չէր: Ճշմարտությունն այն է, որ շատ մարդիկ ամուսնանում են մենակ չմնալու համար՝ ենթարկվելով հասարակության սոցիալ-հոգեբանական ճնշումներին: Ամուսնությունը դառնում է մենակությունից խուսափելու կարճաժամկետ լուծում, իսկ երկարաժամկետ կտրվածքով այն կարող է հանգեցնել ավելի մեծ մենակության մինչև բաժանվելը:

Երեխաներ

Վերջերս եղե՞լ եք կինոթատրոնում: Բոլոր սիրավեպերը կարծես նույն ավանդական գծով են զարգանում.սկզբում հայտնվում է սերը, հետո՝ ամուսնությունը, հետո՝ երեխաները: Ի՜նչ երջանիկ են զույգերն իրենց գեղեցիկ տներում, երեխա ունենալուց հետո կինն անմիջապես վերականգնում է իր հրաշալի տեսքը, ոչ մի ֆինանսական սթրես և կատարյալ երեխաներ: Ցավոք, ընտանիք ունենալու և երեխաներ մեծացնելու իրականությանը սա չի համապատասխանում: Մեդիայի հաղորդագրությունը հստակ է՝ ԲՈԼՈՐԸ սիրահարվում են, ամուսնանում, ընտանիք կազմում:

Նման ճնշումներից խուսափելու լավագույն ձևը, թերևս, հասկանալն է, թե դու կյանքի ինչ ճանապարհ ես ընտրել և ինչու: Եթե որոշել ես երեխա չունենալ, պիտի լիովին գիտակցես դրա պատճառները: Եթե այնպիսի իրավիճակում ես հայտնվել, որ երեխա չունենալու համար ճնշումների ես ենթարկվում, ինքդ որոշիր ինչպես վարվել տվյալ իրավիճակում: Եթե չես ուզում քննարկել քո անձնական կյանքը, այդպես էլ ասա: Իսկ եթե որոշում ես բարձրաձայնել, ապա վստահ տոնով արա դա: Վստահ տոնը չի նշանակում վիավորել կամ քննադատել, այլ պարզապես ասել այն, ինչ զգում ես ու ճիշտ համարում:

Երբ աղջիկը երեխաների հետ լավ լեզու է գտնում, նրան հաճախ ասում են.«Քեզնից շատ լավ մամա դուրս կգա»: Այդ պնդմանը կարելի է արձագանքել այսպես.«Միայն այն պատճառով, որ աղջիկը հոգ է տանում երեխաների հանդեպ, պիտի իր ամբողջ էներգիան նվիրի մայրանալու՞ն՝ սոցիալական նորմերին համապատասխանելու համար»: Դարեր շարունակ, երբ կանայք փորձել են իրենք տնօրինել իրենց կյանքը, նրանց որակել են որպես «ընտանիքի դեմ դուրս եկողներ»: Երբ փորձել են քաղաքականություն մտնել, հասարակությունը դատապարտել է, քանի որ նման աշխատանքի պատճառով երեխաների խնամքը պատշաճ կերպով չի իրականացվի:

Մայրանալը շատ կանանց համար կյանքի գերագույն նպատակ է՝ սերունդը շարունակելու, սեփական մոր կողմից ընդունվելու, հասարակության պահանջներին համապատասխանելու համար՝ դրանով բավարարելով իրեն հայտնի և անհայտ ցանկություններ:

Պետք է հիշել, որ կյանքում ամեն բան չենք կարող հասցնել: Հարկավոր է ընտրություն անել, իսկ երբ ընտրում ես մի ճանապարհ, մեկ ուրիշը դուրս է մղվում: Որքան վստահ լինես սեփական ընտրության մեջ, այնքան քիչ կենթարկվես արտաքին ճնշումների:

Արտաքին տեսք

Կնոջ մարմնի պատկերը, այն է՝ ինչպիսի տեսք, ձև, քաշ պիտի այն ունենա, շարունակ քննարկվում և ներկայացվում է մեդիայում, գովազդներում, նորաձևության մեջ, հայտնի մարդկանց օրինակով: Մեդիայում հայտնի մարդիկ այնպես են պատկերվում, որ տպավորություն է ստեղծվում, թե նրանց հաջողության պատճառն իրենց արտաքին գեղեցիկ տեսքն է, «կատարյալ» մարմինը: Մարմնի նման պատկերները հանգեցնում են զանազան դիետաների, որ կանայք պահում են նիհարելու համար:

Մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ նիհար լինելն ու գեղեցկությունը կապվում են հաջողակ լինելու հետ: Հեռուստաշոուները, ֆիլմերը, ամսագրերը շարունակ պատկերում են նիհարիկ գեղեցկուհիների, որոնք անտեսանելի ձևով ազդում են դեռահասների գիտակցության վրա, ճնշում նրանց: Նիհարելու մոլուցքը դրական է ազդում նիհարելուն օգնող միջոցների արտադրության վրա, որոնք իրենց մարկետինգային արշավներն ուղղում են իրենց ապրանքը վաճառելու վրա՝ խոստանալով նիհարեցնել մարդկանց, օգնել նրանց ստանալ այս կամ այն արտաքին տեսքը:

Եթե կինը/աղջիկը վատ պատկերացում է ձևավորում սեփական մարմնի կառուցվածքի վերաբերյալ, ինքնավստահության պակաս ունի, դա ազդում է բոլոր տեսակի հարաբերությունների վրա, որոնք վստահություն են պահանջում, այդ թվում՝ աշխատավայր: Դա հանգեցնում է սթրեսի, լարվածության:

21-րդ դարում մեդիայում և նորաձևության մեջ որոշակի տեղաշարժ կա՝ մարմնի կառուցվածքների բազմազանությունն ընդունելու ուղղությամբ: Կատարելության մասին պատկերացումները փոխվում են: Սոցիալական մեդիան թույլ է տալիս ծանոթանալ բոլոր տեսակի կազմվածքների և չկենտրոնանալ միայն մոդելների վրա: Նման գաղափարների ջատագովները շեշտը դնում են կնոջ հմտությունների, կարողությունների, նրա ուժեղ կողմերի վրա և ոչ թե արտաքին գրավչության:

Նյութի աղբյուրը՝ http://www.psychologytoday.com

Leave a Reply