You are currently viewing The Sigrid Rausing Trust-i աջակցությամբ իրականացվող ծրագրեր (2023)

The Sigrid Rausing Trust-i աջակցությամբ իրականացվող ծրագրեր (2023)

The Sigrid Rausing Trust հիմնադրամի աջակցությամբ 2023 թ. իրականացվել են հետևյալ ծրագրերը.

Աջակցություն 40-ն անց կանանց ծրագրերին

  • Արտհաուզ Գյումրի – «40 կամ․․․«և այլն» արվեստային նախագծի արդյունքում նկարահանվել է փոքրիկ տեսաֆիլմ՝ վիդեո-արտ ձևաչափով, մուլտիմեդիոն մոտեցմամբ, որտեղ ներկայացվել են Գյումրու մշակութային օջախներում աշխատող միջին տարիքի կանանց հոգեբանական խնդիրները, ներկայացվել է այն, ինչը գտնվում է ուշադությունից դուրս և ետնաբեմում, և թե ինչպես կարելի է հաղթահարել այդ ամենը։ 
  • Նազիկ Արմենակյան – «Ծաղիկներ ինձ համար» ծրագիրը լուսանկարչական նախագիծ է, որը Նազիկն իրականացրել է Հայաստանի մարզերում։ Ծրագիրը նրան հնարավորություն է տվել ուսումնասիրելու մարզերում ապրող կանանց տարբերությունները, թե ինչպես են տեղական մշակութային ժառանգությունը, սովորույթներն ու դաստիարակությունը ազդում կանանց ապրելակերպի և մտածելակերպի վրա։ Արդյունքում կլինի 45-46 տարեկան կանանց դիմանկարների շարք, որը միտված է ցույց տալու, թե որքան տարբեր են կանայք և նրանց խնդիրները։
  • Սիլվա Չոբանյան – Ներկայացվող նախագծի շրջանակներում գաղափարի հեղինակն անդրադարձել է քառասունն անց կանանց վերաբերյալ կարծրատիպերին ու հասարակության կողմից ճնշումներին ներկայացման միջոցով։ Պիեսի հերոսուհիները տարբեր են, նրանք տարբեր համայնքներից են, տարբեր կյանք են ապրել ու փորձառություն ունեն, նրանք տարբեր հետաքրքրություններ ունեն։ Նախագծի միջոցով Սիլվան խոսել է կանանց տարբերությունների ու սոլիդարության մասին, ավելի հասուն տարիքում դրանց անդրադարձի մասին, ինքնավերլուծության ու կոմպլեքսների հաղթահարման մասին։
  • Սվետոզառ ՀԿ – «Տարիքը միայն թիվ է» ծրագրի շրջանակներում մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել 40-ն անց գյուղաբնակ կանանց՝ դաշտանադադարի հետևանքով առաջացած առողջական խնդիրների և դրանք մեղմացնելու ու վերացնելու ուղղությամբ: Կազմակերպվել են հոգեբանական զրույցներ էմոցիաների, հույզերի առաջացման, դրսևորման և դրանց պատճառահետևանքային կապերի մասին, ձևավորել կանանց մոտ փոխօգնությունը, առողջ ներանձնային և միջանձնային հարաբերությունները կարևորելու դիրքորոշումներ: Նաև ներկայացվել են մի շարք հասկացություններ և դրանց բացատրությունները, ինչպիսիք են գենդերը, գենդերային դերերը, կարծրատիպերը և այլն։ Ծրագրին մասնակցություն է ունեցել Արարատի մարզից ավելի քան 220 կին։
  • Իրինա Հովհաննիսյան – Իրինայի նախաձեռնությամբ վերսկսվել է պատերազմական շրջանում իր գործունեությունը դադարեցրած ակումբի աշխատանքը՝ կիրառելով տարբեր տեխնիկաներ, ընդ որում՝ արտ թերապիա և վարպետաց դասեր։ Ակումբի հանդիպումների ընթացքում  կանանց խումբն անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են «Կանանց ընկերությունը և փոխաջակցությունը 40-ից հետո», «40-անց կանանց շրջանում աշխատանք գտնելու և աշխատանքը պահպանելու դժվարությունները», «40 անց կանայք և առողջություն» և այլ թեմաներ, որոնք կարևոր են համարել ակումբի անդամները։ 

Աջակցություն դեռահաս աղջիկներին

  • Հնազանդ Մանուկյան – «Գուսանայի թվային արևներ» ծրագրի շրջանակում կազմակերպվել են ինտերակտիվ դասընթացներ, սեմինարներ և քննարկումներ Homo Legends գրադարան-երիտասարդական կենտրոնում։
  • Չարենցավանի աղջիկներ – Չարենցավանի դեռահաս աղջիկները պատրաստել են փոդքասթների շարք դեռահաս աղջիկների հետ կապված տարբեր թեմաներով՝ սեքսիզմից մինչև մասնագիտության ընտրության դժվարություններ, մարմնի դրական ընկալում և այլն։

Աջակցություն Մարտի 8-ի թեմայով նախաձեռնություններին

  • Արմինե Զաքարյան և Բու լեռնահեծանվային սրճարան – Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում հրավիրված խոսնակների հետ, որոնք պատմել են մարտի 8-ի և ֆեմինիստական շարժման ծագման պատմությունները, խոսել են շարժման անցած ճանապարհի և ներկայիս զարգացման միտումների մասին, ներկայացրել են առողջ ապրելակերպի, սպորտի ու ինքնախնամքի դերի և ֆեմինիզմի փոխառնչությունը, ինչպես նաև կազմակերպվել է կանանց հեծանվային քաղաքային երթ` «Վերանվաճելով հանրային տարածքները» կարգախոսի ներքո։ Միջոցառումը տեղի է ունեցել Վանաձորում՝ Բու լեռնահեծանվային սրճարանում։ 
  • Գոհար Խաչատրյան – Գաղափարի հիմքում ընկած էր հետևյալը․ չորսօրյա Empowerment Self-Defense (ESD) ինքնապաշտպանության դասընթաց «Նոր Լույս» ՀԿ-ի մենթորինգ ծրագրում ներգրավված սոցիալապես անապահով 15 դեռահաս աղջիկների համար Գյումրիում և Հայաստանի այլ շրջաններում: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տրամադրել հմտություններ, գիտելիքներ և վստահություն, որը կօգնի նրանց կանխել և արդյունավետ կերպով արձագանքել անցանկալի իրավիճակներին՝ բանավոր ոտնձգություններից մինչև ֆիզիկական բռնություն, ինչպես նաև հաստատել իրենց անձնական սահմանները և որոշումներ կայացնել, որոնք բխում են իրենց լավագույն շահերից: 
  • Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամ – Քանի որ մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը անցկացրել է միջոցառում՝ հրավիրելով տրանս անձանց, սեքս աշխատողների, ակտիվիստների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, դեսպանության աշխատակիցների և դեսպանների՝ այդ օրը  խոսելու կանանց իրավունքների մասին՝ «Տրանս կանանց իրավունքները նույնպես իրավունքներ են» խորագրի ներքո։
  • Սոսե կանանց հիմնահարցեր ՀԿ – Սոսե կանանց հիմնահարցեր ՀԿ-ի նպատակն էր հրավիրել թեյախմության Սյունիքի մարզում հաջողության հասած, ինչպես նաև կազմակերպության շահառու և արցախցի կանանց։ Կարևոր է ստեղծել ազատ տարածք երկու կողմերի միջև՝ ազատ և անկաշկանդ քննարկելու կանանց դերը ամենահին ժամանակներից առ այսօր, խոսելու գենդերային հավասարության, գենդերային դերերի և դրանցից բխող կարծրատիպերի մասին։ Ամենակարևորը՝  շեշտել Մարտի 8-ի դերի և կարևորության մասին։ Հանդիպմանը հրավիրվել են մասնակիցներ ամբողջ Սյունիքի մարզից։ Հանդիպումը տեղի է ունեցել Գորիսում։
  • «Աղջիկները խոսում են» նախաձեռնություն – Նախաձեռնության անդամները իրականացրել են գաղափարը մարտի 1-ից մինչև մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում: Այն իրենից ներկայացրել է «գովազդային» պոստերների պատրաստում, որոնք փակցվել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում: Պոստերներն արտաքինից առաջարկել են նախատոնական զեղչեր և ակցիաներ ծաղիկների, կոսմետիկայի, խնջույքների համար, որոնց վրա փակցված QR-ները սկան անելուց հետո մարդկանց առաջ բացվել են պոստերներ, որոնք ցույց են տալիս, թե կանայք ինչ խնդիրների միջով են անցնում Հայաստանում՝ չվճարվող աշխատանք, ընտանեկան բռնություն, առօրյա խտրականություն: QR-ները տեղակայվել են նոր ստեղծված Girlstalk կայքում, որը հետագայում կծառայի որպես հարթակ նախաձեռնության համար: Ինչպես նաև՝ մարտի 6-ին կազմակերվել է ցուցահանդես՝ «Տեսանելի անուն» խորագրով: