You are currently viewing Kvinna Till Kvinna հիմնադրամի աջակցությամբ  իրականացվող ծրագրեր (2023)

Kvinna Till Kvinna հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրեր (2023)

Ստորև կարող եք ծանոթանալ 2023 թվականին Kvinna Till Kvinna հիմնադրամի աջակցությամբ իրականացված ծրագրերին.

Ֆեմինիստական էսսեներ (որոնք շուտով հասանելիի կլինեն մեր կայքում).

  • Ելենա Եղիազարյան – Ելենան թերապևտ է: Համագործակցության ընթացքում Ելենան գրել է էսսե «Երկրորդ համաշխարհային պատերազմի ազդեցությունը ԽՍՀՄ պրոնատալիստական և ընտանեկան քաղաքականության վրա» թեմայով։ Էսսեի շրջանակներում ներկայացվել է 1944-ի հուլիսի 8-ին ընդունված «Հղի, բազմազավակ  կանանց և միայնակ մայրերի պետական օգնության ավելացման, մայրության և մանկության պաշտպանության ամրապնդման, մայրական պատվավոր կոչումների սահմանման՝ «Հերոս Մայր», «Մայրական փառք» շքանշանի և «Մայրության» մեդալի ստեղծման մասին» հրամանագրի վերլուծությունը և դրա ազդեցությունը գենդերային, ընտանեկան  հարաբերությունների և ԽՍՀՄ քաղաքացիների ռեպրոդուկտիվ վարքի վրա։
  • Էվիյա Հովհաննիսյան – Էվիյան պատմաբան է, մշակութային մարդաբան։ Էվիյան գրել է էսսե «Պատերազմի առևտրայնացման (կոմերցիալիզացիայի) գենդերային կողմը» թեմայով։ Տվյալ հետազոտության նպատակն է ուսումնասիրել պատերազմի առևտրայնացման հայաստանյան ներկա (հետպատերազմյան) պրակտիկաները և դրանց գենդերային ասպեկտները՝ հասկանալու համար, թե պատերազմն ինչպես է շահարկվում առօրյա եկամտաբերության և ձեռներեցության տեսանկյունից, և արդյոք այն ունի գենդերային բաղադրիչ։ Հետազոտության համար հեղինակը օգտվել է սոցիալ-մարդաբանական մեթոդաբանության գործիքակազմից՝ համադրելով դիսկուրսիվ և կոնտենտ վերլուծություններն ու էքսպերտային հարցազրույցները։ 
  • Տաթև Բալդրյան – Տաթև Բալդրյանը հետազոտող է, գրում է մարդու իրավունքների և կանանց խնդիրների մասին: ՀԿՀ-ի հետ համագործակցության ընթացքում նա գրել է էսսե հետևյալ վերնագրով՝ «ազգ, բանակ, հաղթանակ…». ռազմականացումը որպես գենդերացված եւ գերառնական գործընթաց»։ Բոլոր պետությունները հենվում են գաղափարախոսական որեւէ ուղղության վրա, որոնք կառուցում են հասարակական պատկերացումներ ազգային եւ սոցիալական ինքնության, ինչպես նաեւ անվտանգության վերաբերյալ: Ազգայանականությունը դա անում է տարբերության՝ էթնիկ, ազգային, դասակարգային, կրոնական եւ այլ, վերադաս կարեւորության միջոցով: Այս էսսեն ուսումնասիրում է, թե ինչպես է ազգայանականությունը հաջողում կառուցել իր անվտանգության գաղափարախոսությունը ռազմականացված գենդերային դերեր պարտադրելու միջոցով։
  • Սոնա Նիկողոսյան – Սոնա Նիկողոսյանը հետազոտող է, լրագրող։ ՀԿՀ-ի հետ համագործակցության ընթացքում նա գրել է էսսե՝ փորձելով քննադատորեն գնահատել գենդերային հավասարությունը և սեռական բռնության ռիսկերը, երբ Հայաստանը առաջ է շարժվում իր ռազմական բարեփոխումներում: Էսսեն վերլուծում է Հայաստանում հայրիշխանության պատմությունը և այն, թե ինչ նշանակություն ունեն գենդերային նորմերը պաշտպան – պաշտպանության ենթակա դերերի առումով ռազմականացման համատեքստում (Յանգ, 2003 թ.): Էսսեն նաև անդրադարձել է կամավոր զինվորագրման նախադեպերին, և թե արդյոք Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաշվի է առնում կանանց նկատմամբ բռնության մտահոգությունները:

Աջակցություն սահամանամերձ շրջաններում իրականացվող ծրագրերի.

  • Femforward ՀԿ (Նախկին «Աստղացոլք» ՀԿ) – «Ինչի՞ մասին են լռում կանայք» ծրագրի նպատակն էր նպաստել սահմանամերձ Ճամբարակ, Վարդենիս և Ջերմուկ համայնքների կանանց՝ հակամարտության հետևանքների նկատմամբ դիմադրության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են սեմինարներ՝ բարձրացնելու սահմանամերձ համայնքների կանանց իրազեկվածությունը ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող պրոնատալիստական քաղաքականության վտանգների և ռազմականացման ու խաղաղաշինության համատեքստում ընդունված որոշումների վերաբերյալ, որոնք անմիջականորեն ազդում են կանանց վրա։ 
  • Հարմոնիա ՀԿ – «Պատերազմ ականատես կանանց շուրթերով» նախագծի նպատակն է Երևանի առնվազն 45 բնակիչների մեջ գիտակցված վերաբերմունք ձևավորել երկրում տիրող իրավիճակի և սեփական կյանքի նկատմամբ Հայաստանում հանրային էսկապիզմը մեղմելու համար՝ լսելով կանանց բանավոր պատմությունները՝ ձայնագրված պատերազմից անմիջապես հետո (նոյեմբեր-դեկտեմբեր 2020)։
  • Գայանե Ղազարյան – «Հյուսելով պատմություններ Սյունիքից» ծրագրի հիմնական նպատակն է խրախուսել դեռահաս աղջիկներին՝ արտահայտելու իրենց տեսակետները իրենց և իրենց համայնքներին վերաբերող արդի խնդիրների (խաղաղություն, անվտանգություն, կրթություն և այլն) վերաբերյալ։ Աղջիկները ծանոթացել են լրագրության հիմունքներին, այնուհետև շարունակել լուսանկարել և գրել կարճ տեքստեր իրենց շրջապատի և համայնքի վերաբերյալ՝ համաձայն ընտրված հուշումների, որոնք վերաբերում են խաղաղությանը և անվտանգությանը: Ծրագրի միջոցով իրականացվող գործողությունները հետագայում կդառնան Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող երիտասարդների վերաբերյալ ավելի մեծ հետազոտության մաս, որը Գայանեն մտադիր է իրականացնել առաջիկայում: Ինչ վերաբերում է մասնակիցներին, ապա սեմինարի ընթացքում ձեռք բերված հմտությունները կարող են ելակետ ծառայել նրանց հետագա կրթական/կարիերային ձգտումների համար: