You are currently viewing COVID-19-ի ազդեցությունը կանանց ու աղջիկների վրա.Human Rights Watch-ի անդրադարձը

COVID-19-ի ազդեցությունը կանանց ու աղջիկների վրա.Human Rights Watch-ի անդրադարձը

COVID-19 համաճարակի բռնկումով Human Rights Watch միջազգային կազմակերպությունն իր անհանգստությունն է արտահայտել մարդու իրավունքների սահմանափակումների և համաճարակի հնարավոր հետևանքների վերաբերյալ: Սույն հոդվածում առանձնացրել ենք կանանց և աղջիկներին վերաբերող հատվածը:

Համաճարակների բռնկումը հաճախ գենդերային բնույթի ազդեցություններ է ունենում: Human Rights Watch-ը պարզել է, որ 2014թ. էբոլա վիրուսը և 2015-2016թթ. Բրազիլիայում բռնկված զիկա վիրուսը հատկապես վնասակար ազդեցություններ են ունեցել կանանց ու աղջիկների վրա՝ խորացնելով գենդերային անհավասարությունները: Շրջանառվող լուրերից ու առողջապահական ոլորտի վերլուծություններից ենթադրվում է, որ COVID-19-ը անհամաչափորեն ազդում է կանանց վրա մի շարք ձևերով:

Թեև COVID-19-ով վարակված հղի կանանց սպասվող ռիսկերը դեռևս պարզ չեն, համաճարակը կարող է բացասականորեն ազդել կանանց սեռական ու վերարտադրողական առողջության և իրավունքների վրա: Ծանրաբեռնված առողջապահական համակարգերը, ռեսուրսների վերաբաշխումը, բժշկական սարքավորումների պակասն ու համաշխարհային մատակարարման ցանցերի խափանումները կարող են խափանել հակաբեղմնավորիչների և նախա ու հետծննդյան խնամքի հասանելությունը կանանց համար: Թեև կրծքով կերակրելու միջոցով վիրուսի փոխանցման ռիսկն անհայտ է, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը խորհուրդ է տվել վարակված և կրծքով կերակրող մայրերին չբաժանել իրենց երեխաներից: Նախորդ համաճարակները, ինչպես էբոլայի բռնկումը Սիեռա Լեոնեում, ազդել են կանոնավոր նախածննդյան և մայրության խնամքի առկայություն վրա՝ կանանց ենթարկելով կանխարգելիչ մայրական հիվանդությունների ու մահացությունների ավելի մեծ ռիսկի:

Չինաստանում մամուլի հրապարակումներից ենթադրվում է,, որ կարանտինի պայմաններում աճել են ընտանեկան բռնության դեպքերը: Ճգնաժամն ու տեղաշարժման սահմանափակումները կարող են հանգեցնել ընտանեկան բռնության աճող դեպքերի սթրեսի, դժվար կենսապայմանների, համայնքի աջակցության բացակայության պատճառով: Ճգնաժամը սահմանափակում է կնոջ՝ բռնությունից ազատվելու հնարավորությունները, և բռնության զոհերը մնում են առանց ապահով միջավայրի, օրինակ՝ ապաստանի, որտեղ հեռու կլինեին բռնարարից, իսկ վերջինս պատասխանատվության կենթարկվեր:

Ընդհանուր առմամբ՝ ամբողջ աշխարհում կանայք տղամարդկանցից 2.5 անգամ շատ չվճարվող տնային աշխատանք են անում, և դպրոցների փակման պատճառով նրանք բախվում են լրացուցիչ խնամքի պատասխանատվությանը, որը դժվարեցնում է վճարովի աշխատանքը պահպանելը: Երեխաներ ունեցող ընտանիքների նման խնդիրը լուծելու նպատակով Ճապոնիան առաջարկել է բիզնեսներին փոխհատուցել աշխատողների վճարովի արձակուրդը, որպեսզի աշխատողը կարողանա երեխաների մասին հոգ տանել, թեև առաջարկված գումարն այնքան էլ մեծ չէ: Իտալիան միջոցներ էր փնտրում մեղմելու երեխաներ ունեցող ընտանիքների վրա ճգնաժամի ունեցած ազդեցությունները: Դրանց թվում կարող էին լինել վարձատրվող ծնողական արձակուրդ կամ վաուչեր մինչև 12տ. (կամ հաշմանդամություն ունեցող) երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք ստիպված են դպրոցների փակման պայմաններում վճարել երեխայի խնամքի համար:

Որոշ շրջաններում կին աշխատողների 95% աշխատում է ոչ ֆորմալ սեկտորում, որտեղ չկա աշխատանքի ապահովագրություն ճգնաժամային իրավիճակներում: Ոչ ֆորմալ աշխատանքն ընդգրկում է այնպիսի գործեր, որոնց տուժելը կարանտինի, սոցիալական հեռավորության ու տնտեսական սահմանափակումների պայմաններում առավել հավանական է, ինչպես փողոցային առևտուր, ապրանքի վաճառք ու սեզոնային աշխատանք: Կանայք մեծապես ընդգրկված են նաև ծառայությունների մատուցման ոլորտում, որը COVID-19-ից ամենաշատը տուժած ոլորտներից է:

Ամբողջ աշխարհում առողջապահության և սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտի աշխատողների 70% կանայք են, ինչը նշանակում է, որ կանայք կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են, ու վարակվելու ռիսկերը նրանց համար շատ մեծ են: Այդ ոլորտի աշխատողներից վարակվելու վախը հանգեցնում է խարանի՝ հավելյալ հոգս ավելացնելով այն կանանց ուսերին, ովքեր փորձում են պաշտպանել իրենց ու իրենց ընտանիքների առողջությունը: Նրանց համար մարտահրավերներից մեկն էլ իրենց երեխաների խնամքով զբաղվող գտնելն է, մինչ իրենք աշխատում են առաջնագծում:

Կանանց մի մասն էլ միգրանտներ են, որոնք աշխատում են տնային խնամքի ոլորտում: Նրանք խոցելի են շահագործող աշխատանքային պայմանների տեսանկյունից սովորական ժամանակ, իսկ նման ռիսկային շրջանում մեծանում է շահագործման, աշխատանքը կորցնելու, ոչ բավարար չափով պաշտպանված լինելու հավանականությունը:

Սոցիալական հեռավորություն պահպանելու պայմաններում աշխատանքի և ուսման նպատակով հեռահաղորդակցության միջոցների անհամաչափ բաշխվածությունը ևս վնասում է կանանց ու աղջիկներին: Որոշ երկրներում կանանց համար ինտերնետի հասանելությունը 31%-ով պակաս է տղամարդկանցից, իսկ ամբողջ աշխարհում սմարթֆոն ունեցող կանանց թիվը շուրջ 327մլն-ով քիչ է տղամարդկանց թվից: Անգամ ինտերնետ ունենալու դեպքում գենդերային անհավասարությունների պատճառով կանանց ներգրավվածությունը կարող է ավելի քիչ լինել՝ կապված ծախսերի, սոցիալիզացիայի, ընտանեկան խնդիրների հետ: Երբ ընտանիքի մի քանի անդամ կարիք ունի սահմանափակ քանակությամբ համակարգչային ռեսուրսներից օգտվելու, գենդերային անհավասարության պայմաններում կանայք ու աղջիկները ավելի քիչ հասանելություն են ստանում:

Առաջարկություններ

Կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ մեղմացնելու համաճարակի գենդերային բնույթի ազդեցությունները և երաշխավորելու, որ ձեռնարկված միջոցները չխորացնեն գենդերային անհավասարությունները:

Երբ կրթությունը տեղափոխվում է օնլայն հարթակ, կառավարություններն ու կրթություն ապահովողները պետք է հետևեն օնլայն դասերին ուսանողների/աշակերտների մասնակցությանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ապահովեն կանանց ու աղջիկների ներգրավվածությունը: Նրանք պետք է նաև լուծեն այն կանանց գործազրկության ռիսկերը, որոնք դպրոցների փակման պայմաններում ծանրաբեռնվում են լրացուցիչ խնամքի հոգսով:

Համաճարակից տուժած աշխատողներին օգնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները պետք է ընդգրկեն ոչ ֆորմալ և ծառայությունների ոլորտի աշխատողներին, որոնց մեծամասնությունը կանայք են:

Կառավարությունները պետք է իրազեկման արշավներ անեն՝ տեղեկացնելով, թե ինչպես կարող են ընտանեկան բռնության զոհերը օգտվել ծառայություններից, և ապահովել, որ բոլոր զոհերի համար այդ ծառայությունները հասանելի լինեն՝ ներառյալ կարանտինի մեջ գտնվող կամ կորոնավիրուսով վարակված կանանց համար:

Կառավարությունները պետք է աջակցեն առողջապահության և սոցիալական ծառայության առաջնագծի աշխատողներին՝ գիտակցելով, որ յաս մարդկանց մեծամասնությունը կանայք են: Աջակցությունը պետք է ներառի նրանց կարիքների գնահատում՝ որպես իրենց ընտանիքների խնամքով զբաղվողների, ինչպես նաև հավանական խարանից պաշտպանություն:

Միգրանտ տնային աշխատողների համար երկրները պետք է հատուկ միջոցներ ձեռնարկեն՝ օգնելով այդ աշխատողներին խուսափել աշխատանքային շահագործող պայմաններից, ինչպես նաև նրանց աջակցել COVID-19-ի հետ կապված հարցերում:

Կառավարություններն ու միջազգային մարմինները պետք է համատեղ մոնիթորինգ իրականացնեն COVID-19-ի՝ հղի կանանց վրա ունեցած ազդեցությունը պարզելու նպատակով, և քայլեր ձեռնարկեն կանանց ու աղջիկների՝ սեռական ու վերարտադրողական առողջության ծառայություններից օգտվելու իրավունքը համաճարակի պայմաններում ապահովելու ուղղությամբ:

Նյութի աղբյուրը՝ hrw.org

Leave a Reply