Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է մի շարք ապատեղեկատվության, որի դեմ պայքարել է պետք: Բոլորիս հետ էլ հավանաբար պատահել է, երբ մեր ընկերը, ընտանիքի անդամը կամ գործընկերը կիսվում է կորոնավիրուսի ճգնաժամի մասին այնպիսի տեղեկությամբ, որը չի համապատասխանում իրականությանը: Բայց այդ դեպքում ինչպե՞ս պատասխանել նրանց: Նախ և առաջ՝ հարկավոր է համբերատար ու բարի լինել:
Տանը փակված ժամանակ մենք բոլորս գործ ունենք անընդհատ փոփոխվող և խելահեղ լրատվական հոսքի հետ: Այս ծանր և հաճախ խառնաշփոթ իրավիճակում ապատեղեկատվությունն ու առասպելներն ավելի հեշտ են տարածվում համացանցում և դրանից դուրս, այնպես որ մյուսներին հասկանալն առանցքային է: Այս բլոգում կտեղեկացնենք Եվրոպական միության կողմից մշակված պատասխաններ այդ միֆերին ու ապատեղեկատվությանը:
Համացանցում առավել տարածված 5 միֆերին հակադրվող փաստերն են.
Փաստ 1. Ոչ մի կապ չկա կորոնավիրուսի և 5G տեխնոլոգիայի միջև
ԵՄ-ն սպառողի ամենաբարձր չափանիշներն ունի աշխարհում: 5G ցանցը այդ նույն բարձր չափանիշների վրա է պահվում: Նաև, ԵՄ-ի ազդեցության սահմանները լայն հասարակության համար առնվազն 50 անգամ ավելի ցածր են, քան առողջության վրա հնարավոր ազդեցություն ունենալու գիտական ապացույցները: 5G- ի և COVID-19-ի միջև կապ չկա: Կորոնավիրուսը վիրուս է, որը տարածվում է մեկ անձից մյուսը ՝ օդակաթիլային ճանապարհով՝ փռշտալու, հազալու կամ արտաշնչելու միջոցով:
5G-ն բջջային ցանցի տեխնոլոգիայի նոր սերունդ է, որը փոխանցվում է ոչ իոնացնող ռադիոալիքների միջոցով: Ոչ մի ապացույց չկա, որ 5G-ն վնասակար է մարդկանց առողջության համար: Չինական Վուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկումը կապված չէ 5G-ի հետ:

Փաստ 2. Ոչ ոք չի օգտագործում կորոնավիրուսային ճգնաժամը՝ զանգվածային պատվաստումներ պարտադրելու համար
Դժբախտաբար, կորոնավիրուսների դեմ պատվաստումներ կամ բուժում դեռ չկա: Պատվաստումները հանրային առողջության մեծ հաջողություններից են: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի դրանք փրկում են առնվազն 2-3 միլիոն մարդու կյանք:
ԵՄ-ն ակտիվորեն նպաստում է, որ պատվաստանյութերը գործեն, ազդեցություն ունենան, սակայն զանգվածային պատվաստումներ պարտադրելու պլաններ չկան: Մյուս կողմից, շատ մարդիկ ոչ գիտական, հակապատվաստումային պնդումներ են տարածում: Այս պնդումներն ազդում են մյուսների վրա՝ վախ առաջացնելով և դրանով զգալի վնաս հասցնելով հանրային առողջությանը:

Փաստ 3. Ներկայումս կորոնավիրուսի բուժման որևէ միջոց հայտնի չէ
Անծանոթ կամ ոչ հուսալի աղբյուրներից բժշկական խորհրդատվությանը հետևելը կարող է վտանգել ձեր առողջությունը և զրկել մյուսներին իրենց համար անհրաժեշտ դեղամիջոցներից կամ բժշկական սարքավորումներից: Զգուշացեք ցանկացած տեսակի բուժումից, որը մանրակրկիտ փորձարկված, հաստատված և լայն տարածում չունի: Եթե սովորաբար չեք վստահել նման բուժումներին, հիմա էլ մի արեք:
Առողջապահության վերաբերյալ խորհուրդ պետք է ընդունել միայն հուսալի և վստահելի աղբյուրներից, ինչպիսիք են հանրային առողջապահության ազգային մարմինները, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կամ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC): Սոց.ցանցերում վիրուսի բուժման վերաբերյալ ձեր հանդիպած ցանկացած տեղեկություն տարածելուց առաջ լավ մտածեք և համոզվեք, որ տվյալ տեղեկությունը վստահելի աղբյուրներից է: Այս ճգնաժամը բոլորիս է վերաբերում, ուստի չպետք է խաբնվենք կեղծ տեղեկատվությանը:

Փաստ 4. Դիմակները լրացնում են այլ կանխարգելիչ միջոցներին, դրանք պետք է ճիշտ օգտագործել և ճիշտ դեն նետել
Մենք բոլորս ցանկանում ենք ցանկացած ձևով պաշտպանվել կորոնավիրուսից, իսկ դիմակները ճիշտ օգտագործելու դեպքում կարող են օգնել այս համաճարակի ընթացքում մեզ ապահով և առողջ մնալ: Հասարակության մեջ դիմակ կրելն առաջին հերթին համերաշխության ակտ է: Եթե դուք վարակված եք, բայց չունեք ախտանիշներ, դիմակը կարող է պաշտպանել մյուսներին:
Մենք չպետք է թույլ տանք, որ դիմակների օգտագործումը մեզ կեղծ անվտանգության զգացողություն հաղորդի. դրանք պետք է դիտարկվեն զուտ որպես կանխարգելիչ միջոց՝ ձեռքերը հաճախակի լվանալու և ֆիզիկական հեռավորություն պահպանելու հետ մեկտեղ: Դիմակների պատշաճ օգտագործումը և դեն նետելը կարևոր նշանակություն ունի, քանի որ ոչ պատշաճ պրակտիկան կարող է հանգեցնել վարակի ավելի բարձր մակարդակի: Պետք է միշտ հետևել առողջապահության ազգային մարմնի խորհուրդներին, որոնք կարող են փոխվել իրավիճակի զարգացման և նոր գիտական ապացույցների մատչելիության պայմաններում:

Փաստ 5. COVID-19-ը բնական կենդանական ծագում ունի, դրա բռնկումը արհեստածին չէ
Ճգնաժամի պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է համերաշխ աշխատել աշխարհի տարբեր երկրների հետ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս վիրուսի առաջացման վերաբերյալ ապատեղեկատվությունը կարող է հեշտությամբ վնասել միջազգային աջակցության կարևոր ցանցերը և, իր հերթին՝ շատ մարդկանց կյանքը վտանգի ենթարկել: Մենք պետք է համագործակցենք միմյանց հետ և ընդունենք, որ առայժմ որևէ ապացույց չկա, որ կորոնավիրուսն արհեստածին է:
COVID տեսակի վիրուսներն առաջացնում են շնչառական հիվանդություններ և կենդանիներից կարող են փոխանցվել մարդկանց: Ենթադրվում է, որ կորոնավիրուսի ներկայիս տեսակը մարդկանց է փոխանցվել ծովամթերքների շուկայում՝ Չինաստան Վուհան քաղաքում, որտեղ վիրուսի մասին առաջին անգամ զեկուցվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը 2019թ.դեկտեմբերի 31-ին: Ճիշտ է՝ վիրուսի առաջացման վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցեր կան, սակայն մենք պետք է հասկանանք, որ այս հիվանդության համար մյուսներին մեղադրելը չի բարելավի իրավիճակը.միայն համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել այս վիրուսը:

Նյութի աղբյուրը՝ https://ec.europa.eu/