1.Ընկալումն իրականություն է
Ճշմարիտ է: Աշխարհը հասկանալու ու մեկնաբանելու քո ձևն անմիջականորեն ազդում է քո հավատալիքների և ապրելակերպի վրա: Ընկալումը ոչ միայն օգնում է հասկանալ, այլ նաև կողմնակալություններ է ձևավորում: Հետաքրքրությանը զուգահեռ այն վախ է առաջացնում:
Ուզում ես քո իրականությունը նե՞ղ, թե՞ ընդարձակ լինի: Անտարբերության երանությունը բավակա՞ն է, թե՞ ավելիի կարիք ունես:
Ճշմարտությունն այն է, որ շատ մարդիկ ավելին են ուզում: Անգամ եթե դա ենթագիտակցական մակարդակում է: Մարդիկ առաջինը լինելու հակում ունեն: Օրորոցից մինչև գերեզման մեր հասարակությունը շեշտում է կրթության կարևորությունը: Մենք սովորում ու բացահայտում ենք, բայց, այնուամենայնիվ, անհասկանալի բաները մնում են անհասկանալի: Իսկ ինչպե՞ս սովորել այն, ինչը չգիտես: Սկսի՛ր ինքդ քեզ հարցնելուց.«Ի՞նչ չգիտեմ ես»: Ի՞նչ ես ուզում սովորել:
Ամենակարևորը՝ հիշի՛ր, որ սխալվելը նորմալ է: Սխալն աճելու հնարավորություն է:

2.Ամեն բան ժամանակավոր է
Լավ ու վատ պահերը ժամանակավոր են: Ուստի, երբ լավ պահ ես ապրում, վայելի՛ր այն, հաճու՛յք ստացիր ու երախտապա՛րտ եղիր դրա համար: Իսկ երբ վատ՝ իմացի՛ր, որ կհաղթահարես այն: Իմացի՛ր, որ դա վերջը չէ: Կյանքը լի է շրջադարձերով, վերելք-վայրէջքներով ու անակնկալներով:
Մենք հաճախ մոռանում ենք, որը կարևոր է ոչ թե նպատակակետը, այլ հենց ինքը ճամփորդությունը:
Ամեն ինչից կարելի է դաս քաղել: Շատ մարդկանց համար՝ հատկապես երիտասարդների, դժվար է կյանքն արժևորելը: Քո դժվարությունների ու սխալների իրական արժեքը գիտակցելը ճամփորդությունը արժևորելու բանալին է: Ամեն բան ժամանակավոր է, հետևաբար՝ ձգտի՛ր ամեն ինչից առավելագույնը ստանալ:

3.Ներկա լինելու կարևորությունը
«Եթե ընկճված եք, ուրեմն անցյալում եք ապրում: Եթե մտավախություն ունեք, ուրեմն ապագայում եք ապրում: Եթե խաղաղության մեջ եք, ուրեմն ներկայում եք»: – Լաո Ցու
Շատ հաճախ մենք հակված ենք անհանգստանալու սպասվող բաների համար կամ արդեն տեղի ունեցածի: Թեև քո ապագայի մասին մտահոգվելը կարևոր է, պետք է զգուշանաս ներկադ ետին պլան մղելուց: Պահերը վերածվում են հիշողությունների: Վայելի՛ր պահը, քանի ունես դրա հնարավորությունը:
Սովորաբար մի ամբողջ կյանք է պահանջվում անձից հասկանալու մի պարզ ճշմարտություն՝ անհանգստանալն արդյունավետ չէ: Անցյալում ապրելը՝ նույնպես: Ինքդ քո ու քո անցյալի մասին մտորելն իր դրական կողմերն ունի.գիտակցել, թե ինչի միջով ես անցել ու դրա արդյունքում ինչպես ես քեզ զգում: Սակայան շատ կարևոր է համաչափություն պահպանել անցյալի մասին մտորելու ու ապագայի պլաններ կազմելու միջև, իսկ այդ ընթքացքում՝ ապրելով ներկայիդ մեջ:

4.Արա՛ այն, ինչ սիրում ես, սիրի՛ր այն, ինչ անում ես
Քո աշխատանքը կյանքիդ զգալի մասն է կազմում, որին նվիրվում ես: Եթե այն քեզ չի երջանկացնում, անդրադառնում է կյանքիդ մնացած կողմերի վրա: Ու թեև ոչինչ կատարյալ չէ, կարևոր է ինքդ քեզ վրա աշխատելն ու տրամադրվելը՝ քո ցանկալի նպատակներին հասնելու:
Եվ ամենակարևորը՝ ինքդ քո մեջ ներդրում արա:
Սա վերաբերում է նաև քո ոչ աշխատանքային կյանքին: Ի՞նչ սովորույթներից ու հոբբիներից ես ուզում ազատվել: Որո՞նք ես ցանկանում զարգացնել: Հարկավոր է գիտակցել, թե ինչ տեսակի մարդկանցով ու զբաղմունքներով ես շրջապատում քեզ: Տեղեկությունը ուղեղի համար սննդանյութի պես է.զգուշացիր, թե ինչով ես սնում քեզ: Հաջողությունը մի հաղթական պահ չէ, այլ պահերի (և ընտրությունների) շարք, որ տանում են դեպի ավելի մեծ պահեր:
Բոբ Դիլանը լավագույնս է բնորոշել.«Ի՞նչ է փողը: Մարդը հաջողակ է, եթե առավոտյան վեր է կենում ու գիշերը պառկում քնելու, իսկ այդ արանքում անում է այն, ինչ ուզում է»:
5.Երջանիկ լինելն աշխատանք է պահանջում
Ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր ամենաշատն են աշխատում իրենք իրենց վրա: Երջանիկ լինելը շատ աշխատանք է պահանջում: Նույնչափ էլ աշխատանք է պահանջում դժբախտ լինելը: Հետևաբար, պետք է խելամիտ ընտրություն անել: Երջանիկ լինել նշանակում է որոշակի պահի որոշել կառավարել սեփական կյանքդ: Նշանակում է որոշել զոհ չլինել ու այդ էներգիան պահպանել: Երբեմն դժվար է, սակայն պետք է ինքդ քեզ առաջ հրես:
Քո կյանքը զարգացումների ու անհատական աճի շարք է:
Ինքնազարգացման համար արվող ամենավատ բաներից մեկը ինքդ քեզ ուրիշ մարդկանց հետ համեմատելն է: Հեշտ է նախանձով լցվել ու ցանկանալ այլ մարդկանց ունեցածը: Հատկապես սոցիալական մեդիայի դարաշրջանում: Հիշի՛ր, որ նման հարթակներում մարդիկ հակված են ցուցադրելու իրենց կյանքի լավագույն պահերը միայն: Ինքդ քո հանդեպ արդարացի չէ, երբ ինչ-որ բան ես տեսնում ու ասում «Ուզում եմ անել դա» կամ «Ուզում եմ նման տեսք ունենալ»: Դա ոչ միայն շեղում է քեզ քո ունեցածի համար երախտապարտ լինելուց, այլ նաև ոչ մի օգտակար բան չի տալիս քեզ: Շատ հաճախ ուրիշների կյանքի վերաբերյալ քո պատկերացումները մոլորություն են: Թեկուզ եթե այդպես չէ, միևնույնն է, կենտրոնացի՛ր ինքդ քեզ վրա: Սա քո ճամփորդությունն է ու քո ուղին, ու միայն դա պիտի անհանգստացնի քեզ:
Երջանիկ լինելը պրակտիկա է պահանջում.սովորել ազատվել սեփական էգոյից կամ ձևավորել ինքդ քեզ սիրելու ավելի շատ սովորույթներ: Ընդամենը մի կյանք ունես, ձգտի՛ր այն դարձնել լավագույնը:

Նյութի աղբյուրը՝ www.inc.com