Շարունակում ենք ձեզ ներկայացնել հասարակական ոլորտի այն կանանց ու աղջիկներին, ովքեր ակտիվորեն կատարում են իրենց աշխատանքը համաճարակի պայմաններում՝ փորձելով օգնել դրա կարիքն ունեցող բազմաթիվ այլ կանանց (առաջին մասը կարող եք կարդալ այստեղ):

Ժենյա Մայիլյան, Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Ժենյա Մայիլյանը՝ Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ից, պատմում է, որ կազմակերպության աշխատանքերի ծավալը կարանտինի օրերին բազմապատկվել է: Աշխատանքային օրը ձգվում է երբեմն մինչև 21:00, հատկապես մարզային այցերի ժամանակ, երբ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հասցնում են կենսական նշանակության ՀՌՎ դեղամիջոցները: Հրատապ գործերի դեպքում աշխատում են նաև հանգստյան օրերին:

«Կանանց վրա ուղիղ ազդեցություն ունեն մեր աշխատանքները. կարանտինի պատճառով սահմանափակված են ազատ տեղաշարժի հնարավորությունները, իսկ ՀՌՎ դեղամիջոցները տրամադրվում են միայն Երևանում, ուստի ՄԻԱՎ-ով ապրող բազմաթիվ կանայք չեն կարողանում մարզերից, երբեմն նույնիսկ հենց Երևանից, գնալ ՁԻԱՀ-ի ԿՀԿ և ստանալ ՀՌՎ դեղերը: Մենք աջակցում ենք դեղերի փոխանցման հարցում. ստանում ենք դեղերը, որևէ միջոցով ուղարկում իրենց բնակավայր կամ անձամբ ենք տանում: Համաճարակի պատճառով աշխատանքը կորցրած և ֆինանսական դժվարություններ ունեցող կանանց տրամադրում ենք սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ»:

Ժենյան նշում է, որ այս օրերին աջակցել են բազմաթիվ կանանց նաև համաճարակի տնտեսական հետևանքների վերացման համար պետական ծրագրերում ընդգրկվելու հարցում: Կազմակերպությունը շարունակում է աութռիչ աշխատողների միջոցով պահպանակներ, ներարկիչներ, սպիրտային խծուծներ տրամադրել թմրամիջոց գործածող անձնաց, որոնց շրջանում ևս կանայք կան: Սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ են նաև տրամադրվել պալիատիվ խնամքի կարիք ունեցող շահառուներին:

Աշխատանքային նոր ռեժիմի մասին էլ պատմում է հետևյալը.«Ես աշխատում եմ օրը 10-12 ժամ: Շաբաթ-կիրակի օրերին հիմնականում մարզային այցեր ենք իրականացնում՝ ՀՌՎ դեղամիջոցները շահառուներին հասցնելու համար: Համաճարակի առաջին օրերից երեխաներիս տարել եմ սկեսուրիս տուն և նրանց գրեթե չեմ տեսնում: Շատ դժվար է այս օրերին համատեղել աշխատանքն ու ընտանիքը. ցավոք, ընտանիքը տուժում է: Երեխաների հետ հիմնականում շփվում եմ տեսակապի միջոցով: Շատ են նեղվում, որ իրարից հեռու ենք»:

Համաճարակի պատճառով սահմանափակվել են շփումները, փոխվել է աշխատանքի ծավալը, ռիթմը: Այդ ամենից բխող սթրեսն ու հոգնածությունը հաղթահարելու միջոց դեռ չի գտել.«Մեկ-մեկ զգում եմ, որ էլ ուժ չունեմ, բայց ինքս ինձ հույս եմ տալիս, որ շուտով կավարտվի այս ճգնաժամը և կհասցնենք հանգստանալ»:

Իսկ այս օրերին էլ կիրառում է հետևյալ կարգախոսը.«Ընկճվելու, նեղսրտելու, թուլանալու ժամանակ չկա: Պետք է գործել…»:

Դիանա Կարապետյան, «Փինք» իրավապաշտպան ՀԿ, կամավորների համակարգող և ծրագրի օգնական

Դիանա Կարապետյանն էլ պատմում է, որ արտակարգ ռեժիմի ընդունումից անմիջապես հետո սկսել են տանից աշխատել։ Փորձում են գտնել ալտերնատիվ տարբերակներ ԼԳԲՏ համայնքի իրավիճակի վրա դրական ազդեցություն ունենալու համար։ «Ավելի շատ ենք օգտագործում առցանց հարթակը՝ օգտագործելով նոր գործիքներ, համապատասխանեցնելով ներկայիս իրավիճակին։ Քանի որ Փինք Արմենիան ԼԳԲՏ համայնքահեն իրավապաշտպան կազմակերպություն է, մեր աշխատանքն ուղղված է ԼԲՏ կանանց վիճակի բարելավմանը։ Արտակարգ ռեժիմի ընդունումից հետո Փինքը սկսեց սոցիալական աջակցություն տրամադրել ԼԳԲՏ անձանց՝ այդ թվում ԼԲ կանանց, ովքեր այս օրերին հայտնվել են սոցիալական ծանր իրավիճակում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի ինդիվիդուալ կարիքները»:

Համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը բերել է իր բացասական հետևանքները.«Փոփոխվել է օրվա ռեժիմը։ Սկսել եմ ավելի ուշ քնել ու ավելի քիչ: Բնականաբար, ֆիզիկական ակտիվությունն է նվազել շատ, ինչի պակասը ժամանակ առ ժամանակ զգացնել է տալիս, հատկապես արտահայտվում է էներգիայի պակասով»:

Դիանան նշում է, որ խուսափում է ընտանիքի անդամներին ֆիզիկապես մոտ լինելուց, քանի որ տարիքով մեծ են, ու ամեն անգամ սթրես է զգում նրանց մոտ լինելուց։ Ճնշվում է, որ չի կարող նրանց հանգիստ տեսնել, քանի որ մենակ է ապրում, ու այժմ չի կարող այցելել նրանց:

Սթրեսն ու լարվածությունը հաղթահարելու միջոցների մասին էլ ասում է հետևյալը.«Փորձում եմ ավելի շատ հոգ տանել առողջությանս մասին կամ ուղղակի խուսափում եմ օրինակ մրսելուց: Աշխատում եմ գրեթե տանից դուրս չգալ, քանի որ անգամ դուրս գալուց, պատրաստություններից արդեն իսկ սթրես եմ զգում։ Ուրախացնում եմ ինձ համով ուտելիքներով, բարձր երաժշտությամբ, փոքրիկ ուրախություններով»:

Որպես կարգախոս էլ կիրառում է լավատեսական «գտնել ստեղծված իրավիճակում օգտակար/դրական կողմերը» սկզբունքը:

Նաիրա Հարությունյան, «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ նախագահ

«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ հիմնադիր և նախագահ Նաիրա Հարությունյանը պատմում է, որ համաճարակի պայմաններում կազմակերպությունը որոշակի խնդիրների է բախվել , սակայն չի դադարեցրել իր գործունեությունը։ «Գործ ունենք ընտանեկան բռնության դեպքերի հետ, իսկ ճգնաժամային իրավիճակներում կանայք ավելի խոցելի են դառնում, և մեր աջակցության կարիքը էլ ավելի է զգացվում»:

Նաիրան նշում է, որ աշխատում է 24/7 ռեժիմով, սակայն չհանձնվելով համաճարակի բերած սահմանափակումների ու խոչընդոտների առաջ:

«Ես իմ աշխատանքը սիրով եմ անում ու չեմ հոգնում, տեսակով ակտիվ եմ և չհանձնվող , հաճախ ինքս ինձ հորդորում եմ, որ թուլանալու իրավունք չունեմ, ու ամեն ինչ հաղթահարելի է, և շարժվում եմ առաջ»:

Որպես կարգախոս էլ նշում է.«Առողջ եղեք, ամեն ինչ ժամանակավոր է»:

Անուշ Ասլանյան, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանը բոլորի պես աշխատում է տան պայմաններում՝ օնլայն տարբերակով: Շահառուների հետ կապի մեջ են լինում կամ հեռախոսազանգերի կամ վայբերի միջոցով: Այս ընթացքում կազմակերպությանը դիմել են մեծ թվով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր՝ սոցիալական աջակցության խնդրանքով:

Անուշը նշում է, որ իր համար աշխատանքային ռեժիմ չկա.շահառուները կարող են զանգահարել ցանկացած պահի և ցանկացած օր: Համաճարակով պայմանավորված փոփոխությունների մասին էլ պատմում է.«Ակտիվ կյանքից հետո, ես կասեի՝ «գժական» ակտիվ կյանքից հետո սա ինձ համար բացառիկ հնարավորություն էր՝ տեսնելու շրջապատս, շփվելու ընտանիքիս անդամների հետ: Սկսեցի զբաղվել այլ նոր աշխատանքներով, որոնք միշտ երազանք են եղել կատարել, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ արել: Իսկ հիմա, չգիտեմ ինչու, գնալով ժամանակս կրկին չի հերիքում՝ նույնիսկ տան պայմաններում»:

Աշխատանքային սթրեսն ու հոգնածությունը հաղթահարելու բացառիկ միջոց է գտել.«Նոր միտք ունեմ.սկսել եմ Հաշմանդամության Փիլիսոփայություն թեմայով YouTube-յան էջ վարել: Պատրաստել տեսանյութեր, որտեղ կներկայացնեմ հաշմանդամությունը առավել կրեատիվ եղանակով:»

Անուշի տեսահոլովակները կարող եք գտնել իր յութուբյան ալիքում:

Գայանե Գրիգորյան, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, ծրագրերի բաժնի ղեկավար

Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ այլ ՀԿ՝ «Ագաթ» կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանը պատմում է, որ իրենց կազմակերպության աշխատանքներն ուղղակի և անուղղակի կերպով ազդեցություն ունեն կանանց վրա, քանի որ շահառուները մեծամասամբ կանայք են: «Մեր գործունեության հիմնական թիրախը հաշմանդամություն ունեցող կանայք են: Մենք փորձում ենք այս օրերին մեզանից կախված ամեն ինչ անել, որ համավարակի ազդեցությունները անդառնալի չլինեն. փորձում ենք ֆինանսական կայունություն ապահովել աշխատակիցների համար, հետևողական ենք, որ չխախտվեն մեր շահառուների իրավունքները, վերջիններիս հետ միշտ կապ ենք պահում, որպեսզի փորձենք հասկանալ ինչ աջակցության և օգնության կարիք ունեն»:

Գայանեն նշում է, որ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում, քանի որ տնից աշխատելուն ավելացել են նաև տնային հոգսերն ու պարտականությունները.«Բայց սիրով եմ անում այս ամենը, քանի որ գիտակցում եմ, որ բոլորս ունենք մեր կարևոր առաքելությունը այս օրերին: Յուրաքանչյուր ոլորտի աշխատող ունի իր կարևոր դերն ու կոչումը, որպեսզի կարողանանք արագ հաղթահարել այս համավարակային իրավիճակը, և հաղթահարենք պատվով, առանց սթրեսի կամ հոգեկան լարվածության»:

Համավարակի պայմաններում երկարաձգվել է աշխատանքային առօրյան.աշխատանքը տևում է մինչև ուշ գիշեր, հեռախոսազանգերին պատասխանում են նույնիսկ ոչ աշխատանքային օրերին.«Եթե կարող ենք մեր աշխատանքով օգնել գեթ մեկ անձի, չպետք է անտեսենք դա»:

Աշխատանքային սթրեսն ու հոգնածությունը հաղթահարելու միջոցների մասին էլ նշում է հետևյալը. «Լինելով անչափ լավատես անձնավորություն՝ միշտ փորձում եմ հանգիստ և ըմբռնումով վերաբերվել իրավիճակին և դժվարություններին: Հասարական ոլորտի աշխատանք կատարելով երկար տարիներ՝ միշտ զգացել եմ հոգնածություն և լարվածություն. վազել եմ քաղաքից քաղաք, մի ծրագրից մյուս ծրագին, մի դասընթացից՝ մյուսին, որպեսզի կարողանամ ամեն ինչ հասցնել տեղին, ժամանակին և հավուր պատշաճի, իսկ սթերսային իրավիճակները միշտ հանգիստ եմ հաղթահարում, չեմ ենթարկվում խուճապի: Ցանկացած դժվարություն և մարտահրավեր կարելի է հաղթահարել, եթե կա ցանկություն, հավատ և նվիրում»:

Այս օրերին Գայանեի կարգախոսը հետևյալն է.«Կյանքը երբեմն մեզ մատուցում է անակնկալներ, որոնց մենք միշտ չէ, որ պատրաստ ենք: Պարզապես պետք է լինել լավատես, վճռական, ազնիվ և հավատալ մեր առաքելությանն ու նպատակին, և ամեն ինչ հաղթահարելի է»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s