Շարունակում ենք ձեզ ներկայացնել մեր շրջապատի կանանց ու աղջիկներին: Ծանոթացեք Նվարդ Ավետիսյանի հետ:

Նվարդ Ավետիսյան, 26տ. Մասնագիտությամբ պատմաբան է։ Աշխատել է լրագրության եւ PR-ի ոլորտում։ Այժմ աշխատում է ՀՀ Ազգային ժողովում։
  • Ձեզ համարու՞մ եք ֆեմինիստ: Եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը -Ժամանակակից աշխարհում ֆեմինիզմի մասին պատկերացումները խիստ հակասական են ու տարբեր՝ կապված, թե ինչպիսի երկրում ենք ապրում՝ կառավարման ձեւով կամ արժեհամակարգով եւ որ հանրույթի մաս ենք մենք։ Ինձ համար ֆեմինիզմը արժեհամակարգի մի մաս է։ Անկախ սեռից՝ հնարավորությունների ու իրավունքների իրացման գաղափարախոսությունն է, երբեմն՝ պայքարը, երբեմն՝ ռադիկալ պայքարը։ Փաստն այն է, որ այսօր մենք չենք կռվում հանուն այնպիսի իրավունքների, որոնք պետությունը չի երաշխավորում․ այսօր մենք փորձում ենք լուծել խնդիրներ, որոնք չէին լինի, եթե մեր աշխարհընկալումը համապատասխաներ այն Սահմանադրությանը, որը մենք ունենք։ Այն, ինչը ենթադրվում է ֆեմինիստական պայքարով, միտված է ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանությանը, այլեւ մարդու իրավունքների գերակայությանը, հարգանքի մթնոլորտում փոխհարաբերությունների ձեւավորմանը, ընտանիքի մենթալ առողջությանը։ Այն հասարակությունները, որտեղ կանանց իրավունքները պաշտպանության կարիք չունեն ձեւավորում են անհատի առաջխաղացման համար պայմաններ, հետեւաբար՝ հզոր պետություններ։
  • Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ -Որքան էլ տարօրինակ է հնչում շատերի համար, իմ կարծիքով հայաստանյան աշխարհընկալման մեջ կանանց դերը երբեմն շատ ավելի կարեւորված է, քան մեր պատկերացումների զարգացած ու քաղաքակիրթ երկրներում։ Սակայն այստեղ էլ մեզ բնորոշ է պատմական անցյալով ապրելը․ վկայակոչելը, որ Առաջին հանրապետությունում ունեինք կին պատգամավորներ, այնինչ եվրոպայում կանայք ընտրելու իրավունք չունեին եւ այլն, սակայն այսօր մեր երկրում սպանվում է մարդ, ում մարմինը մահից հետո դառնում է քննարկումների ու շահարկումների նյութ միայն այն պատճառով, որ նա հասարակության ճաշակով չէր ապրում։ Ընդհանրապես մենք հետաքրքիր ենք մտածում․ ապրումակցումը մեզ մոտ հետաքրքիր դրսեւորումներ է ունենում, գուցե նրանից է, որ պատմականորեն մենք քիչ ժամանակ ենք ունեցել հոգեկերտվածք ձեւավորելու ու մեր ռեսուրսները ավելի շատ ծախսել ենք արտաքին թշնամու դեմ պայքարում։ Հայաստանում, եթե աղջիկ ես ու ծնվել ես, նշանակում է արդեն հաղթանակ ունես, որովհետեւ ձերոնք դեմ չէին քեզ ունենալ։ Այսօր մենք մի տեսակ անցումային փուլում ենք ու կրկնակի դժվար է գտնել մեր տեղը։ Ժամանակները փոխվում են, իսկ մեր հասարակությունը ամեն բան ծայրահեղացված է ընդունում։ Հայաստանյան իրականությունում աղջիկ լինելը բարդ է մի խոսքով։
  • Ձեր առօրյայում, աշխատանքում ի՞նչ խնդիրների եք հանդիպում որպես կին/աղջիկ -Իմ բախտը բերել է, որ շրջապատված եմ հիմնականում այնպիսի մարդկանցով, ովքեր մարդուն ընդունում են որպես բարձրագույն արժեք եւ պայքար են մղել մարդու իրավունքների գերակայություն հաստատման, ժողովրդավար երկիր ունենալու համար եւ այսօր էլ շարունակում են անել քայլեր դրանց ամրապնդման ու ինստիտուցիոնալացման համար։ Ընտանիքումս բոլոր իրավիճակներում հաղթում է կոնսենսուսային տարբերակը։ Ժամանակին ընտանիքիս մտերիմներն ամեն առիթով փորձում էին կարծրատիպային աղջկա կերպարը դոմինանտ դարձնել, սակայն ապարդյուն էր, ու հիմա ուրախ եմ, որ իմ շրջապատում ընտանիքները փորձում են երեխաներին կրթել խտրականության ու բռնության բացառման գաղափարախոսությամբ։ Իսկ խտրականության բառացումը ինքնին ենթադրում է նաեւ կանանց իրավունքների պաշտպանություն։
  • Ըստ Ձեզ՝ որո՞նք են կին/աղջիկ լինելու առավելությունները (եթե կան) մեր հասարակության մեջ -Իհարկե կան։ Մենք արժանանում ենք հարգանքի եւ հաճախ չարդարացված շռայլությունների, սակայն այդ առավելությունները այնքան էլ իմ սրտով չեն, քանզի ինձ համար հաճելի չէ լինել ինչ-որ իրավիճակում, որը ինձ շռայլել են միայն իմ սիրուն աչքերի համար։ Դա նման է նրան, որ որեւէ տեղ մուտքը աղջիկներին անվճար է, իսկ տղաների համար զույգերով։ Դա նորմալ չէ։
  • Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր հասարակության մեջ  -Կուզեի, որ մենք անտարբեր չլինեինք այն ամենին, ինչը մեր հասարակությունը դարձնում է դանդաղընթաց ու աչք չփակեինք շատ խնդիրների վրա։ Կուզեի ուղիղ նայեինք իրականությանը եւ սկսեինք խոսել միմյանց հետ մեր ներսում եղած խնդիրների, կոմպլեքսների մասին։ Մեզ երկխոսությունն է պակասում։ Դա է առաջընթացի հիմքը։
  • Ո՞րն է Ձեր ամենամեծ կարողությունը/ուժը (superpower) -Ես նրբազգաց եմ եւ իրավիճակները համակողմանի վերլուծող․ գուցե պարադոքսալ է, բայց երբեմն համատեղելի է․ ես այդ դեպքն եմ։ Հաճախ ասում են, թե դա բնորոշ է կանանց։
  • Ունե՞ք պատմություն (տվյալ թեմայի շրջանակներում), որով կցանկանայիք կիսվել -12-13 տարեկանում մի կոշկակար մինչ սոսնձում էր փողոցում քայլելիս միամտաբար պոկված կոշիկս, ասաց՝ աղջիկը կատվի նման ա, ինքը միշտ պիտի թաթերի վրա կանգնի, ինչքան էլ գցեն, ինքը պիտի կանգնի ու քայլի առաջ։ Հանճարեղ էր ասված։
  • Խորհուրդ այլ կանանց/աղջիկներին -Շողա՛ եւ փայլի՛ր, աղջի՛կ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s