Ֆեմհարցազրույցը շարունակում է բացահայտել մեր շրջապատի ֆեմինիստներին: Այս անգամ ծանոթացեք Մելանյա Հովհաննիսյանի հետ:

Մելանյա Հովհաննիսյան, 20տ. Սովորում Է Բրյուսովի պետական համալսարանում, ապագա լեզվաբան է։ Պրակտիկա է անցնում ԵՊՀ Գենդերային հետազոտությունների կենտրոնում, որի շրջանակներում զբաղվում է Վիքիպեդիայում գենդեր հոդվածի առանձին մասերի թարգմանությամբ
  • Ձեզ համարու՞մ եք ֆեմինիստ: Եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը -Չնայած նրան, որ ֆեմինիզմը սահմանվում է որպես քաղաքական, սոցիալական շարժումների ամբողջություն, հայ իրականության մեջ այն լիովին այլ արտահայտում է ստացել այնպես, որ երբ որևէ մեկն ասում է՝ ֆեմինիստ եմ, նա ընկալվում է որպես խելագար, որ պայքարում է տղամարդու դերի նվազման համար։ Տգեղ պատկեր ստացվեց, այնպես չէ՞։ Ֆեմինիզմն ինձ համար առաջին հերթին կնոջ դերի ճիշտ ընկալումն ու դրա արժևորումն է։ Քանի որ հասարակության մեջ հաճախ ավելի մեծ է արական և ոչ թե իգական սեռի դերը, այդ պատճառով ավելի մեծ անհրաժեշտության կա նախ խոսելու կանանց իրավունքների մասին։ Ֆեմինիստիս նպատակը ոչ թե կնոջը մեծարելուն հասնելն է, այլ սեռերի միջև հավասարություն ու ներդաշնակությունը հիմնելը։
  • Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ -Լինել աղջիկ/կին Հայաստանում, ցավոք, հստակ գծված բացատրություններ ու մեկնաբանություններ ունի․ կին է նա, ով նուրբ է, թուլակազմ, համեստ, ամաչկոտ ․․․ Հասարակությունն է տվել այդ բնորոշիչները, որոնց հետևում են իգական սեռի շատ ներկայացուցիչներ։ Ու դարձյալ, ցավոք, ժամանակի հետ պատկերը նույնն է մնում․ հայ կինը ամոթխած էակ է, որ պետք է հանդուրժի տղամարդու/ամուսնու վարքագիծը, իրենից 7 գլուխ բարձր լինելը և վերջնական խոսքի իրավունք ունեցող լինելը։ Ես, այնուամենայնիվ, չեմ ընդունում այս «չափորոշիչները», քանի որ այդպես կաղապարվում է մարդ։ Թե՛ հայաստանյան և թե՛ այլ իրականության մեջ կինը պետք է ունենա այն դերը, որն ինքն է ցանկանում։ Եվ սակայն ինչքան էլ փորձում եմ պնդել տեսակետս, «հայաստանյան կնոջ նկարագիր» ասելով վերը նշվածն է մտքիս գալիս։
  • Ձեր առօրյայում, աշխատանքում ի՞նչ խնդիրների եք հանդիպում որպես կին/աղջիկ -Չեմ հանդիպում։ Զարմանալի կթվա, բայց կարծում եմ, որ ես սեռով պայմանավորված խնդիրների հետ չեմ առնչվում իմ առօրյայում։ Իրականում մի քիչ սառնարյուն եմ, երբեմն՝ կոպիտ ու կտրուկ, գուցե ոչ այնքան բարի, անգամ հիշաչար․ այն գծերն եմ կրում, որոնք սովորաբար, ըստ մեր իրականության, բնորոշ են տղամարդկանց։ Այս ամենին գումարենք ապագայիս մասին պատկերացումներս՝ նախ հաստատվել, կայուն հիմքեր ունենալ, ինքնազարգանալ ու լիարժեք ինքնուրույն դառնալ, հետո խոսել անձնական կյանքի լրացման մասին։ Ահա, ունենք հայ աղջկա կերպարից ընդհանրապես հեռու մի բան։ Բայց այս ամենի հետ մեկտեղ ես խնդիրներ չեմ տեսնում շուրջս։ Կարծում եմ՝ սա ընկալման հարց է։ Ինչքան մարդ կենտրոնանում է որևէ հարցի վրա, այնքան ավելի է բարդանում այն։ Ես խաղարար եմ, ու հավանաբար դրա շնորհիվ այս հարցին կարող եմ հանգիստ պատասխանել՝ չեմ հանդիպում խնդիրների։
  • Ըստ Ձեզ՝ որո՞նք են կին/աղջիկ լինելու առավելությունները (եթե կան) մեր հասարակության մեջ -Ես միշտ մտածել եմ այն մասին, թե ինչ առավելություններ ունի կինը Հայաստանում և, թե ունի արդյոք։ Աչքի զարնող պատասխան չեմ գտել։ Խնդիրն այն չէ, որ կինը մեր իրականությունում չունի առավելություններ, այլ այն, թե ինչքանով են նրա հատկանիշներն առավելություն ընկալվում։ Ասում են, թե տղամարդու համար էլ հեշտ չէ։ Ճիշտ է, նա չի կարող, օրինակ, թույլ լինել, պաշտպանության կարիք ունենալ, ըստ մեծն կարծրատիպի, մինչդեռ կինը կարող է խնդրից խուսանավել՝ թողնելով այն տղամարդու ուսերին։ Ստացվում է, որ բարդ գործերից մեկը բաժին է հասնում տղամարդուն, և սա ակնհայտ առավելություն է կնոջ համար։ Վստա՞հ եք։ Իրականում ես սա առավելություն չէի դիտարկի, քանի որ այդպես կնոջ դերն է նվազում, նա տիկնիկ դառնալու ճանապարհի առաջին հիմնաքարն է դրանով դնում։
  • Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր հասարակության մեջ -«Թուլություն, կին է անունդ»,- ասում է Շեքսպիրի հերոսներից մեկը։ Մեր հասարակության մեջ կանանց անինքնավստահությունը, վախերը, ամաչկոտությունը բերում են նրա թուլությունը։ Եթե միայն կանայք խոսեն, չկաշկանդվեն ինքնարտահայտվել, բղավել սեփական պրոբլեմների մասին, չատեն իրենք իրենց ու հասկանան իրենց անսահման գեղեցկությունը՝ անկախ մարմնի քաշից (ես մի քիչ գիրուկ եմ), մազերի չափսից ու գույնից (իմ մազերը կարմիր են ու կարճ), եղունգների ձևից (գույնզգույն եմ ներկում հաճախ), հագուկապից (երբեմն տաբատ , գունավոր գուլպաներ, վերնաշապիկ ու միշտ ուսապարկ), նախասիրություններից (սիրում եմ կրակել, համակարգչային խաղեր խաղալ համապատասխան վայրերում, ստեղծագործել ու խմել) ․․․ Եթե մի քիչ ավելի համարձակ լինեն, մի քիչ ներդաշնակ հասարակություն կունենանք։
  • Ո՞րն է Ձեր ամենամեծ կարողությունը/ուժը (superpower) -Ես ինքնասեր եմ։ Երբ անում եմ այս արտահայտությունը, շատերին թվում է, թե եսասեր եմ, գոռոզ, ինքնահավան, ինքնասիրահարված։ Իրականում այդպես չէ, ինձ աստղայինն ընդհանրապես չի տարել։ Ես պարզապես գիտեմ ինձ, իմ դերը, արժեքը ու չեմ կարող չգնահատել ինքս ինձ։ Ես կարողանում եմ դուրս գալ ամաչկոտության սահմաններից և անհրաժեշտության դեպքում ասել, որ իմ կատարած աշխատանքը լավն էր, որ ես ճիշտ եմ, ու իմ կարծիքը պետք է հաշվի առնել, չվախենալ, բարդությունների հանդիպելու մտքից, ետ չկանգնել ծրագրված ուղղուց։ Հիշենք հայտնի խոսքը, ըստ որի մարդ պետք է նախ ինքն իրեն հարգի, հետո հարգանք պահանջի դիմացինից։ Ես սիրում եմ ինձ ու կարծում եմ՝ դա է հաջողությանս բանալին։
  • Խորհուրդ այլ կանանց/աղջիկներին -Համարձակությու՜ն ու չզղջալու կարողությու՜ն։ Իրականում բոլորին՝ անկախ գենդերային պատկանելությունից, խորհուրդ եմ տալիս լինել համարձակ ու անել այն, ինչ սիրտն է թելադրում, և չփոշմանել այդ ամենի համար։ Կանանց ու աղջիկներին հատկապես պետք է հղեմ խոսքս․ մի՛ փակվեք ձեր ներսում, դրանից միայն վնասներ եք կրելու։ Խոսե՛ք, արտահայտվե՛ք, բարձրաձայնե՛ք թե՛ լավը, թե՛ վատը։ Հավատացեք, որ ձեր ձայնը կարող է լինել լսելի, քանի որ դուք ունեք իրավունքներ, որոնք մեր իրականության մեջ հաճախ պաշտպանելու կարիք են ունենում, և էլ ու՞մ կողմից, եթե ոչ առաջին հերթին հենց ձեր։ Եղեք նախաձեռնող, եղեք առաջինը, եղեք բաց ու ազատ և համարձակ։ Հաճախ կրկնեք ինքներդ ձեզ․ #եսկինեմ #եսունեմիրավունքներ #եսուժեղեմ #իմձայնըլսելիէ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s