Հերթական երկուշաբթին է, և այս անգամ ձեզ ենք ներկայացնում մեր ֆեմհարցազրույցի նոր մասնակցին՝ Ելենա Բաբայանին:

Ելենա Բաբայան. FLEX ծրագրի 2015-2016թթ. շրջանավարտ է, սովորում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիա բաժնի 4-րդ կուրսում: Տվյալ պահին աշխատում է որպես SMM մասնագետ և Content writer
  • Ձեզ համարու՞մ եք ֆեմինիստ: Եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը -Նախ և առաջ՝ ֆեմինիստ լինելն ինձ համար շատ դժվար և պարտավորեցնող ակտիվություն է, և ես միշտ խուսափում եմ ինձ այդպես կոչել, քանի որ իմ կարծիքով ֆեմինիստ լինելը պահանջում է ոչ միայն կնոջ իրավունքների հետ կապված հիմնախնդիրների ընկալում, այլ նաև որոշակի քաղաքացիական ակտիվություն, գրքերի ընթերցանություն, ինքնազարգացում և լուծումների առաջարկում: Հաճախ, երբ իմ տարիքի աղջիկներն ասում են, որ ֆեմինիստ են, ես զարմանում են, քանի որ ինքս դեռ չեմ կարող կոչել ինձ այն իրական ֆեմինիստն, ինչ ես եմ պատկերացնում: Անշուշտ, ես հումանիստ եմ, որտեղ ֆեմինիստ դառնալն ինքնանպատակ է: Իսկ ֆեմինիզմն ինձ համար գենդերների միջև հավասարությունն է և դրան հասնելու ճանապարհին յուրաքանչյուր խնդրի բարձրաձայնումն է:
  • Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ -Ինձ համար լինել կին նշանակում է լինել մարդ նախ և առաջ: Իսկ մարդը բարձրագույն արժեք է: Ցավոք, Հայաստանում մարդն իր գենդերային պատկանելիության արդյունքում ինչ-որ հիերարխիայի մեջ է: Հայաստանում լինել կին ինքնին մարտահրավեր է, բայց ինձ համար մարտահրավեր առաջ գնալու, որից ես ավելի եմ ոգեշնչվում:
  • Ձեր առօրյայում, աշխատանքում ի՞նչ խնդիրների եք հանդիպում որպես կին/աղջիկ -Իհարկե, ամեն օր կարելի է հանդիպել գենդերային խտրականության օրինակների թե՛ աշխատանքում, թե՛ առօրյայում: Շատ անգամ դա տեսել եմ և տեսնում եմ համալսարանում, որտեղ պետք է որ չլինեին այդպիսի երևույթներ: Ես միայն կարող եմ ասել, որ ինքս փորձում եմ փոփոխություններ անել, քանի որ անչափ հզոր եմ ինձ զգում:
  • Ըստ Ձեզ՝ որո՞նք են կին/աղջիկ լինելու առավելությունները (եթե կան) մեր հասարակության մեջ -Այս հարցին չգիտեմ ինչպես պատասխանել: Առավելությունը գոնե այն է, որ աղջիկները բանակ չեն գնում և մեկ անգամ էլ այնտեղ ծանր հոգեբանական և ֆիզիկական բռնության չեն ենթարկվում, ինչպես տղաները: Սա կարող է սուբյեկտիվ հնչել, քանի որ ինքս դեմ եմ ռազմականացմանը: Եթե խորը դատենք, առավելություններ չեմ տեսնում դեռ որևէ դեպքում, միայն կան տարբերություններ և որոշակի պիտակներ, որի արդյունքում այս կամ այն սեռի անձը հեշտ կամ դժվար է ապրում:
  • Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր հասարակության մեջ -Կցանկանայի տեսնել, որ համակարգի և հասարակության համար մարդը բարձրագույն արժեք է: Կցանկանայի, որ ընտանեկան բռնություն չլինի թե՛ կանանց, թե տղաների նկատմամբ: Կցանկանայի, որ կանայք որոշակի դիրք ստանալով, դիսկրիմինացիայի և ստիգմատիզացիայի չենթարկեն կանանց: Կցանկանայի, որ յուրաքանչյուր կին զգար իրեն հզոր և վստահ: Քանի որ ֆեմինզմը ենթադրում է գենդերի հավասարություն, այլ ոչ թե դոմինանտություն, կցանկանայի նաև տղաների շրջանում հումանիստական արժեքների տարածումը տեսնել, որի արդյունքում ֆեմինիզմն իրական կլիներ, իսկ բանակում բռնությունները՝ անընդունելի:
  • Ո՞րն է Ձեր ամենամեծ կարողությունը/ուժը (superpower) -Փոքր տարիքից միշտ վստահ եմ եղել, որ թեկուզև միանակ հնարավոր է համակարգում մի բան փոխել: Մինչև օրս էլ չեմ վախենում կարծիքներ արտահայտելուց, պայքարելուց և միայնակ լինելուց ինչ-որ հարցում: Կարծում եմ, որ կանայք պետք է հասկանան, որ նրանք անհատապես հզոր են:
  • Ունե՞ք պատմություն (տվյալ թեմայի շրջանակներում), որով կցանկանայիք կիսվել -Կցանկանամ նշել, որ ամենամեծ թվով խտրականության հանդիպել եմ համալսարանում՝ ակադեմիական միջավայրում: Այստեղ կա յուրահատուկ պատրիարխիկ շունչ: Դասախոսի կողմից ստացել եմ իմ առաջնորդական հմտություններին վերագրվող հետևյալ արտահայտությունը. «Քեզ տղայի պես են մեծացրել, բոլորին ղեկավարում ես»: Բայց այս մարտահրավերն ընդունելով՝ կարողացել եմ փոխել իրավիճակը: Գենդերային թեմայով հետազոտություն կատարելուց հետո գնահատողներից մեկն ասաց (ի դեպ երեքն էլ տղամարդ էին). «Բայց կարիք կա՞ր այսպիսի հետազոտության»: Այս ամենով ուզում եմ ասել, որ հասարակությունը շատ դժվար է ընդունելու և մերժելու է յուրաքանչյուր խնդրի բարձրաձայնում, սակայն դա ինձ ոգեշնչում է առաջ գնալ և հարկ եղած դեպքում ընդվզել:
  • Խորհուրդ այլ կանանց/աղջիկներին -Յուրաքանչյուր կնոջ խնդրում եմ՝ նախ և առաջ, չպիտակավորել և խտրականության չենթարկել կանանց, չգնահատել և մեծացնել այն տղամարդկանց տեսակը, որոնք կանանց նսեմացնում և բռնության են ենթարկում: Ցանկանում եմ, որ ամեն մի կին զգա իր յուրահատկությունը և հավասարությունը ոչ թե կին լինելով, այլ որպես մարդ: Ցանկանում եմ, որ կանայք չվախենան բարձրաձայնել իրենց իրավունքերին առնչվող խնդիրները, չվախենան միայնակ մնալուց ինչ-որ հարցերի շուրջ, առանձնանալուց: Եվ ուզում եմ ասել, որ յուրքանչյուր կին այնքան հզոր է, միայն պետք է տեսնել դա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s