Դե ինչ, շաբաթը սկսենք հերթական ֆեմհարցազրույցով: Ծանոթացեք մեր երկրորդ մասնակցի հետ:

Լիլիթ Հարությունյան, 24տ. Ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետը, իսպաներենի և ֆրանսերենի մասնագետ է, մագիստրոսի կրթություն ստացել է ԵՊՀ մասս մեդիա կենտրոնում՝ հաղորդավարական գործ և լրագրություն մասնագիտացմամբ: Այժմ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում որպես լրագրող
  • Ձեզ համարու՞մ եք ֆեմինիստ: Եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը -Եթե ֆեմինիզմ ենք անվանում այն երևույթը, որ կինը իրավունք ունի սովորելու, կրթվելու, եթե ֆեմինիզմ ենք անվանում, որ կինը բարձրաձայնում է ընտանիքում, աշխատանքի վայրում կամ իր երկրում իր իրավունքները ոտնահարելու մասին միայն իր կին լինելու պատճառով, եթե կինը բարձրաձայնում է, որ դեմ է գնում ադաթների կեղծ արժեքներին կամ որոշ երկրներում նաև կրոնին ու բարձրաձայն ասում է, որ իրեն ծեծում են, բռնաբարում, տանջում, չեն թողնում ապրել, ուրեմն այո՛, ֆեմինիստ եմ: Բայց չծայրահեղանամ, եթե անգամ կնոջը թույլ չեն տալիս աշխատել, սովորել, մասնակցել իր երկրի սոցիալ-քաղաքական կյանքին կամ պարզապես թույլ չեն տալիս իր կամքով շարժվել, ուրեմն այո՛ ֆեմինիստ եմ: Ֆեմինիզմը «պետք»-ից ծնված տերմին է:
  • Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ -Գուցե լավատես թվամ, բայց ըստ իս՝ կնոջ դերը մեր հասարակությունում սկսում է փոքր քայլերով արժևորվել: Մեր կառավարությունում ևս կանանց ներգրավվածությունը մեծ է: Եթե թվերում չեմ սխալվում, ունենք մեկ կին նախարար, 10-ից ավելի կին փոխնախարար, քաղավիացիայի, զբոսաշրջության կոմիտեները ղեկավարում են կանայք: Ոստիկանության, Պետական վերահսկողական ծառայության, աշխատակազմերի գլխավոր պաշտոններում կանայք են: Սրանք առավել կարևոր ոլորտներ են, որոնք երկար տարիներ կարծրացած են եղել որպես ավելի «տղամարդու խելքի բան»: Մի հետաքրքիր փաստ էլ. մեր երկիրն առաջինն է աշխարհում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածությամբ՝ 30 տոկոս է, որը տարեցտարի ավելանում է: Եթե նախկինում որևէ բարձր պաշտոն ունենալ և կին լինելը հասարակության մեջ հոմանիշ էր «սծեռվա» կամ «անբարոյական» լինելուն, այսօր իրավիճակը կամաց-կամաց փոխվում է: Հանուն արդարության ասեմ, որ այս կլիշեները ևս մեր հասարակության արձագանքի արդյունքն էին: Մարդիկ մտածում էին՝ միայն ինչ-որ մեկի սիրուհին լինելով կարելի է պաշտոն ունենալ և ոչ թե սեփական կարողությունների կամ գիտելիքների շնորհիվ: Մյուս կողմից էլ մտածում էին՝ ձեռք բերած պաշտոնում միայն տղամարդկային հատկանիշներ են պետք, որ խոսքդ ու գործդ կարողանաս «առաջ տանել»: Ըստ իս՝ հիմա իրավիճակը փոխվում է: Կինը, մնալով կին ու կանացի, կարողանում է ավելիին հասնել, գեներացնել իր բոլոր դրական կարողությունները: Մեր նոր սերունդն է, որ կոտրում է կարծրատիպերը: Բայց դա հենց այնպես չի տրվում, եթե չկրթվենք, չսովորենք, չենք դառնա իրավագիտակից ու ինքներս մեր ես-ի համար պայքարող:
  • Ձեր առօրյայում, աշխատանքում ի՞նչ խնդիրների եք հանդիպում որպես կին/աղջիկ -Ես թեև ծնվել եմ ավանդապաշտ համարվող Գյումրիում, բայց ծնողներս ինձ դաստիարակել են ընտրելու իրավունքի գիտակցման մեծ զգացումով: Դպրոցական տարիքից ես շատ ինքնուրույն եմ եղել մինչ օրս, երբեք չեմ հարցրել «կարելի՞ է», միշտ տեղեկացրել եմ, որ ես գնում եմ այստեղ, ես սա եմ անում, ես որոշել եմ սա գնել: Անգամ ինքս եմ որոշել՝ երբ եմ ուզում դպրոց գնալ: Բայց սա ճիշտ դաստիարակության արդյունք է: Երբ դեռ ծնողները երեխաներին 7 տարեկանից էին ուղարկում դպրոց, 6-ս լրանալուն պես տատիկիս ու պապիկիս համոզել եմ, միասին գնացել ենք գրենական պիտույքների գնումների, եկել եմ տուն ու որոշել եմ, որ դպրոց եմ գնալու: Իհարկե, մայրիկս ինձ խղճացել է, թե փոքր եմ ու մանկությունից պետք չէ շուտ կտրվել, բայց իմ հաստատուն ջանքերի շնորհիվ իմ սեպտեմբերի մեկը սկսվել է հոկտեմբերի 1-ից ու առաջ եմ անցել դասընկերներիցս: Ի դեպ, նրանք երկուսն էին ու երկուսն էլ տղա: ՃՃՃ Ծնողներս մինչև հիմա լավ են հիշում՝ ինչպես եմ տանջվելով ձախլիկից աջլիկ դարձել, որ ուսուցիչներս հայելիով չկարդան «մտքիս գոհարները»: Բայց իմ օրինակից անդին միշտ եմ տեսել ընկերուհիների, ծանոթների, որ չեն ունեցել ընտրելու իրավունք, չեն ունեցել բարձրաձայնելու իրավունք: Երբեք իմ ուղեղում չի տեղավորվել: Միաժամանակ ականատես եմ եղել բռնությունների, դաժան պատմությունների, որոնք էլ ավելի շատ չեն տեղավորվել ուղեղումս: Ես չեմ ուզենա, որ իմ երեխաները մեծանան այնպիսի հասարակությունում, որտեղ կնոջը ծեծելը սովորական երևույթ է, որտեղ կնոջ չաշխատելը նրա ամուսնու համար մեծ առավելություն է (թե բա՝ ամուսինը պիտի պահի ընտանիքը, կինը՝ երեխաներին), որտեղ եթե մեքենայի խախտում են տեսնում, ուրեմն ղեկին նստածին առանց տեսնելու, ասում են՝ «դե բա կնիկը ավտո քշելու բան ա՞»: Տաբուները խեղճացնում են հենց ինքնին տղամարդու էությունը: Ինձ համար ստորին խավ է այն տղամարդը, որ կյանքում առաջնորդվում է կնոջ դերը նվաստացնող տաբուներով:
  • Ըստ Ձեզ՝ որո՞նք են կին/աղջիկ լինելու առավելությունները (եթե կան) մեր հասարակության մեջ -Հայաստանում կանանց համար եթե չկան խոչընդոտներ, ապա առավելություններ առավել ևս չկան: Եթե տղամարդկանց դեպքում մեր հասարակությունն այնուամենայնիվ ունի՝ «դե տղամարդ է, բա չանի՞» պատասխանը, մենք դեռ ոչ մի առավելություն չունենք կանանց համար: Քանի դեռ մեր հասարակությունում կան՝ «դե լավ մարդ է, եթե չխմի, բայց դե տղամարդ է», «դե տղամարդ է, ո՞նց ասես տանը մի ծխի» մտածողները, մեր հասարակությունում առավելության մասին խոսելն անիմաստ կլինի: Պապիկս 82 տարեկանում դեռ պատշգամբ էր դուրս գալիս, որ իր ծուխը մենք չշնչեինք: Բայց նորից կլինեմ լավատես, ու կհավատամ, թե «դե տղամարդ է» կեղծ պատասխանների հեղինակները վերացող տեսակից են:
  • Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր հասարակության մեջ  -Կրթվածության մակարդակը: Իմ խորին համոզմամբ՝ մենք քիչ ենք կրթվում: Իհարկե մեր հասարակությունն այն եզակիներից է, որ բարոյականության բարձր չափանիշներ ունի, բայց մեզ պակասում է ինքնակրթվելը, ինքնադաստիարակվելը, շատ տեսնելու, սովորելու ցանկությունն ու նախաձեռնողականությունը: Կրթվածության պակասից է նաև, որ մենք նորածին երեխաներին անգամ նվիրում ենք տղաներին մեքենաներ, աղջիկներին՝ խոհանոցի պարագաներ: Տղային ասում ենք՝ հայրիկի հետ գնա որսի, աղջկան՝ մամայի հետ ուղարկում խոհանոց: Իհարկե, շատերը կասեն՝ կյանքի ընթացքի տրամաբանությունն է, բայց երեխաներին պետք չէ զրկել ընտրելու իրավունքից: Պետք չէ աղջկան ուղղորդել, որ իր տեղը միայն խոհանոցն է, իսկ տղայինը՝ տնից, ընտանիքից դուրսը: Էյնշտեյնը կասեր՝ բոլորս ծնվում ենք հանճար, բայց ժամանակը ուղղում է դա: Կարծում եմ՝ պետք չէ հավելյալ ժամանակ դառնալ երեխաների համար ու մինչև հասարակություն մտնելը կոտրել նրանց մեջ անհատականությունը, իրենց ճանապարհն ընտրելու իրավունքը: Գուցե շատ ծնողներ կարդան գրածս ու ասեն, թե երեխաներ չունեմ, դրա համար եմ, այսպես խոսում, բայց անգամ երեխա ունենալու հարցում մեր հասարակությունը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու, քանի դեռ սեռով պայմանավորված հղիությունների դադարեցնողներ կան: Քանի մեր կողքին ապրում են մարդիկ, որոնց համար աղջիկ ունենալն ամոթ է, մեր հասարակությանը դեռ չի կարելի առողջ անվանել:
  • Ո՞րն է Ձեր ամենամեծ կարողությունը/ուժը (superpower) -Ես երբեք չեմ սիրում կանգնել տեղումս: Ինձ համար կյանքը շարժում է, առաջընթաց: Երբեք չեմ բավարարվում ունեցածովս: Ժամանակակից մարդու կյանքը դժվար է, առանց ձեռքդ կյանքի ռիթմի պուլսին պահելու չես կարող ապրել: Չես կարող շարունակ մտածել, թե դարերով ընդունված տարբերակները ճիշտ են: Ես երբեմն շատ ծայրահեղ եմ ու կտրականապես չեմ ընդունում մարդկանց, որոնք չեն սիրում առաջ նայել, կյանքին ընդառաջ գնալ:
  • Ունե՞ք պատմություն (տվյալ թեմայի շրջանակներում), որով կցանկանայիք կիսվել -Մայրիկս ծնվել է ժամանակի գերզարգացած ու կրթված ընտանիքում: Պապիկիս ընտանիքում երեկոները միշտ ուղեկցվել են գրողների, գրականագետների, պատմագետների հավաքներով: Մորական պապիկս ևս գրող է եղել, պատմության ուսուցիչ ու երկար տարիներ դպրոցի տնօրեն (մյուս պաշտոնները չեմ թվի): Պապիկիս եղբոր ընտանիքը ևս սերունդներով դասախոսներ են: Բայց…Մայրիկիս թույլ չեն տվել գնալ ու սովորել Երևանում, որը միշտ համարվել է Գյումրիից ավելի լավ կրթության հնարավորություններով: Մայրիկս սովորել է Գյումրիում: Իհարկե այդ ամենը վերագրել են ֆինանսական հնարավորություններին, բայց իմ ընտանիքն ավելի լավ պայմաններում չի ապրել: Պապիկիս եղբայրը հակառակն է արել. աղջիկներին երկուսին էլ ուղարկել է Երևան: Արդյուքնում տուժել է մայրիկիս կարիերան, շահել են նրա հորեղբոր աղջիկները: Ես այս օրինակով բնավ չեմ ուզում ստորադասել իմ քաղաքը, բայց բնականաբար հայտնի ճշմարտություն է, որ Գյումրիում լավ հնարավորություններով համալսարան չունենք: Արդյունքում մամաս դարձել է ընտանիքի մայր, իհարկե հետագայում նորից շարունակել է աշխատել դպրոցում, բայց ժամանակ ու հնարավորություն չի ունեցել աշխատանքում ավելիին հասնելու: Հետո նա հակառակ կերպ վարվեց իմ ու քրոջս հետ: Ամեն ինչ դրեց մի կողմ՝ մեր լավ կրթության համար: Ես իսկապես գիտեմ սովորելու արժեքը, որը հետագայում կփոխանցեմ նաև իմ երեխաներին: Մայրիկս հաճախ նաև փոքր տարիքում երբ ծուլանում էի, ցույց էր տալիս փողոցն ավլող կանանց ու հարցնում էր՝ չե՞ս ուզում չէ՞ փողոց ավլել ու ձեռքերդ կոպտացնել: Իհարկե ամեն աշխատանք էլ մարդու համար է, բայց երեխաներին միշտ պետք է մոտիվացնել, մայրիկիս օրինակներն ինձ համար լավագույնն են: Կուզենայի, որ բոլոր աղջիկներն իրենց կյանքը պլանավորելիս, առաջնահերթությունները մշակելիս «կուլ չգնան» հասարակության, ընտանիքի կարծիքներին, կարծրատիպերին ու բառիս ամենաուղիղ իմաստով խավարամտությանը:
  • Խորհուրդ այլ կանանց/աղջիկներին -Խորհուրդն ինձ համար մի քիչ բարձր բառ է: Չես կարող խորհուրդ տալ, եթե ինքդ չես հետևում քո իսկ ասածին, իսկ մենք բոլորս էլ չենք կարող խուսափել սխալվելուց: Բայց ցանկությունս է, որ կանայք, աղջիկները երբեք ոչ մեկից ու ոչ մի բանից չվախենան: Վախը տգեղացնում է մեզ, իսկ մենք կյանքի շարունակողն ենք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s