Հայաստանում Կանանց հիմնադրամը նոր նախագիծ է սկսում: Որոշել ենք բացահայտել մեր շրջապատում ապրող կանանց ու աղջիկներին, հասկանալ նրանց հուզող խնդիրները, պատկերացնում կազմել նրանց առօրյայի մասին: Ծանոթացեք մեր առաջին մասնակցի հետ:

Մարիամ Մարտիրոսյան, 24տ. Ստացել է բարձրագույն կրթություն՝ գրականագետ-լեզվաբանի մագիստրոսի աստիճանով։ Աշխատում է հաճախորդների սպասարկման միջազգային ֆիրմայում՝ որպես թիմի մենեջեր։
  • Ձեզ համարու՞մ եք ֆեմինիստ: Եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը -Ես ինձ համարում եմ ֆեմինիստ՝ սեռով պայմանավորված որևէ խտրականություն չընդունելու պատճառով։ Ֆեմինիզմն ինձ համար ենթադրում է կնոջ իրավունքների պաշտպանություն, սեռով պայմանավորված խտրականության, ընտանեկան բռնության բացառում, կնոջ աշխատանքային և կրթական զարգացման խոչընդոտների վերացում։
  • Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ -Սրա վերաբերյալ մի անգամ ֆեյսբուքյան գրառում էի արել․ «Հայաստանյան իրականության մեջ ղեկավար պաշտոն զբաղեցնող կինը լուրջ խնդիր ունի հաղթահարելու` նախ քյառթու` «կնոջ ասածը ասնավանի չի» կարգախոսով առաջնորդվող միաբջիջ տեսակը, հետո` սեքսիզմն` իր ողջ գունապնակով»։ Հայաստանյան իրականության մեջ կին/աղջիկ լինելը սկսվում է հենց կենսաբանորեն կին և աղջիկ տարանջատումից։ Շատ կարևոր է կենսաբանական վիճակը՝ կույս է, ամուսնացած, բաժանված, թե այլ։ Կնոջ որակը գնահատվում է նախ սրանով։ Հետո պարզվում է, որ կինը ստորադասվում է տղամարդուն՝ «կնոջ ասածը ասնավանի չի» դասակարգմամբ։ Այսինքն՝ կինը հաճախ լուրջ չի ընկալվում, թերագնահատվում են նրա մասնագիտական, կրթական, գիտական և մյուս կարողությունները՝ զուտ կենսաբանական սեռի պատճառով։ Իգական սեռի պատկանելիությամբ անձինք բախվում են թերագնահատման ծննդյան պահից՝ «Ոչինչ, հաջորդը տղա կլինի» արտահայտությամբ։ Հայաստանյան իրականությունում կին, հաջողակ, կայացած, ինքնավստահ, ինքնուրույն կին լինելը նշանակում է պայքարել ամեն օր, և պայքարը սկսվում է սեփական ընտանիքից։
  • Ձեր առօրյայում, աշխատանքում ի՞նչ խնդիրների եք հանդիպում որպես կին/աղջիկ -Մեծ եղբոր խոսքը պետք է ընդունել 100% ճշմարտության տեղ՝ անկախ դրա ճշմարտացիությունից։ Ծնողի դիտողությանը կամ հորդորին երբեք չի կարելի հակադարձել, որովհետև կդառնաս «լեզվանի, պատասխանող» կին/աղջիկ/հարս։ Ամուսնացող երիտասարդ աղջիկը, դեռ չամուսնացած, ամուսնու հետ նվեր է ստանում ամուսնու բոլոր բարեկամներին՝ իրենց կարծիքով հանդերձ, ստիպված է լինում համակերպվել, այլապես կանգնում է ընտանիքը կորցնելու վտանգի առաջ։ Կան կարծրատիպեր, որ կան զուտ աղջկական ու տղայական մասնագիտություններ, օրինակ՝ աղջիկը հրշեջ չի կարող լինել, կամ տղային չի «սազում» դիմահարդար լինելը։ Ծնողներն են հաճախ որոշում, թե ինչ ոլորտում շարունակի ուսումն աղջիկը։ 18+ տարեկան աղջիկը ոչ մի կերպ չափահաս չի համարվում, չի ապրում առանձին, իրավունք չունի ունենալ սիրած տղա/ընկեր՝ առանց ընտանիքի իմացության ու թույլտվության, առավել ևս իրավունք չունի վարել սեռական կյանք՝ մինչ ամուսնությունը։ Ընտանիքում աղջիկը սեռական դաստիարակություն չի ստանում և ամուսնանում է, հղիանում, երեխա ունենում՝ անտեղյակ ու հարևանի կնոջ խորհուրդներով։ Հղի կինը ունի աշխատանքի ընդունվելու խնդիր։
  • Ըստ Ձեզ՝ որո՞նք են կին/աղջիկ լինելու առավելությունները (եթե կան) մեր հասարակության մեջ -Մեր հասարակությունն ապրում է «կինը/աղջիկը սրբություն է» կեղծ կարգախոսով՝ իրականում նրան ընտանիքում բռնության ենթարկելով, ճնշելով, սահմանափակելով։ Հայաստանյան իրականության մեջ կին լինելն, ըստ իս, որևէ առավելություն չունի։
  • Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր հասարակության մեջ -Կուզեի, որ հասարակությունն ավելի ազատականանար, ավելի բաց դառնար, ամոթ չլիներ խոսել որևէ թեմայով, քչանային կամ վերանային տաբուները։ Կնոջ սեռը չազդեր նրա կյանքի որակի վրա, ամուսնանանլուց հետո չդառնար բարձրագույն կրթությամբ տնտեսուհի, այլ ձգտեր ավելիին ու չհամակերպվեր։ Կուզեի, որ կինը ծնված օրվանից չդիտարկվեր որպես ինկուբատոր, որ ստեղծված է ընտանիքը շարունակելու ու սերունդ տալու համար, այլ ընկալվեր որպես հասարակության լիիրավ անդամ՝ բոլոր հնարավորություններով, իրավունքներով ու պարտականություններով։
  • Ո՞րն է Ձեր ամենամեծ կարողությունը/ուժը (superpower) -Իմ ամենամեծ ուժը համարում եմ չհարմարվելն ու պայքարելը։ Ես ունեմ հստակ գիտակցում, որ մեծ տեղաշարժերը լինում են մանր քայլերի արդյունքում, ուստի թեկուզ դժվար ու երկար լինի պայքարը, պատրաստ եմ առճակատվել դրան՝ հավասարության ու արդարության հասնելու համար։ Ես կարողացել եմ շատ հարցերում դեմ գնալ ընտանիքիս՝ ոչ թե ինքս հարմարվելով նրանց կարծրատիպերին, այլ փորձելով նրանց բերել ազատ ու բաց հասարակության իմ պատկերացումներին։
  • Ունե՞ք պատմություն (տվյալ թեմայի շրջանակներում), որով կցանկանայիք կիսվել -Ի բարեբախտություն ինձ՝ ծնվել եմ կիրթ ընտանիքում, որտեղ մասնագիտության ընտրությունը, լավ կրթությունը մեծ կարևորություն են ներկայացրել։ Ուստի խնդիր չեմ ունեցել պայքարելու՝ լավ կրթություն ստանալու համար, մասնագիտությունս ընտրել եմ ինքս՝ առանց ծնողներիս միջամտության, ստացել եմ նրանց լիակատար աջակցությունը։ Բայց միևնույն ժամանակ՝ հեռու լինելով ծնողներից և ապրելով եղբորս հետ (քանի որ ծնունդով Երևանից չենք), պարտավորված եմ եղել ցանկացած քայլիս մասին տեղեկացնել ծնողներիս կամ եղբորս, բացատրություն տալ, թե երբ և ուր եմ գնում և թույլտվություն խնդրել ինչ-որ տեղ գնալիս։ Ընտանեկան լուրջ վեճերի մեջ եմ ընկել ընկերոջս մասին պատմելիս, անցել եմ եղբայր-ընկեր ծանոթության ու դրանից կախված՝ բոլոր հետևանքների փուլերը։ Եղբորս խոսքը իմ անձնական կյանքը որոշելիս ծնողներիս համար եղել է որոշիչ (եթե եղբայրս հավանում է ընկերոջս՝ կարող եմ շփվել, եթե ոչ՝ ոչ)։ 20 տարեկանում ծնողներս ինձ համարում էին ոչ բավական հասուն՝ ընկեր ունենալու, շփվելու համար։ Լուրջ վեճեր և խնդիրներ էր ենթադրում նաև ուշ ժամի տուն վերադառնալը (ծնողներիս պատկերացմամբ՝ օրինակ՝ 8-ից հետոն համարվում էր ուշ)։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s