Սույն հոդվածում ներկայացվում են օնլայն հարթակում անվտանգ ու առողջ հաղորդակցություն ստեղծելու խորհուրդներ, որոնք ներկայիս համաճարակային իրավիճակով պայմանավորված առավել պետքական են:
1.Դու մենակ չես
Ճգնաժամային իրավիճակներում այն հանգամանքը, որ չես հասցնում կառավարել ժամանակդ և ծանոթանալ ՏՏ ոլորտի բոլոր նորություններին, կարող է բարկություն առաջացնել: Նման դեպքերում պետք է հետևել այն հարթակներին, որոնցից օգտվում է քո կազմակերպությունը կամ քո շրջապատը: Շատ կարևոր է կամուրջներ ստեղծելը: Հիշի՛ր, որ վիրտուալ աշխատանքի դեպքում մարդիկ կարող են չիմանալ, թե ինչի միջով ես անցնում դու կամ ինչպես ես քեզ զգում: Հետևաբար, շփումը կարող է դժվարանալ: Կոնֆլիկտներից խուսափելու համար հարկ է ստեղծել ապահով տարածք, որտեղ բոլորը ազատ կլինեն արտահայտելու իրենց զգացմունքները, մտավախությունները և այլն:

2.Լավ է չափից դուրս շատ հաղորդակցվել, քան լռել
Անչափ կարևոր է մտերմության ոգին պահպանելը և սահուն հաղորդակցվելը: Միշտ նախընտրելի է պարզաբանել կիսատ թողած հարցերը և ասել չասված խոսքերը՝ լարվածությունից խուսափելու համար: Եթե այնուամենայնիվ լարված դեպքեր են լինում, կարելի է հեռախոսա կամ տեսազանգ անել և ավելի մտերմիկ զրույց ունենալ: Միմյանց լսելու կարողությունը պետք է զարգացնել նաև վիրտուալ տարածքում, քանզի դրանից է կախված մեր աշխատանքի արդյունավետությունը:

3.UBUNTU – Ես կամ, որովհետև մենք կանք
Անհրաժեշտ է ամենօրյա վստահություն ստեղծել վիրտուալ թիմի մոտ: Ինքներս մեզ ընկալելը որպես վիրտուալ թիմի մաս կարևոր քայլ է՝ արժևորելու համար մյուսների աշխատանքը, ում չենք տեսնում ֆիզիկապես:
Հիշե՛ք. խոսակցություններ կամ հաղորդակցություններ կարդալիս ձեր մեկնաբանությունները միշտ չէ, որ կարող են ճիշտ լինել, ուստի լավագույն միջոցը դիմացինի բարի նպատակների մեջ չկասկածելն է:
Դրական էմոջիներ օգտագործեք՝ փոխանցելու համար ձեր զգացմունքները:
UBUNTU-ն հարավաֆրիկյան էթիկական պրակտիկա է, որը կարելի է թարգմանել որպես ես կամ, որովհետև մենք կանք: Այն կիրառվում է մարդկանց միջև հավատարմության, համագործակցության ու համերաշխության մասին խոսելիս:
4.Դադար տուր
Շատ անգամներ տնից աշխատելիս ավելի շատ ճնշվածություն ես զգում, քան գրասենյակից կամ աշխատավայրից: Դրական դադարներ տալը՝ մարմինը ձգելը, աչքերը համակարգչի էկրանից կտրելը, շունչ քաշելը, հանգիստ ընտանիքի անդամի զանգին պատասխանելը կամ քեզ հետ ապրողների մասին հոգ տանելն անչափ կարևոր է:
Գործընկերների հետ կարող եք ոչ աշխատանքային chat-եր ունենալ, որտեղ կարող եք կիսվել հումորային մեմերով, վիրտուալ սուրճ խմել կամ խմբով մարմնամարզություն անել:

5.Թվային առավելությունների գիտակցում
Ոչ բոլոր մարդիկ ունեն հաղորդակցության ալիքների հասանելիություն կամ դրանք ինքնուրույն ընտրելու հնարավորություն: Անվճար, անվտանգ ծրագրեր կամ կոդավորված էլեկտրոնային փոստեր օգտագործելը շատ մարդկանց համար հասանելի չէ: Հետևաբար, եթե այլընտրանքային աղբյուրներից կարևոր ու անվտանգ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեք, կիսվեք թվային այն հարթակներում, որոնցից ավելի շատ մարդ է օգտվում:
6.Հանգստություն պահպանիր
Ճգնաժամային շրջանում, երբ բազմաթիվ օգտատերեր միաժամանակ միանում են, ցանցը ծանրաբեռնվում է: Ինտերնետ կապը կարող է դանդաղել, ներբեռնումները կարող են ավելի երկար տևել: Հնարավոր են նաև կապի խափանման դեպքեր: Վիրտուալ աշխարհը նույնպես շարժվում է, և դու շատ բան անել չես կարող այդ հարցում:
Հանգստություն պահպանիր: Մի հուսահատվիր: Եթե օնլայն հանդիպման ընթացքում կամ հաղորդագրություն ուղարկելիս կապը խափանվում է, խորը շունչ քաշելու ժամանակն է: Թվային հարթակի ռիթմը կարող է փոխվել՝ կախված նրանից, թե որտեղ ես գտնվում, ինտերնետ կապի ինչ մատակակարից ես օգտվում, ինչպես նաև տվյալ երկրի թվային քաղաքականությունից: Կապի խափանման պահերին կարող ես այդ մասին տեղյակ պահել գործընկերներիցդ մեկին, որպեսզի չլարվես այդ վիճակից: Կարող ես նաև առիթից օգտվել ու մարմինդ մարզել, շարժվել: Թույլ մի տուր, որ օրդ փչանա նրանից, ինչը վերահսկել չես կարող:
7.Հավասարակշռություն
Շատ կարևոր է հավաքական աշխատանքային պրոցեսների ժամանակ լսել յուրաքանչյուրին, հավասարակշռություն փնտրել նման պահերի: Օրինակ, շնորհիվ այն բանի, որ նույն ժամանակային գոտում ենք գտնվում, կարող ենք օնլայն աշխատելու ժամեր սահմանել և այդպիսով մի քանի ազատ ժամ ունենալ մեր տրամադրության տակ: Եթե սովորաբար վաղ ես արթնանում, կարող ես օրդ շուտ սկսել ու ավարտել, և հակառակը՝ եթե գիշերային բու ես, կարող ես ուշ սկսել և ուշ էլ ավարտել:

8.Թվային փոխպատասխանատվություն
Պետք է հասկանալ, որ դրսից եկող օնլայն հարձակումներից զատ կա նաև մեզնից եկող վտանգի ռիսկ՝ կախված նրանից, թե ինչպես ենք մեզ դրսևորում մեր «թվային միջավայրում» և ինչ որոշումներ ենք կայացնում ՏՏ օգտագործելիս: Օրինակ, կարող ենք մյուսներին ռիսկի ենթարկել, եթե չգիտենք մեր սահմանները կամ մեր ունեցած տեղեկատվությունը տրամադրում ենք այլ կազմակերպությունների ու կառավարությանը՝ առանց ռիսկերը հաշվի առնելու: Մեր ունեցած տեղեկատվության կառավարումը տվյալ կազմակերպության կամ կառավարության կողմից ոչ միշտ է պարզ ու թափանցիկ:
9.Հաղորդակցվեք անվտանգ եղանակներով
Մենք սովոր ենք միշտ օգտագործել առևտրային պլատֆորմներ (Google, Facebook, Twitter), քանի որ դրանք ավելի հեշտացնում են մեր կյանքը, բայց դրանց հետևում կանգնած են առևտրային շահերը և կորպորատիվ շահույթը, որը գալիս է մեր տվյալներն ունենալուց: Ոչ մասնավոր հարթակներից օգտվել սկսելը երկար ճանապարհ է: Կարող եք սկսել որպես թիմ մտածել այն մասին, թե ինչ տեսակի տեղեկատվություն է, թե որքան վտանգավոր կլիներ, եթե երրորդ կողմերը դրան հասանելիություն ունենային և ինչպես հավաքական կերպով մեղմել այդ ռիսկերը:
Կոդավորված հաղորդագրությունների համար կարող եք օգտվել SIGNAL-ից, իսկ ապահով տեսազանգերի համար՝ Jitsi-ից:

10.Սնվելուն լուրջ վերաբերվիր
Լավ սնվելը շատ կարևոր է: Հարկավոր է համակարգչից ու այլ տեխնիկայից դադար առնել ու դրանցից հեռու վայրում սնվել:
11.Անհասկանալի իրավիճակներին հույսով մոտեցիր
Շատ կարևոր է դեմ առ դեմ հանդիպումներին ժամանակ հատկացնելը: Միմյանց նորից գրկելու մասին մտքերը կարող են վերակենդանացնող հատկություն ունենալ: Թվային աշխարհը կապում է մեզ, բայց երբեք մի մոռացիր, որ կյանքը մաշկի և մարմնի մեջ է…
12.Թույլ մի՛ տուր, որ ձնագնդին հասնի քեզ
Կին ակտիվիստներին ու իրավապաշտպաններին խորհուրդ ենք տալիս այս շրջանում իրենց չծանրաբեռնել չափից դուրս շատ տեղեկատվությամբ: Կարևոր է ամբողջ ընթացքում լուրերից չկառչել, դադար առնել սոցիալական մեդիայից, սրտին լսել ու խորը շունչ քաշել: Այս օրերին մարդիկ շարունակ վիրտուալ զբաղմունքներ են առաջարկում՝ վորքշոփներ, քաղաքական զրույցներ, կոնֆերանսներ, դասեր, բանավեճեր, տոնակատարություններ, փարթիներ և այլն… Դու պարտավոր չես այդ բոլորին մասնակցել, որ քեզ սոցիալապես ակտիվ զգաս:
ԼՌՈՒԹՅԱՆ համար ժամանակ հատկացրու: Բնությունը խոսում է քեզ հետ ու դրա համար ինստագրամյան հաղորդագրության կարիք չունի :)))

Նյութի աղբյուրը՝ Urgent Action Fund – Latin America and the Caribbean