ՖեմՀարցաԶրույց.«Կցանկանայի ապրել մի հասարակության մեջ, որտեղ երբեք չէի լսի «հայ աղջկան վայել», «հայ կնոջն անվայել» ու նմանօրինակ արտահայտություններ».Կարինե Խաչատրյան

Շարունակում ենք բացահայտել մեր շրջապատում ապրող կանանց ու աղջիկներին, ովքեր օգնում են հասնել ֆեմինիզի իրական առաքելությանը: Այս անգամ մեր մասնակիցն է Կարինե Խաչատրյանը:

Կարինե Խաչատրյան. Մասնագիտությամբ սոցիալական աշխատող է։ Ներկայումս աշխատում է «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական միջազգային կազմակերպությունում։
  • Ձեզ համարու՞մ եք ֆեմինիստ: Եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը -Չնայած բոլոր բարդ սահմանումներին ու բացասական պրոպագանդային՝ ֆեմինիզմը ամենապարզ տրամաբանության մեջ տեղավորվող իրավունքների ու հնարավորությունների հավասարություն է երկու սեռերի միջև։ Համալսարանական տարիներին անհատական աշխատանքիս համար նյութեր փնտրելու արդյունքում բացահայտել եմ Գլորիա Ստայնեմին, ով ասել է .«Կինն ունի երկու ընտրություն՝ կամ լինել ֆեմինիստ, կամ ՝ մազոխիստ»։ Սա թերևս լավագույնն է նկարագրում կնոջ վերաբերմունքը սեփական անձի, իր հնարավորությունների ու մարմնի հանդեպ։
  • Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ  -Հայաստանում ծնվել աղջիկ նշանակում է ինչ-որ չափով մնալ բախտի քմահաճույքին. կամ բախտդ կբերի ու ծնողներդ ու շրջապատդ կլինեն առանց սեռական խտրականութան ու դրա քարոզների, կամ կհայտնվես մի իրականության մեջ, որտեղ պետք է փնտրես այլընտրանք ու ինքնակրթվես, կամ տրվես հոսքին։ Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ իմ բախտը շատ դեպքերում բերել է՝ մայրս, ֆակուլտետի ընտրությունը,դասախոսներիս ազդեցությունը, ընկերներս ու, իհարկե, ինքնակրթությունը հեշտացնում են հայաստանյան իրավիճակում իմ «աղջկա» կարգավիճակը։
  • Ձեր առօրյայում, աշխատանքում ի՞նչ խնդիրների եք հանդիպում որպես կին/աղջիկ -Անձնական օրինակներս այդքան էլ շատ չեն, կամ գուցե չեմ հիշում բոլորը, այս պահին հիշեցի դասախոսներիցս մեկին, ով սիրում էր կրկնել, որ աղջիկներին հաճախ դուր է գալիս բռնությունը, որ նրանք այդքան էլ խելացի էակներ չեն և այլն։ Նման արտահայտությունների, ցավոք, շատ եմ հանդիպել տարբեր կրթական ցենզ ունեցող մարդկանցից ու շատ ցավում եմ հատկապես այն դեպքերում, երբ նման բաներ են ասում հենց կանայք ու աղջիկները։ Կարծում եմ՝ մեծ խնդիր է, երբ կանայք են ցածրացնում իրենց կարգավիճակը՝ ամեն ձև աստվածացնելով հակառակ սեռի ներկայացուցիչներին։
  • Ըստ Ձեզ՝ որո՞նք են կին/աղջիկ լինելու առավելությունները (եթե կան) մեր հասարակության մեջ -Կին լինելու լավագույն առավելությունը Հայաստանում և ոչ միայն, իմ կարծիքով այն է, որ նրանց վրա դրված չէ այն մեծ ու ծանր բեռը, որը ծնողներն ու շրջապատը դնում են տղաների վրա.խոսքը մասնագիտության ընտրության ճնշումների մասին է, ընտրել մասնագիտություն, որն առավել բարձր վարձատրվող կլինի։ Իհարկե, կարծում եմ՝ առողջ հասարակությունում ընտանիք կազմելուց ընտանեկան բյուջեի համար անհանգստացողները երկու կողմն էլ պետք է լինեն, բայց այս դեպքում աղջիկները կարծես մի փոքր ազատված են այդ ճնշումից, ավելի ազատ կարող են ընտրել, օրինակ, արվեստի տարբեր ուղղություններ որպես մասնագիտություն՝ գիտակցելով, որ գուցե բարձր վարձատրվող աշխատանք չգտնեն։ Այս դեպքում խնդիր է դառնում պայքարել, որ տղաների համար էլ հասարակության ճնշումներն ու քառակուսիները վերանան կամ գոնե քչանան։
  • Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր հասարակության մեջ -Կցանկանայի ապրել մի հասարակության մեջ, որտեղ երբեք չէի լսի «հայ աղջկան վայել», «հայ կնոջն անվայել» ու նմանօրինակ արտահայտություններ։ Գուցե շատ պեսիմիստական կհնչի, բայց կարծում եմ՝ հիմա միայն կախարդական փայտիկը կօգներ, որ այս ծավալի ծայրահեղականությունները, խտրականությունն ու մեծամտությունը ամբողջովին դուրս գային մեր քաղաքացիների միջից։
  • Ո՞րն է Ձեր ամենամեծ կարողությունը/ուժը (superpower)  -Երևի քաղաքավարությանը զոհ չգնալը։ Սիրում եմ կյանքս ձեռքումս պահել։ Սկզբունքայնորեն փորձում եմ շփվել միայն այն մարդկաց հետ, ովքեր ինձ դուր են գալիս, օգտագործել այն ուտելիքը, որը սիրում եմ, աշխատել միայն այն հաստիքներում, որտեղ գործի բնույթն ինձ համար հետաքրիր է, անել արտաքինիս հետ այն, ինչ հաճելի է ինձ։
  • Խորհուրդ այլ կանանց/աղջիկներին  -Կցանկանայի, որ աղջիկներն ու կանայք ավելի լավ ճանաչեն սեփական հնարավորությունները։ Հաճախ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան պատկերացնում ենք։ Փորձեք ձեզ տարբեր իրավիճակներում, տարբեր ծրագրերի դիմեք, տարբեր աշխատանքներ փորձեք, տարբեր հոբբիներ հնարեք, մի խոսքով՝ ձեզ հետաքրքիրը դարձրեք, արդյունքում, որպես բոնուս կսկսեք ձեզ ավելի լավ ճանաչել ։)

Leave a Reply