Չխախտելով վերջերս ձևավորված ավանդույթը՝ այս երկուշաբթի ևս ձեզ ենք ներկայացնում հերթական կնոջ ֆեմհարցազրույցը:

- Ձեզ համարու՞մ եք ֆեմինիստ: Եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը -Պետք է համաձայնեմ, որ հայաստանյան իրականության մեջ դժվար է լինել ֆեմինիստ, քանի որ անգամ կենացաղային իրադրություններում կրճատվում և սեղմվում են կանանց իրավունքները։ Լինելով ֆեմինսիտ՝ ընդունում եմ կնոջ և տղամարդու միջև հնարավորությունների, կարողությունների հավասարությունն ու իրավահավասարությունը։ Ընդունում եմ իմ կարողությունները որպես առավելություններ՝ մերժելով այն կարծրատիպը, թե կանայք ավելի թույլ են և զիջում են տղամարդուն։Որպես մեդիադիտարկող ինձ համար անընդունելի է նաև կնոջ կերպարի պատկերագրումը ֆիլմերում, գովազդնելում և սերիալներում։ Երբ հասկացա, որ հայաստանյան իրականության մեջ կնոջը նախևառաջ դիտարկում են որպես սիրող կին, հոգատար և ընտանիքին նվիրված մայր, հնազանդ դուստր , այլ ոչ երբեք անհատականություն, ում մեջ կարելի է գնահատել այլ որականեր ևս, հակվեցի ֆեմինիզմի ուղուն։ Այժմ կարող եմ ասել, որ այս ուղին ինձ հնարավորություն է տալիս տարբեր հարթակներում խոսել կնոջ իրավունքների պաշտպանության մասին, ընդունել, որ կինն իր մարմնի միակ տնօրինողն է, դեմ լինել կնոջ անձնական կյանքի միջամտությանը ընտանիքի կողմից՝ իրականացնելու սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում ։
- Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ -Նշել եմ, որ հայաստանյան իրականության մեջ սեղմվում են կնոջ իրավունքները , երբեմն ինձ թվում է՝ որոշ դեպքերում կանայք անգամ զրկված են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունից։ Կարելի է նկատել, որ ընտանիքներում դրվում է ազատության որոշակի սահմաններ և առաջինը դրանց են ենթարկվում կանայք և աղջիկները։ Այստեղ կին լինել նախևառաջ նշանակում է մեջքին կրել կարծրատիպերի ու չի կարելիների բեռ, որից երբեմն ցավեր ու հոգնածություն է առաջանում ։ Զարմանալի է, ինչպես կարելի է հանդուրժող լինել, երբ ցավերն իրենց ցգացնել են տալիս։ Կին լինելը երբեմն ենթադրում է անուղղակի թույլտվություն՝ միջամտելու սեփական կյանքը տնօրինելուն, անգամ մտնել սեփական անկողին ու հետաքրքրվել սեռական վերարտադրողական առողջական վիճակի մասին։ Հայաստանյան իրականության մեջ կանայք աշխատաշուկայում բախվում են ապակե առաստաղների, երբեմն սեգրեգացիայի, որոնց պատճառով երբեմն աշխատավայրում առաջանում են բարդություններ։ Հաճախ է կրճատվում այսպես կոչված սեփական սենյակ ունենալու իրավունքը։ Երբեմն ընտանիքներում հնազանդության դաստիարակությունը աղջկան կամ կնոջը անուղղակի զսպվածության է տանում՝ լռելու, երբ հասարակական երթուղայիններից օգտվելիս որոշ տղամարդիկ ցուցաբերում են անհարկի պահվածք, երբ ենթարկվում են սեռական բռնության ամուսնու կողմից, ծեծի, հոգեբանական բռնության , բռնաբարության, կուսազրկման և այլ։ Ընտանիքի այդ կառուցվածքը ունենալով՝ սխալ են ընթանում սոցիալիզացիայի փուլերը, հասարակական ակտիվությունն ու սեփական իրավունքները պաշտպանելու գործընթացը։ Հայաստանյան իրականության մեջ կին լինել նշանակում է հաճախ լինել մեղադրյալի աթոռին՝ «կարճ կիսաշրջազգես ես հագել, պարզ է, որ բռնավարվելու էիր»: Հայաստանյան իրականության մեջ կինը շարունակական պայքարի մեջ է՝ հաստատելու իր տեղն աշխատաշուկայում, գործընկերների հետ հարաբերություններում , ծնող- երեխա հարաբերություններում հասկացված լինելու մեջ և այլ հարցերում ։
- Ձեր առօրյայում, աշխատանքում ի՞նչ խնդիրների եք հանդիպում որպես կին/աղջիկ -Հայաստանյան իրականության մեջ դոգմատիզմը չի շրջանցում հասարակության կողմից «գեղեցկության մասին պատկերացումներօ» շրջանակը ։ Բավական է ունենալ այդ պատկերացումներից փոքր-ինչ «շեղում» ՝ դառնում ես տարօրինակ, երբեմն՝ որակվում «տգեղ»։ Ցավով եմ նշում, որ այստեղ զարգացած չէ այն մշակույթը, որն ընդունում է դիմացինին այնպիսին, ինչպիսին ինքն իրականում կա։ Անգամ կենցաղային հարցերում մենք դիմացինին «տեղավորում ենք» մեր պատկերացումների մեջ․ եթե հոնքերը բնական են, ուրեմն տգեղ է, կարճ մազերը մոդայիկ չեն, եթե մազերը կարմիր է, ուրեմն «քաղաքի ազդեցությունն է» ու առանձնապես չի սազում, եթե երկար կիսաշրջազգեստներ է կրում , ուրեմն «նախորդ դարում մնացած է»։ Մենք չենք էլ նկատում, բայց մեր պատկերացումները գեղեցիկի մասին, որոնք ստիպողաբար տարածում ենք դիմացինների վրա, նախևառաջ անրադառնում են սեփական ես-ին։ Ցավոք, ես անցել եմ այդ փուլով, երբ շրջապատի անընդհատ կարծիքները գեղեցիկի մասին, ինձ հասցրին մի ճանապարհի, երբ դժվարանում էի նայել հայելու մեջ։ Դա մի ճանապարհ էր, որտեղ ես չհասկացված էի։ Հաճախ փողոցում քայլելիս ուղղակի նայում էի շրջապատիս մյուս աղջիկներին ու հասկանում՝ իրենք նույնպես ենթարկվել են մյուսների «գեղեցիկի մասին պատկերացումներին», նկատում էի՝ ինչպես է ամեն քայլը նույնացվում շրջապատին ու հաճախ մտածում էի այս բոլոր աղջիկների մասին, ովքեր որևէ մեկին դուր գալու համար ընտրում էին տարածված սանրվածք, հագուստի ոճ ու անգամ խոսելաձև։ Ցավում եմ, բայց հասցրել եմ նկատել՝ հայաստանյան իրականության մեջ աղջկա արտաքին տեսքին վերաբերող «նախանշված սահմանները» կամ գեղեցիկի մասին ընդհանուրի պատկերացումները աղջկա սոցիալիզացիայի վրա մեծ ազդեցություն են թողնում։ Բարեբախտաբար, կարողացա հաղթահարել կյանքիս այդ փուլը։ Այժմ ինձ հարմարավետ եմ զգում այն ձևի մեջ, որով ի սկզբանե էի։ Կարծում եմ, որ ամենահաճելի վիճակն այն է, երբ չտրվելով «հասարակության կողմից գեղեցիկի մասին պատկերագրությանը», ընդունում ես սեփական գեղեցկությունդ ու համարձակություն ես ունենում սեփական ես-ի հետ սեղանի շուրջ վայելելու դեղձի թեյը ։
- Ըստ Ձեզ՝ որո՞նք են կին/աղջիկ լինելու առավելությունները (եթե կան) մեր հասարակության մեջ -Հասարակության մեջ որպես կին գենդեր սեփական տեղն ունենալուդ համար անցնում ես անընդհատ պայքարի միջով ու ուժեղանում։ Կնոջ համար հայաստանյան հասարակության մեջ առավելությունն իր ուժեղ լինելու մեջ է, անընդհատ առաջ շարժվելու ու չտրվելու հասարակական կարծիքի ալիքին։ Սա մի ճանապարհ է, որի հաղթահարումը հնարավոր է միայն սեփական կարողություններն ու ուժերը գնահատելու դեպքում։ Մյուս կողմից, հայաստանյան իրականության մեջ կանայք ազատ են զգացմունքայնությունն արտահայտելու՝ ի տարբերություն տղամարդկանց, որոնց դեռ փոքրուց սովորեցնում են, թե «լաց լինելը տղամարդկային չէ»։ Կարծում եմ՝ որևէ խնդիրի վերաբերյալ զգացմունքային արտահայտումը կամ բարձրաձայնումը խթանում է այսպես կոչված «լսելիության» գործոնի տարածմանը։
- Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր հասարակության մեջ -Շատ հաճախ համարձակություն է պետք ուղղակի ասելու «կանգառում կանգնեք, խնդրում եմ»-ը. վախը, որ երթուղայինում համատարած լռության մեջ բոլորը կշրջվեն դեպի քեզ, իսկ ոմանք մտքում կծիծաղեն ձայնիդ տոնայնության վրա ստիպում է երբեմն բաց թողնել անհրաժեշտ կանգառը։ Օրինակը շատ կենցաղային է, բայց ինձ հաճախ մտահոգում է։ Կուզեի տեսնել մի հասարակություն, որտեղ ամենակենցաղային հարցերում նվազեցված է «հասարակական ամոթ»-ը։ Կուզեի այնպիսի հասարակություն տեսնել, որն ամոթ չի համարում երթուղայինում արտասվելը կամ զգամունքները արտահայտելը։ Ցավով եմ նշում, բայց հայաստանյան հասարակություն այնպիսին է, որտեղ ձախողելու վախն ավելի մեծ է, քան նախաձեռնելու։ Այստեղ միշտ վախ կա՝ դառնալու «բամբասանքի թեմա», ու կարծում եմ, եթե հնարավորություն լիներ որևէ կերպ փոխելու մեր հասարակությունն, ապա առաջինը կուզեի փոխել վերոգրյալը։
- Ո՞րն է Ձեր ամենամեծ կարողությունը/ուժը (superpower) -Ամեն անգամ դեղձի թեյը 3 գդալ շաքարավազով խմելիս հասկանում եմ,որ չեմ կարողանում ինձ դավաճանել։ Միշտ եղել եմ այնպիսին, ինչպիսին սեփական սենյակում եմ։ Ինձ համար շատ քիչ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ ամենակարևորը դրսում և տանը լինելիս բնականությունն է։ Կարծում եմ՝ դա միակ ճանապարհն է գոնե ինքդ քեզ հետ խաղաղ ապրելու համար։
- Խորհուրդ այլ կանանց/աղջիկներին -Սիրեք Ձեզ այնպիսին, ինչպիսին դուք իրականում կաք ՝ ձեր աչքերի, քթի, շրթունքների, մատների ձևի ու մազերի գույնի հետ։ Հոգ տարեք ինքներդ ձեր մասին ՝ առանց սպասելու սպիտակ ձիով ասպետի հոգատարության։