Մեր հերթական ֆեմհարցազրույցի մասնակիցն է Մարիամ Գևորգյանը:

- Ձեզ համարու՞մ եք ֆեմինիստ: Եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը -Ինձ համար ֆեմինիզմ հասկացությունը բացարձակ ճշմարտության՝ հավասարության անվանումն է։ Ես այն ընկալում եմ որպես մարդու հիմնարար իրավունքի դրսևորում։ Մենք բոլորս ունենք ինքնաիրացվելու, ստեղծագործելու և ազատ արտահայտվելու հավասար հնարավորություն։ Իսկ սեռով պայմանավորված մեր կենսաբանական տարբերությունները ընկալելի են որպես յուրահատկություն և ոչ մի դեպքում՝ որպես թերություն կամ թուլություն։
- Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ -Պարզության հետ մեկտեղ բավականին բարդ հարց է։ Հասարակությունն ու ընտանիքդ անընդմեջ վերահսկում են քեզ իրենց սպասումներով ու ակնկալիքներով։ Մինչդեռ դու՝ որպես կին/աղջիկ,ունենալով սոցիալական տարբեր դերեր, բարդ ընտրության առջև ես կանգնում. ընկալել այդ սպասումները որպես մոտիվացիա՞, ավելիին հասնելու շարժիչ ու՞ժ, թե՞ որպես ծանր բեռ, որը ոչ մի դեպքում քեզ ազատ չի թողնելու։ Իհարկե, կան դեպքեր, երբ սպասումները ձևափոխվում են պարտադրանքի, բայց այստեղ է, որ կինը/աղջիկը պետք է գտնի իր ներքին ուժը և խելամտորեն առաջ շարժվի՝ ի շահ իր ինքնաիրացման (իհարկե ,միայն կառուցողական ճանապարհներով)։ Այսպիսով, անկախ նրանից, թե ինչ հասարակության մեջ ենք դիտարկում կնոջը, ես նախընտրում եմ տեսնել նրան որպես իրեն հարգող, իր իրավունքների ու պարտականությունների սահմանագիծը չխախտող,ստեղծարար և ամեն պարագայում օբյեկտիվ իրականությունը ճիշտ գնահատող էակի։
- Ձեր առօրյայում, աշխատանքում ի՞նչ խնդիրների եք հանդիպում որպես կին/աղջիկ -Երբևէ չեմ բախվել սեռով պայմանավորված խտրականության ոչ ընտանեկան, ոչ դպրոցական ուսումնառության, ոչ ուսանողական տարիներին և ոչ էլ աշխատանքային հարաբերություններում։
- Ըստ Ձեզ՝ որո՞նք են կին/աղջիկ լինելու առավելությունները (եթե կան) մեր հասարակության մեջ -Սովորելով տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ` հաճախ է առիթ եղել համեմատելու,զուգահեռներ տանելու մեր և այլ մշակույթների միջև։ Դիտարկելով նմանություններն ու տարբերությունները՝ նկատել եմ, որ հայերը յուրահատուկ վերաբերմունք ունեն կանանց նկատմամբ։ Օրինակ,հայ կնոջ/աղջկա դերերից մեկի՝ մոր կերպարը յուրովի է մեծարվում ու գնահատվում հայ հասարակության մեջ:Մենք մեր մայրերին առանձնահատուկ դեր ենք հատկացնում՝ ընդունելով նրանց որպես իդեալական և օրինակելի։ Նրանց վերագրվող բնութագրիչներից ինձ համար ամենակարևորը, թերևս, կամային ուժն ու ամրությունն է:
- Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր հասարակության մեջ -Կբարձրացնեի կրթական մակարդակը։ Որքան հասարակության անդամները կրթված են, այնքան հասարակությունը հասուն և ամուր։ Իսկ այդպիսի հասարակությունում կնոջ դերը համապատասխան գնահատանքի է արժանանում։
- Ո՞րն է Ձեր ամենամեծ կարողությունը/ուժը (superpower) -Superpower․․․ նպատակասլացությո՞ւն․․․ Երևի թե ինքնուրույն քայլ առ քայլ առաջ գնալդ ու նպատակներդ իրականացնելը ,ողջամիտ լավատեսությամբ քո ապագան քո ձեռքերով կառուցելը։ Հիշում եմ՝ դեռևս դպրոցական տարիներին ձգտում էի ամենաբարդ խնդիրների լուծմանը, ուսանողական տարիներին հետազոտական աշխատանքներիս համար ընտրում էի մասկուլին և չուսումնասիրված կամ քիչ ուսումնասիրված թեմաներ և դժվարությունները հաղթահարելուց հետո ավելի համարձակ <<թակում էի հաջորդ փակ դուռը>> ։ Երբևէ ոչ մի հարցում չեմ ընդունել անհնարինության կանխավարկածը. միշտ ունեցել եմ ներքին բարձր վստահություն իմ ուժերի վրա։ Դրա շնորհիվ քայլ առ քայլ իրականացրել եմ մանկությանս ամենամեծ երազանքը՝ լինել ԵՊՀ ուսանող,ապա ասպիրանտ և դասախոս։ Իհարկե, այս ամենն անհնար կլիներ առանց աջակցության, որ ունեցել եմ թե’ ընտանիքիս, թե’ ընկերներիս և թե’ դասախոսներիս կողմից։
- Խորհուրդ այլ կանանց/աղջիկներին -Սիրեք ինքներդ ձեզ։ Դա ձեզ ուժ կտա պայքարելու և հասնելու ցանկացած նպատակի իրականացմանը։