Նախքան ֆեմինիստական ֆիլանթրոպիայի գաղափարին ծանոթանալը, փորձենք հասկանալ կանանց հիմնադրամների պատմությունը, քանզի հենց այդ հիմնադրամներն են առաջ քաշել ֆեմինիստական ֆիլանթրոպիայի սկզբունքը:
Ի պատասխան պատմական անհավասարությանը և կանանց կողմից ղեկավարվող նախագծերի ֆինանսավորման բացակայությանը՝ վաղ 1990-ական թվականներից կանանց հիմնադրամները սկսեցին կենտրոնանալ միայն կանանց իրավունքների պաշտպանությունը խթանող նախագծերի վրա: Ոգևորվելով Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի օրինակներով՝ Հարավում վերջին 17 տարիներին հիմնվեցին շուրջ 24 կանանց հիմնադրամներ՝ դառնալով կանանց իրավունքների պաշտպանության հիմնասյուներից մեկն ամբողջ աշխարհում: 2015թ. այս ցանցի 37 անդամները գոյացրել են 68.7 մլն դոլար ու ավելի քան 190 երկրներում հովանավորել կանանց կողմից իրականացվող շուրջ 1121 ծրագիր:

Կանանց հիմնադրամների գլոբալ ցանցն առաջնորդվում է հետևյալ հիմնական սկզբունքներով.
1.Ֆիլանթրոպիան կիսովի պատասխանատվություն ու հնարավորություն է յուրաքանչյուրիս համար՝ տալու, ստանալու, փոփոխություն անելու: Ֆինանսական ռեսուրսները գործիք են սոցիալական փոփոխության համար: |
2.Մենք կիսում ենք ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման պարտականությունը՝ հնարավոր դարձնելու համար կանանց մասնակցությունը մեր հասարակության բոլոր ոլորտներին: |
3.Որպես կանանց հիմնադրամներ՝ մենք կիսում ենք ֆեմինիստական հեռանկարները կանանց իրավունքների պաշտպանության հարցում: |
4.Մենք հավատում ենք, որ կանանց լսելն ու նրանց փորձը գնահատելն անչափ կարևոր է: Մենք հավատում ենք, որ կանայք իրենք լավագույնս գիտեն՝ ինչպես լուծել իրենց խնդիրները: Մենք վստահում ենք նրանց կարողությանը, հարգում ենք նրանց կարծիքն ու ընտրությունը: |
5.Անդամ հինադրամները գիտակցում են, որ աշխարհում ռեսուրսներն անհավասար են բաշխված ազգերի միջև, և որպես աշխարհի տարբեր հատվածներում հիմնված հիմնադրամներ՝ դրանք աշխատում են իշխանության, կարողության ու ռեսուրսների հավասար բաշխման ուղղությամբ: |
Հետևաբար, ֆիլանթրոպիան կանանց հիմնադրամների կողմից դիտարկվում է որպես սոցիալ-հասարակական փոփոխության հասնելու գործիք և ոչ թե նվիրատվություն: Այդ իսկ պատճառով էլ դրանք հենվում են ֆեմինիստական ֆիլանթրոպիայի սկզբունքի վրա: Ըստ նրանց՝ դրանով պիտի առաջնորդվեն կանանց և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները: Ֆիլանթրոպիան պետք է դիտարկվի ոչ թե որպես դասական բարեգործություն, այլ փոխադարձ պատասխանատվություն ու պարտավորություն: Այստեղ արդեն հարցը ոչ թե պարզապես բարեգործություն անելն է՝ գումար նվիրաբերելով, այլ գումարի միջոցով սոցիալական որևէ փոփոխություն արձանագրելը, որին հավասարապես մասնակցում են բոլոր կողմերը՝ և՛ դոնոր կազմակերպությունները, և՛ դրամաշնորհի հասցեատերերը, և՛ տվյալ ծրագրի շահառուները:

Ֆեմինիստական ֆիլանթրոպիան առաջարկում է սոցիալական հարաբերությունների հորիզոնական մոդել՝ հիմնվելով դոնոր-շահառու փոխվստահության վրա: Այլ խոսքերով՝ ֆեմինիստական ֆիլանթրոպիան նպատակ ունի փոխելու իշխանության ավանդական դինամիկան և պարզեցնելու դոնոր-շահառու փոխհարաբերությունները, որն էլ ավելի արդյունավետ է դարձնում համագործակցությունը:
Միայն կանաց կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտակցության բարձրացման, կոալիցիաների կառուցման ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, կարող են առաջ բերել այն համակարգային փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են կանանց: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գլոբալ առումով կանանց իրավունքների բարելավմանն ուղղված ֆիլանթրոպիան պետք է ներդրում անի հենց կանանց շարժումներում: Սա նշանակում է երկարաժամկետ աջակցություն կանանց կազմակերպություններին, որոնք համագործակցելով միմյանց հետ՝ աշխատում են հայրիշխանական ճնշման սոցիալական, օրինական ու քաղաքական համակարգերը վերափոխելու ուղղությամբ:

Եթե մենք լրջորեն ցանկանում ենք պայքարել կանանց իրավունքների համար, պետք է ուղղակիորեն աջակցենք կանանց կազմակերպություններին, որոնք օրենսդրական նախագծեր և քաղքականություններ են մշակում, որոնք ապահովում են սեռական և վերարտադրողական առողջության իրավունքը, դատապարտում ընտանեկան բռնությունը և այլն: Հարկավոր է աջակցել կանանց շարժմանը, ոչ թե պարզապես զորեղացնել նրանց, քանզի շարժման աջակցելով հնարավորություն ենք տալիս կանանց իրացնել իրենց սեփական ծրագրերը, մտահղացումները և դրանով իսկ զորեղանալ: