Փետրվարի 24-ին «Ֆեմինիստական բնապատկեր.քաղ.հասարակության երկխոսություն՝ բոլոր ձայների ներառումով» ծրագրի շրջանակներում հանդիպեցինք ծրագրում ներառված և մեզ հետ համագործակցող տեղական 4 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը նրանց ընթացիկ ծրագրերի մասին տեղեկանալն էր ու ծրագրով նախատեսված հանդիպումների ու վեբինարների կազմակերպումը քննարկելը:
Ստորև ներկայացնում ենք մեր գործընկեր(ուհի)ների ծրագրերի մասին թարմացումներ.
- Սոցիոսկոպ հկ – «Կնոջ հարցը հեղափոխությունից հետո». կազմակերպության հետազոտողները աշխատում են իրենց զեկույցների ուղղությամբ, մասնավորապես՝ ուսումնասիրում կանանց հարցի մանիպուլյացիաները մեդիայում և քաղաքականության մեջ, «Կանայք հանուն խաղաղության» արշավի քննադատությունը հետպատերազմական իրականության մեջ: Առաջիկա ամիսներին նախատեսվող վեբինարներից մեկի ժամանակ հետազոտողները կներկայացնեն իրենց զեկույցը կատարված ուսումնասիրության հիման վրա:
- «Փինք» իրավապաշտպան հկ – «Քվիր կանանց զորեղացում արվեստի միջոցով». Կազմակերպությունը հայտարարության միջոցով արդեն հավաքել է ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց խմբի, որի հետ նախատեսում են հանդիպումներ ունենալ և մեկնարկել բուն ծրագիրը: Հանդիպումները ուղղված են լինելու քննարկելու և բացահայտելու արվեստում քվիր կանանց ունեցած դժվարություններն ու մարտահրավերները: Ամբողջ ընթացքը վավերագրվելու է, իսկ կանանց խմբի ստեղծած արվեստի աշխատանքները (տարբեր ժանրի և ձևի) ներկայացվելու են ցուցահանդեսի տեսքով:
- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հկ – «Ֆեմինիզմ և հաշմանդամություն». Կազմակերպությունն արդեն ավարտել է ծրագրի բաղադրիչնեից մեկը՝ ֆեմինիզմի թեմայով դասընթացների շարք հաշմանդամություն ունեցող կանանց համար: Դրանց ընթացքում ապահովվել է նաև ժեստերի լեզվով թարգմանություն: Ծրագրի հաջորդ փուլով նախատեսված են ֆոկուս խմբային քննարկումներ կանանց հետ, որոնց արդյունքում կազմակերպությունը կկազմի քաղաքականության փաստաթուղթ այլ կազմակերպությունների համար՝ օգնելով նրանց առավել զգայուն լինել հաշմանդամություն ունեցող կանանց հետ աշխատանքում: Նախատեսվում է նաև նույն նպատակին ուղղված ուղեցույց պատրաստել:
- «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» հկ – «Հավասարության թատրոն». Մարտի 1-ին՝ Խտրականության դեմ պայքարի միջազգային օրը, տեղի կունենա թատերական ներկայացում՝ «Անօրինակ պատմություններ» վերնագրով: Մանրամասները՝ այստեղ: Ներկայացումներ են նախատեսվում նաև Վանաձորում և Գյումրիում: Մարտի 2-ին Կոալիցիան նախատեսում է մամուլի ասուլիս տալ և հանրայնացնել ու անհրաժեշտության դեպքում մեկնաբանել թատերական ներկայացումը՝ դրանով ուշադրություն հրավիրելով մեր հասարակության մեջ առկա խտրականության դրսևորումների վրա:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք նաև առաջիկա ամիսներին նախատեսվող վեբինարները, դրանց թեմաներն ու ժամանակացույցը: Մանրամասները կտեղեկացնենք առաջիկայում: