2021թ. հաստատված տարածաշրջանային համագործակցության արդյունքում Հայաստանում կանանց հիմնադրամի 4 գործընկեր կազմակերպությունները տարեվերջին մեկնարկեցին իրենց ծրագրերը: Դրանք մասն են կազմում «Ֆեմինիստական բնապատկերի ընդլայնում» անունը կրող ծրագրի, որն իրագործվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և հետևյալ հիմնադրամների համագործակցությամբ՝ Ֆիլիա, Ուկրաինայի կանանց հիմնադրամ, Վրաստանի կանանց հիմնադրամ, Ֆեմֆանդ և Հայաստանում կանանց հիմնադրամ:
Ծրագրի նպատակն է ուշադրություն հրավիրել կանանց բոլոր այն խմբերի վրա, որոնք շատ հաճախ դուրս են մնում
ֆեմինիստական ընդհանուր բնապատկերից: Այդ նպատակով տեղական կազմակերպություններից ընտրվել են այնպիսիք, որոնք իրենց առաջարկած ծրագրերի միջոցով կօգնեն մեզ վեր հանել վերոնշյալ խմբերի խնդիրները, հասկանալ Հայաստանում ֆեմինիստական շարժման ներկայիս մարտահրավերները և աշխատել դրանց լուծման ուղղությամբ:
Հայաստանում կանանց հիմնադրամի հետ համագործակցող տեղական կազմակերպությունները և նրանց ընթացիկ ծրագրերը.
- Սոցիոսկոպ հկ – «Կնոջ հարցը հեղափոխությունից հետո». ծրագրի նպատակն է ուսումնասիրել հետհեղափոխական Հայաստանում կնոջ հարցը տարբեր դիտանկյուններից և խթանել հանրային քննարկումները կնոջ հարցի շուրջ։
- «Փինք» իրավապաշտպան հկ – «Քվիր կանանց զորեղացում արվեստի միջոցով». ծրագրի նպատակն է ստեղծել ստեղծագործող ԼԲՏՔ կանանց համար միմյանց մոտիվացնելու ու համախմբելու, ինչպես նաև համագործակցելու և փորձի փոխանակման ապահով տարածք՝ սեռականության, կանանց հիմնախնդիրների, ֆեմինիստական շարժման ու այլ կարևոր հարցերի քննարկման ու արվեստի միջոցով բարձրաձայնման համար, ինչպես նաև հասանելի դարձնել ստեղծագործող կանանց ձայնը և աշխատանքի արդյունքները հանրության ավելի լայն շրջանակներին։
- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հկ – «Ֆեմինիզմ և հաշմանդամություն».հաշմանդամություն ունեցող կանանց և կազմակերպության աշխատակազմի համար ֆեմինիզմի թեմայով իրազեկման դասընթացների կազմակերպում:
- «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» հկ – «Հավասարության թատրոն». ծրագրի նպատակն է բարձրացնել խտրականության ենթարկվող խմբեր ներկայացնող անձանց տեսանելիությունը, նրանց հիմնախնդրների մասին հանրության իրազեկվածության մակարդակը՝ թատերական ներկայացման միջոցով:
Նշված ծրագրերն արդեն իսկ ընթացքի մեջ են: Դրանց մասին մենք պարբերաբար հայտնում ենք Հիմնադրամի սոց.մեդիայի էջերով:
Տարածաշրջանային ծրագրի մեջ ընդգրկված 4 հիմնադրամները՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Լեհաստանից, նախքան ծրագրի մեկնարկը իրենց տեղական գործընկեր կազմակերպությունների հետ իրականացրել են փոքր հարցում՝ հասկանալու ֆեմինիստական շարժման մեջ ներգրավված լինելու մասին պատկերացումները թվարկված երկրներում, այդ շարժումների առաջ եղած խոչընդոտները, ինչպես նաև՝ թե ինչ ռեսուրսներ են հարկավոր շարժումները զորեղացնելու համար: Հարցման արդյունքում դուրս են բերվել հետևյալ փաստերն ու եզրակացությունները.
- Նշված երկրներում ֆեմինիստական շարժումները դեռևս լիովին զարգացած չեն, այլ ներկայանում են որոշ կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի ու անհատ ակտիվիստների գործունեության տեսքով: Դրանցում հաճախ չեն ընդգրկվում կանանց այն խմբերը, որոնք հասանելիություն չունեն համապատասխան ռեսուրսների:
- Ակտիվիստները նշում են, որ COVID-19 համավարակը, պատերազմը Հարավային Կողվկասում, ծայրահեղ աջականների ու հակագենդերային խմբերի հարձակումները վնասել են մարդու իրավունքների դրությանը այս երկրներում ու բացասական ազդեցություն ունեցել գենդերային հիմնահարցերի վրա: Գենդերային հիմնահարցերը մի կողմից դարձել են մանիպուլյացիաների առարկա, մյուս կողմից՝ դրանց ավելի քիչ առաջնահերթություն է տրվում հանրային տիրույթում:
- Կարիք կա միասնական ֆեմինիստական շարժման.դա կդառնա միասնական հարթակ՝ լուծելու համակարգային խնդիրները, փոխհամաձայնության հասնելու շարժման ռազմավարության ու նպատակների շուրջ, ինչպես նաև շարժման ռեսուրսների կենտրոնացված կառավարում ապահովելու:
- Ըստ հարցման մասնակիցների՝ ներկայումս անհրաժեշտ է, որ ֆեմինիստական շարժումը խթանի ֆեմինիզմի գաղափարը բոլորի համար, համերաշխության ձգտի, ներառի տարբեր խմբերի ձայներ, միավորի գյուղական ու քաղաքային տարբեր տարիքի բնակչությանը: Մի խոսքով՝ ֆեմինիստական շարժումը պետք է ինտերսեկցիոնալ լինի: