Նոյեմբերի 11-15-ը Բեռլինում տեղի ունեցավ Filia գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված սեմինարների ու քննարկումների շարք քաղաքացիական հասարակության նեղացող տարածքների (shrinking spaces) թեմայով, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի և Գերմանիայի կանանց հիմնադրամների և կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նպատակն էր համատեղ քննարկել և վեր հանել բոլոր այն արդի խնդիրները, որոնց բախվում են հասարակական կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում, և որոնք էլ խոչընդոտում են նրանց աշխատանքն ու ազդում դրա արդյունավետության վրա: Քննարկումներից պարզ դարձավ, որ վեորնշյալ բոլոր երկրներում էլ ոլորտի խնդիրները նույնն են՝ տեղական ինչ-ինչ առանձնահատկություններով: Սերբիայից և Նիդերլանդներից ժամանած փորձառու դասընթացավարների ինտերակտիվ վարժությունների շնորհիվ մասնակիցները սովորեցին սթրեսը, լարվածությունը և հոգնածությունը հաղթահարելու մի շարք օգտակար միջոցներ: Գլխավոր հաղորդագրությունն այն էր, որ ցանկացած պարագայում անհրաժեշտ է նախ և առաջ հասկանալ խնդրի էությունը, փորձել տեսնել դրա պատճառները և հետո միայն աշխատել այն լուծելու ուղղությամբ: Ինքնախնամքը և հոգատարությունը սեփական առողջության հանդեպ չափազանց կարևոր են, եթե ուզում ենք հաջողության հասնել մեր հասարակական գործունեության մեջ:
Դասընթացներից մեկը նվիրված էր թվային հարթակում անվտանգության, օնլայն հարձակումների, անձնական էջեր կոտրելու, հեռախոսը կորցնելու դեպքում անձնական տվյալների և դրանում պարունակվող ինֆորմացիայի վերականգնման և նմանատիպ այլ թեմաներին:
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ փակման արարողությունը, որի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները պատմեցին իրենց փորձի, գործունեության, նեղացող տարածքներին դիմակայելու մեթոդների մասին, ինչպես նաև պատասխանեցին լսարանի հարցերին: Մասնակիցները միմյանց հրաժեշտ տվեցին՝ նոր ու համատեղ ծրագրերով ապագայում հանդիպելու ակնկալիքներով: