Ձեզ ենք ներկայացնում «Ալվան Ծաղիկ Սոցիալ-Կրթական Կենտրոն» ՀԿ-ն, որը Հայստանում Կանանց հիմնադրամի գործընկերներից է:
«Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թ.՝ նպատակ ունենալով կրթական, մշակութային և սոցիալական գործունեությամբ նպաստել Շիրակի մարզի գյուղական համայնքների և Գյումրի քաղաքի բնակչության կրթական և սոցիալական պայմանների բարելավմանը: Այժմ կենտրոնն իր գործունեությունն է իրականացնում նախադպրոցական, արտադպրոցական մեծահասակների կրթության ոլորտներում: Իրականացվող ծրագրերի նպատակն է կրթության, մշակույթի և սոցիալական աջակցության միջոցով նպաստել խոցելի խմբերի՝ գյուղական համայնքների բնակիչների, միայնակ մայրերի և այլոց կենսապայմանների բարելավմանը: Կանանց հիմնախնդիրները կազմակերպության առաջնահերթություններից են. իրականացված մասնագիտական վերապատրաստումներին մասնակցել են գյուղական համայնքների մանկավարժ կանայք, արտադպրոցական խմբակներում ներգրավված են գյուղական համայնքների դեռահաս աղջիկներ, որոնց համար կենտրոնը ինքնահաստատվելու և կայացման միակ հնարավորությունն է:

Կանանց հիմնախնդիրների բարձրացման ու լուծման հնարավորությունների և մոտեցումների հստակեցմանը մեծապես նպաստեց Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացը: Դասընթացին հաջորդեց հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Փորձիր իմ փոխարեն» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է հասարակությանը մերձեցնել քաղաքային միջավայրում սահմանափակ հնարավորություններով, մասնավորապես՝ հենաշարժողական խնդիրներով կանանց հիմնախնդիրներին և բարձրացնել այդ խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Ծրագրի թիրախային խումբը հենաշարժողական սահմանափակ հնարավորություն ունեցող կանայք են, ում համար խնդրի բարձրաձայնումը լուծման ուղիներ գտնելու կարևոր նախապայման է: Երկրորդային թիրախային խումբը պետությունն է, հասարակությունը, քաղաքացիները, ովքեր հոլովակաշարի արդյունքում փոխելու են դիրքորոշում, մտածելակերպ և քաղաքականություն։ Ծրագրի իրականացման ընթացքում հարցազրույցներ են անցկացվել հենաշարժողական խնդիրներ ունեցող տասից ավելի կանանց հետ, սակայն նրանցից միայն քչերն են համաձայնել լուսանկարվել։ Համագործակից կազմակերպությունների ներկայացրած շահառու կանանցից ոչ բոլորն են համաձայնել զրուցել՝ պատճառաբանելով, որ, միևնույնն է, իրենց խնդիրները երբեք էլ լուծում չեն ունենալու, որ պետությունն ու հասարակությունը միայն խոսում է բոլորի համար հավասար հնարավորություններից, սակայն իրականում երբեք ոչինչ չի փոխվելու։

Նշված խնդիրների /կարծրատիպեր կանանց տարբեր խմբերի հանդեպ/ լուծումը շարունակելու է մնալ կազմակերպության առաջնային հետաքրքրությունների հարթությունում։ Մասնավորապես, շահառուներից Արմինե Ենգոյանը /կից ներկայացվում են լուսանկարներ/, որ հրաշալի ասեղնագործում է, պատրաստակամ է իր գիտելիքներն ու հմտությունները, նաև՝ պայքարելու իր կամքն ու անկոտրում լավատեսությունը դեռատի աղջիկներին փոխանցելու, սակայն զրկված է տնից դուրս գալու հնարավորությունից։ Արմինեն բնակվում է Շիրակի մարզի Ազատան գյուղում, պատրաստ է տանը կազմակերպել ուսուցում հենց գյուղի երիտասարդ աղջիկների ու կանանց համար։

Քրիստինե Կիրակոսյանը, ով բազմաթիվ վերապատրաստումների է մասնակցել, այժմ էլ աշխատանքի շատ առաջարկներ ունի, կրկին տանից դուրս գալու խնդիր ունի, քանի որ Քրիստինեն ևս բնակվում է գյուղում՝ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։ Հասարակական տրանսպորտը խնդիր է սայլակից օգտվող կնոջ համար՝ ամեն օր մինչև Գյումրի աշխատանքի գնալու և տուն վերադառնալու համար։ Քրիստինեն կարևորում է այն թեման, որ բազմաթիվ տոնավաճառներում, հանրային քննարկումներում և ժողովներում բոլոր գործատուները պատրաստակամություն են հայտնում հաշմանդամություն ունեցող կնոջը աշխատանքի ընդունելու, սակայն գրեթե ոչ մի գործատու իրատեսորեն չի պատկերացնում այն դժվարությունները, պայմանները, թեկուզ՝ հաշմանդամի հետ շփման ձևն ու հաղորդակցումը, շենքային պայմանները, տանից աշխատանքի հասնելու՝ հաշմանդամի խնդիրները, որոնք կարող են առաջանալ սահմանափակ հնարավորություն ունեցող անձին ու հատկապես՝ կնոջն աշխատանքի ընդունելու հարցում։ Քրիստինեն մտահոգություն է հայտնում, որ հաշմանդամներին աշխատանքի ընդունելու հետ կապված առանց այն էլ ոչ հաճախակի կազմակերպվող վերապատրաստումները գործատուների համար կազմակերպում են մարդիկ, ովքեր պարզապես տեղյակ են այդ խնդրին։ Փոխարենը, Քրիստինեն առաջարկում է կազմակերպել դասընթացներ գործատուների համար, ովքեր պատրաստակամ են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն բավարար գիտելիքներ և հմտություններ չունեն այս ոլորտում։

«Ալվան Ծաղիկն» այս ընթացքում մի շարք այլ ծրագրեր է իրականացրել Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ, ինչպես օրինակ, «Արևաշող» ծրագիրը՝ ուղղված կանանց ինքնախնամիք և բարօրության բարելավմանը: