«ՍՎԵՏՈԶԱՌ» Կրթական-հասարակական կազմակերպության հիմնական նպատակներից է իրականացնել կրթական ծրագրեր երիեխաների, երիտասարդների և կանանց համար: Հիմնական թիրախային խբերը գյուղաբնակ երիտասարդությունն ու կանայք են: ՀԿ-ը հիմնվել է 2017 թ. նոյեմբերին Արարատի մարզ Դվին գյուղում: Արարատի մարզում էլ իրականացրել է հետևյալ ծրագրերը՝ «Դեռահաս աղջիկների հիգիենա» ծրագիրը Արարատի մարզի 106 դպրոցում «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ աջակցությամբ, կազմակերպել է Արարատի մարզի 40 դպրոցների միջև աշակերտական ֆուտբոլի թիմերի առաջնություն 40 համայնքնեի ՏԻՄ-երի աջակցությամբ:

«Հայաստանում Կանանց Հիմնադրամի կողմից հայտարարված ծրագրի մասին տեղեկացել ենք ՀԿ ԴԵՊՈ կայքից, մասնակցել ՀԿՀ-ի կողմից կազմակերպած դասընթացներին և մրցույթով շահել դրամաշնորհ «Կանանց հզորացում գյուղական համայնքներում» ծրագիրը Արարատի մարզի Վերին Դվին համայնքում իրականացնելու համար»: Վերին Դվին համայնքը առանձնանում է նրանով, որ համայնքի բնակիչների 80% -ը ասորիներ են, ասորի և հայ կանայք միասին կրում են այն բոլոր դժվարությունները, որոնք հատուկ են և բաժին են ընկել գյուղաբնակ կանանց: Այսօր շատ կանայք՝ հատկապես մարզերում ու գյուղական համայնքներում, շարունակում են անտեղյակ մնալ իրենց իրավունքների մասին և կաշկանդված իրենց գործողություններում: Ժամանակի պահանջն էր օգնել գյուղական կանանց` դառնալու ակտիվ քաղաքացի, բարձրացնել կանանց դերը հասարակության մեջ՝ նպաստելով նրանց զարգացմանը քաղաքացիական կրթության միջոցով: Այս նպատակով «ՍՎԵՏՈԶԱՌ» Կրթական ՀԿ-ը նախաձեռնել է ստեղծել Արարատի մարզի Վերին Դվին ասորական համայնքում «Կանանց ինֆորմացիոն խորհրդատվական կենտրոն» (ԿԻԽԿ):
Կազմակերպելով 4 ամիսների ընթացքում համայնքի հայ և ասորի կանանց իրազեկումը տեղեկատվական սեմինարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ խորհրդատվական հանդիպումների, նաև այցելությունների միջոցով, կարողացել են կանանց հաղորդել ինքնավստահություն և համարձակություն մասնակցելու համայնքային կյանքին, գրագետ օգտվելու տարբեր պետական կառույցներից իրենց շահը պաշտպանելու համար, վստահ պայքարելու բռնության և գենդերային խտրականության դեմ՝ հիմնվելով համապատասխան օրենքների վրա:

Հաջողված պատմություններ.
- Անժելան, որը հինգ երեխայի մայր է , որոշեց մասնագիտություն ստանալ Արտաշատի Պետական քոլեջում, որտեղ անվճար մեկ տարվա ծրագրի շրջանակներում կստանա դերձակ-վարպետի որակավորում և աշխատանքի կանցնի Արտաշատի նոր բացված կարի ֆաբրիկայում: Նա ասում է, որ երբեք չէր համարձակվի դիմել այդ քայլին, եթե չլիներ մեր ծրագիրը:
- Զվարդը ոչ մի հույս չուներ, որ իր որդին կարող է անվճար ստանալ բժշկական օգնություն և աչքի տեսողությունը կարող է վերականգնվել:
- Այժմ Զվարդը, որը, իր խոսքերով ասած,ամուսնուն կորցնելուց հետո կորցրել էր նաև հավատը, որ այս երկրում արդարություն կա, այժմ վստահ և համարձակ դիմում է համապատասխան կառույցներ ոչ միայն իր համար, այլ օգնում է նաև ընկերուհիներին:
- Ալևտինայի մայրիկը չէր մտածել, որ կարող է դիմել Ալևտինայի համար թոշակ ձևակերպելու համար: Ալևտինան դպրոց չի հաճախել, արդեն հասուն աղջիկ է, սակայն աշխատել և իրեն ապահովել ի վիճակի չէ: Նրան օրենքով հասնող թոշակ ձևակերպվեց, իսկ հիվանդ մայրիկին՝ սոցիալական նպաստ:
- Նվարդը, որը երեք դպրոցական երեխա ունի, տարիներ շարունակ բռնության է ենթարկվել հարբեցող ամուսնու կողմից: Ամուսնուն բացատրել են, որ Նվարդը օրենքով պաշտպանված է և, եթե բռնությունները շարունակվեն, նա կպատժվի օրենքով: Ամուսինը փոխել է վերաբերմունքը Նվարդի և երեխաների նկատմամբ, իսկ Նվարդը պատրաստվում է աշխատանքի անցնել կարի ֆաբրիկայում:

«Ամենակարևոր կարծրատիպը գյուղական կանանց մոտ հավատի և վստահության բացակայությունն է: Դա մենք կարողացել ենք ճեղքել, սակայն այն կայծը, որ առաջացրել ենք Վերին Դվին համայնքում, ցանկանում ենք խարույկ դարձնել ամբողջ մարզի կանանց համար»: