Ջինա Ռիփոնը իր ամբողջ կարիերայի ընթացքում փորձել է հերքել այն միտքը, թե տղամարդկանց ԵՎ Կանանց ուղեղները տարբեր են, բայց ԳՏՆՈՒՄ է, որ «գենդերային ռմբակոծումը», որին մենք ենթարկվում ենք, ավելի մեծ է, քան երբԵՎԷ Ինչո՞ւ:

Կոգնիտիվ նյարդաբան Ջինա Ռիփոնը մի դեպք է պատմում, որն օգնում է ցույց տալ, թե ինչ վաղ շրջանում են երեխաները բախվում գենդերային կարծրատիպերի հետ: Իր երկրորդ դստեր ծննդյան օրը՝ 1986թ. հունիսի 11-ին, Գարի Լինքերը տղամարդկանց ֆուտբոլի առաջնության ժամանակ երեք գոլ է ուղարկում Լեհաստանի դարպաս: Հիվանդասենյակում այդ օրը ծնված 9 երեխաներից 8-ին անվանում են Գարի:
«Տղամարդու» կամ «աղջկա» պես պահելու վերաբերյալ նուրբ զգուշացումները ծննդյան պահից ձևավորում են մեր վարքն ու կարողությունները:
Ռիփոնը հիշում է, որ զրուցելիս է լինում մայրիկներից մեկի հետ, երբ ներս է մտնում բուժքույրը՝ բերելով երկու լացող նորածինների: «Կապույտի մեջ փաթաթված Գարիին» հանձնում է մայրիկին՝ վստահեցնելով, որ նա «ամուր թոքեր ունի», իսկ Ռիփոնի դստերը նրան տալիս խրատական տոնով ասում է.«Նա բոլորից աղմկոտ է, հեչ աղջկա նման չէ»: «Այսպիսով՝ իմ նորածին փոքրիկ դուստրն արդեն զգաց, թե որքան գենդերացված է մեր աշխարհը »,- ասում է Ռիփոնը:
Ռիփոնը տասնամյակներ է անցկացրել՝ հարցականի տակ դնելով այն գաղափարը, թե տղամարդկանց ու կանանց ուղեղները տարբեր են, որը ներկայացրել է իր նոր գրքում՝ “The Gendered Brain”: Վերնագիրը կարող է մոլորեցնել, քանի որ նրա պնդումները պտտվում են այն փաստի շուրջ, որ ոչ թե մարդու ուղեղն է «գենդերացված», այլ այն աշխարհը որում մեծանում ենք: «Տղամարդու» կամ «աղջկա» պես պահելու վերաբերյալ նուրբ զգուշացումները ծննդյան պահից ձևավորում են մեր վարքն ու կարողությունները, որոնք էլ գիտնականները համարել են բնական, բնածին տարբերություններ:
Ռիփոնի գիրքն արտահայտում է հիասթափություն այն փաստի վերաբերյալ, որ նման պնդումներին դեռ ստիպված ենք անդրադառնալ մինչև օրս: Նա նկարագրում է գենդերային տարբերությունների մասին շատ տեսությունները որպես «խլուրդ դանակահարելու» պես առասպելներ, որոնք շարունակում են ծագել՝ անկախ նրանից, թե որքան հաճախ են մերկացվում:
«Գրեթե 200 տարի այս ամբողջ հարցին նայել ենք այն տեսանկյունից, թե արդյոք տղամարդու ուղեղը տարբերվում է կնոջ ուղեղից», – ասում է նա: «Եվ ամեն օր նոր առաջընթաց է արձանագրվում գիտության կամ տեխնիկայի մեջ, որը թույլ է տալիս մեզ վերանայել այս հարցը և ստիպում գիտակցել, որ անցյալի որոշ պնդումներ ակնհայտորեն սխալ են: Մտածում ես, որ որպես գիտնական, անդրադարձել ես դրանց և անցել, ու մարդիկ առաջ կշարժվեն և այլևս չեն օգտագործելի այդ տերմինները կամ եզրակացությունները: Բայց ամեն անգամ, երբ նայում ես մամուլին, տեսնում ես, որ հին առասպելը վերադարձել է»:

Ամենահին պնդումներից մեկը կենտրոնանում է այն փաստի վրա, որ կանանց ուղեղն ավելի փոքր է, որը մտավոր թերարժեքության ապացույց է համարվել: Թեև ճիշտ է, որ միջինում կանանց ուղեղը մոտ 10%-ով ավելի փոքր է, վերոնշյալ ենթադրության հետ կապված մի շարք խնդիրներ կան:
«Նախևառաջ, եթե պարզապես մտածում եք, որ դա չափսերի խնդիր է, ապա կաշալոտներն ու փղերը տղամարդկանցից ավելի մեծ ուղեղ ունեն, բայց նրանք այնքան էլ հայտնի չեն որպես պայծառ ուղեղով էակներ», – ասում է Ռիփոնը: Այնուհետև, փաստ է, որ չնայած չափերի միջին տարբերությանը, տղամարդկանց և կանանց ուղեղների չափերի բաշխման համընկնումները շատ տարբեր են: «Այնպես որ հանդիպում են մեծ ուղեղով կանայք և փոքր ուղեղով տղամարդիկ»:
Պետք է նշել, որ Էյնշտեյնի ուղեղը տղամարդու միջին չափի ուղեղից փոքր է եղել, իսկ ընդհանուր առմամբ բազմաթիվ ուսումնասիրություններ գտնում են, որ տղամարդկանց ու կանանց մտավոր կարողության կամ նրանց վարքային հատկություններ միջև տարբերություններ գրեթե չկան: Այնուամենայնիվ, այդ պնդումը դեռևս գոյություն ունի մեդիայում:

Ռիփոնը պնդում է, որ ուղեղի ներսում ակնհայտ կառուցվածքային տարբերությունները նույնպես չափազանցված են: Օրինակ ՝ corpus callosum-ը ուղեղի ձախ և աջ կիսագնդերը միացնող նյարդային մանրաթելերի կամուրջ է, և որոշ ուսումնասիրություններ պարզել են, որ այս տեղեկատվական ուղին ավելի մեծ է կանանց ուղեղում, քան տղամարդկանց: Սա օգտագործվել է բոլոր տեսակի կարծրատիպերը արդարացնելու համար, ինչպես այն գաղափարը, որ կանանց բնորոշ է անտրամաբանական լինելը, քանի որ «հուզական» աջ կիսագնդից նրանց զգացմունքները խոչընդոտում են սառը, բանական ձախ կիսագնդի աշխատանքը:
Ինչպես Ռիփոնն է բացատրում իր գրքում. «Տղամարդկանց ավելի բարձրորակ ֆիլտրման մեխանիզմը բացատրում էր մաթեմատիկական և գիտական հանճարը … արդյունաբերության ոլորտի կապիտան լինելու նրանց իրավունքը, [նրանց կարողությունը] Նոբելյան մրցանակներ նվաճելու և այլն, և այլն»:
Բայց նման պնդումները հաճախ հիմնված են փոքրաթիվ մասնակիցների հետ արված հետազոտությունների վրա, իսկ ցանկացած օրգանի «չափը» չափելու տեխնիկան դեռևս թերի է և բաց մեկնաբանության համար, այսինքն ՝ նույնիսկ ուղեղների միջև նման տարբերությունների գոյությունը շատ թույլ հիմքեր ունի: (Եվ, իհարկե, «ձախ» և «աջ» ուղեղի գաղափարը ինքնին միֆ է:) Չնայած տասնամյակների հետազոտություններին՝ շատ դժվար է վստահորեն տարբերություններ սահմանել տղամարդկանց և կանանց ուղեղների կառուցվածքների միջև:
Զայրացած հորմոններ
Իսկ ի՞նչ կասեք սեռական հորմոնների մասին: Վստահաբար, դրանք պիտի որ հստակ ազդեցություն ունենան մեր մտքի ու պահվածքի վրա: Ինչևէ, սա օգտագործվել է կանանց կարողությունները քննադատելու համար:
Կանանց ի սկզբանե արգելված է եղել ԱՄՆ տիեզերական ծրագրի մեջ ընդգրկվել՝ ելնելով այդպիսի «խառնվածք ունեցող հոգեֆիզիոլոգիական էակների» անձնակազմի մեջ ունենալու մտահոգությունից:
Նախադաշտանային սինդրոմ (PMS) հասկացությունը, օրինակ, առաջին անգամ ի հայտ է եկել 1930-ական թթ.: «Եվ այն դարձավ լավ արդարացում այն բանի, որ կանանց չպիտի իշխանություն տրվի»: Ինչպես նշում է Ռիփոնը, կանանց ի սկզբանե արգելված է եղել ԱՄՆ տիեզերական ծրագրի մեջ ընդգրկվել՝ ելնելով այդպիսի «խառնվածք ունեցող հոգեֆիզիոլոգիական էակների» անձնակազմի մեջ ունենալու մտահոգությունից:
Թեև այսօր քչերը նման տեսակետ ունեն, մենք դեռևս գտնում ենք, որ նախադաշտանային սինդրոմը կոգնիտիվ ու զգայական ոչ այնքան ցանկալի փոփոխությունների է հանգեցնում: Ինչևէ, նկատվող ախտանիշները կարող են հոգեսոմատիկ պատասխան լինել ավելի շուտ սպասման, քան թե ուղեղի անխուսափելի կենսաբանական փոփոխությունների:
Դրայան Ռուբլեի կողմից Փրինսթոնի համալսարանում կատարված մի ուսումնասիրության ժամանակ կանանց կեղծ տեղեկություն են տալիս ըստ նրա, թե դաշտանային ցիկլի որ հատվածում են գտնվում: «Կանայք ասում են իրենց ակնկալվող ցիկլի մոտավոր ամսաթիվը, բայց հետազոտողը նրանց կեղծ տեղեկություն է տալիս արյան ստուգման ժամանակ՝ ասելով, որ իրականում նրանք այժմ գտնվում են նախադաշտանային փուլում կամ միջին փուլում», – ասում է Ռիփոնը: Դրանից հետո նրանց խնդրում են լրացնել հարցաթերթիկ նախադաշտանային սինդրոմի տարբեր տարրերի վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն կանայք, որոնց ասվում է, որ նախադաշտանային փուլում են, շատ ավելի հավանական է, որ հաղորդեն PMS-ի (նախադաշտանային սինդրոմ) ախտանիշներ, նույնիսկ եթե նրանք ցիկլի այդ փուլում չեն: Սա հաստատում է այն գաղափարը, որ նման ախտանիշների մի մասն առաջանում է սպասումից:
«Չէի ցանկանա թերագնահատել հորմոնալ փոփոխությունների առկայությունը, որ կապված է դաշտանային ցիկլի հետ, կամ հերքել այդ փաստը, քանի որ հորմոն բառը հենց նշանակում է ակտիվ գործողության անցնել»,- ասում է Ռիփոնը: «Բայց եթե դիտարկում ենք դաշտանի օրերը կամ տրամադրության փոփոխության օբյեկտիվ չափումները, ապա էֆեկտը ոչ այնքան խորն է, որքան մարդ կարող է կարծել: Այնպես որ, հենց այն փաստը, որ հավատում եք, որ ունենք տրամադրության փոփոխություն, ու որ այն կապված է նախադաշտանային ցիկլի հետ, դառնում է ինքնագոհացնող ինչ-որ գուշակություն»:
PMS- ի ընկալումները նաև որոշակի կողմնակալություն են առաջացնում սեռի և գենդերի տարբերությունները ուսումնասիրող հետազոտողների շրջանում, ովքեր հակված են կարծրատիպեր պաշտպանող ուսումնասիրություններ կատարել, այլ ոչ թե փնտրել ապացույցներ, որոնք կարող են կասկածի տակ դնել առկա ենթադրությունները: Ռիփոնը ասում է, որ կանայք, ըստ էության, կարող են զգացմունքային խթան զգալ դաշտանային ցիկլի որոշակի կետերում, բայց դրանք հիմնականում անտեսված են՝ շնորհիվ այն բանի, որ գիտնականները դա համարել են կանանց թուլության:
«Մենք կատարել ենք որոշ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ գոյություն ունեն դաշտանային ցիկլի տատանումներ», – ասում է նա: Օրինակ, բանավոր և տարածական աշխատանքային հիշողությունը բարելավվում է, երբ էստրոգենն ամենաբարձրն է: «Եվ, որ օվուլյացիայի ժամանակաշրջանում կան շատ դրական փոփոխություններ՝ զգայական տեղեկատվության նկատմամբ պատասխանատուության բարելավում, ռեակցիայի բարելավում և այլն»:

Վարդագույն և կապույտ ցունամիներ
Սեռերի տարբերություններն ուսումնասիրելու մարտահրավերներից մեկն էլ մշակույթն է: Նույնիսկ եթե հնարավոր է նկատել ուղեղի կառուցվածքի ակնհայտ տարբերությունները, միշտ առկա է այն հավանականություն, որ դրանք առաջանում են սնուցմամբ, այլ ոչ թե ի ծնե:
Գիտենք, որ ուղեղը պլաստիկ է, այսինքն ՝ ձևավորվում է փորձի և մարզման միջոցով: Եվ ինչպես Ռիփոնն է նկատել սեփական դստեր ծննդյան ժամանակ, տղան և աղջիկը կարող են շատ տարբեր փորձառություններ ունենալ աշխարհ մուտք գործելու պահից, քանի որ նրանց համար ենթագիտակցորեն խրախուսվում են տարբեր վարքագծեր: Նա մատնանշում է հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ 24 ամսական երեխաները խիստ զգայուն են գենդերային պահվածքների նկատմամբ: «Նրանք փոքրիկ սպունգ են, որ կլանում են սոցիալական տեղեկատվությունը», և այդ վարքագիծն ինքնին ընդունելը, ի վերջո, ձևավորում է նրանց նյարդային սխեմաները: «Գենդերային աշխարհը ստեղծում է գենդերացված ուղեղ»:
Այդ պատճառով էլ խաղալիքների շուրջ ձևավորված գենդերային կարծրատիպերը լուրջ խնդիր են, որ հարկավոր է լուծել:
«Շատերը կարծում են, որ գենդերացված խաղալիքներից խուսափելն իրականում անհեթեթություն է», – ասում է Ռիփոնը: «Բայց ես կարծում եմ, որ եթե նյարդահոգեբանական մոտեցում դրսևորենք, կտեսնենք, որ խաղալիքները բավականին խորը հետևանքները կարող են ունենալ»: Խաղի այդ պահերը կարելի է համարել «մարզման հնարավորություններ», որոնք կարող են երեխայի ուղեղը վերածել մեծահասակի ուղեղի:

Վերցնենք Lego-ի կամ Duplo-ի պես կառուցելու խաղերը կամ Tetris-ը: Երբ երեխան խաղում է՝ աղյուսները պտտելով ու դրանք իրար կապելու և նոր կառույցներ ստանալու ուղիներ հնարելով, նրա մոտ նյարդային ցանցեր են ձևավորվում, որոնք ընդգրկվում են տեսողական և տարածական գործընթացների մեջ: Հետո, երբ նա դպրոց է գնում, արդեն ավելի լավ է իրեն դրսևորում նման առաջադրանքներում, որի համար էլ գովեստի խոսքերի է արժանանում, ինչն էլ խթանում է նրա այդ կարողությունները: Վերջիվերջո, նա ընտրում է մասնագիտություն, որը պահանջում է տվյալ կարողությունների զարգացում:
«Եվ եթե այդ բոլոր խաղալիքները և մարզման հնարավորությունները գենդերացված են, ապա ունենում ենք պարզ գենդերային բաժանում, որը հիմնված է անհատի կենսաբանական սեռի վրա՝ ի հակադրություն անհատի ունեցած մարզման հնարավորությունների», – ասում է Ռիփոնը:
Հոգեբաններ Մելիսսա Տերլեցկին և Նորա Նյուքոմբը ցույց են տվել, որ տարածական ճանաչման մեջ սեռային ակնհայտ տարբերությունները նվազում են, երբ, օրինակ, հաշվի եք առնում այն ժամանակը, որ ծախսվել է Tetris- ի նման վիդեո խաղեր խաղալու վրա:
Մի քանի արշավներ, ինչպիսիք են ՝ Թողեք խաղալիքները խաղալիքներ լինեն Մեծ Բրիտանիայում և Անսահմանափակ խաղ Ավստրալիայում, որոշակի հաջողություններ են ունեցել համոզելու մանրածախ առևտրականներին փոխել իրենց գենդերացված մարքեթինգը, բայց, ընդհանուր առմամբ, Ռիփոնը պնդում է, որ երեխաներին շարունակում են սահմանափակել այլ եղանակներով:
«21-րդ դարում մեր խնդիրներից մեկն այն է, որ այն, ինչ ես անվանում եմ գենդերային ռմբակոծություն, շատ ավելի ինտենսիվ է», – ասում է Ռիփոնը: «Սոցիալական մեդիայում շատ ավելին է առկա, իսկ շուկայավարման մի շարք նախաձեռնություններ շատ պարզ դեղատոմս են տալիս, թե ինչպիսին պիտի լինի տղամարդը կամ կինը»:

Ահա թե ինչու Ռիփոնը հատկապես հիասթափված է առկա «նևրոսեքսիզմից»: Որքան շատ են թույլ տվյալների վրա հիմնված այդ տխուր եզրակացությունները հասնում են հասարակությանը, այնքան ավելի հավանական է, որ մենք այդ հաղորդագրությունները փոխանցենք երեխաներին՝ ամրապնդելով ինքնագոհացման կանխատեսումները:
«Եթե հավատում ենք, որ տղամարդկանց և կանանց ուղեղների միջև կան խորը և հիմնարար տարբերություններ, և ավելին՝ այդ ուղեղների տերերն ունեն տարբեր հմտություններ, տարբեր խառնվածքներ կամ անհատականություններ, դա անպայման ազդում է մեզ որպես տղամարդ կամ կին ընկալելու վրա», – ասում է Ռիփոնը: Դա նաև անդրադառնում է այն բանի վրա, թե ինչպես ենք ընկալում այլ մարդկանց ու նրանց պոտենցիալը:
«Ուստի գիտնականները պետք է իսկապես զգույշ լինեն», – ասում է նա: – Իհարկե, մենք պետք է հասկանանք, թե որտեղ կան սեռային տարբերություններ, և ինչ կարող են դրանք նշանակել: Բայց պետք է զգույշ լինենք և խուսափենք հիմնարար կամ խորքային տարբերությունների մասին խոսելուց, որովհետև սխալ տպավորություն ենք թողնում այն մարդկանց համար, ովքեր իսկապես հետաքրքրված են իմանալու, թե որոնք են մեր հարուցած հարցերի պատասխանները»:
Ի վերջո, պետք է ընդունենք, որ մեզանից յուրաքանչյուրը ունի յուրահատուկ ուղեղ, և մեր կարողությունները չեն կարող սահմանվել միայն մեր սեռի պիտակով:
«21-րդ դարում իսկապես կարևոր քայլ է հասկանալ, որ յուրաքանչյուր ուղեղ տարբերվում է մյուսներից, և պարտադիր չէ, որ դա ուղեղի տիրոջ սեռից կախված լինի», – հորդորում է Ռիփոնը:
Նյութի աղբյուրը՝ bbc.com