17-ամյա Լալա Մկրտչյանի համար անհնարին ոչինչ չկա, իսկ դժվարությունները հնարավորություններ են, որոնք տանում են նոր նվաճումների:
Այժմ Լալան իր դժվար ճանապարհն է անցնում, որի վերջնակետը ՏՏ ոլորտում պահանջված և լավ մասնագետ դառնալն է:
Մասնագիտական կողմնորոշումը և համագործակցությունը Հայաստանում կանանց Հիմնադրամի հետ
Լալա Մկրտչյանն ունի հետաքրքրությունների լայն շրջանակ, ինչի հետևանքով դժվար է կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում. «Քույրս՝ Սոնան է ինձ խորհուրդ տվել, որ այդ ոլորտով զբաղվեմ: Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել, հետաքրքրվել, հետո հաճախեցի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Տարբեր դասընթացների եմ մասնացել ՏՏ ոլորտի վերաբերյալ: Անկեղծ ասած՝ ինձ միշտ տանջում էր այն հարցը, թե ինչու են այս ոլորտում աղջիկները քիչ, կամ թե ինչու այն չի համարվում այսպես ասած «ոչ աղջկական մասնագիտիտություն»,- ասում է նա:
Լալան Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դեռահաս աղջիկների դրամաշնորհային ծրագրի մասնակիցներից է: Նա հավաքագրել և բլոգային հարթակում գրել է պատմություններ ՏՏ ոլորտում մեծ հաջողություններ գրանցած կանանց մասին. «Ծրագրի շրջանակներում այդ պատմությունները ոչ միայն արեցի զուտ անելու համար, այլ այդ ընթացքում ծանոթացա հաջողակ կանանց պատմություններին՝ որտեղ են սովորել, ինչով են զբաղվել, ինչպես են դուրս եկել այն մտածելակերպից, որ աղջիկները ՏՏ ոլորտով չեն կարող զբաղվել: Այսինքն, այս ծրագիրն ինձ մեծ օգուտ տվեց, որ կողմնորոշվեմ և հասկանամ, թե ինչ եմ ուզում կյանքից, որովհետև նախքան այդ կասկածում էի, թե ինչ ոլորտով եմ ուզում զբաղվել. մտածում էի կա՛մ հասարակական, կա՛մ ՏՏ: Հիմնադրամի շրջանակներում իմ արած աշխատանքը շատ օգնեց ինձ այդ հարցում: Ծրագիրը անելու ժամանակ հաստատ որոշեցի, որ զբաղվելու եմ ՏՏ ոլորտով»,– ասում է նա:
Լալան նշում է, որ իր պատրաստած նյութերով կիսվել է նաև իր հասակակիցների հետ, նրանցից շատերին նույնպես սկսել է հետաքրքրել այդ ոլորտը. «Ոչ միայն ես ստացա գիտելիքներ, այլ հուսով եմ, որ մյուս ընթերցողներին, ծանոթ և անծանոթ մարդկանց նույնպես օգուտ է տվել իմ արած աշխատանքը»,- ասում է նա:
Խոսելով Հիմնադրամի հետ իր համագործակցության մասին՝ Լալան նշում է. «Ես Հիմնադրամի ծրագիրը շատ սիրեցի, որովհետև նրանց համար կարևոր չէ՝ չափահաս ես, թե ոչ, իրենք ուղղակի հավանում են քո գաղափարները: Տեսնում են քո մեջ այդ ձգտումը, որ դու ուզում ես ինչ-որ բան փոխել, ինչ-որ բանի հասնել, իրենք անպայման տալիս են այդ հնարավորությունը, մանավադ այն դեպքում, երբ դու աղջիկ ես ու մի բան էլ դեռահաս, ու քեզ համար դժվարությունները կրկնակի են: Իրենք հավատում են քեզ, ու անկախ իրավիճակներից՝ քեզ ավելի պաշտպանված ու ինքնավստահ ես սկսում զգալ»,– նշում է Լալան:
Փոքր քայլերը՝ մեծ հաջողությունների սկիզբ
Նախքան մասնագիտության հարցում կողմնորոշվելը, Լալան մտածել է, որ ամենայն հավանականությամբ կզբաղվի հումանիտար ոլորտով: Մասնակցել է համայնքային տարատեսակ ծրագրերի, փորձել իրեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ դպրոցականների մի խմբով իրականացրել են ուսումնասիրություն Շիրակի մարզում անհետացող մասնագիտությունների վերաբերյալ:
Լալա Մկրտչյանի կյանքում այժմ շատ հագեցած փուլ է. նա չորս հաստատությունում է սովորում, այդ թվում՝ դպրոցում: «Հիմա ՏՏ ոլորտում տարբեր տեղեր եմ սովորում, որ կողմնորոշվեմ, թե նեղ մասնագիտականով կոնկրետ որ ուղղությամբ եմ ուզում շարունակել: Որոշել եմ դառնալ տվյալագետ»,- ասում է նա:
Լալան հաճախում է նաև ինժեներության դասերի. ««Ինժեներական մասնագիտացում՝ ավագ դպրոցում» ծրագրի սան եմ, այն առաջին անգամ է իրականացվում: ՏՏ ոլորտ մտնելս այս ծրագրով ավելի ամրապնդվեց: Այստեղ սովորում ենք փոքր պլատաները զոդել, որը համարվում է «ոչ աղջկական» գործ: Այստեղ աղջիկները շատ քիչ են: Կրթության ոլորտում, ինչպես բոլոր մյուս ոլորտներում, ընդհանրապես կապ չունի՝ աղջիկ ես, թե տղա. եթե դու քո վրա վստահ ես, ուրեմն դու քո ուզածին կհասնես: Ճիշտ է՝ սկզբից թերահավատորեն են մոտենում շատ հարցերում՝ սեռով պայմանավորված, բայց հետո դու քո գործերով հակառակն ես ապացուցում, որ սեռը ընդհանրապես կապ չունի մարդու կարողությունների հետ»,– ասում է նա:
Դժվարությունները՝ փիլիսոփայական տեսանկյունից
Լալան իր ուժեղ կողմերից է համարում շատ վառ երևակայությունը. դա նրան օգնում է, թե՛ աշխատանքում, թե՛ առօրյա կյանքում. «Նաև շատ լավատես եմ, վստահ եմ՝ եթե ինչ-որ բան ուզեցի, դա այնպայման լինելու է»,- ասում է նա:
Դժվարություններին Լալան փիլիսոփայորեն է վերաբերվում. «Երբ դժվարությունների եմ հանդիպում, սկսում եմ մտածել, որ դրանք հաղթահարելու համար են: Դժվարությունների միջով անցնելուց հետո ավելի ուժեղ, ավելի շատ գիտելիքներ ստացած ես միշտ դուրս գալիս: Դժվարությունները չեմ ընդունում որպես փաստ, որ իրենք ստեղծված են ինձ խոչընդոտելու համար: Այդ ամենի միջով անցնելուց ուղղակի արժանի ես լինում քո առջև դրված և արդեն հասած նպատակներին: Իսկ եթե, օրինակ, հուսալքվում եմ, հիշում եմ, որ դա միայն ինձ համար չեմ անում, շատ այլ մարդկանց համար եմ անում, այսինքն հարցին ավելի պատասխանատվությամբ եմ մոտենում»,– նշում է նա:
Չնայած տեխնիկական և կենցաղային դժվարություններին՝ Լալան գտնում է ճանապարհներ՝ իր երազանքներն ու նպատակներն իրագործելու համար. «Դժվար է, երբ գյուղից ես, նորմալ տրանսպորտային ցանց չկա, ու երբ լինում են, օրինակ, Գյումրիում ինչ-որ դասընթացներ, դժվար է գնալ-գալը, մանավանդ՝ երեկոյան ժամերին: Բայց եթե մարդն ուզում է զարգանալ, նոր բաներ սովորել, ձեռքբերումներ ունենալ, իրեն ոչինչ ու ոչ մեկ չի խանգարի. վայրը և այլ դժվարություններն արդեն կապ չունեն, կարևորը ցանկությունն է»,- ասում է Լալան:
Լալայի կյանքի տեսլականը
Լալա Մկրտչյանն իր ապագան պատկերացնում է Հայաստանում. «Եթե հնարավոր լինի, կուզենայի ռազմական կամ առողջապահական ոլորտում աշխատել որպես տվյալագետ: Ճիշտ է՝ վերջին շրջանում շատ եմ հիասթափվել Հայաստանում տիրող ընդհանուր վիճակից, բայց հանձնվելու ժամանակ չունենք: Եթե բոլորս թևաթափ լինենք, հաստատ ոչ մի լավ բանի չենք հասնի: Ես ինձ պատկերացնում եմ հենց Հայաստանում, մանավանդ որ այս ոլորտը շատ զարգացող է, և մեր երկիրը դրա կարիքը շատ ունի»,- ընդգծում է նա:
Դեռահաս ծրագրավորողի խոսքով՝ թեպետ լավ մասնագետ դառնալը կարևոր է, բայց առավելապես կարևոր է մշտապես մնալ բարի՝ անկախ իրավիճակից. «Այս պահին շատ լուրջ նպատակներ չունեմ, չգիտեմ, թե հետո ինչ կլինի, բայց մի բան հաստատ է՝ կուզեմ չկորցնել լավատեսությունս, բարի, լավ գործեր անել: Այս դեպքում մասնագիտություն և նման այլ բաները կապ չունեն: Մեր աշխարհին պետք են բարի, լավ մարդիկ»,– ասում է Լալան ժպտալով:
Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի