«Սեռական բռնության հիմնախնդրի հաղթահարման կարևոր բաղադրիչը իրազեկումն է». Անուշ Գաբրիելյան

Ապրիլը շատ երկրներում համարվում է սեռական բռնության իրազեկման ամիս: Արշավի հիմնական նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը սեռական բռնություն երևույթի վերաբերյալ: Հայաստանում արշավն ակտիվորեն անցկացվում է վերջին տարիներին: Մեր երկրում սեռական բռնության իրազեկման, ինչպես նաև սեռական բռնության ենթարկված անձանց իրավունքների, շահերի պաշտպանության հարցում անգնահատելի մեծ է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներդրումը:

Ամսվա խորհրդով, սեռական բռնության, դրա տեսակների, դրանց դեմ արվող քայլերի, խնդիրների մասին զրուցել ենք կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանի հետ:

Սեռական բռնությունը միայն բռնաբարությունը չէ՛

Մեր հասարակությունում սեռական բռնությունը հաճախ ասոցացվում է միայն բռնաբարության հետ: Սակայն սեռական բռնությունը բազմաշերտ է և իրենից ենթադրում է տարբեր տեսակի գործողություններ:

«Բացի բռնաբարությունից՝ կա սեռական ոտնձգություն երևույթը, որի ժամանակ բուն սեռական ակտ տեղի չի ունենում, բայց սեռականացված գործողություններ են տեղի ունենում: Ու, ի դեպ, տրավմայով չի զիջում բռնաբարությանը, դրա համար սա երբեք երկրորդային չենք դարձնում»,- ասում է Անուշ Գաբրիելյանը՝ նշելով, որ սեռական ոտնձգության մեջ են մտնում անցանկալի հպումները, սեռական առաջարկներ անելը, սեռական բնույթի հայհոյանքները և այլն: Անուշի խոսքով՝ դեպքեր են լինում, երբ անձը թեպետ համաձայնում է սեռական ակտի, սակայն դա լինում է ստիպողաբար կամ ելնելով տարբեր հանգամանքներից, ինչը նույնպես սեռական բռնություն է համարվում. «Դեպքեր են լինում, երբ անձը ստիպված է լինում համաձայնել սեռական կոնտակտ ունենալ, օրինակ՝ աշխատավայրում: Այստեղ շատ երկակի իրավիճակ է, ու դժվարություններ կան, սակայն սա հստակ սեռական բռնություն է»,- ընդգծում է նա:

Մասնագետի խոսքով՝ սեռական ոտնձգությունները հաճախ շատ մանիպուլյատիվ ձևով են լինում, ու շատ հաճախ բռնության ենթարկված անձը սկզբից կարող է չհասկանալ, որ իր հանդեպ տեղի է ունենում սեռական ոտնձգություն:

Խոսելով բռնաբարությունների մասին՝ Անուշը նշում է, որ այս դեպքում էլ ամեն ինչ միանշանակ չէ, ու շատ հաճախ որոշ խնդիրներ լուսանքից դուրս են մնում. «Շատ հաճախ չի խոսվում ամուսնական կամ զուգընկերային բռնաբարությունների մասին, դա գալիս է հասարակության ընկալումներից, ու հաճախ այն ուղղակի դիտարկվում  է որպես «ամուսնական պարտականություն»,- ցավով նշում է սեռական բռնության ենթարկված անձանց հարցերով զբաղվող սոցիալական աշխատողը:

Սեռական բռնությունը միայն հետերոսեքսուալության մասին չէ՛

Սեռական բռնությունը Հայաստանում գրեթե միշտ հետերոնորմատիվ ընկալում ունի. հաճախ ստվերում են մնում ԼԳԲՏՔ+ անձինք, ու այս պարագայում նրանք ավելի խոցելի են դառնում:

Անուշի խոսքով՝ ԼԳԲՏՔ+ անձինք սեռական բռնության համատեքստում, ի թիվս այլ հարցերի, խոցելի են դառնում նաև օրենքի բացակայության պատճառով. «Եթե, օրինակ, հետերոսեքսուալ զույգի դեպքում հնարավոր է ընտանեկան բռնության հիմքով դիմել իրավապահ մարմիններին, ապա հոմոսեքսուալ զույգերի դեպքում դա անհնար է դառնում, որովհետև նրանք օրենքով չեն ճանաչվում ընտանիք»,- նշում է նա:

Անուշի խոսքով՝ ԼԳԲՏՔ+ անձնանց նկատմամբ տեղի ունեցող սեռական բռնության դեպքերը շատ մեծ թիվ են կազմում. «Հիմնականում նախ նրանից է, թե ինչ վերաբերմունք ունի հասարակությունը ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ: Շատ դեպքերում մարդիկ չեն դիմում ոստիկանություն, որովհետև գիտեն՝ օգնություն չեն ստանալու, նրանց ծաղրելու, ստորացնելու են: Դեպքերը, որոնց մենք առնչվել ենք, հիմնականում, վերաբերում են ԼԳԲՏՔ+ անձանց «պատժելու կամ բուժելու նպատակով», երբ բռնարարներն ասում են, օրինակ, «լավ տղամարդ չես տեսել քո կյանքում, դրա համար ես աղջիկների հետ հարաբերություններ ունենում»: Բացի այդ՝ հենց ընտանիքի ներսում է սեռական բռնությունը շատ տարածված՝ էլի հիմնականում պատժողական նպատակներով: Փակ հաստատություններում էլ առհասարակ շատ են սեռական ոտնձգություններն ու բռնությունները, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ անձնանց նկատամբ»,- ներկայացնում է հայաստանյան իրավիճակը Անուշը:

Հրատապ լուծման հարցեր և հնարավոր լուծումներ

Անուշ Գաբրիելյանի խոսքով՝ կարևոր է իրավական մակարդակով «սեռական բռնություն» տերմինի սահմանումը և երևույթի քրեականացումը. «Եթե, օրինակ, հիմա մեկը գնա ոստիկանություն՝ հաղորդում ներկայացնելու իր նկատմամբ տեղի ունեցած սեռական ոտնձգության վերաբերյալ, այն դիտարկվելու է որպես խուլիգանական արարք, իսկ շատ-շատ գործեր ուղղակի չեն գնում ոստիկանություն, որովհետև հիմքեր չեն լինում»:

Հաջորդ կարևոր փոփոխությունը, Անուշի խոսքով, պետք է լինի ուղղորդման մեխանիզմների մշակումը. «Շատ կարևոր է, որ մարդը ծառայությունը ստանա ըստ իր կարիքի: Այսինքն՝ ոչ թե մարդը գնա ոստիկանություն, որտեղից նրան կուղարկեն դատաբժշկական փորձաքննության, այլ շատ կարևոր ա, որ եթե ինքը ունի ֆիզիկական վնասվածք, պետք է առաջին հերթին գնա հիվանդանոց, որովհետև իր առաջնային կարիքն իր առողջությունն է, դրանից հետո, եթե ցանկանում է (և ոչ թե՝ պարտադիր, որը հիմա կա) կդիմի ոստիկանություն: Բացի այդ՝ կարևոր է ունենալ հնարավորություն հիվանդանոցում ապացույցների պահպանման, որովհետև շատ հաճախ հենց այդ պահին մարդիկ պատրաստ չեն լինում դիմելու ոստիկանություն, բայց դեմ չեն, օրինակ, ապացույցներ պահելուն՝ հետագայում հաղորդում ներկայացնելու համար»,- նշում է Անուշը:

Որպես մյուս առաջնահերթ փոփոխություն՝ Անուշ Գաբրիելյանը կարևոր է համարում, որ սեռական բռնության ենթարկված անձը ունենա հատուկ կարիքներ ունեցող անձի կարգավիճակ, ինչպես դա լինում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց դեպքում. «Իհարկե, էստեղ ուրիշ հարցեր էլ կան, թե, օրինակ, ինչի՞ կատեգորիզացնել մարդուն, բացի այդ՝ գաղտնիության պահպանման հարցեր կան և այլն, բայց եթե ուզում ենք, որ մարդը պետական աջակցության հանարավորություն ունենա, աջակցություն ստանա տարբեր կենտրոններից, ապաստարաններից օգտվելու հարցում, դրա համար իրեն պետք է ճանաչեն որպես հատուկ կարիքներ ունեցող մարդու»,- ընդգծում է սոցիալական աշխատողը:

Անուշը համարում է, որ փոփոխություններն առաջին հերթին կախված են պետության հետ աշխատանք տանելուց. «Իրականում, հասարակություն վերաբերմունքը փոխվի, թե չփոխվի, սա պետական քաղաքականություն է: Մենք չունենք այն հնարավորությւոնները, որն ունի պետական կառույցի աշխատակիցը, օրինակ՝ սոցիալական աշխատողը: Մենք կարող ենք, օրինակ, երեք հարյուր հոգու իրազեկել, բայց երեք միլիոնին հո չե՞նք կարող: Լիքը բաներ կան, որ, իրոք, մեր ձեռքերը չեն հասնում»,- նշում է նա:

ՍԲՃԿ գործունեությունը 

Սեռական բռնության ճգնաժամակին կենտրոնն այժմ երեք ուղղությամբ է աշխատում: Առաջին ու կարևոր գործունեությունը իրավաբանական, հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրումն է:

Կենտրոնը զբաղվում է նաև ադվոկացիայով: Անուշի խոսքով՝ ակնհայտ օրենքի բացեր կան, կամ օրենքը կա, բայց հստակ մեխանիզմները չկան և/կամ շատ սահմանափակ են:

ՍԲՃԿ-ի  գործունեության հաջորդ կարևոր կոմպոնենտը իրազեկումն ու վերապատրաստումներն են. «Վերապատրաստում ենք հոգեբանների, փաստաբանների ու սոցիալական աշխատողների: Իսկ թրեյնինգներ անում ենք տարբեր խմբերի հետ՝ սկսած դպրոցականներից մինչև ծնողներ, ուսուցիչներ կամ ուղղակի համայնքի բնակիչներ, տարբեր մասնագետներ»,- ներկայացնում է կենտրոնի սոցիալական աշխատողը:

ՍԲՃԿ-ն, թերևս, զբաղվում է ամենադժվար ու նուրբ թեմաներից մեկով, ինչի արդյունքում հաճախ բախվում է դժվարությունների, մարտահրավերների: Կենտրոնի աշխատակից Անուշ Գաբրիելյանը, խոսելով իրենց առջև ծառացած դժվարությունների ու մարտահրավերների հաղթահարման մասին, նշում է. «Դու ամեն օր ինչ-որ կատաստրոֆիկ ինֆորմացիայի ես հանդիպում, ու լինի դա մասնագիտական գիտելիք, հոգեբանական աջակցություն կամ այլ մեթոդ, մեկ ա, ինչ-որ պահի զգում ես, որ թևաթափ ես լինում, երբ գիտակցում ես, որ չես կարողանում պայքարել համակարգերի դեմ, երբ, օրինակ, չեն հավատում, որ կնոջը սեռական բնռության են ենթարկել կամ մեղավոր են հանում բռնության ենթարկվածին՝ հայտարարելով, թե  «ինքն է դրդել այդ քայլին»: Աշխատելով նման պայմաններում ու գործ ունենալով նման անելանելի իրավիճակների հետ՝ կարևոր է, որ այդ պատմությունները, դեպքերը չանձնայնանցնես: Ավելի շուտ բժշկական սառնասրտության նման ինչ-որ բան է դառնում մոտդ, որը պաշտպանում է քեզ ու օգնում, որ շարունակես գործունեությունդ»,- նշում է Անուշը ժպտալով:

Ինչպե՞ս աջակցել սեռական բռնության հիմնախնդրի հաղթահարմանը

Սեռական բռնության հիմնախնդրի հաղթահարումը, դրական փոփոխությունների հանգեցումը միայն թեմայով զբաղվող մասնագետների աշխատանքը չէ: Յուրաքանչյուր անձ, անկախ ոլորտից, կարող է ներդրում ունենալ այդ հարցում: Անուշ Գաբրիելյանի խոսքով՝ ամենագլխավոր գործիքը իրազեկումն է. պետք է հնարավորինս իրազեկել տարբեր խմբերում, տարբեր մեթոդներով ու ձևերով. «Պետք է մաքսիմալ գիտելիքներ ստանալ, հասկանալ՝ սեռական բռնության ինչ տեսակներ կան, ու ինչ հետևանքների կարող են դրանք հանգեցնել, հասկանալ, թե ինչպես է պետք աջակցել մարդուն, ով ենթարկվել է սեռական բռնության: Պետք է հնարավորինս ճանաչել սեռական բռնության երևույթը ու խոսել դրա մասին բոլոր հնարավոր ամբիոններից: Սա, կարծում եմ, ամենագլխավոր ու առանջնային բանն է, որ կարող են անել աջակիցները, ակտիվիստները ու խնդրով մտահոգ մարդիկ»,- եզրափակում է Անուշ Գաբրիելյանը:

Եթե Դուք կամ Ձեզ ծանոթ մեկը ենթարկվել է սեռական ոտնձգության, կարող եք զանգահարել ՍԲՃԿ-ի կոնֆիդենցիալ թեժ-գիծ հեռախոսահամարին՝ 094-94-12-80 և ստանալ մասնագիտական խորհրդատվություն։

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի