Պատերազմն ու Սեդայի վերարտադրողական առողջության ոտնահարված իրավունքը

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելուց չորս օր հետո՝ Սեդան հղիության 7-րդ ամսում, իր երկու երեխաների հետ միասին սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտից ուղևորվել է Հայաստան: Հայաստան գալու ճանապարհին՝ նա կանգ է առել Բերձորում, քանի որ իրեն վատ է զգացել: Չնայած վաղաժամ ծննդաբերելու և հետագա բարդություններ ունենալու մտավախություններին` Սեդան նոյեմբերի 21-ին Աբովյան քաղաքի հիվանդանոցում ծննդաբերել է առողջ երեխա:

Մարդու միջազգային իրավունքները սահմանում են կնոջ սեռական և վերադատրողական առողջության հարգման, պահպանման և պաշտպանության պարտավորությունները։ Հակամարտությունների ընթացքում պետությունը պետք է գործադրի ջանքեր` ապահովելու կնոջ կյանքի և գոյատևման, առողջության, խոշտանգումներից, դաժան և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, արդյունավետ պաշտպանության մեխանիզմներից օգտվելու և այլ իրավունքները։ Առողջության իրավունքը ենթադրում է վերատադրողական առողջության մասին տեղեկատվության, ծառայությունների, ապրանքների և պայմանների հասանելիություն, մատչելիություն, ընդունելիություն և որակ բոլոր կանանց համար՝ առանց խտրականության, բռնության և ստիպողականության։ Դիտարկելով հակամարտություններում առողջապահության իրականացման վտանգները՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» մասին կոնվենցիայի համաձայն՝ պետությունը պարտավոր է ապահովել առնվազն ծննդօգնության, ապահով հղիության, ինչպես նաև ապահով վիժման անհրաժեշտ պայմանները։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման՝ վերարտադրողական առողջությունը զույգերի և անձանց հիմնարար իրավունքն է ազատորեն ընտրելու երեխաների թիվը, նրանց միջև տարիքային տարբերությունը և հղիության պլանավորումը, տեղեկատվություն ստանալն ու առողջության լավագույն ձևերից օգտվելը։ Կնոջ վերարտադրողական առողջության իրավունքը սահմանվում է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հոդված 12-ով և 16-ով, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների  դաշնագրի հոդված 12-ով, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 14-ով, Հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի հոդված 25-ով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հոդված 6-ով և մի շարք այլ գործիքներով ու միջազգային ուղեցույցերով։ 

32 տարեկան Սեդան Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղից է: Ամուսինը՝ 36-ամյա Կամոն, նույնպես Գիշիից է, Սեդայի եղբոր ընկերն է: «Մանկուց մենք իրար ճանաչել ենք։ Ուղղակի այնպես ստացվեց, որ ես դպրոցն ավարտել եմ ու տեղափոխվել Ստեփանակերտ՝ Արցախի պետական համալսարանում ուսումս շարունակելու։ Երկար ժամանակ մենք իրար չէինք տեսել, հետո նորից տեսանք, ավելի մոտիկից ճանաչեցինք իրար։ 2011 թվականին ամուսնացանք, ամուսնուս աշխատանքի պատճառով հաստատվեցինք Ստեփանակերտում»,- պատմում է Սեդան:

Սեդան ավարտել է Արցախի պետական համալսարանի քիմիայի-կենսաբանության ֆակուլտետը: Ունի մագիստրոսի աստիճան: Մագիստրատուրա սովորելու տարիներից աշխատել է, եղել է Ստեփանակերտից ոչ հեռու՝ Մարտունու շրջանի Ննգու գյուղի միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի: Ստեփանակերտում ամուսնու և երկու երեխաների հետ միասին ապրել է վարձակալած առանձնատանը: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկին, Սեդան երեխաների հետ եղել է տանը՝ Ստեփանակերտում, ամուսինը՝ Գիշիի խաղողի այգիներում:

«Սեպտեմբերի 27-ին առավոտյան քնած էինք։ Ստեփանակերտի վրա այդ օրը չգիտեմ՝ որ զենքով կրակեցին։ Ձայնն այնքան բարձր էր, որ անհնար էր համեմատել այլ ձայնի հետ։ [Ըստ Արցախի ՊՆ հաղորդագրության գործադրվել են հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ] Ես անմիջապես հասկացա, որ խփել են։ Շուտ-շուտ հագցրեցի երեխաներիս»,-վերհիշում է Սեդան։

Սեդայենց վարձակալած առանձնատունը ռմբակոծությունից պատսպարվելու համար հատուկ ապաստարան կամ նկուղ չի ունեցել: Ապրիլյան քառօրյայի ժամանակ նա իր երեխաների հետ թաքնվել է տանտիրոջ նկուղում: «Այն ժամանակ էլ երկրորդ որդիս էր նոր ծնվել, գիրկս տանում էի նկուղ։ Այս անգամ էլ նորից նույն նկուղ գնացինք: Բետոնոպատ տեղ է, հատուկ ապաստարան չէ»,- ասում է նա:

Սեդայի խոսքով՝ Ստեփանակերտում հատուկ ապաստարաններ կան միայն բազմաբնակարան շենքերում կամ դպրոցներում։ Առանձնատների դեպքում ապաստարան հազվադեպ կարելի է գտնել։ Տանտիրոջ նկուղում՝ բացի Սեդայից ու նրա երեխաներից, եղել են նաև տանտիրոջ թոռները, բակի հարևանները: «Այնքան շատ էինք, հավաքվեցինք, տեղը լցվեց։ Երեխաները չէին հասկանում՝ ինչ էր կատարվում։ Ուզում էին դուրս գալ։ Անմիջապես կապվեցինք մեր հարազատ զինվորականների հետ, ասացին, որ իրավիճակը լարված է, մնանք նկուղներում»,- ասում է նա։

Սեդան մի քանի ժամ չի կարողացել կապվել ամուսնու հետ, հետո խոսել են: Ամուսինը զգուշացրել է, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է իրականացնում, և որ նա երեխաների հետ միասին մնա նկուղում: «Երբ մի քիչ հանդարտվեց, բարձրացա մեր տուն, թեյ դրեցի, տարա նկուղ։ Նկուղում ծեր տատիկ կար, նրան հյուրասիրելու համար։ Անընդհատ օդային տագնապն էր միանում: Հայտարարված էր՝ երբ լսում եք օդային տագնապ, պատսպարվեք»,- պատմում է Սեդան ու շարունակում,- «Հետո մի տեսակ սովորեցինք այդ ձայներին»։

Նկուղում հավաքվածներից ոմանք, այդ թվում՝ ծեր տատիկը, որի համար Սեդան հաճախ թեյ էր պատրաստում, պատերազմի սկսվելուց երկու օր հետո տեղափոխվել են Երևան: Մի քանի կին, որոնց որդիները ռազմաճակատում են եղել, Սեդայի և նրա քրոջ հետ մնացել են Ստեփանակերտում: «Նկուղից դուրս էինք եկել, երեխաների հետ մնում էինք տանը, հենց օդային տագնապը միանում էր, տեղափոխվում էինք նկուղ։ Միջնեկ տղաս ցերեկները քնում է։ Հենց շչակը միանում էր, ուզում էի տեղափոխել, բայց չպիտի գրկեի, ինձ չէր կարելի։ Մի կերպ իջնում էինք նկուղ, նկուղում էլ՝ ցուրտ։ Ջեռուցում, այլ հարմարություններ չկային։ Մինչև սեպտեմեբերի 30-ը մնացինք այնտեղ: Կարճ է թվում, բայց երկար օրեր էին»,- ասում է Սեդան։

Նա պատմում է, որ պատերազմի առաջին օրվանից գիշեցի տղամարդկանց զինվորական կոմիսարիատից կանչել են, զինվորագրել և ուղարկել դիրքեր: Սեդայի ամուսինը նրան ասել է մնալ Ստեփանակերտում: «Մեր գյուղը մոտ է սահմանին ու չէինք սպասում, որ Ստեփանակերտին ավելի շատ կխփեն, քան գյուղերին։ Դա մեզ համար շատ անսովոր էր, անընդհատ խփում էին քաղաքի հենց բնակեցված հատվածին»,- նշում է Սեդան։

Սեպտեմբերի 30-ին Սեդային ամուսնու եղբայրն առաջարկում է տեղափոխվել Հայաստան: Սեդան չի ցանկացել հեռանալ, բայց նրան համոզել են: «Ասացին՝ գնա, մի երկու օր է, գնա, կգաս։ Ես առողջական խնդիրներ ունեմ։ Երկու երեխայիս դեպքում էլ վաղաժամ ծննդաբերություն եմ ունեցել, մեկին 7-րդ ամսում, մյուսին՝ 8-րդ»,- պատմում է Սեդան՝ ավելացնելով, թե չի հավատում, որ վերապրել է պատերազմի առաջին օրերը:

Սեդային երեխաների և քրոջ հետ ամուսնու բարեկամները բերել են Մազի կամրջի մոտ, որտեղից ավտոբուսներով իրականացվել է ծերերի, կանանց և երեխաների Հայաստան տեղափոխումը: Սեդան իր հետ կարողացել է վերցնել երեխաների համար մի քանի զույգ հագուստ և անձնական փաստաթղթերը:

«Երբ հասանք Լիսագոր, Շուշին անցանք, արդեն լավ մութ էր։ Դղրդացող ավտոբուսի մեջ զգացի, որ ինձ ընդհանրապես լավ չեմ զգում։ Վարորդին ասացի լավ չեմ, խնդրում էի ինձ Ստեփանակերտ հետ ուղարկել։ Ասաց՝ հնարավոր չէ։ Հետո ավելացրեց, թե ինքը չորս երեխայի հայր է, գիտի ձևերը, պետք լինի՝ երեխայիս ծնունդը կընդունի»,- ժպիտով վերհիշում է Սեդան։

Սակայն, Սեդան չի կարողացել շարունակել ճանապարհը: Կապվել է ընկերուհու հետ, որի եղբայրը Բերձորից եկել և դիմավորել է իրենց ավտոբուսը: Բերձորում Սեդային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Սիլվա Նուրբեկյանը։ «Բժշկուհին ասաց, որ ճիշտ եմ արել, որ չեմ շարունակել ճանապարհը: Գիշերը մնացել եմ Բերձորում, հաջորդ օրը բժշկուհի Արմինեի հետ՝ նրա մեքենայով, եկել ենք Աբովյան»,- ասում է նա:

Սեդան հոկտեմբերի 1-ին երեխաների հետ արդեն Աբովյանում էր: «Երկու տղաներիս հետ հասանք Աբովյան, այստեղ էլ ՀՕՊ-ը աշխատեց։ [ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է Ադրբեջանի անօդաչու թռչող սարք] Այստեղ այնպես բոլորը վախեցան, ասացին՝ կրակում են: Ստեփանակերտում հենց շչակը միանում էր, ասում էին՝ գնացինք, գնացինք նկուղ, հարմարվել էինք»,- ասում է նա:

Առաջին օրերին Սեդան երեխաների հետ ապրել է բարեկամների տանը, քանի որ մտածել է, որ ռազմական գործողությունները կարճ են տևելու: «Մեր գալուց մեկ ամիս հետո, երբ տեսանք, որ պատերազմը երկար է ձգվում,  տեղափոխվեցինք Մրգաշատ գյուղ՝ բարեկամների տուն: Ամուսնուս հորեղբոր թոռը զոհվել էր, ամուսինս մեկ օրով եկավ Երևան՝ Եռաբլուրում մեր զինվորին հուղարկավորելու համար, հետո եկավ, մեզ վերցրեց, տեղափոխեց վարձակալած բնակարան»,- նշում է Սեդան:

Հայաստան տեղափոխվելուց հետո Սեդան հաշվառվել է Աբովյան քաղաքի ծննդատանը, մշտապես եղել է բժիշկների հսկողության տակ: Սակայն Քովիդ-19 համավարակի պատճառով նրան հորդորել են մնալ տանը և տան պայմաններում բուժվել: «Սկզբից ցավեր ունեի, երբ սկսեցի դեղերն ընդունել, կամաց-կամաց կազդուրվեցի»,- պատմում է կինը։

Պատերազմի ավարտից հետո Սեդայի ամուսինը Ստեփանակերտից տեղափոխել է իրենց տան այն իրերը, որոնք չեն վնասվել: Վարձակալած առանձնատան կողքը ռումբ է ընկել, տունը վնասվել է: «Մեր մահճակալի վրա ապակու հետքեր կան»,- նշում է Սեդան։

Նոյեմբերի 21-ին ծննդկանն ամուսնու ուղեկցությամբ գնացել է հիվանդանոց: «Ասել էին՝ հնարավոր է կեսարյան հատում լինի։ Բայց բարդացումներ չեղան, բնական ճանապարհով աղջիկս լույս աշխարհ եկավ: Աղջիկս մինչև պատերազմի ավարտը դիմացավ»,- ասում է Սեդան:

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Սեդան ցանկություն ունի վերադառնալու Ստեփանակերտ, սակայն, կան մի շարք խնդիրներ: «Ստեփանակերտում մեր մնալու այդ տունն էլ չկա, ինչքան տուն կա՝ արդեն տրվել է անօթևաններին։ Պայմաններ դեռ չկան, չեմ կարող քսան օրական փոքրիկիս հետ վերադառնալ»-, նշում է Սեդան:

Սեդան մինչ օրս չի հավատում, որ տագնապային անդադար հնչող ազդանշանի, ռմբակոծության տակ հղիության 7-րդ ամսում՝ ութ և հինգ տարեկան իր երկու երեխաների հետ միասին կարողացել է չընկճվել: «Հիմա հետ եմ նայում վերջին երկու ամսվա ընթացքին. ինչպես այնտեղ չորս օր մնացի, ինչպես երկու օր ճանապարհ եկա, ինչպես Հայաստանում երեք տուն փոխելով երեխաներիս հետ մնացի։ Հասկացա, որ հայ կինը իրոք ուժեղ կին է: Իսկապես ուժեղ, որ այս ամեն ինչի միջով կարողանում ենք անցնել, մեր երեխաներն էլ այսպես տեսնում են մեզ, թե ինչպես է իր ծնողը միայնակ կարողանում այսքանը տանել, այդ ուժն էլ փոխանցվում է նրանց, որ այսքան ուժեղ զինվորներ ունենք»,- հուզված ասում է Սեդան:

 

Հարցազրույցը՝ Ալինա Նահապետյանի

 Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի