Պատերազմն ու Ռազմելլայի ամուսնության, ընտանիքի և սեփականության ոտնահարված իրավունքները

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում 4 սենյականոց նորակառույց առանձնատունն ու մեծ տնտեսությունը թողնելով՝ 33-ամյա Ռազմելլան, ամուսնու կամքին հակառակ, պատերազմի մեկնարկից 3 օր հետո՝ հոկտեմբերի 30-ին, վեց երեխաների հետ միասին տեղափոխվել է Հայաստան: Ռազմելլան իր երեխաների հետ ապրում է Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի սենյակներից մեկում, որտեղ սանհանգույցն ընդհանուր է, իսկ սենյակի պատուհանները՝ ցելաֆոնապատ:

Հանրակացարանը, որտեղ ապրում է Ռազմելլան

 Զինված հակամարտություններում տղամարդկանց և տղաների ներգրավման պատճառով, նրանց ձերբակալման կամ անհետացման դեպքում ևս, կանայք և երեխաները ստիպված են լինում հանձն առնել ավելի մեծ թվով պարտավորություններ՝  ընտանիքի, ընտանիքի անդամների անվտանգության և բարեկեցության, ինչպես նաև նրանց անհրաժեշտ ռեսուրսների և սոցիալական աջակցության ապահովման հարցերը։ Տնտեսության և սեփականության տիրապետման իրավունքի բացակայության պայմանները վտանգում են կանանց կենսապահովումը։ Կանանց առօրյա պարտականությունները՝որպես հիմնական կերակրող  դառնում է առավելապես վտանգավոր և դժվար՝ հատկապես պետական աջակցության ծրագրերի բացակայության և կենցաղային պայմանների խաթարման պատճառով։ Սնունդի ապահովման, ջրի և հոսանքի ապահովման և օգտագործման հարցերը կարգավորելու նպատակով հաճախ նրանք ենթարկվում են ֆիզիկական, հոգեկան և հուզական մեծ ծանրաբեռնվածության։ Երբ կանայք դառնում են եկամտի միակ աղբյուրը, ենթադրվում է կանանց ներգրավվածությունը ցանկացած տեսակ աշխատանքի մեջ, որը կարող է խաթարող և վտանգավոր լինել նրանց համար։ Մասնավոր և ընտանիքի կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը հանդիսանում է մարդու միջազգային հիմնարար իրավունքներից մեկը։ Այն ամրագրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 12-ում և 16-ում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի հոդված 17-ում և 23-ում, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի հոդված 8-ում և նույն կոնվենցիայի Արձանագրություն 7-ում։  

Ծնունդով Թալիշ գյուղից Ռազմելլան ամուսնացել է 18 տարեկանում, երկար տարիներ ապրել ամուսնու ծնողների հետ միասին Ավետարանոց գյուղում: «Ամուսնացած եմ տասնյոթ տարի, երջանիկ եմ եղել: Հինգերորդ երեխայի ծնունդից հետո պետությունը մեզ տուն տվեց, 2016 թվականից տեղափոխվել ենք մեր տուն»,- ասում է Ռազմելլան։

Կինն իր մեծ տնտեսությունը վարել է ավագ՝ 16 տարեկան որդու հետ միասին, ամուսինը հիմնականում զբաղվել է շինարարական աշխատանքներով:

«Հարյուր քառասուն մայր ոչխար ունեինք: Երեխաս ութերորդ դասարանից դուրս եկավ, պետությունը մեզ աջակցեց, շատացրինք ոչխարների թիվը։ Բուծում էի, ու եզդիներին էինք տրամադրում։ Ամեն ինչին լավ տիրապետում էի, Ավետարանոց գյուղից ումից էլ հարցնեք Չանախչիներ, կիմանան։ Բոլորը գյուղում զարմանում էին՝ ինչպես ենք մենք աշխատում և ինքներս մեր ընտանիքը պահում»- պատմում է Ռազմելլան:

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի սկսելու օրը, Ռազմելլան երեխաների հետ տանն է եղել: «Մեր տունը բարձր տուն է ու բոլոր չորս կողմերը երևում էին, որտեղ ինչ էր լինում, ինչ ձայն էր գալիս՝ մենք լսում էինք։ Երբ խփեցին Շքենդին (Շոշ գյուղ), աղջիկս վախից քիչ էր մնում միզեր։ Ձեռքերը, ձայնը դողում էին։ Շքենդի ու Ստեփանակերտի վրա հարձակումներն ահավոր էին։ Երբ իրենց հթրիռները խփում էին, ամեն ինչ տեսնում էինք։ Ահավոր վիճակ էր»,- վերհիշում է կինը:

Ռազմելլայի տունը, չնայած նորակառույց լինելուն, ապաստարան չի ունեցել․ «Չորս սենյականոց մեկ հարկանի տուն է։ Ամբողջությամբ վերանորոգված էր, ամեն ինչ ունեինք՝ կահույք և այլն»։

Երեք օր հրետակոծությունների ներքո լուսացնելուց հետո Ռազմելլան որոշում է երեխաների հետ տեղափոխվել Հայաստան՝ չնայած ամուսնու հակառակ պնդմանը:

«Ամուսինս չէր թողնում, ասում էր, ոչինչ չի լինելու, մեր գյուղ ադրբեջանցիները չեն գալու։ Համոզեցի, որ երեխաների համար վախենում եմ, տեսնենք՝ ոնց է վիճակը, նորից հետ կգանք»,- ասում է կինը։

Ռազմելլայի ամուսինը հրաժարվել է ընտանիքին տեղափոխել Հայաստան՝ չնայած սեփական  ավտոմեքենա են ունեցել: «Ասաց՝ չպիտի գնաս, ես չեմ քշելու: Բայց որ Շքենդիին խփեցին, երեխեքը շատ էին վախեցել, չէի կարող մնալ»,- պատմում է նա:

Ռազմելլային և վեց երեխաներին Ստեփանակերտ է տեղափոխել ամուսնու քույրը: Մայրաքաղաքում Ռազմելլան, անծանոթ մարդկանց մեքենայով վեց երեխաների հետ միասին եկել է Աբովյան:

«Հասանք Ստեփանակերտ ու մոտեցանք պատահական կամավորական խմբերից ինչ-որ մեկին, ու ասացի, որ վեց երեխաներիս հետ ուզում եմ տեղափոխվել։ Մի աղջիկ կամավոր կար, կարծես բուժքույր էր, ասաց՝ հո գիժ չես, վեցի հետ կանգնել ես, կամավոր տղաներից մեկին ասաց, քաղաքացիական մեքենա էր, երևի ինչ-որ բան էր բերել կամ մարդ տեղափոխել, մեզ վերցրին ու լույսերն անջատած եկանք Աբովյան»,- վերհիշում է Ռազմելլան։

Ռազմելլային Աբովյանում տեղավորվելու համար օգնել է ծանոթներից մեկը, որի հետ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ընկեր է եղել, անձամբ չի ճանաչել․ «Այդ ծանոթ աղջիկն այս տունը տվեց։ Առանց որևէ գումարի, ասաց՝ մեկ է՝ հիմա ուր էլ գնաս, ոչ մի մնալու տեղ չես գտնի։ Հոկտեմբերի մեկից այստեղ ենք մնում, փառք ենք տալիս Աստծուն, որ փողոցում չենք մնացել»։

Ռազմելլայի 15 քառակուսի մետր հանրակացարանային սենյակում կա բազմոց,  երկու պահարան, մեկ սեղան: Կամավոր աջակցողների շնորհիվ ընտանիքին տվել են նաև հեռուստացույց, մահճակալ (լեժանկա), սեղան, դոշակ-վերմակ։

«Այստեղ մենք սկզբում լույս չունեինք, լամպ էի վառում։ Երեխաներս առողջական խնդիրներ չունեն, բայց արդեն վախենում եմ։ Անկողինը գետնին ենք փռում, խոնավ է: Գազի փոքր բալոնով հաց եմ պատրաստում, տաքանում է։ Ինձ ալյուր են տվել, հաց եմ թխում»,- պատմում է Ռազմելլան:

Պատերազմական գործողությունների ժամանակ Ռազմելլան հիմնականում կապի մեջ  է եղել ամուսնու եղբոր հետ: Մեկ անգամ կարողացել է խոսել ամուսնու հետ, որն էլ նրան ասել է՝ եթե անգամ ինքը զոհվի, կինը չգնա:

«Ամուսնուս հետ խոսելուց հետո ուժերս հավաքեցի: Մի քանի տեղ էի դիմել, որ վեց երեխաներիս պահեին, ու ես գնայի նրա մոտ, գոնե փամփուշտ կլիցքավորեի»,- ասում է կինը։

Ռազմելլան մինչև հիմա հույսը չի կորցրել, որ մի օր վերադառնալու է իր տուն: Եթե անգամ վերադառնա Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտում չի ուզում ապրել:

«Ուզում եմ ինչ-որ մի գյուղ գնանք, որ էլի անասուն, հավ պահեմ։ Ստեփանակերտում բազմաբնակարան շենքում չեմ կարող մնալ»,- խոստովանում է նա։

Ռազմելլայի խոսքով՝ ամուսինն այժմ Ստեփանակերտում է, հաճախակի այցելում է ընտանիքին․ «Նա մեզ մոտ հաճախ է գալիս, չի կարողանում մնալ, մնալու տեղ չունենք, սիրտն էլ չի դիմանում։ Գնում է Ստեփանակերտ՝ հույսով, որ այնտեղ ինչ-որ աշխատանք կգտնի»։

44-օրյա պատերազմից հետո Ռազմելլայի և նրա վեց երեխաների կյանքն այլևս նույնը չէ, խաթարվել է ունեզրկված ընտանիքի բնականոն կյանքը: Չկա նրանց տունը, անձնական իրերը, անգամ փաստաթղթերը թողել են Ավետարանոցի իրենց տանը: Երեխաներից միայն մի աղջիկն է դպրոց հաճախում։ «Դասերը հեռահար են, մեկ հեռախոս ունենք, միայն մեկն է կարողանում դասերին մասնակցել: Ամենափոքրս երրորդ դասարանում է սովորում, ամենամեծս՝ իններորդ դասարանում»,- ասում է Ռազմելլան։

Ռազմելլայի փոքր որդին իր վերջին նկարն է ցույց տալիս: Ավետարանոցի իրենց տունն է նկարել: «Սանթուրս նկարել է, որ ով գա, տեսնի, մենք ինչպիսի տուն ենք ունեցել։ Մեր տունն իրոք այս գույն է եղել»,- հուզվելով զրույցն ավարտում է Ռազմելլան:

 

Հարցազրույցը՝ Ալինա Նահապետյանի

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի