Պատերազմն ու Լուսինեի ոտնահարված աշխատանքային իրավունքը

Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկին մասնագիտությամբ բժիշկ Լուսինեն եղել է Իշխանաձորի իրենց տանը: Սեպտեմբերի 27-ին իր 11-ամյա աղջկան, ծեր մորը և քրոջը վերջինիս երեխաների հետ միասին ուղարկել է Երևան, ինքը մնացել է Իշխանաձորում՝ կատարելու մասնագիտական պարտքը:

Կանանց և տղամարդկանց միջև աշխատանքի հավասար հնարավորություններին ուղղված միջազգային մարդու իրավունքները բխում են հակախտրականության համընդհանուր սկզբունքից։ Հենվելով այդ սկզբունքի վրա՝ կանայք ունեն հավասար իրավունքներ նախընտրելու, ստանալու և վարձատրվելու ցանկացած աշխատանքի համար։ Այդ իրավունքի իրացման նպատակով պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրության, իրավունքի իրացման մեխանիզմների ներդրում և համակարգում կանխարգելելու հնարավոր խախտումները, պաշտպանելու և իրականացնելու կնոջ աշխատանքի իրավունքը՝ տղամարդու հետ հավասար հիմքերով։ Կանանց աշխատանքի իրավունքը սահմանվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրով, կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով (Կոնվենցիա N111, 1958։)

Զինված հակամարտությունների ժամանակ առողջապահության ոլորտի աշխատակիցներն առհասարակ պաշտպանված են միջազգային հումանիտար իրավունքով։ Այն նպատակ ունի սահմանափակելու պատերազմների հումանիտար հետևանքները և ապահովելու իրավական պաշտպանություն այն մարդկանց, ովքեր պատերազմի անմիջական մասնակիցը չեն։ Պաշտպանության սկզբունքները ներկայացվում են Ժնևյան կոնվենցիաներում

  • Վիրավորված կամ հիվանդ անձանց, բժշկական անձնակազմի և փոխադրամիջոցի պաշտպանություն,
  • Բժշկական անձնակազմի նկատմամբ հարգանք և պաշտպանություն, որպեսզի բուժանձնակազմը կարողանա իրականացնել իրենց աշխատանքային էթիկային համապատասխան աշխատանք,
  • Կարմիր խաչի կամ կարմիր մահիկի նշանների օգտագործում:

Միջազգային մարդու իրավունքները սահմանում են իրավունքներ, ազատություններ և պարտավորություններ բոլոր քաղաքացիների համար: Դրանք են՝ կյանքի իրավունքը, դաժան և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը և օրենքի առջև հավասարապես պաշտպանված լինելու իրավունքը։

Լուսինեն ծնունդով Լոռու մարզից է, մանկավարժ ծնողների հետ 2000-ականներին վերաբնակեցման ծրագրով տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ: Սովորել է Երևանի Հայբուսակ համալսարանում, ավարտելուց հետո կրկին վերադարձել Իշխանաձոր և շարունակել ապրել գյուղում մինչև պատերազմի արդյունքում գյուղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը:

«Մենք վատ կյանքից տեղափոխվեցին Քաշաթաղ ապրելու: Մեզ որպես լոռեցիներ տարան Իշխանաձոր: Իշխանաձորը լոռեցիներով բնակեցված գյուղ է: Որպես մանկավարժի ընտանիքի՝ մեզ հատկացրին ավտոտնակ, որտեղ անգամ լույս չկար: Վեց ու կես տարի առանց լույսի ենք ապրել, 2006 թվականին միայն տվեցին լույսերը: Բայց բոլոր դժվարություններին զուգահեռ իմ կյանքի ամենագեղեցիկ տարիներն անցել են հենց Քաշաթաղում, մենք այնտեղ երջանիկ ենք եղել»,- ասում է Լուսինեն:

Լուսինեն Լեռնային Ղարաբաղում հայտնի բժշկուհի է, որը մասնագիտական գործունեությունն Իշխանաձորում սկսել է ծավալել սովորելուց անմիջապես հետո: Սկզբում նա բուժօգնություն է ցուցաբերել համագյուղացիներին, հետո մյուս գյուղերից ևս սկսել են նրա մոտ այցելությունների գալ:

«Գյուղում բուժկետ, հիվանդանոց չկար, ես մարդկանց տանն էի օգնում: Արդեն բոլորը գիտեին, որ կարող եմ տարբեր օգնություն ցուցաբերել»,- վերհիշում է Լուսինեն:

2006 թվականի հունիսի 15-ին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից հիմնովին կառուցվել է Իշխանաձորի բուժկետը: Լուսինեի խոսքով՝ բուժկետի ղեկավարումն իրեն դժվարությամբ են վստահել:

«Տեղի այրերն ասել էին, թե մասնագիտությամբ ատամնաբույժին ինչպես նշանակենք բուժամբուլատորիայի վարիչ: Ես ապշած էի, որ նման բան կարելի էր ասել: Բայց 2006 թվականի հունիսի 15-ին՝ բուժկետի բացման արարողության ժամանակ, առողջապահության այն ժամանակվա նախարար Զոյա Լազարյանը բոլորի մոտ հայտարարեց, որ ինձ նշանակում է բուժամբուլատորիայի վարիչ»,- ընդգծում է բժիշկը:

Լուսինեի կատարած աշխատանքը տարիների ընթացքում աննկատ չի մնացել, և 2010 թվականի մայիսի 12-ին նրան նշանակել են Կովսականի տեղամասային հիվանդանոցի գործադիր տնօրենի պաշտոնում:

Չնայած Լուսինեի ամուսինը զինվորական է, սակայն պատերազմի մոտալուտ լինելու մասին նա չի իմացել: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի օրը, առավոտյան նա զբաղված է եղել տնային աշխատանքներով:

«Ես բարձրաստիճան սպայի կին եմ, բայց երբևէ չեմ իմացել, թե դիրքերում ինչ է կատարվել: Պատերազմի մասին ևս չեմ իմացել: Պատերազմի սկսվելու օրը ես պահածոներ էի փակում: Առավոտյան 7։10 ամուսինս զանգեց, ասաց, որ չխառնվենք իրար, պատերազմը սկսվել է: Ես չէի ուզում հավատալ, որ պատերազմ է: Սպասում էի քառօրյայի, նույնիսկ՝ ավելի կարճ»,- ասում է Լուսինեն:

Պատերազմի ժամանակ Լուսինեին բոլորը կնքել են «Սպիտակ բանակի գեներալ», քանի որ թիկունքի հիմնական աշխատանքները բժիշկն իր վրա է վերցրել:

«Ես վարում էի շտապօգնության մեքենան, ինձ ճանաչում էին որպես վարորդ, չգիտեին, որ ես բժիշկ եմ»,- ժպիտով հիշում է Լուսինեն ու շարունակում,- «Գորիսից թթվածին, արյուն, պլազմա բերելը, վիրավորներին հետս տանելը դրված էր ինձ վրա: Ամենը դասակարգված անում էինք»:

Վերհիշելով պատերազմի օրերը, Լուսինեն ասում է, որ համեմատաբար հանգիստ օրեր չեն ունեցել․«Օրական մենք ունեցել ենք 150-180 ծանր բեկորային վնասվածքով զինվոր, հազվագյուտ են եղել, որ մահացել են վիրահատարանում: Գրեթե բոլորը փրկվել են»:

Լուսինեի համար, սակայն, պատերազմի ամենածանր օրը եղել է հոկտեբերի 5-ը:

«Գորիսից վերադառնում էի Իշխանաձոր և հասկացա, որ հնարավոր է ճանապարհին մահանամ: Զանգեցի քրոջս, ասացի՝ Արև, այս բանկում 300 հազար դրամ խնայողություն ունեմ, թող չկորի, Գրետային (Լուսինեի 11-ամյա դուստրը, հեղ․) մի բան կառնես: Քուրս ասաց, ես կգժվեմ, Լուս, այդ ինչ ես խոսում: Փոշմանեցի, մտքումս ինքս ինձ ասացի, թե ինչի նման բան ասացի»,– արցունքը աչքերում լցրած պատմում է Լուսինեն:

Սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, Երևանի Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալ բժշկական խումբը եկել է Իշխանաձոր և տեղակայվել բուժկետում:

«Իշխանաձորի հիվանդանոցն այդքան մեծ կառույց չէ, ստիպված հիվանդներին սպասարկում էինք նաև բակում: Երկու վիրահատական սեղան ունեինք: Դասակարգվել էինք: Երբ անօդաչուները հայտնվում էին, մի խումբը դուրս էր գալիս, մյուսը՝ մնում վիրահատարանում: Եթե մահանայինք, գոնե մյուս կեսը մնար»,– մանրամասնում է Լուսինեն:

Նրա խոսքով՝ կյանքը պատերազմի օրերին անկախատեսելի էր․«Հասկանում էինք, որ կամ կաս կամ չկաս: Հոկտեմբերի 3-ից մեր գլխին ուղղակի թափվում էին անօդաչուները: Դզոցներն անընդհատ մեր ականջներում էր: Մեզանից յուրաքանչյուրն ուներ գետնի մեջ իր «սեփականաշնորհած» փոսը: Հենց ռացիայով հաղորդում էին անօդաչուների մասին, միանգամից վազում, մտնում էինք մեր փոսերը»:

Թիկունքային ծանր աշխատանքը համակարգելուն զուգահեռ՝ Լուսինեն պատերազմի ընթացքում երեք անգամ արյան դոնոր է եղել: Նրա 4-րդ դրական արյունն անհրաժեշտ է եղել արյան փոխներարկման համար, մյուս երկու դեպքում էլ արյունն ուղղակի հանձնել է հիվանդանոցում:

«Իմ ամբողջ ազդրերը կապտած էին, պատգարակներ էինք տանում: Այնքան շատ էին: 100-150 պատգարակ: Բոլորն արնաշաղախ էին: Երկու անգամ բուժքրոջս հետ լվացրինք այդ պատգարակները»,- ասում է Լուսինեն, ապա շարունակում,- «Խոզանակը քսում էի, աղոթում ու ասում՝ վստահ եմ, որ սա էլ չեմ լվանալու»:

Լուսինեն փաստում է, որ պատերազմի ծանր օրերին նրանք շարունակել են իրենց մասնագիտական պարտքը լիարժեք կատարել: «Չի եղել մի զինվոր, որ առանց ներքնաշոր փոխելու, մաքրելու, շապիկ-վարտիք հագցնելու մենք իրենց ճանապարհենք: Ուղարկում էինք Սիսիան, Գորիս, հետո, երբ արդեն շատ հագեցած էին այնտեղի հիվանդանոցները, ուղարկում էինք Կապան»:

«Անգամ որևէ վերջույթ, որ կտրվել է, չի նետվել աղբը: Այս աղջիկը (ցույց տալով ինքն իրեն, հեղ․), պատվավոր թաղում է կազմակերպել»,- լացելով ասում է բժիշկը:

Հոկտեմբերի 18-ին, նշում է Լուսինեն, իրենց տեղեկացրել են Կովսականից դուրս գալ՝ հաջորդ օրը վերադառնալու նպատակով: Նա կապվել է Կապան տեղափոխված իր աշխատակիցներին, ճշտել՝ արդյոք նրանք ապահով են: «Ինձանից հետո Կովսականից երկու մեքենա է դուրս եկել: Ես վերջիններից եմ լքել Կովսականը»,- ասում է բժիշկը:

Նա իր բուժքրոջ հետ տեղափոխվել է Գորիս, հաջորդող օրերին մնացել այնտեղ: Հոկտեմբերի 20-ին գնացել է Բերձոր՝ իր աշխատակիցների աշխատանքային գրքույկները վերցնելու նպատակով: Վերցրել է նաև հիվանդանոցի բանալիները:

«Ես չեմ համարում վերջացած: Ոչ թե հուսով եմ, այլ վստահ եմ, որ մենք պետք է վերադառնանք ու աշխատենք: Այդ խրցով բանալիները, որ ես բերել եմ, ոչ թե իմ սփոփանքն է, այլ ես վստահ եմ, որ այդ բանալիները պետք է աշխատեն: Եվ ոչ միայն ես եմ վստահ, այլև մեր մյուս աշխատողները: Գուցե մարդիկ լինեն, որ ծիծաղեն այդ մտքի վրա, բայց ես այդ հույսով ապրում եմ»,- իր խոսքն ավարտում է բժիշկ Լուսինեն:

Հարցազրույցը՝ Ալինա Նահապետյանի

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի