Պատերազմն ու Երազիկի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու ոտնահարված իրավունքը

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի իր տունն ու աշխատավայրը թողած, մասնագիտությամբ երաժիշտ-մշակութաբան, 34-ամյա Երազիկը ռազմական գործողությունների մեկնարկից 4 օր հետո անչափահաս երեք երեխաների հետ տեղափոխվել է Երևան: Երազիկը, որ Լեռնային Ղարաբաղում զբաղեցրել է Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչի պաշտոնը, Երևանում նոյեմբերի 17-ից միացել է Արցախի շտաբում բացված Հադրութի գրասենյակի աշխատանքներին:

 

Կանայք մասնակցության իրավունք ունեն բոլոր այն քաղաքական գործընթացներին, որն առնչվում է իրենց, իրենց ընտանիքներին և այն հասարակությանը, որում ապրում են։ ՄԱԿ-ի կանանց հարցերով հանձնախումբը փաստում է, որ այն երկրները, որտեղ զգալի է կանանց մասակցությունը քաղաքական գործընթացներին և քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների առաջնորդության հարցում միտված են լինել ավելի ներառական, արձագանքող, իրավահավասար և ժողովրդավար։ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան սահմանում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքը բոլոր բնագավառներում (հոդված 2) և հորդորում կոնվենցիայի անդամ պետություններին ձեռք առնել հնարավոր բոլոր միջոցները տղամարդկանց և կանանց միջև փաստացի հավասարություն ապահովելու համար (հոդված 4):  

Երազիկը ծնունդով Ստեփանակերտից է, ԼՂ կառավարության պետպատվերի շրջանակում սովորել է Երևանի Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում: Ուսանողության տարիներին Հադրութի շրջանի Տող գյուղում այլ ուսանողների հետ միասին հիմնել է արվեստի դպրոց: Դպրոց ստեղծելու նախաձեռնությունը եղել է լրագրող Սուսաննա Բալայանինը, որը նաև դաշնակահարուհի էր: Նա 80-ականներին Տողում ունեցել է երգչախումբ, որից հետո ծնվել է գյուղում արվեստի դպրոց ունենալու գաղափարը:  «Ինձ համար կարևոր էր այդ նախաձեռնության անդամ լինելը, քանի որ, ես գիտեի, որ երեխաները դրա կարիքն ունեն»,- ասում է Երազիկը:

2005 թվականին հիմնված դպրոցում Երազիկը քանոնի ուսուցչուհի էր, հետո սկսել է աշխատել նաև որպես ուսմասվար: «Ես ունեմ յոթից ավելի շրջանավարտ, որոնք եկել են ինձ փոխարինելու և այսօր արդեն դասավանդում են»,- ընդգծում է նա:

18 տարեկանից արվեստի դպրոցում աշխատող Երազիկին 2015-ին հրավիրել են պաշտոնավարել Հադրութի շրջանի աշխատակազմում՝ որպես Մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ:

Երազիկն ընդունել է առաջարկը, զինվորական ամուսնու և երեխաների հետ միասին Տող գյուղից տեղափոխվել է Հադրութ, բայց շարունակել դասավանդել նաև արվեստի դպրոցում: Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ պատերազմի մեկնարկը, Տողի արվեստի դպրոցը լիարժեք գործել է, Երազիկը՝ շարունակել պաշտոնավարել:

«Առավոտ շուտ էր, 7 անց 10-ը րոպե, երբ լսեցինք ձայները: Բոլորս քնած էինք, ձայներից արթնացանք, որից հետո միանգամից շտապեցինք դեպի ապաստարան»,-վերհիշում է Երազիկն ու շարունակում,-«Մենք ապրում էինք շենքում, որը շատ մոտ էր զորամասերին: Անընդհատ հարվածում էին այն տեղերին, որտեղ տեղակայաված էին զորամասերը»:

Պատերազմի սկսվելու օրը Երազիկին ու երեխաներին ամուսինը տեղափոխել է Տող գյուղի իրենց տուն, որտեղ մի քանի օր տան ապաստարանում մնալուց հետո ամուսնու ծանոթների միջոցով երեք երեխաների հետ նա տեղափոխվել է Երևան:

«Չէինք պատկերացնում, որ երկար կմնանք Երևանում, չեմ էլ ուզում ասել, որ մշտական, որովհետև, հույս ունենք, որ Հադրութը մի օր կդեօկուպացվի և մենք հետ կգնանք մեր հայրենի հողը»,- ասում է Երազիկը:

Երազիկի համար Հադրութի դեօկուպացումը գերնպատակ է, որին ուղղված է 44-օրյա պատերազմից հետո նրա ակտիվիզմը:

Հայաստանում՝ Արցախի շտաբում, Հադրութի գրասենյակի աշխատանքներում ներգրավելուց բացի, Երազիկը «Հադրութի կանայք և երեխաները» ակցիաների նախաձեռնող խմբի անդամ է: 2020-ի դեկտեմբերի վերջին Արփինե Վանյանի և Մերի Դավթյանի հետ միասին հիմնել է «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը:

«Հկ-ն այս պահին հայտարարություններ է պատրաստում՝ ուղղված միջազգային կառույցներին: Ակցիաների ժամանակ ևս դիմել էինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի դեսպանատներին, հանդիպում ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Մեր միակ նպատակը Հադրութի դեօկուպացիան է»,- շեշտում է Երազիկը:

Երազիկը Հադրութի գրասենյակում շրջապատված է այլ պայքարող կանանցով, որոնք համախմբվել են մեկ նպատակի շուրջ:

«Իմ շուրջը կան շատ ակտիվ կանայք, որոնք նույն գաղափարների տեր են, ինչ ես: Այն քննարկումները, որոնք ունենում ենք, մի քիչ հույս է տալիս: Հանգստանում ենք, մեկս մյուսին սփոփում: Մեր հասարակությանը պետք են ակտիվ կանայք, որովետև անհրաժեշտ է պահպանել այդ հավասարությունը»,- վստահեցնում է նա:

34-ամյա Երազիկն արդեն 17 տարվա աշխատանքային փորձ ունի: Ասում է՝ թե՛ աշխատավայրում, թե՛ ընտանիքում ակտիվ գործունեություն ծավալելու հետ կապված խոչընդոտների չի բախվել:

«Ինձանից տարիքով մեծ կանայք եմ ունեցել իմ ենթակայության տակ, սակայն, ոչ մի խնդիր չենք ունեցել: Բոլորս միմյանց հանդեպ բարեհամբույր էինք»,- ասում է Երազիկն ու շարունակում,- «Իսկ ամուսինս ինձ ճանաչել է որպես ակտիվիստի, համակերպված էր այն մտքին, որ ես ակտիվ կին եմ»:

Երազիկի ղեկավարած բաժինը մշակութային քաղաքականություն էր վարել Հադրութի շրջանում, զբաղվել երիտասարդների զբաղվածության, ժամանցի հետ կապված հարցերով, կազմակերպել միջոցառումներ՝ ներգրավելով երիտասարդների:

«Հադրութի շրջանի 13500 բնակչության 15-20 տոկոսը կազմում էին երիտասարդները: Հադրութի շրջանում մշակութային կյանքն իսկապես այլ էր, տաղանդավոր երեխաները շատ-շատ էին»,- ասում է Երազիկը:

Կնոջ խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմն իր կյանքում երրորդ պատերազմն է, որ վերապրել է․«Երբ ես վեց տարեկան էի, եղավ Արցախյան շարժումը, 2016-ին Ապրիլյան քառօրյայի ականատեսն էի: Սա երրորդ պատերազմն է, որ զգում եմ մաշկիս վրա: Բոլոր պատերազմներին կորցրել ենք հարազատներ, այս պատերազմում անմիջական զգացինք մեր հարազատի կորուստը: Մարդն այնպիսի տեսակ է, որ միշտ ուժ է գտնում: Եթե դու պայքարող տեսակ ես, այդ ուժն առավել ևս քո մեջ կա: Բայց այս պատերազմից հետո մենք այդքան ուժեղ չենք: Ոտնահարեցին մեր արժանապատվությունը, մեզ զրկեցին թե՛ ապագայից, թե՛ ներկայից, և թե մեր պատմական անցյալից»:

Այժմ Երազիկը շարունակում է աշխատել Հադրութի ձևավորված գրասենյակում, որտեղ հաշվառում են բնակիչներին, հասկանում նրանց խնդիրները, ճշտում զբաղվածությունը, անհրաժեշտության դեպքում, երբ հայտնվում են բարերարներ, լուծում կացարանի հետ կապված խնդիրներ: Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մտադրություն Երազիկն առայժմ չունի:

«Արցախ կվերադառնամ միայն Հադրութը դեօկուպացնելուց հետո, որովհետև ես ինձ ուրիշ տեղ էլ չեմ տեսնում: Ինձ համար Երևանը ժամանակավոր տեղ է, որտեղ կարող եմ ապահով պահել իմ երեխաներին: Ես ընտանիքիս, երեխաներիս հետ պատրաստ եմ վերադառնալ Հադրութ այն դեպքում, երբ Հադրութը լինի Արցախի կազմում: Ես ադրբեջանցու հետ միասին պատրաստ չեմ ապրել, Արցախում պետք է ապրեն միայն արցախցիները»,- իր խոսքն ամփոփում է կինը:

 

Հարցազրույցը՝ Ալինա Նահապետյանի

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի