You are currently viewing «Չի՛ կարող սիրով սկսված գործը չհաջողել». Նարա Ստեփանյան

«Չի՛ կարող սիրով սկսված գործը չհաջողել». Նարա Ստեփանյան

19-ամյա Նարա Ստեփանյանը հինգ տարի է՝ զբաղվում է կարպետագործությամբ: Նա սիրելի զբաղմունքը դարձրել է եկամտի աղբյուր: Նարան ապրում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում և իր հետագա կյանքը պատկերացնում է գյուղում. մտադրություններ ունի իր գործունեությամբ զարգացնելու հայրենի գյուղը:

Սիրելի զբաղմունքը՝ եկամտի աղբյուր

Նարան պատմում է, որ միամիտ է եկել այն մտքին, որ կարելի է սիրելի զբաղմունքը վերածել գործարարության և եկամուտ ստանալ դրանից. «Սկզբից ուղղակի կարպետներ էի գործում, զուտ որովհետև շատ էի սիրում: Մի անգամ էլ ուսուցչիս ցույց տվեցի, առաջարկեց վաճառել աշխատանքներս: Այդ ժամանակ միայն հասկացա, որ ես կարող եմ նաև սիրելի զբաղմունքիս միջոցով գումար աշխատել. նախքան այդ դեպքը՝ երբեք չէի մտածել այդ մասին»,- ասում է նա:

Նարայի խոսքով՝ երբ իրենց գյուղը սկսել է զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրություն առաջացնել, որոշել է փոքրիկ տաղավար տեղադրել վանական համալիրի տարածքում և սկսել վաճառել իր աշխատանքները: 

Նրա խոսքով՝ չնայած դժվարություններին, ցանկացած աշխատանք եթե սիրով է արվում, ապա այն հաջողելու է. «Մտածում եմ, եթե շատ սիրով անեմ ու հմտացնեմ իմ կարողությունները, կհասնեմ իմ ուզած արդյունքին: Չի՛ կարող սիրով սկսված գործը չհաջողել, ուղղակի պետք է լինել հետևողական և անել այն, ինչը ոչ ոք չի անում»,– ընդգծում է նա:

Համագործակցությունը Հայաստանում կանանց հիմնադրամի հետ

Նարան նշում է, որ վաղուց է ունեցել մտադրություն ինչ-րր տարածք ունենալու, որտեղ նա կզբաղվի կարպետագործությամբ, ինչպես նաև տեսական և գործնական դասընթացներ կիրականցնի հետաքրքրվողների համար:

«Երբ աշխատանքներս սկսեցին տեղացիներին և զբասաշրջիկներին հետաքրքրել, մտածեցի տաղավարս ընդլայնել կամ ինչ-որ ծածկ սարքել՝ անձրևային եղանակներին պաշտպանվելու համար: Այդ շրջանում հորաքրոջս աղջիկն ինձ ուղարկեց Հիմնադրամի հայտարարությունը, որ ֆինանսական աջակցություն են տրամադրում դեռահաս աղջիկներին: Դիմեցի, բայց չէի մտածում, որ կընտրեն ինձ»,- ժպտալով ասում է Նարան:

Երիտասարդ կարպետագործի խոսքով՝ Հիմնադրամը բացի ֆինանսական աջակցությունից՝ շատ այլ հարցերում է նրան օգնել. «Հիմնադրամի հետ համագործակցությունն ու շփումն ինձ համար դարձավ մոտիվացիայի աղբյուր: Հիմնադրամն ինձ օգնեց ավելի լայն տեսնել ու մտածել, չսահմանափակվել եղածով, ավելի մեծ երազել: Հիմնադրամն ինձ մտածողություն է տվել, որ անընդհատ պետք է առաջ գնալ»,- ասում է նա:

Սիրելի զբաղմունքը՝ գյուղական կյանքն ակտիվացնելու միջոց

Նարան հեռահար նպատակներ ունի իր սիրելի զբաղմունքի միջոցով իրենց գյուղում կյանքն ակտիվացնելու և զբոսաշրջիկների համար սիրելի և օգտակար վայր դարձնելու. «Մեր գյուղում կա եկեղեցի, բոլորն այստեղ են գալիս եկեղեցու համար, բայց ինձ շատ հաճելի կլինի, որ մարդիկ նաև գան, օրինակ, իմ տնակում կարպետ գործելու համար: Մնացած գյուղերում էլ պետք է մարդիկ անեն այն, ինչն ուրիշները չեն անում: Մենք պետք է անենք այնպիսի տարբերվող բան, որ ուրիշը դեռ չի արել»,- ասում է նա:

Նարան մտածում է նաև իր աշխատանքին սոցիալական բաղադրիչ ավելացնելու մասին. «Ես վստահ եմ՝ միայն տնակով չեմ բավարարվելու, ես ավելին եմ անելու: Այժմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում սովորում եմ դեկորատիվ կիրառական արվեստ, զուգահեռ նաև գործարարության դասեր եմ անցնում՝ կարողություններս զարգացնելու համար, որպեսզի հետագայում կարողանամ նաև իմ բիզնեսը զարգացնել, մեծացնել, որը, գուցե, նպաստի նաև մեր գյուղում աշխատատեղերի բացմանը»,- նշում է նա:

Ներքին և արտաքին աշխարհի մարտահրավերները

«Ես էությամբ շատ փակ մարդ եմ, հաճախ խուսափում եմ նոր ծանոթություններից հանդիպումներից: Կարծում եմ՝ դա ինձ շատ է խանգարում՝ թե՛ իմ աշխատանքում, թե՛ առօրյա կյանքում: Բայց որոշել եմ, որ պետք է կոմֆորտին հակառակ գործողություններ անեմ. հիմա գրանցվել եմ բիզնես դասընթացների»,- ասում է նա:

Նարայի խոսքով՝ ծրագրի ընթացքում շատ դժվարություններ է ունեցել. տնակի կառուցումը շատ է ձգձգվել արտաքին հանգամանքների հետևանքով. «Տնակը երբ սկսեցինք սարքել, սկսվեց պատերազմը: Հետո շատ բարեկամներ զոհվեցին, մինչև վերջերս էլ նրանց անունները նոր ենք իմանում, որ զոհվել են: Դժվար է այս ամենին զուգահեռ զբաղվել նաև  այս հարցով»,– նշում է Նարան:

Տնակի կառուցման հարցում Նարային օգնում է ընտանիքը: 2022 թվականին տնակն արդեն իր դռները կբացի այցելուների առաջ:

Նարայի խոսքով՝ հասարակությունը շատ հաճախ քամահրանքով է նայում իր արած գործին. «Կան մարդիկ, որ նորմալ չեն վերաբերվում այն հանգամանքին, որ դու կարող ես դրսում ինչ-որ տեղ կանգնել ու քո աշխատանքները վաճառել: Իրենք նման բան չեն անի, մտածում են՝ բարձր են դրանից: Ինչքան էլ ուշադրություն չդարձնես այդ կարծիքներին, միևնույն է՝ դրանք ազդում են քեզ վրա: Բայց, ամեն դեպքում, թույլ չեմ տալիս, որ դրանք իշխեն ինձ վրա: Գալիս եմ տուն ու մտածում եմ, որ, չէ՛, դա իմ աշխատանք է, ես ինձ համար աշխատանք եմ հորինել և ես շատ երջանիկ եմ»,- ասում է նա:

Այժմ Նարայի երազանքն է ճամփորդելը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Ցանկանում է նոր աշխարհներ և մշակույթներ բացահայտել՝ զուգահեռ նաև իր գործած կարպետների միջոցով ցույց տալ աշխարհին հայկական մշակույթը:

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի