You are currently viewing Ուսումնական այց Բելգրադ, Սերբիա. Նոյեմբերի 25-29, 2021թ.

Ուսումնական այց Բելգրադ, Սերբիա. Նոյեմբերի 25-29, 2021թ.

Նոյեմբերի 25-29-ը Հայաստանում կանանց հիմնադրամի թիմն ուսումնական այցով գտնվում էր Սերբիա մայրաքաղաք Բելգրադում: Այցի նպատակն էր ծանոթանալ տեղի կանանց կազմակերպություններին ու ակտիվիստներին, սովորել նրանց փորձառությունից, փորձի փոխանակում անել: 

Բելգրադում մեզ հյուրընակել էին մեր գործընկերուհիները Վերակառուցում կանանց հիմնադրամից (Reconstruction Women’s Fund): Վերջինիս հետ Հայաստանում կանանց հիմնադրամը համագործակցում է Պրոսպերա կանանց հիմնադրամների միջազգային ցանցի շրջանակներում: Վերակառուցում հիմնադրամն իր տարածքը տրամադրեց և մեզ համար կազմակերպեց հանդիպումներ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 

 

Նոյեմբերի 25-ին հանդիպում ունեցանք Կանանց ուսումնասիրությունների կենտրոնի (Centre for Women’s Studies) ներկայացուցիչ Նադյա Բոբիչիչի հետ: Վերջինս մեզ պատմեց կենտրոնի աշխատանքների մասին: Հատկապես ոգևորիչ էր լսել նրանց օնլայն դասընթացի՝ Ֆեմինիստական թվային դպրոցի մասին: Դպրոցը ֆեմինիզմի թեմայով տեսական գիտելիքներ է փոխանցում մասնակից կանանց ու աղջիկներին, ինչպես նաև տղամարդկանց: Մասնակիցները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց ակադեմիական գիտելիքները ֆեմինիզմի և դրա տարբեր ուղղությունների մասին, սովորում են տեքստեր գրել, քննարկումներ կազմակերպել և այլն:

 

Հաջորդ հանդիպումը Հանրային պատմության կենտրոնի (Centre for Public History)  ներկայացուցիչ Միրկո Մեդենիցայի հետ էր: Կենտրոնը պատմաբանների կողմից ստեղծված քաղաքացիական ասոցիացիա է, որը գործ ունի անցյալի փորձագետների և իրավապաշտպանների հետ: Նպատակն է խթանել պատմության կիրառումը հօգուտ հասարակությանը, որպեսզի այդպիսով պատմության ընթացքի վերաբերյալ քննադատական մտածողություն ձևավորվի, ինչպես նաև խթանել խաղաղության մշակույթի և համերաշխության, պատասխանատվության և հավասարության վրա հիմնված հասարակության զարգացում՝ սկսած պատմական փորձի քաղաքացիական մեկնաբանությունից: Հիշատակի մշակույթը պահպանելու նպատակով՝ կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հիշատակի միջոցառումներ, քաղաքային զբոսանքներ դեպի այն վայրեր, որտեղ տեղի են ունեցել ակտիվիստների սպանություններ: 

 

Օրը եզրափակվեց Սևազգեստ կանանց կազմակերպություն (Women in Black) այցով: Այնտեղ ծանոթացանք Ստաշա Զայովիչի՝ հիմնադրի հետ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1991թ.-ին՝ ընդդեմ միլիտարիզմի և հանուն կանանց իրավունքների պաշտպանության: Իսկապես ոգևորիչ և հիացմունքի արժանի է Ստաշայի և կազմակերպության անցած ուղին, նրանց անդադար պայքարը հանուն արդարության ու արդարադատության: Կազմակերպությունը կենտրոնացած է խաղաղաշինության կրթության կազմակերպման, կանանց այլընտրանքային պատմության վավերագրման, ազգայնամոլության ու սեքսիզմի դեմ պայքարի վրա:

 

Նոյեմբերի 26-ին հանդիպում ունեցանք Ելենա Մեմեթի՝ Կանանց այլընտրանքային կենտրոնի հիմնադրի հետ: Կենտրոնը կազմակերպում է դասընթացներ դեռահասների ու երիտասարդների համար՝ արծարծելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են անցումային արդարադատությունը, ֆաշիզմը և ազգայնականությունը: Բացի այդ՝ կենտրոնը պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ: 

 

Առանձին քննարկում ունեցանք մեզ ընդունող կողմի՝ Վերակառուցում կանանց հիմնադրամի մեր գործընկերուհիների հետ: Ջուրջա Տրայկովիչն ու Գալինա Մաքսիմովիչը մեզ պատմեցին իրենց կազմակերպության քաղաքականությունների, դրամաշնորհային ծրագրերի ուղղությունների, հայտերի դիտարկման գործընթացների, ծրագրերի մոնիթորինգի և ազդեցության չափման առանձնահատկությունների մասին: 

 

Նոյեմբերի 29-ին այցելեցինք Մարդու իրավունքների տուն Բելգրադ (Human Rights House Belgrade), որտեղ կազմակերպության ներկայացուցիչները մեզ ծանոթացրին դրանում ընդգրկված իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությանը: Նրանց շնորհիվ տեղեկացանք ներկայումս Սերբիայում իրավապաշտպանների ու ակտիվիստների իրավիճակի, օրենքի բացերի ու խոչընդոտների, քաղաքական իրադրության մասին: 

Ընդհանուր առմամբ՝ ուսումնական այցը շատ արդյունավետ էր, քանի որ վերոնշյալ գործընկեր-գործընկերուհիներից սովորեցինք մարտահրավերներին դիմակայելու տարբեր միջոցներ: Բազմաթիվ նմանություններ նկատեցինք Հայաստանի և Սերբիայի ակտիվիստական միջավայրի, հասարակական կազմակերպությունների գործունեության մարտահրավերների, ֆեմինիստական շարժման դեմ հակագենդերային արշավների միջև: