You are currently viewing «Շատ ուրախ եմ, որ կան ՀԿՀ-ի նման կառույցներ, որոնք ամեն ինչ անում են, որ կինը կայանա և կարողանա ինքնադրսևորվել». Էլիզա Աբովյան

«Շատ ուրախ եմ, որ կան ՀԿՀ-ի նման կառույցներ, որոնք ամեն ինչ անում են, որ կինը կայանա և կարողանա ինքնադրսևորվել». Էլիզա Աբովյան

Ծնունդով Տավուշի մարզի Կողբ գյուղից Էլիզա Աբովյանը դեռ մանկուց հասկացել է, որ գործունեության հիմնական ոլորտը, որտեղ կարող է հնարավորինս դրսևորվել և դրական փոփոխություններ բերել, հոգեբանությունն է: Կրթություն ստանալով Երևանում և որոշ ժամանակ ապրելով այնտեղ՝ նա վերադառնում է Տավուշ՝ համայնքի զարգացման հարցում իր ներդրումն ունենալու համար:

Մայրաքաղաքում մարզաբնակ աղջկա խնդիրներն ու ճակատագրական որոշումը

Էլիզայի բարձրագույն կրթություն ստանալու հարցում մեծ աջակցություն են ունեցել ծնողները. «Մենք բազմազավակ ընտանիք ենք՝ հինգ երեխա: Ծնողներս ամեն ինչ արել են, որպեսզի մենք կայանանք: Չնայած բոլոր դժվարություններին, այդ թվում՝ ֆինանսական, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի մենք ստանանք բարձրագույն կրթություն»,- պատմում է նա:

 Ուսանողական տարիներին Էլիզան բախվել է շատ դժվարությունների. «Մարզից  եկած ուսանողների համար շատ դժվարություններ են լինում: Օրինակ՝ դու ունենում ես նաև լիքը այլ գործեր, պարտականություններ՝ բացի դասերից. պետք է դասից տուն գաս ու զբաղվես կենցաղային ամենատարբեր հարցերով: Այդ ամենի արդյունքում սովորելուն շատ ժամանակ չի մնում»,– ասում է նա:

Համալսարանն ավարտելուց հետո Էլիզան որոշ ժամանակ աշխատել է սպասարկման ոլորտում. «Ավարտելուց հետո փորձեցի ինչ-որ տեղեր աշխատել՝ բոլորը ոչ մասնագիտական: Սկզբից աշխատեցի շինարարական խանութում, հետո՝ գրախանութում: Այդ ընթացքում հասկացա, որ կյանքս, ժամանակս գնում է, բայց իմ անձը նույն տեղում է կանգնած. միապաղաղ ու առօրյա կենցաղային կյանք էր, գումար էիր վաստակում, հագնվում, սնվում, ուրիշ ոչինչ: Մտածեցի՝ հետ գամ իմ գյուղ ու մի որոշ ժամանակ այստեղ մնամ: Հենց այս քայլը ճակատագրական եղավ ինձ համար, սիրահարվեցի, ամուսնացա, գտա սիրելի աշխատանք»,- ասում է Էլիզան ժպտալով:

Նրա խոսքով՝ տուն վերադառնալու հաջորդ օրն իրեն դիմել են «Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցացիա» ՀԿ-ից՝ առաջարկելով կամավորական աշխատանք, որից հետո որպես ակտիվ կամավոր ընդգրկվել է կազմակերպության բոլոր ծրագրերում: Էլիզան այժմ ԵԿՔԱ խորհդի անդամ է:

«Իմ գործունեությունը ԵԿՔԱ-ում հիմնականում եղել է աղջիկների և  կանանց հետ: Այս տարիների ընթացքում տարբեր ծրագրեր ենք իրականացրել՝ առողջապահականից մինչև իրավական: Կազմակերպությունն ունի նաև նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված վարժարան, որտեղ զուգահեռ արդեն աշխատել եմ որպես հոգեբան»,- նշում է նա:

Գյուղական համայնքներում ապրող կանանց խնդիրները՝ Էլիզայի դիտարկմամբ

Խոսելով գյուղական և քաղաքային կյանքի առանձնահատկությունների մասին և նրանց միջև  համեմատականներ տանելով՝ Էլիզան նշում է, որ մարզային համայնքներում բազում խնդիրներ և դժվարություններ է արձանագրել, որոնք առավելապես վերաբերում են կանանց: Նրա խոսքով՝ գյուղական համայնքները չեն տալիս այն հիմնական հնարավորությունները, որ տալիս է մայրաքաղաքը: Օրինակ՝ շատ դեպքերում դժվար է ինքնադրսևորվել գյուղում, իսկ այգում պարզապես քայլելը կարող է դառնալ տարաբնույթ խոսակցությունների պատճառ. «Շատ դեպքերում քեզ թույլ չես տալիս դուրս գալ ուղղակի քայլելու, որովհետև մարդիկ միանգամից կմտածեն՝ ինչո՞ւ ես այդպես անում, միգուցե քեզ ես «ցուցադրում» և այլն: Այս հարցում, իմ կարծիքով, կանայք և աղջիկներն ավելի խոցելի են, քանի որ տղամարդիկ գտնում են ալտերնատիվ լուծումներ: Օրինակ՝ խմբով կարող են հավաքվել ինչ-որ տեղ գնալ, և դա նորմալ է ընդունվում հասարակության կողմից, իսկ եթե նույն բանն անեն կանայք, դա չի ընդունվի նույն հասարակության կողմից»,- ընդգծում է նա:

Էլիզան հավելում է, որ կանանց համար առավել դժվար է գյուղական համայնքներում, որովհետև այստեղ կանայք չունեն շատ հնարավորություններ. «Օրինակ՝ Նոյեմբերյանի գյուղերում երբ շրջում ես, հասկանում ես, որ մանավանդ երիտասարդ աղջիկները անելու ոչինչ չունեն: Դպրոցն ավարտելուց հետո, եթե ընտանիքը ֆինանսապես չի կարողանում ապահովել իրենց աղջկա հետագա կրթությունը, նրանք մեկ-երկու տարի անց միանգամից ամուսնանում են: Ես չեմ ասում ամուսնանալը վատ է, ուղղակի այդ վաղամուսնությունների տենդենցի  պատճառներից մեկն, իմ կարծիքով, այն է, որ կանանց համար գյուղերում պարզապես զբաղմունք չկա»,- նշում է Էլիզան:

Համագործակցությունը Հայաստանում կանանց հիմնադրամի հետ

ԵԿՔԱ-ի համագործակցությունը հիմնադրամի հետ սկսվել է 2020 թվականից սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում (ՍՎԱԻ): 

«2019-ին ես և մեր կազմակերպության անդամներից մեկը Շվեյցարիա հրավիրվեցինք, որ մասնակցենք ՍՎԱԻ թեմայի շրջանակներում վերապատրաստման: Սա եղել է առաջին քայլն այս ոլորտում մեր գործունեությունը սկսելու համար: Երբ վերապատրաստվեցինք, հետ եկանք, շատ հետաքրքիր ստացվեց, երբ տեսանք Հիմնադրամի կողմից այս թեմայով դրամաշնորհների տրամադրման հայտարարություն, որոշեցինք դիմել», պատմում է Էլիզան:

Հիմնադրամի աջակցությամբ ԵԿՔԱ-ն առաջին ծրագիրն արել է համայնքի դեռահաս աղջիկների սեռական և վերարտադրողական առողջությանն ուղղված թեմայով. «Առաջին համագործակցությունը Հիմնադրամի հետ այս թեմայով մեզ համար շատ կարևոր էր և մեզ շատ օգնեց, որովհետև հենց ՀԿՀ-ի հետ տրվեց այս թեմայով մեր գործունեության ստարտը, որը մեզ օգնեց նաև ուժեղանալ այս ոլորտում: Մեզ համար կարևոր էր նաև այն, որ այս թեմայով Հիմնադրամի հետ համագործակցությունը եղավ շարունակական, և մենք կարողացանք ՍՎԱԻ վերաբերյալ հավելյալ ծրագրեր անել արդեն այլ տարիքային խմբերի կանանց համար»,- ասում է նա:

Էլիզան նշում է, որ ՀԿՀ-ի հետ համագործակցությունից հետո շատ ոգևորիչ է եղել, երբ առաջարկ են ստացել Կանանց ռեսուրսային կենտրոնից որպես համագործակից կազմակերպություն. «Դա մեզ համար շատ մեծ ձեռքբերում էր»,- նշում է նա:

Էլիզան ընդգծում է  նաև ՀԿՀ-ի համագործակցային մոտեցումների առաձնահատկությունները. «Շատ ուրախ եմ, որ կան ՀԿՀ-ի նման կառույցներ, որոնք ամեն ինչ անում են, որ կինը կայանա և կարողանա ինքնադրսևորվել: Շատ կարևոր էր նաև Հիմնադրամի կողմից մեծ վստահությունը նման կարևոր հարցերի վերաբերյալ ծրագիր իրականացնելու համար: Այժմ կարող եմ ասել, որ մենք, հանձինս Հիմնադրամի, ձեռք ենք բերել ընկեր, ում կարող ենք դիմել ցանկացած պարագայում և ցանկացած հարցով»:

Մարտահրավերների և դժվարությունների Էլիզայի «դեղատոմսը»

Դժվարություններն, ըստ Էլիզայի, կյանքի մշտական ուղեկիցներն են, և իր հիմնական  մարտահրավերն է ամեն գնով դրանք հաղթահարելը. «Դժվարություններ հաճախ հանդիպում են նաև աշխատանքում. ԵԿՔԱ-ում աշխատանքը, հիմնականում, կամավորական բնույթի է, ու մենք անընդհատ փնտրում ենք կազմակերպություններ, որոնք կաջակցեն մեր գաղափարներին. այս առումով երբեմն շատ դժվար է լինում առանց ֆինանսական աջակցության պահել կազմակերպությունը, բայց մենք ջանք չենք խնայում դրա համար»,- ասում է նա:

ԵԿՔԱ-ում աշխատանքին զուգահեռ Էլիզան աշխատում է նաև այլ վայրերում և փորձում է համատեղել աշխատանքն ընտանիքի և առօրյա հոգսերի հետ: Նրա խոսքով՝ շատ կարևոր է այս դեպքում ունենալ ընտանիքի առաջկցությունը և փոխօգնությունը. «Նույնիսկ երբ ինչ-որ միջոցառման չեմ ցանկացել մասնակցել՝ ելնելով երեխայի հանգամանքից, ընտանիքս միշտ խրախուսում է, որ գնամ: Կարևոր է, երբ հավատում են քո ուժերին, աջակցում են և ինչ-որ տեղ «պարտադրում են», որ ավելի ակտիվ լինես՝ իմանալով, որ դա քեզ դուր է գալիս»,- ասում է Էլիզան ժտալով:

Էլիզան իր ուժեղ կողմն է համարում մարդասիրությունը. «Ես մարդկանց շատ եմ սիրում: Նույնիսկ եթե ինչ-որ հարցերում հիասթափվում եմ, տխրում եմ, բայց ամեն դեպքում ես փորձում եմ մարդկանց հասկանալ: Իրականում երբեմն շատ դժվար է լինում հասկանալ բոլորին, բայց ես փորձում եմ ընդունել, հասկանալ ու շարունակել սիրել: ԵԿՔԱ-ում ես ինձ լավ ես զգում, որովհետև կազմակերպությունն էլ նույն մոտեցումներն ու սկզբունքներն ունի: Մեր ամեն քայլն ուղղված է կանանց և աղջիկների կյանքի բարօրությանը, իրավունքերի պաշտպանությանը արժանապատիվ կյանքի, ինքնարտահայտման ու ինքնազարգացման ապահովմանը»,- եզրափակում է Էլիզա Աբովյանը:

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի